Բեատրիս
Բեատրիս (ամբողջական անունը` Բեատրիս Վիլհելմինա Արմգարդ, հոլ.՝ Beatrix Wilhelmina Armgard հունվարի 31, 1938[1][2][3][…], Soestdijk Palace, Բարն, Ուտրեխտ, Նիդերլանդներ), Նիդերլանդների թագուհի 1980 թվականի ապրիլի 30-ից, իր մոր` թագուհի Յուլիանայի հեռացումից հետո, մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը, երբ ինքն է հեռացել գահից, այն զիջելով իր որդուն` արքայազն Վիլեմ Ալեքսանդրին, Օրանյան դինաստիայից: Գահից հեռանալուց հետո կրում է Նիդերլանդների արքայադստեր տիտղոսը: Բեատրիսի կառավարումը կանացի երրորդ անընդմեջ կառավարումն էր Նիդերլանդների թագավորության մեջ 1890 թվականից: Այսպիսով, ամբողջ 20-րդ դարում Նիդերլանդներում թագավորել են միայն կանայք:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեատրիս Վիլհելմինա Արմգարդը, Նիդերլանդների արքայադուստր, արքայադուստր Օրանյան-Նասսաու և արքայադուստր Լիպե-Բիստերֆելդյանը, ծնվել է 1938 թվականի հունվարի 31-ին, ժամը 9:27, Սուստդեյկ հոլ.՝ Soestdijk պալատում, Բարնում, Նիդերլանդներ: 1940 թվականի մայիսին ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, իսկ մեկ ամիս անց Բեատրիսն ու նրա քույր Իռենան մայրիկի հետ տեղափոխվում են Օտտավա, որտեղ նրանք ապրել են Սթորնուեյ առանձնատանը, որտեղ և 1943 թվականին ծնվել է նրա քույրը` Մարգարիտան: Պատերազմի ժամանակ նրա հայրը` արքայազն Բեռնարդը, Բեատրիսի տատիկի` Վիլհելմյան թագուհու հետ մնացել է Լոնդոնում և ընտանիքին միայն հազվադեպ է այցելել: Ընտանիքը Նիդերլանդներ է վերադարձել միայն 1945 թվականի օգոստոսի 2-ին: Միջնակարգ կրթությունն արքայադուստրն ստացել է «De Werkplaats» և «Incrementum» դպրոցներում: 1961 թվականի հուլիսին Բեատրիսն ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ սովորել է սոցիոլոգիա, տնտեսագիտություն և պետական իրավունք: Իրավագիտության դոկտոր է:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականի հունիսի 28-ին պաշտոնապես հայտարարվել է Նիդերլանդների գահի ժառանգորդ Բեատրիսի և գերմանացի դիվանագետ Կլաուս ֆոն Ամսբերգի նշանադրության մասին: Նշանադրությունից հետո Կլաուս ֆոն Ամսբերգը դարձել է Նիդերլանդների հպատակ: Ամուսնությունն ընդունվել է Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատների կողմից, և գահի ժառանգորդ արքայադուստր Բեատրիսի և Կլաուս ֆոն Ամսբերգի հարսանիքը տեղի է ունեցել 1966 թվականի մարտի 10-ին: Հարսանիքի օրը Կլաուսն ստացել է Նիդերլանդների արքայազնի տիտղոսը:
Նիդերլանդների թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]
1980 թվականի ապրիլի 30-ին Նիդերլանդների թագուհի Յուլիանան իր ծննդյան 71-ամյակի առթիվ ստորագրել է գահից հեռացման մասին փաստաթուղթը` ի օգուտ իր ավագ դստեր: Նույն օրը գահաժառանգ արքայադուստր Բեատրիսը հայտարարվել է Նիդերլանդների թագուհի: 1981 թվականից սկսած արքայական ընտանիքը մշտապես ապրում է Հաագայի մոտ գտնվող Հեյս-թեն-Բոս հին կալվածքում: Թագուհու պաշտոնական նստավայրը 1984 թվականից սկսած համարվում է Նոորդեյնդե (հոլ.՝ Noordeinde) պալատը: 2013 թվականի հունվարի 28-ին թագուհի Բեատրիսը հայտարարել է հեռուստատեսությամբ, որ 2013 թվականի ապրիլի 30-ին, Թագուհու օրվա (Koninginnedag) ավանդական տոնակատարության օրը նա կհրաժարվի գահից ի օգուտ իր ավագ որդու` Վիլեմ Ալեքսանդրի[4]. 2013 թվականի ապրիլի 30-ին թագուհի Բեատրիսը պաշտոնապես հրաժարվել է գահից` ի օգուտ իր որդու` Վիլեմ Ալեքսանդրի: Դրանից հետո նրա որդին` Վիլեմ Ալեքսանդրը պաշտոնապես դարձել է Նիդերլանդների թագավոր: Թագուհի եղած ժամանակ Բեատրիսն ունեցել է Նորին արքայական մեծություն, Նիդերլանդների թագուհի Բեատրիս, Օրանյան-Նասաուսյան արքայադուստր, Լիպե-Բիստերֆելդյան արքայադուստր տիտղոսները: Գահից հեռանալուց հետո նա կրում է Նիդերլանդների արքայադուստր Բեատրիս, Օրանյան-Նասաուսյան արքայադուստր, Լիպե-Բիստերֆելդյան արքայադուստր տիտղոսները: Գահից հեռանալուց հետո արքայադուստր Բեատրիսն ապրում է Դրակենստեյն ամրոցում, որ նա ձեռք է բելեր 1959 թվականին:
Երեխաներ և թոռներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեատրիս թագուհին և արքայազն Կլաուսն ունեցել են երեք երեխա.
- Վիլեմ Ալեքսանդր (ծնվել է 1967 թվականի ապրիլի 27-ին), թագուհու ավագ որդին, 2013 թվականից` Նիդերլանդների թագավոր,
- Ֆրիզո (25 սեպտեմբերի, 1968-12 օգոստոսի, 2013),
- Կոնստանտին(ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 11):
Արքայադուստրն ունի 7 թոռնուհի և մեկ թոռ.
- Թագավոր Վիլեմ Ալեքսանդրի և թագուհի Մաքսիմայի աղջիկները.
- Օրանյան արքայադուստր, Կատարինա-Ամալիա Բեատրիս Կարմեն Վիկտորիա (գահաժառանգ, ծնվել է 2003 թվականի դեկտեմբերի 7-ին)
- արքայադուստր Ալեքսիա Յուլիանա Մարսելա Լորենտին (ծնվել է 2005 թվականի հունիսի 26-ին)
- արքայադուստր Արիանա Վիլհելմինա Մաքսիմա Ինես (ծնվել է 2007 թվականի ապրիլի 10-ին)
- Արքայազն Կոնստանտինի և արքայադուստր Լորենտինի երեխաները.
- Էլոիզա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2002 թվականի հունիսի 8-ին)
- Կլաուս-Կազիմիր, Օրանյան-Նասսաու կոմս (ծնվել է 2004 թվականի մարտի 21-ին)
- Լեոնորա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2006 թվականի հունիսի 3-ին)
- Արքայազն Ֆրիզոյի և կոմսուհի Մեյբելի երեխաները
- Լուանա Էմմա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2005 թվականի մարտի 26-ին)
- Յոհաննա Զարիա, Օրանյան-Նասսաու կոմսուհի (ծնվել է 2006 թվականի հունիսի 18-ին)
2000-ականների սկիզբն անընդմեջ սգի ժամանակաշրջան էր թագուհու և ողջ երկրի համար. թագուհու ամուսինը, արքայազն Կլաուս ֆոն Ամսբերգը, մահացել է 2002 թվականի հոկտեմբերի 6-ին, իսկ 2004 թվականին մահացել են նրա ծնողները, մարտի 20-ին` մայրը` Նիդերլանդների թագուհի Յուլիանան[5]; իսկ դեկտեմբերի 1-ին` հայրը, 93-ամյա արքայազն Բեռնարդը:
Հարձակում արքայական ընտանիքի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի ապրիլի 30-ին Ապելդորն քաղաքում ծիսակատարության ժամանակ 38-ամյա Կարստ Տատեսը փորձել է իր մեքենայով մխրճվել այն ավտոբուսի մեջ, որով այդ պահին երթևեկում էին թագուհի Բեատրիսը, նրա որդի Վիլեմ Ալեքսանդրը կնոջ` Մաքսիմայի հետ և արքայական ընտանիքի այլ անդամներ: Մեքենան անցել է ավտոբուսի կողքով և անցնելով հանդիսատես ամբոխի միջով` բախվել է հուշարձանին: Հարձակման արդյունքում զոհվել է 7 մարդ, 11-ը վնասվածքներ են ստացել (մեկ մարդ մահացել է դեպքի հաջորդ օրը)[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 RKDartists
- ↑ 3,0 3,1 Архив изобразительного искусства — 2003.
- ↑ Королева Нидерландов назвала дату передачи престола
- ↑ После собственного отречения в пользу дочери королева Юлиана с 1980 года носила титул принцессы Нидерландов.
- ↑ Amokfahrt war geplantes Attentat auf die Königin 30.04.2009 (գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|