Բամբուկի պուրակի յոթ իմաստունները (նկար)
Բամբուկի պուրակի յոթ իմաստունները | |
---|---|
տեսակ | կախովի թղթագլան և գեղանկար |
նկարիչ | Սեսսոն Սյուկեյ |
տարի | 1550 |
բարձրություն | 102,4 սանտիմետր |
լայնություն | 51,7 սանտիմետր |
ստեղծման վայր | Ճապոնիա[1] |
ստեղծման երկիր | Ճապոնիա[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Բամբուկի պուրակի յոթ իմաստունները» (ճապ.՝ 雪村周継筆 山水図), ճապոնացի նկարիչ և զեն-բուդայական վանական Սեսսոն Սյուկեյի կողմից մոտավորապես XVI դարի վերջին ստեղծված ուղղահայաց թղթագլան։ Աշխատանքը կատարվել է թանաքի, ներկերի և թղթի օգնությամբ։ Մերի և Ջեքսոն Բյորկ հիմնադրամի կողմից նվիրաբերված ստեղծագործությունը 2015 թվականից գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[2]։
Պատկերման առարկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված են Բամբուկի պուրակի յոթ իմաստունները, մի խումբ չինացի գիտնականներ, բանաստեղծներ, երաժիշտներ մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում Վեյ թագավորության ժամանակ և դրա անկումից հետո։ Երբ Ցզին դինաստիան անցավ իշխանության գլուխ, յոթ իմաստունները իրենց անհարմար էին զգում և ստիպված էին փախչել։ Ըստ տարածված պատմությունների, խումբը պալատական խարդավանքներից և կոռուպցիայից խուսափելու նպատակով հավաքվում է Շանյանում (այժմ` Հենան նահանգ) Ցզի Կանի տան մոտակայքում գտնվող բամբուկների պուրակում, ավելի վստահելի և ստեղծագործական մթնոլորտում։ Այստեղ նրանք մտքեր էին փոխանակում իրենց ստեղծագործական աշխատանքների վերաբերյալ, ժամանակ անցկացնում բնության գրկում, բավականություն ստանում հասարակ կյանքից։
Չնայած նրանցից յուրաքանչյուրը իրականում գոյություն ուներ, բայց լրիվ վստահ չէր, որ իրենք միմյանց հետ կապված էին և ընկերություն էին ստեղծել։ Ճշգրիտ հայտնի չէ, թե երբ են հայտնվել յոթ իմաստունների պատկերներով առաջին նկարները։ Գրառումներ կան այն մասին, որ դրանք նկարել է չինացի նկարիչ Թայ Կուեյը 4-րդ դարում[3]։ Ներկայումս շատ քիչ ստեղծագործություններ և նյութեր են պահպանվել այս թեմայով, չինացի և ճապոնացի հեղինակների վերաբերյալ[3]։
Սեսսոն Սյուկեյի թղթագլանում իմաստունները պատկերված են հավաքույթի, զրույցի և գինարբուքի ժամանակ, ուրախ երգերով, երաժշտությամբ, կանանց և երեխաների մասնակցությամբ։ Զվարճանքի ընդհանուր մթնոլորտը ազդում է նաև բնության վրա, բամբուկի ընձյուղները կարծես նույնպես տարուբերվում են երաժշտության հնչյունների տակ[3]։ Յոթ իմաստունների կերպարի նման պատկերումը համարվում է դասական սրբապատկերագրությունից հրաժարում և բնութագրում է նկարչի առավել արտասովոր կողմերը[2]։ Այնուամենայնիվ լինելով զենական վանական` Սեսսոն Սյուկեյը ուշադիր ուսումնասիրել է Չինաստանի և Ճապոնիայի գեղանկարչության մեջ պատկերված ավանդական կրոնական և առասպելական կերպարներին[2]։ Հնապաշտական կյանքից և մարդկանցից փախուստի թեման կապված էր կոնֆուցիանական փիլիսոփայության հետ և դարձել էր Չինաստանի նկարիչների և բանաստեղծների ստեղծագործությունների հաճախակի հանդիպող թեման։ Այդպիսի փախուստները և ճգնավորական կյանքը դարձել էին հիացմունքի և երկրպագության առարկա[3]։ Բոլոր յոթ իմաստունները մինչև փախուստը եղել են գերազանց կրթությամբ մարդիկ, հասարակական կյանքում զբաղեցրել են բարձր պետական պաշտոններ, կամ եղել ակտիվ գիտնականներ[3]։ Կամավոր ճգնավորական դարձած գիտնականների կերպարները հատկապես հետաքրքրում էին Մուրոմատիի ժամանակաշրջանի ճապոնիայի զենական գեղանկարչության և ավելի վաղ շրջանի ներկայացուցիչներին, որոնցից մեկն էլ Սեսսոն Սյուկեյն էր[3]։ Սովորաբար չինացի նկարիչները յոթ իմաստուններին պատկերում էին երաժշտությամբ զբաղվելիս, այն դեպքում, երբ ճապոնացի գեղանկարիչները իրենց ստեղծագործությունների մեծ մասում նրանց պատկերել են պուրակում հանգիստ քայլելիս։ Այս առումով իմաստուններին աղմկոտ զբոսանքի պահին պատկերող Սեսսոն Սյուկեյի թղթագլանը համարվում էր հրաժարում չինական և ճապոնական ավանդույթներից[3]։
Տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը ստեղծվել է միագույն գեղանկարչության տեխնիկայով, թանաքով, բացի որոշ հատվածներից, որտեղ օգտագործվել է կապույտ և կանաչ ներկերի թեթև վրձնահարվածներ[3]։ Թանաքի մուգ նրբերանգները օգտագործվում էին նկարի առաջին պլանում ժայռերի պատկերման նպատակով։ Բամբուկի տերևները և ընձյուղներն առանձնանում են հստակ նրբերանգներով և խնամքով են նկարված։ Միևնույն ժամանակ մարդկանց հագուստը պատկերված է կարճ և հաստ ստվերագծերով[3]։ Իրենց վրա ուշադրություն են հրավիրում նաև պարող ճգնավորների կոնաձև թևքերը, որոնք ունեն տարօրինակ կտրուկ գալարներ և կարծես ապրում են իրենց սեփական կյանքով[3]։
Թղթագլանը ստեղծվել է մոտավորապես 1550-ական թվականներին, երբ Սեսսոն Սյուկեյը բնակվում էր Կամակուրայի մոտակայքում։ Այդ մասին կարելի է դատել նկարի վրա առկա կնիքներից, որոնք այդ ժամանակ օգտագործել է նկարիչը[3]։ Նկարի վրա ստորագրություններ չկան, բայց առկա է երկու կնիք[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ 2,0 2,1 2,2 «竹林七聖図 Seven Sages of the Bamboo Grove» (անգլերեն). The Metropolitan Museum of Art.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Murase, Miyeko; N.Y., Metropolitan Museum of Art (New York (1975 թ․ հունվարի 1). Japanese Art: Selections from the Mary and Jackson Burke Collection : [exhibition] (անգլերեն). Metropolitan Museum of Art. էջ 135—137. ISBN 9780870991363.