Աֆրոթուրքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրոթուրքեր
Ընդհանուր քանակ

մոտ 5000 մարդ

Բնակեցում
Թուրքիա Թուրքիա մոտ 5000
Լեզու(ներ)
թուրքերեն
Հավատք(ներ)
իսլամ
Հարեմի ներքինին

Աֆրոթուրքեր (թուրքերեն՝ Afro-Türkler), կամ աֆրիկյան թուրքեր, թուրք աֆրիկացիներ, աֆրիկյան ծագմամբ էթնիկ խումբ, որի ներկայացուցիչները բնակվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում։ «Աֆրոթուրքեր» արտահայտությունը նորաբանություն է։ Նախկինում բանավոր թուրքերենում նրանք կոչվում էին արապներ (արաբներ) կամ Զինջի (նեգրեր)։ Ներկայումս այդ անվամբ են կոչում աֆրիկյան ծագումնաբանություն ունեցող թուրքերին (թուրքերեն՝ Afrika kökenli Türkler)։ Աֆրոթուրքերը՝ որպես ազգային փոքրամասնություն, պաշտոնապես ճանաչված չեն։ Մեծամասնությունը Սուննի իսլամի հետևորդներ են։ Խոսում են թուրքերեն և հունարենի կրետեական բարբառով։ Թուրքիայում աֆրոթուրքերի համայնքը կազմում է մոտավորապես 5000 մարդ[1]։

Բնակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր Ասիայում աֆրիկյան ծագմամբ բնակչության ի հայտ գալը կապված է Օսմանյան կայսրությունում տարածված ստրկավաճառության հետ։ Աֆրիկացի ստրուկները բերվում էին Զանզիբարից, Նիգերից, Սաուդյան Արաբիայից, Լիբիայից, Քենիայից և Սուդանից։ Այնուհետև նրանց վաճառում էին Անատոլիայի տարբեր քաղաքներում։ Նրանք օգտագործվում էին հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Ազատություն ստանալուց հետո, աֆրիկյան ծագում ունեցողները սկսեցին բնակվել քաղաքներում, հատկապես Էգեյան ծովի մերձափնյա հատվածում։ 19-րդ դարում Իզմիրում գոյություն ունեին աֆրիկյան մի քանի թաղամասեր՝ Սաբիրթաշըն, Դոլափքույուն, Թամաշալըքը, Իքիչեշմելիքը և Բալըքըյուն[2]։ Վերջիններս բոլորն էլ քաղաքային արվարձաններ են։ Այստեղ վերաբնակվել են նաև Կրետեի աֆրոթուրքերը, երբ 1923 թվականին տեղի ունեցավ Թուրքիայի և Հունաստանի բնակչության տեղափոխություն։ Այվալըքում բնակվող աֆրոթուրքերը սկզբնական շրջանում խոսում էին հունարենի կրետեական բարբառով, սակայն տեղափոխությունից հետո սկսեցին խոսել թուրքերեն։

Աֆրոթուրքերը, ովքեր բնակվում էին Իզմիրում 1960 թվականին տոնել են ավանդական գարնանային տոնը «Դանա Բայրամըն» («Հորթի տոն»)։ Տոնակատարությունը իր անվանումը ստացել է 20-րդ դարի 20-ական թվականներին։ Տոնակատարությունը տևում է երեք շաբաթ։ Տարվա ընթացքում աֆրիկյան համայնքի ավագները հավաքում են գումար՝ գնելու հորթ, որը զոհաբերում են մայիս ամսվա առաջին շաբաթ օրը։ Ներկայումս տոնակատարությունը նշվում է աֆրոթուրքերի երիտասարդ սերնդի կողմից և տևում մի քանի օր։

Օսմանյան կայսրության ժամանակներում աֆրոթուրքերը գաղթել են նաև Բալկաններ։ Օրինակ, Չեռնոգորիայի Ուլցին քաղաքում եղել է աֆրիկյան ծագմամբ ներգաղթյալների համայնք[3][4]։ Բացի այդ, սուլթանական բանակում եղել են բազմաթիվ աֆրիկացի զինվորներ։ 1716- 1718 թվականներին տեղի ունեցած ավստրո- թուրքական պատերազմի ժամանակ կռվել է ավելի քան 24 000 աֆրիկացի։

Ներկայումս Էգեյան մերձափնյա շրջանում կան քիչ քանակությամբ աֆրոթուրքեր, հատկապես Իզմիր, Այդին և Մուղլա քաղաքներում։ Աֆրոթուրքեր բնակվում են նաև Անթալիայի և Ադանայի մարզերի մի շարք գյուղերում և համայնքներում։ Սակայն միգրացիան շարունակվում է, ինչի համար շատ հաճախ դժվար է ասել աֆրոթուրքերի հստակ թվաքանակը[5]։

Հայտնի աֆրոթուրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահապ Օզալթայ՝ ֆուտբոլիստ,
  • Տուգչե Գոդեր՝ մոդել,
  • Ահմեդ Ալի Չելիկտեն՝ ավիացիայի պատմության մեջ առաջին սևամորթ օդաչուն
  • Մուստաֆա Օլփաք՝ գրող,
  • Մերալ Հուսեյն Էս՝ բարոնուհի, բրիտանացի քաղաքական գործիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Afrikanet.info, "Schwarze Türken und die nationale Identität in der Türkei", Alev Deniz, 23.01.09». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  2. Afro-Türklerin tarihi, ''Radikal'', 30 August 2008, retrieved 22 January 2009 на сайте Radikal.com.tr
  3. «Yugoslavia – Montenegro and Kosovo – The Next Conflict?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Ulcinj – History». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «Afrika'nın kapıları İzmir'e açılıyor, Yeni Asır, 21 November 2008, retrieved 25 January 2009». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.