Աֆրիկյան գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքիաթ երկու եղբայրների մասին, հին եգիպտական գրական ստեղծագործություն, մ. թ. ա. 12-րդ դար

Աֆրիկյան գրականություն, Աֆրիկայում ստեղծված գրական ստեղծագործություններ։ Ի տարբերություն գրականության եվրոպական հասկացության, որը հիմնականում գրավոր աշխատանք է, աֆրիկյան գրականության զգալի մասը կազմում են բանավոր գործերը։ Բացի այդ ի տարբերություն եվրոպացիների, որոնք զանազանում են ձևի և բովանդակության հասկացությունը, աֆրիկացիների ավանդական ստեղծագործություններում ձևը և բովանդակությունը իրարից անբաժանելի են, շարադրանքի գեղեցկությունը օգտագործվում է ոչ այնքան իր համար, որքան լսողի հետ ավելի արդյունավետ երկխոսության կազմակերպման համար։

ՀԱՀ–ի Ժողովուրդների գրականությունը զարգանում է բանտու լեզուներով, հոտենտոտերենով, բուշմեներենով, իսկ հիմնականում՝ անգլերենով և աֆրիկաանս լեզվով։ Գրավոր ստեղծագործությունները երևան են եկել XIX դ. կեսերին։ XX դ. 1-ին քառորդի սոցիալ-տնտեսական տեղաշարժերը, քաղաքական իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել ՀԱՀ–ի գրողների երկերում։ Անարդարության, ռասիզմի, գաղութատիրության դեմ հանդես են եկել Օ. Շրայները, Ֆ. Սելիրսը, Ջ. Դուբեն, Մ. Ֆուզեն, Ս. Գ. Միլլինը, Լ. Վան դեր Պոստը, Ու. Պլումերը և ուրիշներ։ Յ. վան Բրյուգենի «Ամպի» (1924-1942) եռերգությունը աֆրիկաանսով ստեղծված գրականության մեջ քննադատական ռեալիզմի առաջին նվաճումն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապարտհեյդի քաղաքականության սաստկացման հետ կապված, հզորացավ բողոքի գրականությունը, որը զարգացավ քննադատական ռեալիզմի սկզբունքներով (Պ. Աբրահամս, Ա. Պեյտոն, Ն. Դորղիմեր)։ Հակառասիստական նպատակաուղղվածություն ունեն Ֆ. Ալթմանի, Դ. Բլումի, Է. Մպախլելեի, Է. Հատչինսոնի ստեղծագործությունները։ 1960–1970-ական թվականներին ՀԱՀ–ի առաջադեմ գրողներից շատերը գործում են արտասահմանում։ Սոցիալական խնդիրների սրությամբ աչքի են ընկնում արձակագիրներ Ա. Լա Գումայի, Ք. Բառնարդի, Զ. Ստենդերի, բանաստեղծներ Ա. Կ. Նորտիեի, Կ. Պիտերսի, Ա. Ն. Կումալոյի, Դ. Բրուդուսի, Բ. Ֆայնբերգի ստեղծագործությունները։ Ժողովրդականություն են վայելում նաև Ա. Ֆուգարդի պիեսները։

Բանավոր ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան գրականության մեջ ընդգրկված բանավոր ստեղծագործությունները կան Աֆրիկայում բնակվող բոլոր ժողովուրդների մոտ։ Այս ստեղծագործությունները պատկանում են տարբեր ժանրերի, հեքիաթներ, առասպելներ, երգեր, հանելուկներ, առակներ և այլն։ Շարադրանքը կարող է լինել ինչպես արձակի այնպես էլ բանաստեղծության ձևով։ ՀԱՀ-ում, Գամբիայում, Զիմբաբվեում և Բենինում այն հանդես է գալիս ավելի բազմազան ժանրերով, այն դեպքում երբ նուբիացիների, Ջիբութիի և Հարավային Սուդանի ժողովուրդների ստեղծագործություններում այն առավել յուրօրինակ է։

Բանավոր ստեղծագործությունների տարածմանը զգալիորեն նպաստում են պրոֆեսիոնալ հեքիաթասացները և երգիչները։ Աֆրիկյան բանավոր գրականության հնագույն ժանրերից են համարվում կենդանիների մասին հեքիաթները։ Հաճախ այս ստեղծագործություններում ի հայտ են գալիս հնարամիտ հերոսները, որոնց դերում կարող են հանդես գալ նապաստակը, կրիան, սարդը։ Կենդանիների մասին աֆրիկյան հեքիաթների առանձնահատկությունն այն է, որ դրանք (դասական ձևով) բարոյականություն չեն պարունակում։ Աֆրիկյան բանավոր ստեղծագործությունների գրառումները սկսեցին գաղութային ժամանակաշրջանում։ Հեքիաթների առաջին բանահավաքները եղել են XVII—XVIII դարերի ճանապարհորդներն ու միսիոներները։ Դրա շնորհիվ պահպանվեցին ժողովրդական արվեստի ստեղծագործությունները, որոնք պահանջված դարձան աֆրիկացիների ազգային ինքնագիտակցության աճի հետ մեկտեղ։ Որոշ գործեր վերածնվեցին եվրոպական ժողովուրդների լեզուներից վերաթարգմանության շվորհիվ։

Աֆրիկյան բանավոր գրականության ծավալուն տեսակ են համարվում տարբեր էպոսները։ Դրանց թվին են դասվում «Սիլամակա և Պուլլորի Ֆուլբե» և «Սունդյատա Մանդինգո» ավանդազրույցները Մալիից, «Ավանդազրույց Մվինդո Նյանգայի մասին» ասքը Կենտրոնական Աֆրիկայից։ 10-րդ դարին են վերաբերվում Սուդանի էպիկական բանաստեղծական ավանդազրույցները։

Գրավոր գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրավոր գրականությունն առաջին անգամ ի հայտ եկավ Աֆրիկայի հյուսիսում։ Հնագույն գրական ստեղծագործությունները վերաբերվում են Հին Եգիպտոսին։ Գրական տեքստեր են ստեղծվել նաև հունարեն, լատիներեն և փյունիկերեն լեզուներով։ Հետագայում գրական գրականության վրա զգալի ազդեցություն ունեցավ արաբերենը։ Աֆրիկայի հարավի շատ երկրների համար բնորոշ է տեղացի ժողովուրդների լեզուներով գրավոր գրականության ավելի ուշ երևան գալը, որը հաճախ պայմանավորված է եղել 20-րդ դարում անկախության հռչակմամբ։

Եգիպտական գրականությունից բացի աֆրիկյան գրավոր գրականության վաղ շրջանի առաջին օրինակներից է համարվում եթովպիական գրականությունը, որը ի հայտ է եկել Ակսումի թագավորության շրջանում 4-7-րդ դարերում։ Հին գրավոր գրականության ստեղծագործություններ են հայտնաբերվել նաև Մալիում և Մադագասկարում։ «Սեննարյան քրոնիկոններ»-ը և «Տաբակատ» բառարանն էլ հանդիսանում են Սուդանի գրական ստեղծագործությունների օրինակներ։ Խոշոր գրական կենտրոն դարձավ նաև Տոմբուկտուի համալսարանը, որը հիմնադրվել էր 12-րդ դարում։

Հյուսիսային Աֆրիկայի երկրներում գրականությունը զարգանում էր որպես արաբական մշակույթի մաս, որտեղ գլխավոր դեր էր խաղում իսլամը։ Մալիում, Չադում և Սուդանում տեքստերը գրված են արաբերեն։ Տանզանիայում և Մադագասկարում արաբական մատենագրությունը օգտագործվում էր սուախիլի և մալագասիական լեզուներով ստեղծագործություններ գրելու նպատակով։ Ժամանակակից Աֆրիկայի պետությունների ազգային գրականությունը սկսեց ձևավորվել գաղութացման ժամանակաշրջանում, եվրոպական լեզուների և լատինական այբուբենի մայրցամաք ներթափանցմամբ։ 19-րդ դարից սկսած ՀԱՀ-ում լատիներենը օգտագործվում էր տեղական լեզուներով տեքստեր գրելու նպատակով։ Մատենագրության տարածման շարժիչ ուժը հանդիսացել է քրիստոնեությունը, միսիոներներն աֆրիկյան ժողովուրդների լեզուներով են թարգմանել Աստվածաշունչը և այլ սրբազան տեքստեր։ Սակայն շատ երկրներում սեփական գրականության առաջացումը տեղի ունեցավ միայն 20-րդ դարի երկրորդ կեսին։ Վերջիններից մեկը սեփական գրականություն ստացավ Ռեյունյոն կղզին, այստեղ տեղական բարբառով ստեղծագործություններ սկսեցին հրատարակվել միայն 1990-ական թվականներին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Африканская литература // Энциклопедия «Кругосвет».
  • Werku, Dagnachew, The Thirteenth Sun, 1968.
  • Berhanemariam, Sahlesillasse, The Warrior King, 1974.
  • Alain Ricard (1987). "Museum, Mausoleum, or Market: The Concept of National Literature". Research in African Literatures. 18. JSTOR 4618186.
  • Mineke Schipper (1987). "National Literatures and Literary History". Research in African Literatures. 18. JSTOR 4618185.
  • Busby, Margaret (ed.), Daughters of Africa: An International Anthology of Words and Writings by Women of African Descent from the Ancient Egyptian to the Present, Random House, 1992.
  • Mazrui, Ali A. (ed.), General History of Africa, vol. VIII, UNESCO, 1993, ch. 19, Ali A. Mazrui et al., "The development of modern literature since 1935". Free to read
  • Gordon, April A. and Gordon, Donald L., Understanding Contemporary Africa, London: Lynne Rienner, 1996, ch. 12, George Joseph, "African Literature".
  • Gikandi, Simon (ed.), Encyclopedia of African Literature, London: Routledge, 2003.
  • Irele, Abiola, and Simon Gikandi (eds),The Cambridge History of African and Caribbean Literature, 2 vols, Cambridge [u.a.]: Cambridge University Press, 2004. Table of contents.
  • Shamim, Amna. Gynocentric Contours of the Male Imagination: A Study of the Novels of Chinua Achebe and Ngugi wa Thiong'o. New Delhi: Idea Publishing, 2017. ISBN 9788193326978.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 288-289