Արտադրական ձեռնարկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտադրական ձեռնարկություն, արտադրության մեջ արտադրության գործիքների, միջոցների և այլ նյութական ֆոնդերի ամբողջություն, որն օգտագործվում է մարդկանց կողմից արտադրանք թողարկելու համար։ Սովորաբար արդյունաբերական ձեռնարկությունը նույնանում է գործարանի կամ ֆաբրիկայի հետ, որից յուրաքանչյուրը կազմված է արտադրական ներքին օղակներից` արտադրամասերից, տնտեսություններից և վարչության բաժիններից։ Արտադրական ձեռնարկություններ են հանդիսանում գործարանները, ֆաբրիկաները, կոմբինատները, շինարարական կազմակերպությունները և արտադրական նշանակություն ունեցող այլ կառույցներ։

Արտադրական ձեռնարկությունը հանգամանորեն ուսումնասիրում է արտադրանքի իրացման շուկայի պահանջները, վերլուծում է իր տնտեսական պոտենցիալը, ներառելով՝

  1. արտադրական հզորությունները, դրանց կառուցվածքը և ծանրաբեռնումը,
  2. ձեռնարկության կադրերը, նրանց որակավորումը և լրացման հնարավորությունները,
  3. ֆինանսական ռեսուրսները,
  4. նորարարական ծրագրերի առկայությունը կամ դրանց մշակման հնարավորությունները։

Արտադրական ձեռնարկությունները ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական ձեռնարկության սոցիալական էությունը որոշվում է հասարակարգի բնույթով։ Կապիտալիստական հասարակարգում արդյունաբերական ձեռնարկությունների գերակշռող մասը մասնավոր սեփականությունն է։ Սոցիալիզմի օրոք արդյունաբերության ձեռնարկությունը արդյունաբերության կառավարման հիմնական օղակն է` սկզբնական տնեսական բջիջը։ Սոցիալիստական արդյունաբերական ձեռնարկությունը հարաբերականորեն առանձնացված ապրանքաարտադրող է, որը բնութագրվում է արտադրատեխնիկական, կազմակերպական և տնտեսական միասնությամբ` օգտագործելով ամրացված արդյունաբերության միջոցները։ Ժողովրդատնտեսական պլանի առաջադրանքների համաձայն տնտեսական հաշվարկի հիման վրա իրականացվում է արտադրատնտեսական գործունեություն և օգտվում այդ գործունեության հետ կապված իրավունքներից։ 1973 թվականին ՍՍՀՄ-ում կար 49 հազար արդյունաբերական ձեռնարկություն, որոնք ունեին ինքնուրույն բալանս։ Արդյունաբերական ձեռնարկության արտադրական կառուցվածքի վրա վճռական ազդեցություն է ունենում արտադրության հետագա կենտրոնացումը, որի հիմնական ուղղություններից մեկը արտադրական միավորների ստեղծումն է։ 1973 թվականին արդյունաբերության մեջ գործում էր 1,3 հազար արտադրական միավորում, որոնք ընդգրկում էին 5,6 հազար ձեռնարկություն և արտադրական միավոր։ Դրանց կազմի մեջ մտնում են գործարաններ, ֆաբրիկաներ, գիտահետազոտական, կոնստրուկտորական, նախագծային-կոնստրուկտորական, տեխնոլոգիական և այլ կազմակերպություններ։ Արտադրամիավորումները հեռանկարային առումով պետք է դառնան հանրային արտադրության հիմնական տնտեսական հաշվարկային օղակները։ Արդյունաբերության ձեռնարկության աշխատանքի կազմակերպումը նրա գործունեության ղեկավարումը հիմնված է սոցիալիստական, տնտեսավարման, լենինյան սկզբունքների, հասարակական, կոլկտիվ և անձնական շահերի միասնության, դեմոկրատական ցենտրալիզմի, միանձնյա ղեկավարման, սոցիալիստական պլանավորման, խնայողության ռեժիմի, բարոյական և նյութական շահագրգռվածության սկզբունքների վրա։

Արտադրական ձեռնարկությունները Խորհրդային Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում առաջին արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը կապված է եղել պղնձաարդյունաբերության հետ։ 1763 թվականին սկսվել է Ախթալայի պղնձի և արծաթի հանքավայրերի, ավելի ուշ` Ալավերդու և 19-րդ դարում Զանգեզուրի պղնձահանքերի շահագործումը։

19-րդ դարի վերջին Հայաստանի պղնձաարդյունաբերության ձեռնարկությունները ենթարկվել են որոշ տեխնիկական վերակառուցամն։ 1896 թվականին Մելիք-Ազարյանցը կառուցել է Սյունիքի պղնձաձուլական գործարանը, որտեղ կիրառվում էին ֆրանսիական սիստեմ վատերժակետային հնոցներ, ամերիկյան բովիչ հնոցներ, կոնվերտորներ և այլն։ Օգտագործվում էր քարածուխ։ Չնայած դրան Հայաստանի պղնձաարդյունաբերությունն ընդհանուր առմամբ մնում էր տեխնիկապես հետամնաց։

19-րդ դարի վերջին համեմատաբար խոշոր ձեռնարկություններ ստեղծվեցին սննդաարդյունաբերության մեջ։ 1887 թվականին Ներսես Թաիրովը Երևանում կառուցել է գինու և օղու, իսկ 1890 թվականին՝ կոնյակի գործարան։ 1893 թվականին Երևանում կոնյակի գործարան կառուցեցին Կարապետ Աֆրիկովը, Գևորգ Գյոզալովը և Ենոք Մկրտիչովը, 1894 թվականին՝ Դավիդ Սարաջևը։ 1899 թվականին «Շուստով ի սինովյա» ընկերությունը գնեց Թաիրովի գործարանը և տեխնիկապես վերակառուցեց։ 1900-ական թվականներին գինու և կոնյակի արտադրությունը կատարելագործվեց նաև մյուս ձեռնարկություններում։ Սննդի արդյունաբերության մյուս աչքի ընկնող ձեռնարկություններից էին Խ. Գիլանյանի լիմոնադի ու հանքային ջրերի և Ա. Ավետյանի «Զանգա» գարեջրի գործարանները։ 20-րդ դարի սկզբին ստեղծվեցին Տեր-Ավետիքյան եղբայրների մեխանիկական, Գաբրիելյանի և Սարգսյանի կաշվի, Գ. Ահարոնյանի և Պ. Էսապյանի պահածոների գործարանները։ Նախահեղափոխական Հայաստանի սննդի ձեռնարկությունները չունեին բարձր արտադրողականություն, աշխատում էին պարզունակ տեխնոլոգիայով, հաճախ` տնայնագործական եղանակով, թեև տալիս էին բարձրորակ արտադրանք, որը 20-րդ դարի սկզբին Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ռուսաստանում կազմակերպված միջազգային ցուցահանդեսներում շահել են մրցանակներ ու մեդալներ։ Ձեռնարկությունները մեծամասամբ փոքր էին։ 1914 թվականին Երևանում գործում էր 86 արդյունաբերական ձեռնարկություն` 536 բանվորով։

Հայաստանում արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը կապված է սոցիալիստական տնտեսության զարգացման հետ։ Սովետական իշխանության հաստատումից անմիջապես հետո Սովետական Ռուսաստանի օգնությամբ սկսվեց քայքայված արդյունաբերական ձեռնարկությունների վերականգնումն ու վերակառուցումը։ Դրա հետ մեկտեղ ստեղծվել են նոր ձեռնարկություններ, որոնք հիմք են դրել արդյունաբերության նոր ճյուղերին։ Սոցիալիստական ինդուստրացման տարիներին կառուցվել են ծանր արդյունաբերության առաջին ձեռնակությունները։ 1926 թվականին շահագործման է հանձնվել Երևանի հէկը, Հանրապետության Սոցիալիստական արդյունաբերության առաջնեկը` 1928 թվականի Գյումրիի հէկը, իսկ 1932 թվականին Ձորագետի հէկը։ Հայաստանի էներգետիկ արդյունաբերության համար կարևոր նշանակություն ունեցավ Սևան-Հրազդան կասկադը, որն սկսվեց 1931 թվականին Քանաքեռի հէկի շինարարությամբ և ավարտվեց 1960 թվականին Երևանի հէկ երկրորդի գործարկումով։ 1960-ական թվականներին սկսվեց Որոտանի կասկադի շինարարությունը։ Նույն թվականներին կառուցվեցին ջէկեր Երևանում, Վանաձորում և Հրազդանում։

Հայաստանի առաջին վերականգնված և ընդլայնված արդյունաբերական ձեռնարկություններից էին պղնձահանքերը և պղնձաձուլական գործարանները։ 1931-1935 թվականներին հիմնովին վերակառուցվել է Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ 1934 թվականին շահագործման են հանձնվել պղնձարջասպի, 1934 թվականին՝ ծծմբաթթվի, 1947 թվականին՝ սուպերֆոսֆատի գործարանները։ 1957 թվականին կազմակերպվել է Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Գունավոր մետալուրգիայի ասպարեզում շարք են մտել նաև Քանաքեռի ալյումինի գործարանը, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը և կոմբինատը։ 1927 թվականին գործարկվել է Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը` Երևանի կարբիտի գործարանը, որն առաջինն էր ԽՍՀՄ-ում, իսկ առաջին հզոր ձեռնարկությունը` Վանաձորի քիմիական կոմբինատը շարք է մտել 1933 թվականին։ Երկու տարի անց գործարկվել է Սմ. Կիրովի անվան քիմիական կոմբինատը Երևանում։ Հայրենական մեծ պատերազմից հետո գործարկվել է նաև Երևանի «պոլիվինիլացետատ» գործարանը։ 1971-ական թվականների սկզբին սկսել է արտադրանք տալ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատը։ 1926-1929 թվականներին նախկին մեխանիկական արհեստանոցների բազայի վրա կառուցվել է Երևանի Ձերժինսկու անվան մեխանիկական գործարանը։ Հետագայում ստեղծվել են բազմաթիվ հաստոցաշինական, մեքենաշինական, էլեկտատեխնիական, ավելի ուշ` ճշգրիտ սարքեր և էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, արտադրող ձեռնարկություններ։ Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից էր «Հայ էլեկտրամեքենա» միավորման Լենինի անվան հայկական էլեկտրամեքնաշինական գործարանը։ 1965 թվականին շարք է մտել «ԵրԱԶ» ավտոգործարանը։

Սովետական Հայաստանի շինանյութ արտադրող առաջին ձեռնարկություններից էին Ջաջուռի կրի գործարանը, Արթիկ-տուֆը, Արարատի ցեմենտի գործարանը։ Ետպատերազմյան շրջանում` 1955-1956 թվականներին, Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Քաջարանում և Ախթալայում կառուցվել են հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող գործարաններ։

Սովետական իշխանության տարիներին ստեղծվել է թեթև և սննդի արդյունաբերական ձեռնարկությունների լայն ցանց։ 1927 թվականին ավարտվել է Գյումրիի տեքստիլ գործարանի շինարարությունը, որը հետագայում ընդլայնվել է և 1938-1939 թվականներին շարք մտել որպես Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատ։ Կառուցվել են նաև կարի, կաշվի, կոշկեղենի, կենցաղային իրերի արտադրության ժամանակակից ձեռնարկություններ։ Ընդլայնվել են և տեխնիկապես հիմնովի վերակառուցվել Արարատ գինու-կոնյակի տրեստի ձեռնարկությունները։ Չորրորդ հնգամյակի տարիներին կառուցվել են և շահագործման հանձնվել Երևանի շամպայն-գինիների կոմբինատը, կոնյակի, Սպիտակի շաքարի և այլ գործարաններ։ Սննդի արդյունաբերական ձեռնարկություններից նշանավոր էին նաև ձեթ-օճառի գործարանը, Երևանի և Գյումրիի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի, հրուշակեղենի և մակարոնի ֆաբրիկաները, Կալինինոյի շվեյցարական պանիրների, Ջերմուկ, Դիլիջան և Արզնի հանքային ջրերի, Երևանի և Արմավիրի պահածոների գործարանները։ ՀՍՍՀ-ում գործել է շուրջ 660 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն։

Արտադրական ձեռնարկության ներքին և արտաքին միջավայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած ձեռնարկություն աշխատում է որպես բաց համակարգ, որտեղ գործում են ձեռնարկատիրական գործունեության բազմաթիվ գործոններ, որոնք ընդգծում են ֆիրմայի ներքին ու արտաքին միջավայրերի առանձնահատկությունները։

Ձեռնարկության ներքին միջավայրը՝ դա աշխատողներն են, արտադրության միջոցները, ինֆորմացիան և դրամական ռեսուրսները։ Ներքին միջավայրի տարրերի փոխգործողության տարրերի հետևանքը հանդիսանում է պատրաստի արտադրանքը։

Ձեռնարկության արտաքին միջավայրի բաղկացուցիչ տարրերն են հանդիսանում մատակարարները, արտադրանք սպառողները, մրցակիցները, բնակչությունը և այլն։ Արտաքին տնտեսական միջավայրը ներառում է երկրի տնտեսական զարգացման ընդհանուր մակարդակը, շուկայական հարաբերությունները, մրցակցությունը, այսինքն՝ այն ամենը ինչը պայմաններ է ստեղծում ձեռնարկության գործունեության համար։ Արտաքին տնտեսական բաղադրամասերի հիմնական չափանիշներն են համարվում մակրոտնտեսական բազմաթիվ ցուցանիշներ, ինչպիսիք են համախառն ներքին արդյունքը, սղաճի չափերը, տոկոսադրույքը, բյուջեն, աշխատանքի արտադրողականության մակարդակը, միջին աշխատավարձը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 9