Արսեն Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Ղազարյան | |
---|---|
1972-1994 | |
Ծննդավայր | Մեղրաձոր, Կոտայքի մարզ |
Մահվան վայր | Մարտակերտի շրջան |
Քաղաքացիություն | հայ |
Ծառայության տարիներ | 1992-1994 |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | Արիության մեդալ, Մարտական խաչ 2-րդ |
Արսեն Վարդգեսի Ղազարյան (մարտի 30, 1972, Մեղրաձոր, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 10, 1994, Մարտակերտի շրջան, Արցախ), ազատամարտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1972 թվականի մարտի 30-ին Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։ 1989 թվականին ավարտել է Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը։
1990 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ։ Անմասն չմնալով Արցախի ազատագրման պայքարից՝ 1992 թվականի նոյեմբերին Ստեփանակերտում կամավոր մտնում է սակրավորների վաշտ, որտեղ որոշ ժամանակ անց նրան վստահում են դասակի հրամանատարությունը և շնորհում լեյտենանտի կոչում։ 1992 թվականի դեկտեմբերին մասնակցում է Բերձորի (Լաչին) Ֆինգա բարձունքի վերագրավմանը, իսկ 1993 թվականի փետրվարի 5-ին՝ Կիչան, Չլդրան գյուղերի մատույցների գործողություններին, վիրավորվում է ոտքից, կարճ ժամանակ անց ապաքինվում և կրկին մեկնում ճակատ։
1993 թվականի մարտի վերջին Արսեն Ղազարյանը մասնակցում է Քարվաճառի գործողություններին, հունիսի 14-ին՝ Մարտակերտ քաղաքի, հուլիսին՝ Աղդամի ազատագրմանը, իսկ օգոստոսին արդեն մարտնչում է Հադրութի տարածաշրջանի գյուղերի ազատագրման համար։ Վիրավորվելով թևից՝ երկրորդ անգամ թողնում է մարտի դաշտը, ապա ապաքինվելով՝ վերադառնում։ Ստեփանակերտի գնդի հրամանատարությունը, տեսնելով Արսեն Ղազարյանի աննկուն կամքը, անսահման խիզախությունն ու հայրենասիրությունը, նրան նշանակում է սակրավորների վաշտի հրամանատար՝ շնորհելով ավագ լեյտենանտի կոչում։
1993 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Բոյահմեդլի, Փափրավենդ, Քենգերլի գյուղերի ազատագրման ժամանակ վիրավորվում է երրորդ անգամ(գլխից)։ Ապաքինվելուց հետո՝ 1994 թվականի հունվարի 7-ին մասնակցում է Ֆիզուլու շրջանի ազատագրմանը, իսկ հունվարի 15-ից՝ Մարտակերտի և Քարվաճառի ուղղությամբ թշնամու հարձակումների կասեցմանը, նույն թվականի մարտից՝ Հորադիզի պաշտպանական մարտերին։
1994 թվականի մարտի 30-ին նրան շնորհվում է կապիտանի կոչում, միաժամանակ պարգևատրվում է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով։
1994 թվականի ապրիլի 10-ից ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վերսկսում են Մարտակերտի շրջանի՝ թշնամու գրաված գյուղերի ազատագրումը։ Նա վերստին առաջին շարքերում էր։ Մասնակցում է Շոթլանլու, Նամբիլի, Ումութլու, Յարմջա, Սեյսուլան գյուղերի ազատագրմանը։
Հենց այս մարտերի ժամանակ էլ 1994 թվականի մայիսի 10-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի ազատագրման ժամանակ զոհվում է։
Նրա աճյունն ամփոփված է հայրենի Մեղրաձորի գերեզմանատանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորամասի հրամանատարությունը, բարձր գնահատելով հայրենիքին մատուցած կապիտան Արսեն Ղազարյանի ծառայությունները, նրան ներկայացնում է պարգևատրման։ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի թիվ 0376-1 որոշմամբ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար Ա. Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։
ՀՀ նախագահի 2002 թվականի հունիսի 1-ի ՆՀ 1106 հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։
2008 թվականի մարտին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվել է Արսեն Ղազարյանի անվամբ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արսեն Վարդգեսի Ղազարյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.