Հարութին Թամբուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արութին Թամպուրիից)
Հարութին Թամբուրի
Ծնվել էանհայտ[1]
Կոստանդնուպոլիս
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունաշուղ և ուսուցիչ

Հարութին Թամբուրի (կամ Քյուչուկ Արութին) (XVIII դար), հայ պատմաբան։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Ծննդյան և մահվան թվերը ստույգ հայտնի չեն։ Ճանաչված է իբրև պատմաբան և Կոստանդնուպոլսի պալատական երաժիշտ։ Տիրապետել է երեք լեզվի՝ հայերենին, պարսկերենին և թուրքերենին։ Հիանալիորեն տիրապետել է Թուրքիայում դասականի համարում ունեցող թամբուր գործիքին։ Այստեղից էլ նրա անվանումը։

Թամբուրի Հարութինի մասին պահպանված կենսագրական տեղեկությունները բավականին կցկտուր են։ Հայատառ թուրքերեն գրել է «Պատմութիւն Թահմազ Ղուլի» աշխատությունը, որից մի ձեռագիր կա Վենետիկում։ Առաջին հրատարակությունը կատարվել է 1800 թվականին Վենետիկում, ապա թարգմանվել ֆրանսերեն։ Աշխատության մի օրինակն էլ գտնվում է Երևանի Մատենադարանում։ Այդ օրինակի հայերեն թարգմանությունը, կատարված Մուշեղ Խոռխոռունու կողմից, լույս է տեսել Երևանում 1941 թվականին, Մատենադարանի գիտական նյութերի ժողովածուի առաջին գրքում[2]։

1736 թվականին Թամբուրի Հարութինը գնացել է Պարսկաստան՝ իբրև Աբդուլ-Բագ խանին ուղեկցող թուրքական դեսպան։ Պարսիկ աշխարհակալ Նադիր շահն այնքան է հավանում Հարութինի նվագը, որ նրան առաջարկում է մնալ իր պալատում՝ Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքի վարպետ երաժիշտներից կազմված նվագախմբում աշխատելու։ Հարութինն առաջարկն ընդունում է և մի քանի տարի ապրում Պարսկաստանում։ Այստեղ, շփվելով անվանի երաժիշտների ու մանկավարժների հետ, հղացել է դասագիրք գրելու միտքը։

Առաջին երաժշտական դասագիրքը Թուրքիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով հրապարակվում է դասագիրքը՝ գրված հայատառ թուրքերենով, որ կոչվում էր «Ձեռնարկ արևելյան երաժշտության»։ Սա երաժշտական դասագրքերից առաջինն էր Թուրքիայում։ Անվանի երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Նիկողոս Թահմիզյանն այդ աշխատությունը թարգմանել է ռուսերեն և հրատարակել ծավալուն գիտական առաջաբանով ու հարուստ ծանոթագրություններով։

Ձեռնարկում բերված են շուրջ 160 տիպային մեղեդիներ, որոնք պատմական նշանակություն ունեն պարսկական երաժշտության մեջ։ Ներկայացված են պարսկական ժողովրդական նվագարանները, նոտագրման համակարգը, տրված են գործնական խորհուրդներ՝ հնչյունը ներդաշնակելու, հնչյունարտաբերման վարպետությունը կատարելագործելու մասին։

Ինչպես նշում է Ն. Թահմիզյանը Թամբուրի Հարութինի ձեռնարկին կցած իր առաջաբանում, «… եղած մասնագիտական գրականության համաձայն, դիտարկվող ժամանակաշրջանում, պարսկական երաժշտատեսական միտքն ընդհանրապես իշխող էր միջինասիական, անգամ հնդկական երաժիշտների շրջաններում»։ Այդ տեսանկյունից Թամբուրի Հարութինի ձեռնարկի գնահատականն առավել է մեծանում։

Գործունեությունը Կոստանդնուպոլիս վերադառնալուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադառնալով Կոստանդնուպոլիս, Թամբուրի Հարութինը, ինչպես վկայում է Աբ. Այվազյանը, «Իրանի փառաբանված երաժիշտների շրջապատում տիրապետեց երաժշտության գիտությունը և բերեց այն Թուրքիա», այսինքն Հարութինը Կոստանդնուպոլսում շարունակեց իր կատարողական ու մանկավարժական գործունեությունը, իհարկե, հիմնականում կապված հայ և, մասնավորապես, հայ հոգևոր երաժշտության հետ։ Կոստանդնուպոլսում հայ գեղջուկ երաժշտությունն, այսպես ասած, «ընդհատակում էր», զուրկ իր խորքային բացահայտման հնարավորությունից։ Դրա պատիվը պատմությունը թողել էր Կոմիտասին։ Համարյա մինչև XIX դարավերջը «արևելյան» և «ազգային» երաժշտությամբ զբաղվող երաժիշտները նվիրվում էին կա՛մ բանավոր ավանդվող պրոֆեսիոնալ երաժշտության, որ ժամանակի քաղաքային աշխարհիկ ժողովրդական երաժշտությունն էր, կա՛մ հոգևոր երաժշտությանը։ Այս երկու ճյուղերն էին հենց գտնվում Կոստանդնուպոլսի երաժիշտների, այդ թվում և Թամբուրի Հարութինի ուշադրության կենտրոնում, նրանց թե՛ կատարողական, թե՛ մանկավարժական գործունեության ընթացքում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարգարիտ Բրուտյան, «Հայ քաղաքային ժողովրդական երաժշտության կատարողական արվեստի պատմության էջեր», Երևան, 2001 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 350-351.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 135