Արկադի Մանուչարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի Մանվելի Մանուչարով
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1931
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 4, 2008(2008-01-04) (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
 Arkady Manucharov Վիքիպահեստում

Արկադի Մանվելի Մանուչարով (սեպտեմբերի 22, 1931, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ- հունվարի 4, 2008, Մոսկվա, Ռուսաստան), հայ քաղաքական գործիչ, ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը, «Կռունկ» կոմիտեի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Մանուչարովը ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1949 թ. ավարտել է տեղի № 3 միջնակարգ դպրոցը ու մեկնել Մոսկվա՝ 1950-1955 թթ.-ին սովորելով Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտում[1]։

Ուսումն ավարտելուց հետո 1955-1958 թթ.-ին աշխատել է Չելյաբինսկի Զլատոուստ քաղաքում եղել է ԽՍՀՄ Պաշտպանական արդյունաբերության նախարարության աշխատանքային ղեկավար, այնուհետև տեղամասի պետ, իսկ հետո ստացել բարձրացում ու աշխատել որպես քաղաքացիական շինարարության գծով ձեռնարկության գլխավոր ինժեներ։ 1958 թ. վերադառնում է Արցախ ու աշխատում որպես Ստեփանակերտի արդյունաբերաքաղաքացիական շրջանային շինարարության գլխավոր ինժեներ, իսկ 1962 թ.-ից 1966 թ.-ը արդեն նույն գերատեսչության գլխավոր ինժեներ[1]։

1965 թվականի արցախյան շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1966 թվականներին Արկադի Մանուչարովը առաջիններից մեկն է միացել պատմաբան Բագրատ Ուլուբաբյանի կազմակերպած շարժմանը․ նա եղել է այն 13 հոգանոց խմբի մեջ, ովքեր դիմել են պաշտոնական Մոսկվային Արցախը Հայաստանին վերամիավորելու խնդրանքով[2]։ Մանուչարովը առաջիններից էր, ովքեր համարձակվել են հանրային խոսել Արցախի հիմնահարցից, ինչի արդյունքում Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի որոշմամբ նա ու շարժման այլ 4 ղեկավարներ հեռացվում են կուսակցությունից ու վտարվում ԼՂԻՄ տարածքից։ Հայկական ԽՍՀ ղեկավարությունը սակայն հրավիրում է Մանուչարովին Հայաստան։ 1966 թ. Մանուչարովը ընտանիքով հաստատվում է Երևանում[1]։

Կյանքը մինչ 1988 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1972 թվականը նա եղել է շինարարական վարչության գլխավոր ինժեներ, այնուհետև՝ ղեկավար։ Նույն թվականին աշխատել է տրեստի գլխավոր ինժեներ։ 1973-1977 թվականներին եղել է շինարարական տրեստի կառավարիչ։

1977 թվականի օգոստոսին ընտանիքով կրկին վերադառնում է Ստեփանակերտ ու աշխատում որպես շինարարական նյութերի գործարանի տնօրեն։ Հետագա 10 տարիների ընթացքում գործարանի արտադրողականությունը բարձրացել է 9 անգամ, իսկ արտադրությունը՝ 24 անգամ։ 1982 թվականին Արկադի Մանուչարովը ճանաչվում է ողջ Խորհրդային միության ղեկավար-արտադրության ոլորտի լավագույն մասնագետ, իսկ 1978-1987 թվականներին գործարանը եղել է ճյուղային նախարարության համամիութենական հաղթող[1]։

1988 թվականի արցախյան շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին կանգնել է Արցախյան շարժման առաջնորդներից մեկը։ Փետրվարի 20-ին Ստեփանակերտում անցկացված զանգվածային հանրահավաքի ժամանակ ինքնաբուխ կերպով ստեղծվել է Կռունկ կոմիտեն, որը մարտի 1-ին պաշտոնապես գրանցվում է որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն։ Նախագահ է ընտրվում Մանուչարովը, ով ակիվիստներից ամենաավագնն էր ու մասնակցել էր 1960-ականների շարժմանը։ Կռունկի ծրագրային փաթեթը ու կանոնադրությունը գրում է Ռոբերտ Քոչարյանը[3]։ Քանդակագործ Արմեն Հակոբյանի առաջարկությամբ կոչվել է «Կռունկ», որը բացի խորհրդանշական թռչունի անունից նաև հապավում էր՝ Լեռնային Ղարաբաղի Հեղափոխական Կառավարման Կոմիտե (Комитет революционного управления Нагорного Карабаха)։ Նախապես կազմվում է մոտ 150 հոգուց բաղկացած ցուցակ, որը սակայն հետ կրճատվում է, քանի որ դահլիճում ֆիզիկապես բավական տեղ չկար բոլոր անդամներին ներառելու։ Վերջնական մնում է 66 անուն, որոնցից 11-ը ընտրվում են նախագահության կազմում։ Կռունկը գործունեության կարճ ժամանակահատվածում կազմակերպում է Սումգայիթի զոհերի հիշատակի ցույց, կազմակերպում է Ռոբերտ Քոչարյանի ու Մաքսիմ Միրզոյանի այցը Մոսկվա, որտեղ վերջիններս հանդիպում են Կոմկուսի քարտուղար Եգոր Լիգաչովի հետ։ Կռունկ կոմիտեն գործում է մինչ մարտի 24-ը, երբ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունում է Կռունկը լուծարելու որոշում՝ մեղադրելով այն զանգվածայն անկարգություն հրահրելու մեջ[2]։

1988 թվականի ապրիլի 15-ին Արկադի Մանուչարովը՝ ղարաբաղյան պատվիրակության հետ հանդիպել է ՌԽՖՍՀ կառավարության ղեկավար Վիտալի Վորոտնիկովի հետ[1]։

1988 թվականի կեսերին ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի խնդրանքով Արկադի Մանուչարովը մեկնում է Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նորանշանակ առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովի հետ։ Պողոսյանին առաջարկել էին Արցախի ինքնավար մարզի կարգավիճակը փոխարինել ինքնավար հանրապետության, ինչը Պողոսյանը դիտում էր որպես ընդունելի փփոխություն։ Այցի մասին գիտեին փոքր թվով մարդիկ, ու հետագայում շատերը սկսում են մեղադրել Մանուչարովին իրենց մեջքի հետևում Ադրբեջանի հետ բանակցութուններ վարելու մեջ[2]։

1988 թվականին Մանուչարովին փորձել են ձերբակալել Ադրբեջանի Ներքին զորքերի ծառայակիցները, սակայն առաջին փորձը ձախողվել է։ Նա ձերբակալվում է նոյեմբերի 28-ին, տեղափոխվում Աղդամի, հետո Շուշիի բանտ, իսկ այնուհետև փոխադրվում Մոսկվայի Բուտիրկա կալանավայրը, որտեղ նա պահվում է 548 օր[2]։ Համակիրների, քաղաքագետների և իրավապաշտպաններ Սախարովի և Ստարավոյտովայի, ինչպես նաև իր առաջնորդին ազատել պահանջող հայ ազգի ջանքերի շնորհիվ նա ճանաչվել է քաղբանտարկյալ։ Գտնվելով «Բուտիրկա» կալանավայրում՝ երկու անգամ ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր, ինչն աննախադեպ էր համաշխարհային պրակտիկայում։ 1990 թվականին Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև՝ պահանջելով Մանուչարովին ազատ արձակել, իսկ Ամնեսթի Ինթերնեշնլ իրավապաշտպան կազմակերպությունը նրան շնորհել է ԽՍՀՄ վերջին քաղբանտարկյալ կոչումը[1]։ Արկադի Մանուչարովը ազատ է արձակվում 1990 թվականի մայիսի 29-ին[2]։

Բանտում եղած ժամանակ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ԼՂԻՄ Ազգային խորհուրդը՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի հետ համատեղ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունում է որոշում ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու վերաբերյալ[4]։ Արկադի Մանուչարովը այս որոշման հետ կապված նշել է, որ որոշումը կարևոր էր, սակայն չիրականացվեցին քայլեր գործնականում ապահովելու այդ միավորվելու որոշումը, ինչն իր հերթին նույնիսկ վտանգում էր Արցախի անվտանգությունը ու Ադրբեջանին թույլ տալիս հիմնավորելու գործընթացը որպես Հայաստանի կողմից ոտնձգություն Արցախի դեմ[5]։

Մանուչարովը մասնակցել է 1991 թվականի սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպմանը։ 1991 թվականի դեկտեմբերի 28-ին № 18 ընտրատարածքից ընտրվել է Արցախի նորընտրիր Գերագույն խորհրդի պատգամավոր։

Վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարիներին ապրել է Մոսկվայում։ Մահացել է 2008 թվականի հունվարի 4-ին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Արկադի Մանուչարով - Արցախի Հանրապետության Ազգային Ժողով
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հակոբյան, Թաթուլ (2011). Արցախյան օրագիր․ կանաչ ու սև. Երևան-Ստեփանակերտ: Անտարես. էջեր 56–59. ISBN 978-9939-51-146-7.
  3. Քոչարյան, Ռոբերտ (2019). Կյանք և ազատություն. Երևան. ISBN 978-9939-0-2957-3.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշման տեքստը. 1 դեկտեմբերի, 1989թ». Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ Հիմնադրամ. 2019 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  5. admina. «Историческое решение для Роберта Кочаряна – 1 декабря, 1989г. | Aniarc» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.