Jump to content

Արաքսյան կաղնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաքսյան կաղնի
Արաքսյան կաղնի
Արաքսյան կաղնի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Հաճարազգիներ (Fagaceae)
Ցեղ Կաղնի (Quercus)
Տեսակ Արաքսյան կաղնի (Q. infectoria)
Միջազգային անվանում
Quercus infectoria
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Արաքսյան կաղնի (լատին․՝ Quercus araxina), հաճարազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ ցածրաճ ծառ, որն ունի մինչև 10-15 մ բարձրությամբ և 1 մ բնի տրամագծով։ Իր մորֆոլոգիայով շատ նման է վրացական կաղնուն։ Տարբերվում է տերևների բլթակների գրեթե բացակայությամբ, որոնք ամբողջաեզր են կամ թույլ ալիքավոր։

Տարածված է Արաքս գետի հովտում՝ Զանգեզուրում և Մեղրիում, մինչև 1000-1100 բարձրությունները։ Կազմում է արիդային նոսրանտառներ։ Հայաստանում աճող ամենաջերմասեր կաղնին է, նաև լուսասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, երաշտադիմացկուն է և համեմատաբար արագաճ։ Պիտանի է ցածրադիր վայրերի չոր, քարքարոտ, էրոզացված լեռնալանջերը անտառապատման համար։ Երկարակոթուն կամ ծաղկաոտիկավոր կաղնին Հայաստանում ամենաքիչ տարածվածն է, հանդիպում է Տավուշի մարզի Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում և Զանգեզուրում։ Աճում է ստորին լեռնային գոտու համեմատաբար խոնավ աճելավայրերում, գետափերին և ալուվիալ հողերում։ Բնականորեն տարածված է Կովկասում[1]։

Որպես հազվագյուտ տարածված տեսակ, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հայաստանի բուսաբանական այգիների ու դենդրոպարկերի տարբեր աշխարհագրական ծագում ունեցող հավաքածուներում, ինչպես նաև կանաչապատման մեջ հանդիպում են կաղնու բազմաթիվ ներմուծված տերևաթափ տեսակներ՝ կաղնի կարմիր (Q.rubra L.), կաղնի շագանակատերև (Q.castaneifolia C.A. Mey.), կաղնի ամառային (Q.robur L.) և այլն։ Չնայած իրենց էկոլոգիական բարձր ճկունությանը և գեղազարդությանը՝ կաղնիները դեռևս լայն կիրառություն չեն գտել կանաչ շինարարության մեջ[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է։ Հարավային Հայաստանում Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջանների տերևաթափ նոսրանտառների գերակշռող տեսակներից է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես կրճատվող տեսակ։ Ներկայումս այս տեսակի վիճակին վտանգ չի սպառնում։ Սակայն, կապված գյուղատնտեսական հանդակների ընդարձակման նպատակով տարածքների յուրացման և լեռնաարդյունահանող արդյունաբերության ինտենսիվացման հետ, կարող է նվազել տեսակի բնակության շրջանը։ Քանի որ ներկայումս տեսակը բավականին առատ հանդիպում է հանրապետության մեծ տարածքներում, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Ընդգրկված չէ CITES և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
  2. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաքսյան կաղնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաքսյան կաղնի» հոդվածին։