Մինչև 50 սմ բարձրությամբ, թավոտ, տերևազուրկ ծաղկակիր ցողունով և արմատամերձ երկար տերևներով բազմամյա խոտաբույս է։ Կարճ կոճղարմատից աճում են բազմաթիվ թելանման արմատներ։ Երկար նշտարաձև տերևները ատամնաեզր են։ Զամբյուղները կազմված են բազմաթիվ դեղին ծաղիկներից։ Փաթաթոցի կղմինդրաձև դասավորված տերևիկները երկարավուն նշտարաձև և թավոտ են։ Սպիտակ փետրաձև մազիկներից կազմված փուփուլիկով պտուղը երկարավուն իլիկաձև սերմիկ է[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, կոճղարմատները, տերևներն ու ծաղիկները։ Կանաչ զանգվածի թուրմը կամ եփուկն օգտագործում են լեղապարկի հիվանդություններ բուժելու նպատակով։ Չորացրած և մանրացրած արմատներից պատրաստում են սուրճին փոխարինող խմիչք, իսկ մատղաշ տերևներից՝ աղցաններ[1]։ Մոլախոտ է։ Սերմի ծլման առաջին տարվա աշնանը, հատկապես մարգագետնատիպ հողատեսքերում, մազոտ առյուծատամի փռվող տերևները վաղօրոք զբաղեցնելով գետնի մակերեսը, մշակովի ու բնական կերաբույսերին զրկում են աճի զարգացման նվազագույն հնարավորություններից։