Աջարիայի ճգնաժամ (2004)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աջարիայի ճգնաժամ
Մաս Վրաստանի քաղաքական ճգնաժամ (2003-2004)
Աջարիան Վրաստանի քարտեզին
Ամսաթիվ23 նոյեմբերի 2003 - 6 մայիսի 2004
ՎայրԱջարիա, Վրաստան
Պատճառիշխանափոխություն երկրում
ԱրդյունքԻնքնավարության ամբողջական ենթարկում կենտրոնական իշխանություններին

2004 թվականի Աջարիայի ճգնաժամ (վրաց.՝ 2004 წლის აჭარის კრიზისი), վարչաքաղաքական ընդհարում 2003-2004 թվականներին (ճգնաժամ) Աջարիայի Ինքնավար Հանրապետության (Ասլան Աբաշիձեի գլխավորությամբ) և Թբիլիսիի պաշտոնական իշխանությունների միջև (Միխեիլ Սաակաշվիլու ղեկավարությամբ)։ Ճգնաժամը հետխորհրդային Վրաստանում անկայուն քաղաքական իրավիճակի հետևանք էր, հատկապես «Վարդերի հեղափոխությունից» հետո։ Ճգնաժամն ավարտվեց իշխանություններին հանրապետության ամբողջական ենթարկումով։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջարիան ինքնավար հանրապետություն է Վրաստանի կազմում, որի հիմնական բնակչությունը աջարներ են (վրացիների էթնոգրաֆիկ խումբ, որը տարբերվում է մուսուլմանական կրոնի թեթևակի գերակշռությամբ)։ 1991 թվականին Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ դարձավ Ասլան Աբաշիձեն։ Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո նա ստեղծեց իր սեփական բանակը՝ որպես հակակշիռ զինված խմբավորումներին, որոնք միավորել էին Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցներին և հակառակորդներին։ Ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարների՝ Աբաշիձեն չէր ձգտում լիակատար անկախության, այլ զարգացնում էր այն որպես «ազատ տնտեսական գոտի», բայց մաքսային հասույթները մնում էին հանրապետությանը, իսկ 2000 թվականին հասավ նրան, որ Վրաստանի Սահմանադրությունում հատուկ կետ մտցվեց հատուկ պետական կարգավիճակի մասին։ Փաստացի նա համարվում է պետության կիսանկախ կառավարողը։ Բացի այդ, Բաթումում տեղակայվեց Ռուսաստանի Զինված ուժերի 145-րդ մոտոհրաձգային դիվիզիան, որի ղեկավարության հետ Աբաշիձեն ուներ ընկերական հարաբերություններ։ Մինչ 1999 թվականը նրան օգնում էին նաև ռուս սահմանապահ զորքերը, բայց նրանց հեռանալուց հետո նա ձեռնամուխ եղավ սեփական սահմանապահ զորքերի կազմավորմանը[1]։ Ռուսական ռազմակայանի առկայությունը Աջարիայում ռուսական ղեկավարությանը հնարավորություն էր տալիս եթե չազդելու, ապա գոնե իրադրության վերահսկողություն Աջարիայում։ Վրաստանն էլ ցանկանում էր ուժեղացնել ազդեցությունը Բաթումում։ Բացի այդ, կար նաև հակամարտության տնտեսական լուրջ նախադրյալը. մինչ 2004 թվականին ինքնավարությունում Վրաստանի վերահսկողության սահմանումը Աջարիան ինքնուրույն էր կառավարում Թուրքիայի հետ սահմանը և նավերից (հիմնականում), ինքնաթիռներից և ավտոտրանսպորտից գանձվող մաքսային հասույթները (համաձայն 2000 թվականին Վրաստանի Սահմանադրությունում կատարված և 2004 թվականի հուլիսի 5-ին չեղարկված փոփոխության)։

Ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիի և Աջարիայի դիմակայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թբիլիսիում նշում են «Վարդերի հեղափոխությունը»:

2003 թվականի նոյեմբերին Վրաստանում սկսվեցին ընդդիմության հանրահավաքները, որը մեղադրում էր իշխանություններին խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ, ինչը հետագայում վերաճեց «Վարդերի հեղափոխության»։ Այդ ելույթների ժամանակ Աբաշիձեն պաշտպանեց երկրի նախագահ Էդուարդ Շևարնաձեին և ելույթ ունենալով աջարական հեռուստատեսությամբ՝ նա «Ազգային միասնական շարժման» ղեկավարներ Միխեիլ Սահակաշվիլուն և Դավիթ Բերձենեշվիլիին անվանեց «ֆաշիստներ», իսկ շարժումը՝ «ֆաշիստական»[2]։ Նոյեմբերի 23-ին՝ ընդդիմության կողմից խորհրդարանի շենքը գրավելուց հետո, Աջարիայի կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց[3]։ «Վարդերի հեղափոխությունից» հետո Ասլան Աբաշիձեի հարաբերությունները նոր իշխանությունների հետ չէին ստացվում, մասնավորապես ընդդիմության ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի հետ։ Աբաշիձեն հայտարարեց, որ իր ինքնավարությունը չի մասնակցի նախագահական ընտրություններին։ Նախագահական նախընտրական արշավի ժամանակ Սահակաշվիլին հայտարարեց. «Աջարիան Ասլան Աբաշիձեի սեփականությունը չէ։ Եթե ինչ որ մեկը փորձի անջատել այդ տարածքը Վրաստանից, ես նրա համար պատրաստել եմ չորս պատանոց շինություն։ Վրաստանը պատրաստ է բանակցությունների, բայց անջատողականություն չենք հանդուրժի[4]»: Բայց 2004 թվականի հունվարի 4-ին ինքնավարությունում տեղի ունեցան նախագահական ընտրությունները, և ընտրությունների օրը Աբաշիձեն հանեց արտակարգ դրությունը, իսկ հունվարի 7-ին կրկին մտցրեց այն[5]։ Հաջորդ օրը Վրաստանի Արդարադատության փոխնախարար Գիգի Ուգուլավան հայտարարեց.

Արտակարգ և ռազմական իրավական դրությունների հայտարարումը Վրաստանի կենտրոնական իշխանությունների իրավասությունն է, իսկ ավելի ճիշտ՝ նախագահինը։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներում կվերանայվի Աջարիայի գործող Սահմանադրության համապատասխանությունը Վրաստանի Սահմանադրությանը։ Վրաստանի նոր ղեկավարությունը պետք է կասեցնի նմանատիպ երկիշխանությունն ու հստակ տարանջատվեն կենտրոնի և ինքնավարության միջև իրավասությունները։ Եվ ինքնավարության իրավասություններում չպետք է հայտնվեն հարցեր, որոնք լիազորված են լուծել միայն Վրաստանի կենտրոնական իշխանությունը[5]։
Ասլան Աբաշիձե

Միխեիլ Սահակաշվի նախագահ ընտրվելուն զուգընթաց սրվեցին հարաբերությունները Թբիլիսիի և ինքնավարության միջև։ Հունվարի 22-ին Սահակաշվիլին հայտարարեց. «Վրաստանը միասնական երկիր է, իսկ ով ընդդիմանում է, թող չքվի այստեղից։ Ես երկրում կարգուկանոն կհաստատեմ, այդ թվում Աջարիայում։ Աջարական իշխանությունների հանդեպ ոչ մի ագրեսիա չկա և չի լինի, բայց մեկ բան պետք է բոլորը հասկանան. վրացական հողի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետր կլինի վերահսկողության ներքո»[5]։

Հունվարի 5-ին Սահակաշվիլին ժամանեց Բաթում, որտեղ Ասլան Աբաշիձեի ընդունեց Պաշտապանության նախարարության ստորաբաժանումների, սահմանապահ զորքերի և Վրաստանի ՆԳՆ ներքին զորքերի մասնակցությամբ զինվորական շքերթը[6]։ Հազիվ էր Վրաստանի նախագահը լքել Բաթումը, երբ նրա կողմնակիցները, գոչելով «Միշա՜, Միշա՜» և լոզունգներ հնչեցնելով ընդդեմ աջարական ղեկավարության, շարժվեցին դեպի Գերագույն խորհրդի շենք, որտեղ նրանց ցրեցին Աջարիայի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները[5][6]։ Ընդդեմ այս արշավի Ասլան Աբաշիձեի կողմնակիցները կազմակերպեցին իրենց բազմահազարանոց ցույցը[6]։ Այդ ժամանակ Գոնիոյից դեպի Բաթում ուղևորվեց Սահակաշվիլիի համախոհների ևս մեկ խումբ, բայց աջարական իշխանություններին ընդդիմադիր «Մեր Աջարիան» կազմակերպության ղեկավար Դավիթ Բերձենիշվիլու դիմումից հետո իրավիճակը կայունացավ[5]։ Փետրվարին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այցելեց ԱՄՆ և ելույթ ունենալով Ջոն Հոփքինսի համալսարանում՝ հայտարարեց. «Ես ու Աբաշիձեն միմյանց դուր չենք գալիս»[7]։

2004 թվականի մարտի 14-ին հատուկ նշանակությամբ կազմավորված Աջարիայի Ազգային անվտանգության նախարարության զինծառայողները և Աբաշիձեի կողմնակիցները նախագահ Սահակաշվիլիի և Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Բարամիձեի ավտոշարասյանը չթույլատրեցին մուտք գործել ինքնավարության տարածք[8]։ Հաջորդ օրը վրացական իշխանությունը որոշում ընդունեց իրականացնել «մի շարք սահմանադրական միջոցառումներ Աջարիայի անջատողական ռեժիմն արգելափակելու համար», իսկ Սահակաշվիլին հայտարարեց.

Այսօր Աջարիայում որոշվում է ամբողջ Վրաստանի ճակատագիրը։ Աջարիայի վարչական սահմանը գրաված հանցագործների հետ փոխզիջման մասին ոչ մի խոսք լինել չի կարող։ Կամ մենք հիմա բոլորս ոտքի կկանգնենք և հավետ Վրաստանից արմատախիլ կանենք հանցագործներին, ֆեոդալիզմն ու դավաճանությունը, կամ մենք՝ որպես պետություն, գոյություն չենք ունենա[9]։
Միխեիլ Սաակաշվիլի

Մարտի 18-ին խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ համաձայնության արդյունքում Բաթումում կայացավ Միխեիլ Սահակաշվիլու և Ասլան Աբաշիձեի հանդիպումը, որի ընթացքում Սահակաշվիլին համաձայնեց հանել Աջարիայի տնտեսական շրջափակումը, իսկ Աբաշիձեն՝ զինաթափել զինված խմբավորումներն ու չխոչընդոտել ինքնավարության տարածքում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը[10]։ Բայց չորս օր անց Վրաստանի նախագահը Աջարիայի ղեկավարին մեղադրեց ձեռք բերված համաձայնությունների փլուզման մեջ։ Մարտին 23-ին Վրաստանի ԱԳ նախարարությունը չեղյալ համարեց Աջարիայի բարձրաստիճան պաշտոնյաների արտերկրյա անձնագրերը, այդ թվում Ասլան Աբաշիձեի, նրա որդու՝ Գեորգի Աբաշիձեի և Աջարիայի ՆԳ նախարար Ջեմալ Գոգիձեի, իսկ Վրաստանի Ազգային բանկը ձեռնամուխ եղավ Բաթումի Ծովային բանկի լուծարմանը[11]։ Մարտի 25-ին, ելույթ ունենալով բաթումական հեռուստաընկերությունով, Աբաշիձեն հասկացրեց, որ չի պատրաստվում զինաթափել ընդդիմադիրների ջոկատները։ Նա, մասնավորապես, ասաց.

Ազգաբնակչությունը զենք ունի դեռևս 1991 թվականից, երբ ինքնավար հանրապետություն փորձում էին մուտք գործել բանտերից հատուկ ազատ արձակված կրկնահանցագործները։ Այն ժամանակ միայն զինված ապստամբները կարողացան փրկել Աջարիան և պաշտպանել սահմանադրական կարգը։ Իսկ հիմա ապստամբները պաշտպանում են իրենց տները, ընտանիքները և հենց այդ նույն սահմանադրական կարգը։ Ինքնավար հանրապետությունում ապստամբների զինաթափում տեղի կունենա այն ժամանակ, երբ Վրաստանում կկառուցվի ժողովրդավարություն[12]։

Չնայած դրան՝ մարտի 28-ին ինքնավարությունում անցան խորհրդարանական ընտրություններ, բայց դրանք ճգնաժամը չթուլացրին։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Խոլոյսկի և Քոբուլեթի մունիցիպալիտետներում քվեարկության արդյունքները չեղարկեց, որի արդյունքում Ասլան Աբաշիձեի «Վերածնունդ» կուսակցությունը հաղթել էր, բայց կրկնակի քվեարկություն անցկացնելու փորձի ժամանակ տեղի բնակչությունը ընտրությունների անցկացման ժամանակավոր հանձնաժողովի շենքը քարուքանդ արեցին և ոչնչացրեցին Թբիլիսիից բերված բոլոր փաստաթղթերը. սա կրկին սրեց ինքնավորությունում իրադրությունը[13]։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Աբաշիձեի «Վերածնունդ» կուսակցությունը ստացավ ավելի քանը 3 % ձայն, որից հետո Լեյբորիստական կուսակցության հետ իշխանություններին մեղադրեցին քվեարկության արդյունքները կեղծելու մեջ[14]։ Ապրիլի 22-ին՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ, Միխեիլ Սահակաշվիլին կոչ արեց խորհրդականներին անհանդուրժողական դիրքորոշում որդեգրել «Աբաշիջեի կլանի հանդեպ, որը չի ներկայացնում աջարների շահերը, այլ հանդիսանում է հանցագործների, մարդասպանների և թմրանյութերի առաքիչների հանցախումբ»[15]։

«Աջարական հեղափոխություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի կեսերին Ասլան Աբաշիձեի ենթակայության տակ իր զորամասով անցավ Վրաստանի Զինված ուժերի բաթումական 25-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար գեներալ Ռոման Դումբաձեն[16]։ Ապրիլի 21-ին Աջարիայի ղեկավարի ենթակայության տակ անցավ Վրաստանի ՆԳ նախարարության Ներքին զորքերի 3-րդ վարչությունը՝ գնդապետ Մուրադ Ցինցինաձեի ղեկավարությամբ[17]։ Ապրիլի 27-ին Աբաշիձեն Աջարիայի ինքնավարությունում հանընդհանուր զորահավաք անցկացնելու հրամանագիր ստորագրեց[18]։ Միևնույն ժամանակ ինքնավարության ղեկավարի անձնական հրամանատարության ներքո գտնվող արագ արձագանքման ջոկատի մի քանի զինծառայողներ լքեցին Աջարիան՝ անցնելով վրացական իշխանությունների կողմը[19]։ Ապրիլի 30-ին Աջարիայի հատուկ նշանակության ջոկատը և արագ արձագանքման ջոկատը ցրեցին Բաթումի քաղաքային դատարանի մոտ անցկացվող բողոքի ցույցը[20]:

Կամուրջ Չոլոկի (Ճորոխ) գետ վրա (կենտրոնում՝ 2004 թվականի Աջարիայի ճգնաժամի ժամանակ պայթեցված կամրջի մնացորդները, աջից՝ նոր կամուրջը)

Մայիսի 2-ին Աջարիայի ղեկավարության որոշումով պայթեցվեցին Ճորոխ գետի վրայով անցնող երեք ավտոմոբիլային կամուրջները, որոնք կարևոր կապող օղակ էին Աջարիայի և Վրաստանի մնացյալ քաղաքների միջև, իսկ Քոբուլեթի և Ցիխիսձիրի քաղաքներում քանդվեց Բաթումը Վրաստանի հետ կապող երկաթուղու գիծը։ Նույն օրը Սահակաշվիլին Աջարիայի ղեկավարին մինչ մայիսի 12-ը երկօրյա վերջնագիր ներկայացրեց զինաթափել անօրինական զինված խմբավորումները՝ հակառակ դեպքում սպառնալով Աջարիայի կառավարության և խորհրդարանի լուծարումով[21]։ Վրաստանի գործողություններին հավանություն տվեց ԱՄՆ-ը. ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուրեը հայտարարեց, որ պաշտոնական Վաշինգտոնը «խորապես մտահոգված է աջարական առաջնորդ Ասլան Աբաշիձեի՝ կամուրջները քանդելու որոշումից», և «մեր համար հիմնահարց է այն, որ Աջարիան Վրաստանի մի մասն է։ Մենք վճռականորեն աջակցում ենք վրացական կառավարության՝ Աջարիայում իր իշխանությունը և գերակայությունը հաստատելու ջանքերին»[22]։ Մայիսի 4-ին Աջարիայում կասեցվեց վրացական հեռուստաալիքների հեռարձակումը, իսկ ինքնավարության մայրաքաղաքում՝ համալսարանի շենքի մոտ, 5 հազար մարդ բողոքի ցույց սկսեց՝ Աբաշիձեի պաշտոնանկության պահանջով[18]։ Հաջորդ օրը մասնակիցների թիվը հասավ 15 հազարի. նրանց կողմն անցան 25 զինվորական և խորհրդարանի 4 պատգամավոր, իրենց հրաժարականի մասին հայտնեցին Աջարիայի ՆԳ փոխնարար Էլղուդա Ջինչիրաձեն և Աջարիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Գուլիկո Շերվաշիձեն[18]։ Նույն օրը Սահակաշվիլին հեռուստաեթերից հայտնեց Աջարիայում իր ուղղակի կառավարումը մտցնելու մասին և Աբաշիձեին «անվտանգության երաշխիքներ» տվեց, եթե նա «առանց բախումների հրաժարական տա»[18]։ Ինքնավար հանրապետությունում մեծամասշտաբ զինված ընդհարումը կանխվեց Ռուսաստանի և Վրաստանի բանակցությունների արդյունքում։ Աջարիա մեկնեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը։ Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Ասլան Աբաշիձեն որդու՝ Գեորգիի[18] հետ լքեց Աջարիան՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ մեկնելով Մոսկվա։ Շտապ հեռուստաելույթում Միխեիլ Սահակաշվիլին հայտնեց. «Ասլանը փախա՜վ։ Աջարիան ազա՜տ է»[18]։ ՌԻԱ Նովոստին այդ օրերին գրեց.

Աբաշիձեի հետ Իվանովի «դեմ առ դեմ» հանդիպումը շարունակվեց չորս ժամ։ Բանակցությունների վերջում այն շենքի մոտ, որտեղ դրանք տեղի էին ունենում, կրակոցներ լսվեցին։ Մինչ այժմ այդ միջադեպի մասին ստույգ տեղեկատվություն չկա։ Մի վարկածով դա «աջարական առյուծի» մտերիմների հրաժեշտի «հրավառությունն» էր, որոնք իմացել էին Աբաշիձեի հրաժարականի մասին։ Իվանովի հետ բանակցությունների ավարտից հետո Աջարիայի նախկին ղեկավարը լքեց իր նստավայրը և ուղևորվեց Բաթումի օդանավակայան, որտեղից թռչեց Մոսկվա։ Դեռևս չորեքշաբթի երեկոյան՝ մինչ Ռուսաստանի ԱԽ քարտուղարի հետ բանակցությունները, պաշտոնապես հերքելով իր պաշտոնանկության մասին լուրերը, Աբաշիձեն գերադասեց լքել Բաթումն առանց որևէ հայտարարության։ Դա առիթ հանդիսացավ Վրաստանի ղեկավարության համար նրա հեռանալն անվանել «փախուստ»[23]:

Աբաշիձեի պաշտոնանկությունը Բաթումի փողոցներում հազարավոր մարդիկ ընդունեցին խանդավառությամբ։ Աբաշիձեի բազակաթոռը դուրս բերվեց Աջարիայի Գերագույն խորհրդի նրա աշխատասենյակից, ջարդվեց և հրապարակայնորեն այրվեց նրա պապի՝ Մեմեդ Աբաշիձեի արձանի մոտ[23]։ Մայիսի 6-ին Բաթում ժամանեց նախագահ Սահակաշվիլին։ Հենց նույն օրը ստեղծվեց Աջարիայի ժամանակավոր խորհուրդը՝ Վրաստանի երկաթուղու դեպարտամենտի ղեկավար Լևան Վարշալոմիձեի գլխավորությամբ[24]։ Մայիսին 10-ին Բաթումում նշանակվեցին շրջանային կառավարման ղեկավարներ և քաղաքի ժամանակավոր քաղաքապետ Էդուարդ Սուրմանիձեն։ Նույն օրը Սահակաշվիլին մասնակցեց Ճորոխ գետի վրա հսկիչ-անցագրային կետի ապամոնտաժմանը և կառավարելով բուլդոզերով՝ քանդեց շինությունը, որտեղ առաջ տեղակայված էր պահակախումբը և իրականացվում էր քաղաքացիների ստուգում՝ հայտարարելով. «Ապագայում այլևս երբեք Վրաստանի պատմության մեջ Ճորոխ գետի վրա Աջարիան և մնացյալ Վրաստանը բաժանող գիծ չի լինի»[25]։ Աբաշիձեի պաշտոնանկությունից հետո Էդուարդ Սուրմանիձեն հայտարարեց, որ ընդդիմադիր «Մեր Աջարիան» շարժումը դադարեցնում է իր գոյությունը, քանի որ «այն հասավ իր նպատակին՝ Աջարիայից հեռացրեց Աբաշիձեին, կործանեց նրա ռեժիմը և ինքնավարությունը վերադարձրեց Վրաստանի սահմանադրական դաշտ»[26]։ Հունիսի 20-ին ինքնավարությունում անցան Գերագույն խորհրդի ընտրություններ, որոնցում հաղթանակեց «Սահակաշվիլի՝ հաղթանակած Աջարիա» կուսակցությունը՝ հավաքելով մոտ 70 % ձայներ[27]։ Հուլիսի 5-ին Վրաստանի նախագահը ստորագրեց «Վրաստանի Սահմանադրությունում փոփոխությունների հետ կապված Աջարիայի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի փոփոխության մասին» սահմանադրական օրենքը, որի համաձայն ինքնավարությունում գործում են բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ Գերագույն խորհուրդը, և գործադիր իշխանությունը՝ ի դեմս կառավարության, որը հաշվետու է Վրաստանի կենտրոնական իշխանություններին[28]։ Աջարիայի ճգնաժամն ավարտվեց ավարտվեց ինքնավարության՝ մայրաքաղաքային իշխանություններին ամբողջական ենթարկումով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Елена Любарская (25.11.2003). «Аджарский лев зарычал» (ռուսերեն). "Лента.Ру".
  2. Новиков, В., Сборов, А. В Грузии начался революционный процесс // Коммерсантъ : газета. — 06.11.2003.
  3. «Официальное мнение». Коммерсантъ. 24.12.2003.
  4. Новиков, В., Сысоев, Г. Михаил Саакашвили договорился до тюрьмы // Коммерсантъ. — 11.12.2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Дзись-Войнаровский, Н. (30.01.2004). «Битва за Аджарию». Лента.Ру.
  6. 6,0 6,1 6,2 «Михаил Миритель». Коммерсантъ. 26.01.2004.
  7. «Михаил Саакашвили не стал кусать руку Москвы». Коммерсантъ. 27.02.2004.
  8. «Президента Грузии отшили автоматом». Коммерсантъ. 15.03.2004.
  9. «Автономия строгого режима». Коммерсантъ. 16.03.2004.
  10. «Аджария разблокирована». Коммерсантъ. 19.03.2004.
  11. «Последние новости». Коммерсантъ. 24.03.2004.
  12. «Аслан Абашидзе бережет патроны». Коммерсантъ. 26.03.2004.
  13. «Аджарцы не хотят голосовать». Коммерсантъ. 15.04.2004.
  14. «Главу ЦИК Грузии не подвели итоги выборов». Коммерсантъ. 20.04.2004.
  15. ««Клан Абашидзе - банда преступников, убийц и наркобаронов»». Коммерсантъ. 23.04.2004.
  16. ВЛАДИМИР Ъ-НОВИКОВ (21.04.2004). «Президент Саакашвили разжаловал генерала в изменники» (ռուսերեն). Газета «Коммерсантъ».
  17. «Одно из управлений МВД Грузии переходит на сторону Аджарии» (ռուսերեն). РИА НОВОСТИ. 21/04/2004.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 ВЛАДИМИР НОВИКОВ (10.05.2004). «Асланово кресло» (ռուսերեն). Журнал «Власть».
  19. «ОБР Аджарии перешел на сторону Тбилиси» (ռուսերեն). РИА НОВОСТИ. 27/04/2004.
  20. «Аджарский спецназ разогнал митинг оппозиции в Батуми» (ռուսերեն). Lenta.ru. 30.04.2004. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  21. «США призывают Аслана Абашидзе к разоружению вооруженных группировок» (ռուսերեն). Civil Georgia. 4 մայիսի 2004. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  22. «Тбилиси обвиняет во взрыве мостов российского генерала» (ռուսերեն). Русская служба Би-би-си. 2004 թ․ մայիսի 4.
  23. 23,0 23,1 «Конфликт между Тбилиси и Батуми завершился отставкой Абашидзе» (ռուսերեն). РИА НОВОСТИ. 06/05/2004.
  24. ГЕННАДИЙ Ъ-СЫСОЕВ (07.05.2004). «Аслан Абашидзе выжил из роли» (ռուսերեն). Газета «Коммерсантъ».
  25. ГЕННАДИЙ Ъ-СЫСОЕВ, ВЛАДИМИР Ъ-НОВИКОВ (11.05.2004). «Президент с бульдозерной хваткой» (ռուսերեն). Газета «Коммерсантъ».
  26. ВЛАДИМИР Ъ-НОВИКОВ (14.05.2004). «Аджарию разоружают с опережением графика» (ռուսերեն). Газета «Коммерсантъ».
  27. ВЛАДИМИР Ъ-НОВИКОВ (22.06.2004). «Михаил Саакашвили вторично завоевал Аджарию» (ռուսերեն). Газета «Коммерсантъ».
  28. «В Тбилиси подписан конституционный закон о статусе Аджарии» (ռուսերեն). "ИА REGNUM". 05.07.2004.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]