Ապրիր և հիշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրիր և հիշիր
ռուս.՝ Живи и помни
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՎալենտին Ռասպուտին
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունՆաշ սովրեմեննիկ և Սովրեմեննիկ
Հրատարակվել է1974
Թվային տարբերակe-reading.club/book.php?book=47675

«Ապրիր և հիշիր» (ռուս.՝ «Живи и помни»), ռուս խորհրդային գրող Վալենտին Ռասպուտինի վիպակը, որը հրատարակվել է 1974 թվականին և դարձել նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։

Վիպակի կենտրոնում սիբիրյան գյուղում բնակվող մի կնոջ ողբերգական ճակատագիրն է, որն իմանում է, որ իր ամուսինը դասալքել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941-1945)։

Առաջին անգամ վիպակը տպագրվել է «Наш современник» ամսագրում (1974, № 10-11), մինչ այդ ստեղծագործությունից հատվածներ են տպագրվել «Восточно-Сибирская правда» թերթում (23.11.1973)[1] և «Советская молодёжь» թերթում (07.06.1974)[2]: 1975 թվականին վիպակը երկու անգամ առանձին գրքով լույս է տեսել «Սովրեմեննիկ» հրատարակչությունում և այդ ժամանակվանից ի վեր տասնյակ անգամ վերահրատարակվել է։ Վիպակը թարգմանվել է մի շարք լեզուներով, այդ թվում՝ բուլղարերեն, գերմաներեն, հունգարերեն, լեհերեն, ֆիններեն, չեխերեն, իսպաներեն, նորվեգերեն, անգլերեն, չինարեն, ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով[3]։

1977 թվականին «Ապրիր և հիշիր» վիպակի համար գրող Վալենտին Ռասպուտինն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի գրականության բնագավառում։

Վիպակի հիման վրա բեմադրվել են ներկայացումներ և օպերա։ 2008 թվականին ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինը վիպակի հիման վրա նկարահանել է համանուն գեղարվեստական ֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուսկովներն ապրում են սիբիրյան Ատամանովկա խուլ գյուղում՝ Անգարայի ափին։ Անդրեյը կնության է վերցնում որբ Նաստյոնային, որի հետ մինչև պատերազմը հասցնում է ապրել չորս տարի։ Նրանք երեխաներ չունեն։

1941 թվականի ամռանն սկսվում է Հայրենական մեծ պատերազմը։ Անդրեյին և գյուղից մի քանի այլ տղաների տանում են ռազմաճակատ։ Նա ծառայում է մինչև 1944 թվականի ամառը, երբ ծանր վիրավորվում է և ուղարկվում Նովոսիբիրսկ։ Վստահ լինելով, որ ապաքինվելուց հետո, եթե ոչ կոմիսիոն, ապա մի քանի օրվա արձակուրդ կտան, Անդրեյը ցնցված է և հիասթափված, երբ աշնանը նրան կրկին ուղարկում են ճակատ։ Գոնե մեկ օր հարազատների մոտ լինելու համար նա հոսպիտալից մեկնում է Իրկուտսկ, սակայն մի քանի օրից հասկանում է, որ, միևնույն է, չի հասցնի, և որ ինքն արդեն դասալքություն է արել։ Թաքնվելով բոլորից՝ նա աստիճանաբար հասնում է հարազատ վայրեր։ Միևնույն ժամանակ նրա անհետացումը պարզվում է, և արդեն Ատամանովկա են եկել մարդիկ զինկոմիսարիատից՝ իմանալու, թե արդյոք լուր չկա Անդրեյից։

1945 թվականի հունվարին Անդրեյը գաղտնի հասնում է Ատամանովկա, որտեղ բաղնիքում գողանում է կացին և դահուկներ։ Նաստյոնան աստիճանաբար կռահում է, թե ով կարող է լինել գողը, և շուտով գիշերը հանդիպում է Անդրեյին բաղնիքում։ Նա խնդրում է նրան ոչ ոքի չասել այն մասին, որ տեսել է իրեն։ Անդրեյը հասկանում է, որ իր կյանքը փակուղի է մտել, որից ելք չի տեսնում, և չի ցանկանում, որ երբևէ հայտնի դառնա իր դասալքության մասին։ Ժամանակ առ ժամանակ Նաստյոնան այցելում է իր ամուսնուն, որը թաքնվում է տայգայի մեջտեղում գտնվող հեռավոր ձմեռանոցում՝ նրա համար տանելով անհրաժեշտ իրեր։ Մարտին Նաստյոնան հասկանում է, որ հղի է։ Անդրեյն ուրախ է, որ նա երեխա կունենա, սակայն և՛ նա, և՛ Նաստյոնան հասկանում են, որ նա ստիպված կլինի երեխային ներկայացնել որպես ապօրինի ծնված։

Գարնանը Գուսկովի հայրը հայտնաբերում է հրացանի կորուստը, սակայն Նաստյոնան փորձում է համոզել նրան, որ հրացանը փոխանակել է ռազմավարային գերմանական ժամացույցի հետ (որն իրականում նրան տվել է Անդրեյը), որպեսզի այն վաճառի և փողը տա պետական փոխառությամբ։ Անդրեյը, տառապելով մենակությունից, մոտենում է գյուղին, որպեսզի վերջին անգամ տեսնի նրան, և բավական մոտիկից տեսնում է իր հորը, չնայած նա չի նկատում որդուն։ Ձյան հալվելուց հետո Անդրեյը տեղափոխվում է ավելի հեռավոր ձմեռանոց։

Պատերազմն ավարտվում է։ Նաստյոնան ժամանակ առ ժամանակ այն պատրվակով, որ իրեն պետք է նավակ տնտեսական կարիքների համար, անցնում է Անգարայի մյուս ափ՝ տեսնելու Անդրեյին, որը նախկինի պես վճռական է, որ ինքնասպան կլինի, բայց այլևս չի երևա մարդկանց աչքին։ Վերջապես սկեսուրը նկատում է, որ Նաստյոնան հղի է և նրան վռնդում է տնից։ Նաստյոնան գնում է ապրելու իր ընկերուհու՝ Նադյայի հետ, որը երեք երեխա ունի։ Սկեսրայրը ենթադրում է, որ երեխայի հայրը կարող է լինել Անդրեյը և Նաստյոնային խնդրում է խոստովանել, բայց նա դա չի անում, որպեսզի չխախտի Անդրեյին տված խոստումը։ Մինչդեռ բոլորից ճշարտությունը թաքցնելով ապրելու նրա պարտավորոթյունը դառնում է անտանելի։ Գյուղում սկսում են կասկածել, որ Անդրեյը կարող է թաքնվել մոտակայքում, և սկսում են հետևել Նաստյոնային։ Գիշերը, ցանկանալով զգուշացնել Անդրեյին, Նաստյոնան տեսնում է, որ իր հետևից լողում են համագյուղացիները և նետվում է Անգարա գետն ու խեղդվում։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նաստյոնա – շուրջ 30 տարեկան, որբ Իրկուտսկի մոտից, «քար համբերությամբ»
  • Անդրեյ Գուսկով – Նաստյոնայի ամուսինը, շուրջ 30 տարեկան, Ատամանովկայի բնակիչ, իր ծնողների միակ որդին, դասալիք
  • Միխեիչ (Ֆեոդոր Միխայլովիչ) – Ադրեյի հայրը, ձիապան, «բարի հոգի», «...ոչ ծածկամիտ, ոչ խորամանկ մարդ»
  • Սեմյոնովնա – Անդրեյի մայրը, տանտիրուհի, «ոչ քաղցր» բնավորությամբ
  • Նադկա – Նաստյոնայի ընկերուհին և հարևանուհին, երեք երեխաների մայր, ռազմաճակատում զոհվածի այրի, «պարզ», «կռվարար»
  • Նեստոր – կոլտնտեսության նախագահ, հաշմանդամ
  • Կարկա – «բարի ձի»,... որը քշում էր ինքը Նեստորը»
  • Ինոկենտի Իվանովիչ – գյուղի տարեց բնակիչ, կոլտնտեսության հաշվետար, խորամանկ, փորձում է ամեն ինչի մասին իմանալ «մյուսներից առաջ»
  • պապ Մատվեյ – Գուսկովների համագյուղացին, բակենապահ, Ինոկենտի Իվանովիչի եղբայրը
  • Մաքսիմ Վոլոգժին – Գուսկովների համագյուղացին, որը վերադարձել է ռազմաճակատից
  • Լիզա Վոլոգժինա – նրա կինը
  • Վասիլիսա Ռոգովա («Վասիլիսա Իմաստուն») – Գուսկովների համագյուղացին, «ինքնավստահ», «ամուր և հանգիստ քայլում է կյանքում», «...խոսքը, որ ոսկի է, իզուր չի գցի»
  • Լիազոր Կարդայից, որն Ատամանովկա է եկել պետական փոխատվություն ձևակերպելու համար

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Ռասպուտին (1937-2015)

Հրապարակումից անմիջապես հետո վիպակը բարձր է գնահատել Վիկտոր Աստաֆևը, որը Վալենտին Կուրբատովին ուղղված նամակում Ռասպուտինի նոր ստեղծագործության մասին ասել է․

Վալյա Ռասպուտինը գրել է ինչ-որ բան, որը բոլորովին չի տրվում իմ մտքին, ինչ-որ բան, որը զարմանալի է վարպետությամբ, մարդու հոգու մեջ ներթափանցմամբ, լեզվով և այն հսկայական խնդրով, որը նա բարդել է իր և «Ապրիր և հիշիր» վիպակի իր հերոսների վրա[4]։

Աստաֆևը նաև մտավախություն է հայտնել, որ պաշտոնական քննադատությունը հազիվ թե հիացմունքով ընդունի վիպակը։

Օ, նրանք կտան Վալյա Ռասպուտինին իր վիպակի համար։ Նրա ոչ թե պարզապես մատը, այլ ողջ ձեռքը մինչև արմունկն է պատվել թարախոտ վերքով, որը մի ժամանակ վերք էր, բայց վերևից մի փոքր սպիացել էր, իսկ կտրվածքի տակ թարախ է, բեկորներ, հոսպիտալային թելեր և քարացած արցունքներ...[4]

Իսկապես, վիպակի հրապարակումից հետո հաճախ նշվում էր, որ այն ունի նորարարական բնույթ նախ և առաջ թեմայի ընտրության տեսանկյունից. գլխավոր հերոսներից մեկը դասալիքն է։ 2000 թվականի մայիսի 4-ին Ռասպուտինին Սոլժենիցինի մրցանակ շնորհելիս Ալեքսանդր Սոլժենիցինն իր ելույթում նրա ստեղծագործության վերաբերյալ իր դիտարկումն սկսել է իր հենց «Ապրիր և հիշիր» վիպակից։

Վալենտին Ռասպուտինը գրականության մեջ հայտնվել է 60-ականների վերջին, բայց նկատելիորեն աչքի է ընկել 1974 թվականին թեմայի հանկարծակիությամբ՝ դասալքությամբ՝ մինչ այդ արգելված և լռեցված, և այն մեկնաբանելու հանկարծակիությամբ։ (...) խորհրդային գրականության մեջ աներևակայելի էր նույնիսկ կես բառ ասել դասալիքին հասկանալու, առավել ևս՝ նրա հանդեպ համակրանքի վերաբերյալ։ Ռասպուտինը խախտել է այս արգելքը[5]։

Սոլժենիցինը նաև նշել է, որ բացի հիմնական կերպարներից, վիպակում «փոքր միջոցներով ներկայացված է ևս մեկ տասնյակ կերպարներ, և ամբողջ լքված սիբիրյան գյուղը, որտեղ մի քանի այրիների կողմից պատերազմի ավարտը տոնելու տեսարանն ավելի է տխրեցնում, քան մյուս հեղինակների մարտային տեսարանները»։

Մագադանի մարզում աքսորի ժամանակ վիպակը կարդացել է Վասիլ Ստուսը, որը 1977 թվականի հոկտեմբերի 24-ին կնոջը և որդուն ուղղված նամակում նշել է. «Դա հրաշալի վեպ է։ Դա սփոփանք է իմ ճնշված սրտի համար»[6]։

Որոշ քննադատներ վիպակը գնահատում են որպես գրողի ստեղծագործություններից լավագույնը. այսպես, Սերգեյ Բելյակովը Ռասպուտինի «Իվանի դուստրը, Իվանի մայը» (ռուս.՝ «Дочь Ивана, мать Ивана») վերջին վեպի վերաբերյալ խոսելիս նշել է այն մասին, որ այդ վիպակը «գեղարվեստորեն զիջում է միայն «Ապրիր և հիշիր» վիպակին՝ չհասնելով նրա բարձունքին»[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 թվական – ԽՍՀՄ պետական մրցանակ գրականության բնագավառում
  • 2012 թվական – «Ясная Поляна» մրցանակ «Ժամանակակից դասականություն» անվանակարգում[8]

Էկրանավորումներ և բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր Կիրիլ Վոլկովն ստեղծել է համանուն օպերան[9], որը 1987 թվականին արժանացել է ՌԽՖՍՀ Մ. Ի. Գլինկայի անվան պետական մրցանակի (կոմպոզիտորի «Тихая моя родина», «Слово» երգչախմբի համար կանտատների հետ՝ առանց նվագակցության)։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակի հիման վրա ներկայացումներ բազմիցս բեմադրվել են խորհրդային և ռուսական թատրոններում, այդ թվում՝ Իրկուտսկի Ն. Օխլոպկովի անվան դրամատիկական թատրոնում, Սանկտ Պետերբուրգի փոքր դրամատիկական թատրոնում, Պրիմորսկի Գորկու անվան դրամատիկական թատրոնում, Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում, Երեխաների և երիտասարդների թատրոնում (Կեմերովո) և այլն։

1987 թվականին «Սֆերա» թատրոն-ստուդիայի բազայում նկարահանվել է ֆիլմ-ներկայացում Տատյանա Դորոնինայի և Ալեքսանդր Գոլոբորոդկոյի մասնակցությամբ (ներկայացումը կառուցված է որպես Նաստյոնայի և Անդրեյի երկխոսություն, այլ կերպարներ ներգրավված չեն)[10][11]։

Կինեմատոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին էկրան է բարձրացել վեպի ռուսական էկրանավորումը՝ ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինի համանուն գեղարվեստական ֆիլմը[12], որի գլխավոր դերերում նկարահանվել են Դարյա Մորոզը և Միխայիլ Եվլանովը։ Ֆիլմն արժանացել է մի շարք կինեմատոգրաֆիական մրցանակների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Валентин Распутин «Настёна». Отрывок, 1973 год (опубликовано в газете «Восточно-сибирская правда» от 23 ноября 1973 года).
  2. Валентин Распутин «У порога». Отрывок, 1974 год (опубликовано в газете «Советская молодёжь» от 7 июня 1974 года).
  3. Панкеев И. А. Валентин Распутин (по страницам произведений) Արխիվացված 2016-08-09 Wayback Machine. М; «Просвещение», 1990.
  4. 4,0 4,1 Виктор Астафьев. Без выходных: Из писем Валентину Курбатову
  5. :А. Солженицын. Слово при вручении премии Солженицына Валентину Распутину 4 мая 2000
  6. Васыль Стус. Письма из заключения. Материал переведен с украинского и подготовлен Александром Закуренко
  7. Журнальная полка Сергея Белякова. Живи в России
  8. «Распутин / Литературная премия «Ясная Поляна»». www.yppremia.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. «К. ВОЛКОВ (1943): Живи и помни: опера в 2 д. (по одноим. повести В. Распутина)». records.su. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. «Распутин В - Живи и помни (спект. т-ра студия Сфера реж Е.Еланская акт. Т.Доронина и А.Голобородько) | Старое Радио». www.staroeradio.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. «Живи и помни» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. Художественный фильм «Живи и помни» (Россия, 2008 год). Информация о фильме. Сайт «Энциклопедия отечественного кино» // 2011.russiancinema.ru (архивная копия страницы сайта от 15 августа 2016 года)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]