Աշուղական սիրավեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշուղ Ջիվանին երաժիշտների հետ

Աշուղական սիրավեպ, աշուղական արվեստի ժանր է, որը ձևավորվել ու գործառում է գտել ընդհանուր բանահյուսական մտածողության ոլորտում, և նրանում արտացոլվել է պատմողական ավանդույթի ձևերն ու միջոցները։ Այս ժանրը (ասքի, հեքիաթի, պոեմի, զրույցի, դաստանի), որը լայնորեն տարածված է Մերձավոր արևելքի ժողովուրդների մեջ, ունի կատարողական ամուր ավանդույթներ։ Արտացոլելով որոշակի սոցիալական խավերի մշակութային պատկերացումներն ու ճաշակը՝ այն առանձնանում է իրեն հատուկ երաժշտաբանաստեղծական ու գեղարվեստական կերպարային մտածողությամբ, արտահայտամիջոցների ու ստեղծագործական սկզբունքների հատուկ քնարությամբ։ Նրա տարածքային ընդգրկումը լայն է. Հարավային Կովկաս, Իրան, Թուրքիա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակավին 16-րդ դարում հայ հին գուսաններից մի քանիսը վերանվանվել են «աշըղ», սակայն հայկական պրոֆեսիոնալ աշուղությունը ծագումով կապված է Մերձավոր Արևելքի ուշ միջնադարյան (17-18-րդ դարեր) մշակութային ընդհանուր իրականությանը և կազմավորվել է Սպահանի (Նոր Ջուղայի), Կոստանդնապոլսի և Թիֆլիսի հայկական գաղութներում։ Հայ աշուղներն իրենց արվեստի մի քանի էական կողմերով ու արտաքին հատկանիշներով սկզբում ընդհանուր շատ գծեր ունեին Մերձավոր Արևելքի այլազգի (պարսիկ, թուրք) աշուղների հետ։ Նրանք, որպես կատարողներ, տվյալ շրջապատում տիրապետող լեզվի կամ հայկական որևէ բարբառի միջնորդությամբ մեր ժողովրդին ծանոթացրել են արևելյան մի շարք վեպերի, սիրավեպերի ու հեքիաթների («Ռոստամ Զալ», «Խոսրով թագավոր», «Ասլի Քյարամ», «Քյորօղլի», «Լեյլի Մեջնուն», «Սիաբենտո և Խաջե Զարե»)։ Աշուղները արծարծել են բազմազան թեմաներ՝ սեր, փիլիսոփայական մտորում, բարոյական խրատ, պատմական իրադարձություն, հայրենասիրություն, սոցիալական ու կենցաղային հարցեր։ Դրանք մարմնավորելիս նրանք օգտվել են Մերձավոր Արևելքի, ինչպես նաև ազգային գուսանական, քաղաքային, գեղջուկ–ժողովրդական, անգամ եկեղեցական երգարվեստի ակունքներից ու տաղերգուների արվեստից, նշանակալի ավանդ են մուծել աշուղական ստեղծագործության գանձարանը՝ տակավին 18-րդ դարում իրենց ծոցից ծնելով հանճարեղ Սայաթ–Նովային՝ Անդրկովկասի ամենամեծ աշուղին։ Աշուղները, սկսելով պարսկա–հայկական, թուրքա–հայկական և վիրա–հայկական դպրոցներից, ի վերջո հանգեցին հայկական–ազգային դպրոցի հիմնադրմանը՝ հանձին Ջիվանու, որն իր ստեղծագործության հիմքում դրեց հայոց գրական լեզուն և ազգային–ժողովրդական եղանակները։

Օրգանապես միաձուլելով հայկականն ու արևելյանը հայ աշուղները դարձան այնպիսի համաարևելյան ֆենոմենի կրողները, որպիսին է աշուղական սիրավեպը։ Եթե սկզբնական շրջանում նրանք հայերեն կատարումներով ժողովրդին ծանոթացնում էին արևելյան հայտնի սիրավեպերի, հեքիաթների մշակված և հայացված տարբերակներին, ապա հետագայում հայ աշուղներն ստեղծեցին զուտ հայեցի ասքեր ու պատումներ՝ «Աղվան և Օվսան», «Սմբատ և Սոֆյա», «Սոս և Վարդիթեր», «Վարդ և Մանուշակ» և այլն։

Աշուղական սիրավեպը հայ իրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշուղական սիրավեպը նույնքան խորը արմատներ ունեին հայերի կենցաղում և բանահյուսության մեջ, որքան աշուղական արվեստի այլ ձևերը։ Հայ աշուղական սիրավեպի ժանրի դրսևորումներ են աշուղ Ջիվանու, Ջամալիի, Սազայու և այլոց հեղինակային փոխադրությունները։ Շնորհիվ Ջիվանու, հինավուրց արևելյան սիրավեպի ժանրը հաստատեց իր կենսունակությունը և զարգացման անսպառ հնարավորությունները։ Նրա ստեղծագործությունները հայկական հնչերանգ ունեն, արտացոլում են հայ ժողովրդի կենցաղն ու կրոնական պատկերացումները, հավատալիքները, հերոսներին բնութագրելու ազգային մոտեցումը։

Հայ իրականության մեջ ձևավորվել է մի հասարակական պատկերացում, համաձայն որի աշուղական սիրավեպը առավելապես մուսուլմանական՝ պարսկաթուրքական նկարագիր ունեն և անհարիր են ազգային մշակույթին, ազգի իրնքնությունը հավաստող գեղագիտական ու կրոնաշակութային խորհրդանիշներին, որի արդյունքում էլ անարդարացիորեն օտարման են ենթարկվել։ Սակայն արևմուտքի էթնոերաժշտագիտության մեջ այսօր երբեմն առկայծում են խոստովանություններ հայ աշուղների և գործիքահարների խաղացած դերի մասին Իրանի և Թուրքիայի երաժշտական արվեստներում[2]։

Աշուղական սիրավեպերր, ժամանակային առումով հեռանալով այն միջավայրից, որի արգասիքն են եղել, մեր օրերում ձեռք են բերել նոր հնչողություն ու բովանդակություն՝ բավարարելով լսարանի պահանջները։

Այս ժանրը, որը ընդգրկում է աղոթք, բանաստեղծություն, երգ ու նվագ, ծիսական արարողություն, մնջախաղ, հանելուկ, մրցույթ, իրավամբ կարող է դիտվել որպես մշակութային երևույթ և իր ուրույն տեղն ունենալ ազգային մշակույթի բազմաժանր ոլորտում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երնջակյան, Լիլիթ (2009). Աշուղական սիրավեպը մերձավորարևելյան երաժշտական փոխառնչությունների համատեքստում. Երևան, «Գիտություն» հրատ. էջ 256.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Լիլիթ երնջակյան (15/09/2003)։ «Աշուղական սիրավեպն ինչպես կրոնամշակութային ֆենոմեն»։ ՀՀԳԱԱ, ԵՊՀ։
  3. Երնջակյան, Լիլիթ (2002). Աշուղական սիրավեպի ձևավորման պատմությունից. Երևան: ՀՀ ԳԱԱ հրատ. էջեր 59–68.