Սոս և Վարդիթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոս և Վարդիթեր
Սոս և Վարդիթեր
ՀեղինակՊերճ Պռոշյան
Տեսակվիպակ
Ժանրազգագրական գյուղավեպ
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1860

Սոս և Վարդիթեր, Պերճ Պռոշյանի անդրանիկ վեպը, հայ նոր գրականության երկրորդ վեպը Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից հետո:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակցի Սոսը և Վարդիթերը ջերմորեն սիրում են միմյանց: Աղջկա ծնողներն սկզբում դեմ են լինում այդ սիրուն, սակայն Վարդիթերի անդրանիկ եղբայր Արշավիրի և Սոսի մտերիմ ընկեր Գարեգինի ազդեցությամբ նրանք իրենց վերաբերմունքը փոխում են: Երբ արդեն թվում է, թե բոլոր խոչընդոտները հաղթահարված են և սիրահարները պիտի հասնեն իրենց նպատակին, Սոսի փեսան՝ Տիրանը տասնհինգ ռուբլու համար քանդում է համարյա գլուխ եկած գործը: Հույսը կորցրած սիրահարները մեեռնում են ողբերգական մահով:

Վեպում առանձին ուշադրության է արժանի չքավոր գյուղացի Վայկունը: Նա դատապարտում է քեդխուդաների շահասիրությունը, դժգոհում իր վրա դրած հարկերի ծանրութոյւնից, բողոքում է նրանց անազնիվ արարքի դեմ:

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոս և Վարդիթեր»-ը մի վեպ է, որ գրված է քսաներկու տարեկան երիտասարդի ձեռքով, այն էլ այնպիսի շրջանում, երբ ժողովրդական կյանքը իրական գույներով և գծերով վերարտադրելու փորձեր քիչ կային: Անխուսափելիորեն այդ վեպը պիտի ունենար թերություններ: Եվ իրոք, այնտեղ կան հեղինակի երևակայությամբ ստեղծված անբնական ու հնարովի դրություններ, տեսարաններ ու պատկերներ: Սակայն այդ բոլորը կորչում են վեպում պատկերված իրական կյանքի հարուստ և բազմաբովանդակ նկարագրությունների մեջ: Այդ վեպում արդեն երևում է Պռոշյանի դիտելու և վերարտադրելու կարողությունը:

«Կրիտիկա Սոս և Վարդիթերի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի լույս տեսնելուց մոտ երեք տարի անց «Կրիտիկա Սոս և Վարդիթերի» վերնագիրը կրող ընդարձակ գրախոսականով հանդես եկավ Միքայել Նալբանդյանը։ 1863 թվականին‚ Պետրոպավլովյան ամրոցում բանտարկված Միքայել Նալբանդյանը իր բարեկամների օգնությամբ ստանում է գիրքը և մոտ մի տարվա քրտնաջան աշխատանքից հետո ավարտում է իր ուսումնասիրությունը։ Հայ գրականագիտական մտքի այդ ուշագրավ դրսևորումը երկարատև որոնումներից հետո‚ որոնումներ‚ որոնց մասնակցում էր նաև ինքը՝ հեղինակը‚ վերջնականապես հրապարակ եկավ շուրջ յոթանասուն տարի հետո‚ 1935 թվականին[1]։

«Կրիտիկայի» սկզբում հեղինակը կարծիք է հայտնում այն մասին, որ ազգի պատմության և նրա մշակույթի միջև գոյություն ունի որոշ համապատասխանություն: Այնուհետև խոսում է «Սոս և Վարդիթերի» արժեքավորության մասին՝ ասելով, որ անաչառ քննությունը երբեք չի նսեմացնի նրա արժեքի և քանքարի փայլը, և եթե այս քննադատությունը հեղինակին օգուտ չտա, վնաս երբեք չի տա։ Ըստ Նալբանդյանի՝ հեղինակը, թողնելով բնությունը, օգնություն է խնդրում իր երևակայությունից և ստեղծում է անբնական բաներ։ Հաջորդ թերությունը գլխավոր կերպարներին չափից ավելի ուշադրության արժանացնելը և երկրորդականներին երկու խոսքով ներկայացնելն է, ինչի պատճառով գլխավոր հերոսները կեղծ վիճակի մեջ են հայտնվում, իսկ ընթերցողը իրեն հետաքրքրող շատ տեղեկություններ չի ստանում: Այս կամ այն երևույթը հեղինակն է ներկայացնում, մինչդեռ, Նալբանդյանի կարծիքով, ավելի տպավորիչ կլիներ, եթե դա ցույց տրվեր իր կերպարների ու նրանց խոսքի միջոցով:

Կասկած է հարուցում այն, որ Վարդիթերը, լինելով 11 տարեկան աղջնակ, կարող էր այդքան խորը զգացմունքներ տածել Սոսի հանդեպ: Հավատ չի ներշնչում նաև այն, որ ներկայացված անատամ ծերունին՝ Հեթումը, և իր պառավ կինը կարող էին 11 տարեկան աղջիկ և նրանից էլ փոքր տղա ունենալ։

Բացթողում է նաև այն, որ չի նշվում Արշավիրի՝ Սոսին քրոջը կնության տալու որոշումը փոխելու պատճառը: Իսկ Սոսի քույրը չէր կարող գոնե ծածուկ չհայտնել եղբորը ամուսնու դավաճանության մասին։

Կան նաև փոքրիկ թերություններ, որոնք թեև չեն փոխում գործողությունների ընթացքը, լավ կլիներ, որ չլինեին: Օրինակ՝ Սոսի եղբայրը մե՛կ Գեղամ է հիշատակվում, մե՛կ՝ Արշամ, մի հատվածում ասում է, որ նրանք 3 եղբայրն են, մի այլ տեղ էլ՝ 4:

Նալբանդյանը որպես կեղծ հատկություններ է նշում Սոսի՝ քարափի գլխին աղոթելը (քարափն անմատչելի է), ծնրադրությունից քարերի վրա փոս ընկնելը և այլն: Հեղինակի կողմից քննադատության է արժանանում նաև այն, որ կախարդությանը վերաբերող դրվագն իր անունից այնպես է նկարագրում, որ կարծես ամբողջ վիպասանության խորհուրդը կախարդության էությունը և ներգործությունը ապացուցելն է:

Թերի են նաև Վարդիթերի և Սոսի մահվանն առնչվող դրվագները։ Վարդիթերը չէր կարող 11 տարեկանում կաթվածահար լինել և աչքը տեսնելու, հիշողությունը չկորցնելու, ականջը լսելու դեպքում մահանալ, իսկ եթե ներքին օրգաններն էին վնասվել, ապա պիտի մահանար անմիջապես կաթվածից հետո, և ոչ թե մի քանի շաբաթ անց։ Սոսը չէր կարող 2 շաբաթ բոբիկ ոտքերով քայլել ձմռան ցրտին, սառը ջրում լողանալ ու չհիվանդանալ, բայց Վարդիթերի մահը լսելով՝ մահանալ։

Նալբանդյանը դժգոհում է նաև, որ Պռոշյանը փոխաբերաբար առնված ոճերն ու ձևերը չի բացատրում՝ թողնելով «հետախույզ բանագիտաց». «Մարդը մեղավո՞ր եղավ, որ հետախույզ բանասեր դարձավ, որ նստի ծանր ու բարակ ոճերի բառարան շինե»:

Այնուամենայնիվ Նալբանդյանը չի շրջանցում նաև վեպի արժանիքները: Գովեստով է խոսում պատկերավոր նկարագրությունների մասին: Անկեղծանում է, որ մի դրվագում կենդանի ձայնով լսել է հայ կնոջ խոսքերը: Հեղինակը ողջունում է, որ Պռոշյանը հասարակության բարոյական խոցերն է ցույց տալիս:

«Կրիտիկան» ավարտվում է Պռոշյանի վեպի հատվածների մեջբերմամբ[2]:

Միքայել Նալբանդյանը «Սոս և Վարդիթեր»-ի առաջին գնահատողն է հանդիսացել: Նա ցույց է տվել, որ Պռոշյանը գրական ասպարեզ է մտել կյանքի ռեալ ճանաչողության մեծ պաշարով: Նալբանդյանը ռեալիզմի մեջ է տեսել Պռոշյանի վեպի արժեքն ու ուժը:

«Սոս և Վարդիթեր»-ի մեջ Նալբանդյանը տեսել է սոցիալական վեպի այն սաղմերը, որոնցից պիտի զարգանային «Հացի խնդիր»-ը, «Ցեցեր»-ը, «Բղդե»-ն, «Հունոն»՝ Պռոշյանի ամենաարժեքավոր գործերը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://kalantarian.org/shtikyan/work/Hod%201957-47%20(tp.).pdf
  2. Թամարա Գասպարյան։ «Միքայել Նալբանդյան»։ Տարընթերցում 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]