Jump to content

Աշոտ Ասատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Ասատուրյան
Ծնվել էփետրվարի 20, 1937(1937-02-20)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 23, 1999(1999-05-23) (62 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտությունռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Աշոտ Ասատուրյան (փետրվարի 20, 1937(1937-02-20), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 23, 1999(1999-05-23), Երևան, Հայաստան), խորեոգրաֆ, ռեժիսոր, լիբրետիստ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային բալետային թատրոնի նորարարներից մեկն է։ 1967 թվականին ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգ) Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի բալետմայստերական բաժինը։ Աշոտ Ասատուրյանի բեմադրական դեբյուտը Արիֆ Մելիքովի «Լեգենդ սիրո մասին» լիամետրաժ բալետի բեմադրությունն էր՝ դիպլոմային աշխատանքը, որը 1968 թվականին ներկայացվեց Սարատովի Ն. Գ. Չերնիշևսկու անվան օպերայի և բալետի թատրոնում։ Հենց նույն թվականին Աշոտ Ասատուրյանը նշանակվում է հիշյալ թատրոնի գլխավոր բալետմայստեր։ Այնուհետև իրար են հաջորդում Պ. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» (1968), Է. Լազարևի «Անտոնիոս և Կլեոպատրան» (1971), Արամ Խաչատրյանի «Գայանեն» (1972) և այլն։

1972 թվականին Աշոտ Ասատուրյանը հրավիրվում է Երևան՝ որպես Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բալետմայստեր։

1991-1997 թվականներին Աշոտ Ասատուրյանն աշխատում է Խարկովում որպես Ն. Լիսենկոյի անվան ուկրաինական օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական գործունեության 31 տարիների ընթացքում Լենինգրադում, Սարատովում, Սվերդլովսկում (Եկատերինբուրգ), Երևանում, Թբիլիսիում, Չելյաբինսկում, Խարկովում և Բաքվում Աշոտ Ասատուրյանը բեմադրել է 23 բալետ։

Երևանում նա բեմադրել է Ս. Բալասանյանի «Լեյլի և Մեջնունը» (1973), Կոնստանտին Օրբելյանի «Անմահությունը» (1975), Մ. Ռավելի «Դափնիս և Քլոեն» (1980), Գ. Եղիազարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամը» (1982), Պ. Չայկովսկու «Թեմա վարիացիաներով» (1983), «Հերոսական բալլադը»՝ Ա. Բաբաջանյանի համանուն ստեղծագործության երաժշտության հիման վրա (1985, նվիրված էր Մեծ հաղթանակի 40-ամյա հոբելյանին), Ի. Ստրավինսկու «Օրփեոսը» (1989) և այլն։

Խարկովում նա բեմադրել է Ի. Ստրավինսկու «Օրփեոսը» և «Հրեղեն հավքը», Պ. Չայկովսկու «Թեմա վարիացիաներով» (1991) և «Մարդուկ-Ջարդուկը» (1992), Ա. Կաներշտեյնի «Եվպրակսիան» (Ա. Ասատուրյանն ուկրաինական արվեստի պատմության մեջ է մտել 1994 թվականին հիշյալ բալետի անդրանիկ բեմադրությամբ), «Սիմֆոնիկ պարերը»՝ Ս. Ռախմանինովի համանուն ստեղծագործության երաժշտությամբ (1997) և այլն։

  • Աննա Ասատրյան, Նազենիկ Սարգսյան, «Աշոտ Ասատուրյանը XX դարի վերջին երեսնամյակի խորեոգրաֆ», Երևան, «Ամրոց գրուպ», 2011, 208 էջ։», պատմաբանասիրական հանդես №1, 2012, էջ 256-258, ISSN 0135-0536