Աշխույժ (գուսան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Գրիգորյան
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսԱշխույժ[1]
Ծնվել է1884[1]
Արագած, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել է1961[1]
Մասնագիտությունգուսան և երգերի հեղինակ
Գործիքներջութակ[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Աշխույժ, (Խաչատուր Սուքիասի Գրիգորյան, 1884[1], Արագած, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1961[1]), հայ գուսան, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արագած գյուղում։ Հայրը նույնպես երգասաց էր։ Չորս տարեկանում Խաչատուրը տառապում է «ծաղիկ» հիվանդությամբ և կորցնում տեսողությունը։ Նա մխիթաություն է գտնում երգի ու երաժշտության մեջ։ Կարճ ժամանակից դառնում է հմուտ գուսան ու հեքիաթասաց և վերցնելով ջութակը շրջագայում է հայկական քաղաքներն ու գյուղերը։

1907 թվականին հանդես գալով Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) սրճարաններից, Աշխույժը իր երգերից մեկում որոշակիորեն արտահայտելով հակացարական տրամադրություններ՝ ձերբակալվում է։ Ազատվելով կալանքից, երիտասարդ գուսանը շարունակում է շրջագայությունը։ 1908 թվականին, Էջմիածնում եղած ժամանակ, նա առիթ է ունենում մոտիկից շփվելու Գևորգյան ճեմարանի ուսուցիչների հետ, որոնցից մեկը՝ Գարեգին Լևոնյանը (Ջիվանու որդին), նկատի ունենալով երիտասարդ գուսանի կենսուրախ և առույգ բնավորությունը, նրան տալիս է Աշխույժ անունը։ Նաիրի Զարյանը նրա մասին ասել է, որ «զրկված լինելով արեգակի լույսից՝ նա հոգու աչքերով տեսնում է աշխարհն իր կախարդական բոլոր գույներով և ներդաշնակություններով»:

Աշխույժը հորինել է բազմաթիվ երգեր, հեքիաթ-սիրավեպեր ու պոեմներ[2]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխույժի ստեղծագործության հիմնական գծերն են բռնության, կամայականության, սոցիալական անարդարության խարազանումը («Բռնության աշխարհ», «Եթե լավ է», «Անարդար օրենք»)։ Աշխույժը հանդես է եկել նաև կոլտնտեսական երգերով, որոնցում գովերգել է գեղջուկի աշխատանքը։

Աշխույժի ստեղծագործությունների մեջ ուրույն տեղ ունեն սիրային տաղերն ու երգերը, որոնց մեջ արտահայտել է իր խոհերն ու խորհդածությունները մաքուր, իդեալական սիրո և ամուսնության մասին։

Առանձին հմայք ունեն Աշխույժի երգիծական երգերը, որոնց մեջ դրսևորված է գուսանական արվեստին հատուկ բարոյախոսությունը։ Այդ երգերում գուսանը կարողացել է առանձնակի հմտությամբ օգտագործել գեղջկական հումորը[3]։

Աշխույժի ստեղծագործությունների մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշուղ Աշխույժի քնարը, Բաքու, Ն. Երևանցյանի տպարան, 1908, 89 էջ։
  • Ժողովրդի ընտրյալները, Երևան, Պետհրատ, 1938, 15 էջ։
  • Աշուղական, Երևան, Հայպետհրատ, 1947, 94 էջ։
  • Քնար, Երևան, Հայպետհրատ, 1955, 188 էջ։
  • Աղբյուր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 287 էջ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գուսան Աշխույժ (1955). Քնար. Երևան: Հայպետհրատ. էջ էջ 3-6.
  3. Գուսան Աշխույժ (1955). Քնար. Երևան: Հայպետհրատ. էջ էջ 4-9.
  4. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 36-37.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 485