Անտոնի-Բաբինսկու համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնի-Բաբինսկու համախտանիշ
Տեսակհամախտանիշ
Անվանվել էGabriel Anton? և Joseph Babinski?
Ծոծրակային բիլթ

Անտոնի-Բաբինսկու համախտանիշ, կամ տեսողական անոզոգնոզիա, ուղեղի վնասվածքի դեպքում հազվադեպ հանդիպող ախտանիշ ծոծրակային բլթում։ Այս համախտանիշով տառապող հիվանդներն ամբողջովին կույր են, սակայն ժխտում են իրենց կույր լինեու փաստը, պնդում, որ կարող են տեսնել[1]։

Անտոնի-Բաբինսկու համախտանիշի պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Ի՞նչ է գիտակցությունը(անգլ.)

Անտոնի-Բաբինսկու համախտանիշը որպես կանոն առաջանում է կաթվածի հետևանքով, բայց կարող է լինել նաև գլխի վնասվածքի պատճառով։ Անոզոգնոզիայով տառապող մարդկանց մոտ խախտված է կապը նրա միջև, թե ինչ են իրականում զգում և ինչպես է իրենց գիտակցությունն այն մեկնաբանում։ Նրանք չեն ստում, այլ ուղղակի չգիտեն, որ կույր են։

Հստակ բացատրություն չկա հիվանդների՝ կուրությունը ժխտելուն, սակայն կա վարկած, որ նրանք ստում են, քանի որ ուղեղի այն մասը, որը պատասխանատու է մուտքային տեսողական ազդանիշների մշակման համար, ուղեղի այլ մասերին ոչ մի տեղեկություն չի հաղորդում, անգամ այն, որ ոչ մի մուտքային տեսողական ազդանշան չկա։ Սա նշանակում է, որ ուղեղի այն մասերը, որոնք պատասխանատու են խոսքի ստեղծման և հարցերին պատասխանելու համար, անում էին այն, ինչը կոչվում է կոնֆաբուլացիա՝ հիշողությունների հորինում։ Կոնֆաբուլացիան տարբերվում է սուտ խոսելուց, քանի որ անձը թաքցնելու նպատակ չունի և պարզապես չգիտի, որ տեղեկությունը ճշգրիտ չէ։

Կա նաև վարկած, որ համախտանիշն ունեցող հիվանդներն ունենում են տեսողական զգայախաբություն (հալյուցինացիա)[2]։

Եթե հիվանդին ցույց տանք ինչ-որ իր, ապա հարցնենք, թե ինչ իր է, նա կփորձի գուշակել և սխալվելու դեպքում կփորձի արդարանալ՝ բերելով տարբեր պատճառաբանություններ։ Օրինակ՝ «ուշադիր չէի», «ակնոցս մոտս չէ» և այլն։ Սակայն ավելի բարդ իրավիճակ է ստեղծվում, երբ հիվանդը բախվում է տարբեր իրերի հետ, դժվարանում է կողմնորոշվել տարածության մեջ, վայր է ընկնում և այլն[3]։

Անտոնի-Բաբինսկու համախտանիշի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Գաբրիել
Ժոզեֆ Բաբինսկի

Համախտանիշը իր անվանումը ստացել է շնորհիվ ավստրիացի նյարդաբան և հոգեբույժ Գաբրիել Անտոնի և ֆրանսիացի նյարդաբան Ժոզեֆ Բաբինսկու (ֆր.՝ Joseph Jules François Félix Babinski, լեհ.՝ Józef Julian Franciszek Feliks Babiński)։ 1890-ականներին Անտոնը նկարագրեց երեք հիվանդների, որոնցից մեկը ժխտում էր կուրությունը, մյուսը՝ խուլությունը, երրորդը՝ ձախ կողմի անզգայությունը, որը հոգեբանության մեջ անոզոգնոզիայի տարածված երևույթներից է։ Հիվանդը կորցնում է ձախ ձեռքը շարժելու ունակությունը, սակայն ժխտում է այդ փաստը։ Երբ նրանց խնդրում են բարձրացնել ձախ ձեռքը, նրանք չեն մերժում, սակայն շարժում տեղի չի ունենում, և այն հարցին, թե ինչու չեն բարձրացրել ձեռքը, նրանք հստակ չեն պատասխանում՝ փորձելով արդարանալ[4]։

1914 թվին Բաբինսկին առաջարկեց «անոզոգնոզիա» տերմինը, որը ծագել է հունարենից և նշանակում է «հիվանդության իմացության պակաս»։ Հաջորդ 50 տարվա ընթացքում համախտանիշի այլ դեպքեր գրանցվեցին տարբեր նյարդաբանների և հոգեբույժների կողմից։ Ըստ ԱՄՆ-ի աոողջապահության նախարարության տվյալների՝ Ամերիկայում Անտոնի-Բաբինսկու համախտանիշով տառապում են ավելի քիչ քան 200000 մարդիկ։

Անտոնի-Բաբինսկու համախտանիշը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնի-Բաբինսկու համախտանիշը նկարագրված է ամերիկյան հայտնի «Հաուս» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի երկու մասից բաղկացած 20-21-րդ սերիաներում։

Ամերիկացի գրող Ռուպերտ Թոմսոնի «Կաթված(անգլ.՝ "The Insult")» ստեղծագործության մեջ գլխավոր հերոսը տառապում է Անտոնի-Բաբինսկու համախտանիշով։

Համախտանիշը ներկայացված է գիտական ֆանտաստիկայի ներկայացուցիչ Պիտեր Ուոթսի «Կեղծ կուրություն (անգլ.՝ "Blindsight") ստեղծագործության մեջ։

Մալայզիական «Ամայացում(անգլ.՝ "Desolation")» ֆիլմի գլխավոր թեման Անտոնի-Բաբինսկու համախտանիշն է։

Նշանավոր դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի(դան․՝ Lars von Trier) կողմից նկարահանված «Դոգվիլ»(անգլ.՝ Dogville) ֆիլմում հերոսներից մեկը՝ Ջեք Մակքեյը, ժխտում է իր կույր լինելու փաստը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]