Անետ Օ'Թուլ (անգլ.՝ Annette O'Toole. ապրիլի 1, 1952(1952-04-01)[1], Հյուստոն), ամերիկացի դերասանուհի, պարուհի և երգահան։ Առաջադրվել է Օսկարի, Էմմիի և Ոսկե գլոբուսի[3]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին Սմոլվիլ հեռուստասերիալում Մարթա Քենթի դերի տպավորիչ կատարման շնորհիվ։
Անետ Օ'Թուլը ծնվել է Տեխաս նահանգիՀյուսթոն քաղաքում Դորոթի Ջերալդինի և Ուիլյամ Ուեսթ Թուլ Կրտսերի ընտանիքում։ Մայրը Անեթին երեք տարեկանից սովորեցրել է պարել[4]։ Երբ աղջիկը 13 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Լոս Անջելես։ Այդ ժամանակից էլ Անետն սկսեց դերասանություն անել։
Նրա առաջին հեռուստատեսային ելույթը եղել է 1967 թվականին «Դենի Քեյ» շոուում[4]։ Դրան հաջորդել են դրվագային դերեր այնպիսի շոուներում, ինչպիսիք են «Ֆիշերի ընտանիքը», «Իմ երեք որդիները», «Վիրջինիացիները», «Ծուխ՝ հրացանափողից» և «Փարթրիջների ընտանիքը»։ Դերասանուհին համաշխարհային համբավ ձեռք բերեց՝ խաղալով Քլարկ Քենթի մոր՝ Մարթայի դերը Սմոլվիլ հեռուստասերիալում։ Մինչ այդ Անետ Օ'Թուլը գլխավոր դեր խաղացել էր Superman III- ում (1983 թ.)՝ մարմնավորելով Քլարկ Քենթի սիրած էակի՝ Լանա Լանգի կերպարը։
Օ'Թուլը 1999 թվականից ամուսնացած է դերասան Մայքլ Մաքքիի հետ։ 2003 թվականին զույգը առաջադրվել է Օսկար մրցանակի «Լավագույն երգ» անվանակարգում՝ «Հզոր քամի» ֆիլմի համար գրված «Համբույր ծիածանի վերջում» զուգերգի համար։ Օ'Թուլը և ՄաքՔինը միասին հայտնվել են Օրենք ու կարգ սերիալի դրվագներում՝ որպես մեծահարուստ զույգ, որը մեղադրվում էր սպանության մեջ։ Զույգը մասնակցել է նաև «Տղան ճանաչում է աշխարհը» շոուին՝ որպես Թոփանգա Լոուրենսի ծնողներ։ Անետը երկու դուստր ունի Բիլ Գեյստլինգերի հետ իր առաջին ամուսնությունից՝ Նելլ և Աննա Գեյսթլինգերներ։