Անդրադարձ դերանուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անդրադարձ դերանուն[1], դերանուն, որով սուբյեկտը՝ գործողություն կատարողը, գործողությունը վերագրում, հատկացնում է իրեն: Այսպիսին են, օրինակ, հայերենի «իւր» (յուր), ռուսերենի «себя», գերմաներենի «sich» դերանունները: Ինչպես հայերենում, այնպես էլ աշխարհի շատ լեզուներով դերանվանական նման գաղափար արտահայտվում է տարբեր եղանակներով (հայերենում՝ ես ինքս, դու ինքդ, ես ու ես, ինքզինքս և այլն)[2]:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդեվրոպական լեզուներում՝ անդրադարձ դերանունը ծագել է հնդեվրոպական նախալեզվից: Որոշ լեզուներում օբյեկտի և անդրադարձ դերանվան միջև տարբերությունն առկա է միայն երրորդ դեմքում: Հնդեվրոպական լեզուն ունեցել է միայն մեկ անդրադարձ դերանուն, որը գործածվում էր բոլոր թվերի և դեմքերի համար: Բունն էր sew, sw, s-, որ ձևով ճիշտ համապատասխան է եզակի երկրորդ դեմքի դերանվանը:

Այլ լեզուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր լեզուներում չէ, որ կան անձնական դերանուններ: Այսպես, օրինակ, աֆրիկյան բանտու ընտանիքի կագուրու լեզվով անդրադարձ դերանվան համար դնում են munda «փոր» կամ mtima և moyo «սիրտ» բառերը, օրինակ՝ namanya munda yangu` «ես ինքս ինձ ճանաչում եմ»: Նույն ընտանիքի կամբա լեզվում գործածվում է n'go «սիրտ» բառը:

Մելանեզյան մոտա լեզվում բայի անդրադարձ ձևը կազմելու համար մասնիկի ձևով գործածվում է kel «ետևս, հետս» բառը: Բանտու ընտանիքի տաիտա լեզվում՝ čongo «գլուխ» կամ ngolo «սիրտ» բառով:

Աֆրիկյան վակուֆի լեզվով անդրադարձը կազմվում է «սիրտ կամ մարմին» բառով: Բերբերական կաբիլ լեզվով անդրադարձ կազմելու համար բայի հետ դնում են iman «հոգի, անձ»: Մարոկկոյի բերբերների լեզվով անդրադարձ դերանունը կազմվում է «գլուխ» բառով: Թուրքմեներեն լեզվով, ինչպես և ադրբեջաներենում անդրադարձ դերանունը կազմվում է öz «հյութ, հույզ» բառով, որն իր ստացական հոդով լինում է՝ özim «ես ինքս», özin «դու ինքդ» և այլն:

Եբրայերենը օգտագործում է «սիրտ, ներս, հոգի, դեմք, բառերը»: Ասորերենում, որտեղ նույնպես բացակայում են անդրադարձ դերանունները անհարժեշտության դեպքում գործածվում են ramānu «անձ» և napištu «հոգի» բառերը: Արաբերենում կազմվում է nafs «անձ» բառով: Վոտյակերենն ունի անդրադարձ դերանունների մեծ պաշար, որոնք ենթադրաբար «հոգի» բառի ածանցյալ ձևերն են:

Աննամերենում գործածում են miny «մարմին» բառը: Յակուտերենում կազմվում է beye «ինքը» ձևով: Օրինակ՝ beyem «ինքս», beyete «ինքը» և այլն:

Չինարենում գործածվում է «սիրտ» և «մարմին» բառերը, բասկերեն լեզվում՝ buru «գլուխ» բառով: Վրացերենում անդրադարձ դերնվան համար նույնպես օգտագործվում է թավի՝ «գլուխ» բառը՝ առանձին կամ ստացական ածականով միացած: Վրացերենի ցեղակից լազերենում անդրադարձ դերանունը կազմում են թի «գլուխ» բառով:

Եթովպական ահմարերեն լեզուն առանձին անդրադարձ դերանուններ չունի, այն արտահայտելու համար դնում են «գլուխ, ձեռք, բերան» բառերը՝ ստացական ածականի հետ: Հնդկական տիրահի լեզվով անդրադարձ ստացական դերանուն է tānu «սեփակկան» բառը: Այլ լեզուներում անդրադարձ դերանվան համար կա առանձին բառ, օրինակ՝ թուրքերենում kendi «ինքը» բառը:

Կազմության այլ ձևը անձնական դերանվան կրկնությունն է, որը հատուկ է նաև հայերենին[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գործածության մեջ է դրել Խաչատուր Աբովյանը:
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 12։
  3. «Հ. Աճառյան. Լիակատար Քերականություն Հայոց լեզվի, Հ. II»։ serials.flib.sci.am։ Վերցված է 2016-10-14