Այծքաղների կիրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այծքաղների կիրճ
Տեսակslot canyon? և տեսարժան վայր
Երկիր ԱՄՆ
ՎարչատարածքԱրիզոնա
Կազմված էUpper Antelope Canyon? և Lower Antelope Canyon?
Քարտեզ
Քարտեզ

Այծքաղների կիրճ անգլ.՝ Antelope Canyon, ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում՝ Արիզոնա նահանգի հյուսիսային մասում, Փեյջ քաղաքի մոտ, Յուտայի սահմանից ոչ շատ հեռու, Կոլորադոյի մեծ կիրճից 240 կմ հեռավորության վրա գտնվող կիրճ։ Կիրճն իր անվանումն ստացել է շիկակարմիր պատերի պատճառով, որոնք այծքաղի մորթի են հիշեցնում։ Այծքաղների կիրճն ազգային պարկ չի հանդիսանում, այդ իսկ պատճառով էլ այնքան հայտնի չէ, որքան Մեծ կամ Բրայս կիրճերը։ Այն գտնվում է նավաջո ցեղի տարածքում և պատկանում է այդ ցեղի հնդկացիներին։ Այնտեղ գնալու համար պետք է վճարել հնդկացիների տարածք մուտք գործելու համար և ուղեկցող վարձել։ Այծքաղների կիրճը բաղկացած է 2 մասից՝ վերին և ստորին (անգլ.՝ Upper Antelope Canyon, անգլ.՝ Lower Antelope Canyon): Դրանք հայտնի են ամբողջ աշխարհի լուսանկարիչներին իրենց առեղծվածային ժայռերով, որոնք լուսավորվում են հրաշալի մոգական լույսով։ Երկու կիրճերն էլ իրենցից ներկայացնում են ավազային ժայռերի միջև բնականորեն առաջացած հսկայական ճեղքեր։ Մի քանի հարյուրամյակների ընթացքում ջուրը և քամին կարմիր ավազաժայռերում առաջացրել են մի քանի հարյուր մետրաչափ խորություններ։ Մի քանի տարին մեկ՝ տեղատարափ անձրևների ժամանակ, յուրաքանչյուր կիրճ, տարվա ընթացքում չորանալով, կրկին հեղեղվում է ջրով։ Հենց այդ անձրևաջրերն էլ, դանդաղ հոսելով և իրենց հետ տանելով ավազահատիկները, երկար տարիների ընթացքում ձևավորել են այդ հրաշագեղ ռելիեֆային գծերը՝ ժայռերի ներսի կողմից[1]։

Այծքաղների կիրճը գտնվում է 4 մղոն դեպի արևելք 98-րդ մայրուղով գնալիս, Փեյջ քաղաքի և մեծ ածխային էլեկտրակայանի միջև։ Էլեկտրակայանը չնկատելն անհնար է, քանի որ այն երևում է դեռ քաղաք չհասած՝ տասնյակ մղոններից։ Ճանապարհի մոտ կան ցուցանակներ՝ «Այծքաղների վերին կիրճ» և «Այծքաղների ստորին կիրճ»։ Բայց դրանք ամերիկյան ճանապարհային ստանդարտ ցուցանակներ չեն, այլ ցուցանակի գրվածքներն արված են ձեռքով։ Այդ իսկ պատճառով այն հնարավոր է բաց թողնել տեսադաշտից։ Պետք է հիշել, որ եթե Դուք դեպի արևելք գնալիս անցել եք էլեկտրակայանը, ապա պետք է վերադառնաք։ Ճանապարհի մոտ, որը 98-րդ մայրուղուց տանում է դեպի վերին կիրճ, կա մի ոչ մեծ խրճիթ և հայտարարության տախտակ։ Սա կարող է ծառայել որպես ևս մեկ լրացուցիչ կողմնորոշիչ։

Այցելության ամենալավ ժամանակը գարնանն ու աշնանն է՝ մարտից ապրիլ և հոկտեմբերից նոյեմբեր։ Այդ ժամանակ արևի ճառագայթներն ընկնում են մինչև ամենախորը հատվածները, և կիրճն այնպիսի տեսք է ստանում, կարծես, մութ դղյակի ներսում լույս է վառվում։ Ձմռանը կիրճերի լուսավորությունը բավականին աղոտ է, ներսում շատ մռայլ է՝ խորը ստվերներ և հարթ ռելիեֆ։ Ձմեռային լուսանկարման համար ցանկալի կլինի լրացուցիչ լուսավորում։

Կլիման մայրցամաքային է. ամռանը՝ շոգ, չորային, տեղումների քիչ քանակությամբ։ Միջին ջերմաստիճանը (+30)-(+35)С°, առավելագույնը՝ +47С°: Ձմեռը մեղմ է, ոչ ցուրտ։ Սովորաբար օդի ջերմաստիճանը 0С°-ից ցածր չէ, բայց երբեմն Կանադայից այստեղ են հասնում սառը օդային զանգվածներ, որի դեպքում ջերմաստիճանը նվազում է զրոյից, և ձյուն է տեղում։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայքայում Այծքաղների կիրճում, ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում

Այծքաղների կիրճը պատկանում է, այսպես կոչված, ճեղքավոր կիրճերի (անգլ.՝ slot canyons) շարքին։ Այն ձևավորվել է Նավահա[2] ավազային լեռան քայքայման հետևանքով։ Երկրաբանները քայքայման պատճառ, առաջին հերթին, համարում են հանկարծակի հեղեղումները, երկրորդ հերթին՝ անդրերկրային գործընթացները։ Անձրևաջրերը, հատկապես մուսսոն եղանակին, լցվում են մեծածավալ լողավազանի մեջ, որը տեղադրված է ավազային կիրճի բաժիններից վեր։ Ապա արագություն հավաքելով և խառնվելով ավազի հետ՝ ներթափանցում են կիրճի նեղ ճեղքվածքների մեջ։ Տևական ժամանակի ընթացքում ժայռի ճեղքվածքները փլուզվել են, դարձել ավելի խորունկ և ավելի ողորկ՝ ձեռք բերելով բնորոշ «սահուն» ձևեր։ Ներկայումս կիրճում ջրհեղեղները ավելի հաճախակի են դարձել։ Ներկա պահին վերջին ջրհեղեղը տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 30-ին և շարունակվել 36 ժամ՝ հարկադրելով այգու վարչակազմին Այծքաղների ներքին կիրճը փակել հինգ ամսով։

Լուսանկարահանում Այծքաղների կիրճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծքաղների կիրճը հանրահայտ վայր է լուսանկարողների և զբոսաշրջիկների համար, ինչպես նաև զբոսաշրջային բիզնեսի աղբյուր, նախ և առա,ջ նավախո հնդկացիների համար։ Հնդկացիների տարածքի վրայով մուտքը դեպի Այծքաղների կիրճ բացվել է միայն 1997 թվականից, երբ նավախո ցեղն իր տարածքը դարձրեց ցեղային այգի՝ սահմանափակ թույլատվությամբ։ Կիրճի տարածքում լուսանկարները բավականին դժվար են ստացվում՝ չափից շատ լուսավորվածությունից կիրճի պատերին առաջացած արտացոլանքների պատճառով[3]։

Զբոսաշրջիկների լուսանկարահանում Այծքաղների կիրճում

Հաճախ լուսանկարներում երևացող գույները ոչ միշտ են համընկնում այն բանի հետ, ինչը Այծքաղների կիրճում կարող է տեսնել մարդու կենդանի աչքը։ Այդ տարօրինակ վայրի լուսանկարները կարող են ավելի գեղեցիկ և զարմանահրաշ երևալ, քան իրականում։ Կապույտ գույնի բաց երանգները հայտնվում են միայն լուսանկարներում։ Ըստ երևույթին՝ մարդկային ուղեղը ֆիլտրում է երկնագույնը, երբ առավոտյան նայում ես կիրճին։ Անհրաժեշտ է պատրաստ լինել նրան, որ պետք է լուսանկարել մի քանի տասնյակ կամ ավելի վայրկյան ինտերվալում հստակ պատկեր ստանալու համար։ Բրեկետինգի օգնությամբ նկարելիս տեղի է ունենում լուսանկարահանում տարբեր ռեժիմներով, որն օգնում է թաքցնել լուսավորման հաշվիչի սխալները։ Լուսանկարչական սարքի ամրակալի անընդհատ օգտագործումը թույլ է տալիս ստանալ միևնույն դիրքի վերամշակված մի քանի լուսանկար, ինչի արդյունքում հնարավոր է համատեղել նկարները գծագրային խմբագրմամբ կամ վերամշակել համակարգչով և ստանալ զարմանալի արդյունքներ։ Այծքաղների կիրճում արված նկարները շատ գայթակղիչ են դիտողի համար[4]։ Լուսանկարելու ամենանպաստավոր ժամանակահատվածը կեսօրն է, երբ արևը գտնվում է զենիթում։ Ստորին կիրճի համար ավելի նախընտրելի է մինչ կեսօրը կամ դրանից հետո ընկած ժամանակահատվածը (10-11-ը կամ 13-14-ը), իսկ վերինի համար՝ կեսօրի ժամանակահատվածը՝ 11-13-ը։ Դա կապված է այն բանի հետ, որ վերին կիրճն ավելի խորն է, և լույսն ավելի դժվար է ներթափանցում։ Իսկ ստորին կիրճում կեսօրին ուղիղ ճառագայթներն ավելի շատ են ընկնում, և առեղծվածն անհետանում է։

Այծքաղների վերին կիրճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծքաղների վերին կիրճի ներսում(Upper Antelope Canyon)

Վերին կիրճի երկարությունը կազմում է մոտ 200 մետր[5], խորությունը՝ 37 մետր[6]։ Նավախո ցեղն այն համարում է «տեղ, որտեղ ջուրը հոսում է ժայռերի միջով»։ Զբոսաշրջիկներն այս կիրճ այցելում են երկու պատճառով։ Առաջինն այն է, որ այդ կիրճն իր երկայնքով գտնվում է երկրի մակերևույթին հավասար, և մագլցելու անհրաժեշտություն չկա։ Երկրորդ պատճառն արևի ուղիղ ճառագայթներն են, որոնց շնորհիվ կիրճն ավելի լավ է լուսավորվում և ավելի տեսանելի է մարդու աչքին, քան ներքին կիրճը։ Արևի ճառագայթներն ավելի շատ ամռանն են լինում, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ արևը երկնքում հնարավորինս բարձր լինի։

Այծքաղների վերին կիրճը շատ գեղեցիկ է։ Ձմռանը գույները մի քիչ մռայլ են։ Ամռան ամիսներին լուսանկարահանման համար հասանելի է լուսավորման երկու ձև։ Մուգ կարմիր, կապույտ և մանուշակագույն երանգներ կարելի է ստանալ առավոտյան այցելության ժամանակ։ Լույսի ճառագայթները կիրճ են թափանցում մարտի 15-ից և անհետանում են հոկտեմբերի 7-ի կողմերը։ Ավելի երկար լուսավորվածության ընթացքը տևում է մայիսից սեպտեմբեր։

Այծքաղների ստորին կիրճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծքաղների ստորին կիրճից դուրս բերող աստիճանները(Lower Antelope Canyon)

Այծքաղների ստորին կիրճը նավախո ցեղն անվանում է «ժայռի զսպանակաձև կամարներ»։ Այն գտնվում է վերին կիրճից մի քանի կիլոմետր հեռու։ Նրա երկարությունը 407 մետր է[5]։ Մինչ մետաղական աստիճանների տեղադրելը՝ կիրճ այցելողներն ստիպված էին բարձրանալ և իջնել պարանի միջոցով, ավելին՝ որոշակի հատվածներում պարանային աստիճանը բավականին վտանգավոր էր։ Մետաղական աստիճանների տեղադրումից հետո էլ էքսկուրսիաները Այծքաղների ստորին կիրճում մնացել են զգալիորեն դժվար, քան Այծքաղների վերին կիրճում։ Երթուղին բավականին երկար է, կան հատվածներ, որ շատ նեղ են, իսկ որոշակի մասերում անգամ հնարավոր չէ կանգնել ոտքի վրա։ Երթուղու վերջում անհրաժեշտ է բարձրանալ մի քանի երկար աստիճանաշարքեր։ Չնայած այդ սահմանափակումներին և Այծքաղների վերին կիրճի զարմանահրաշ ռելիեֆին՝ Այծքաղների ստորին կիրճն ավելի է հրապուրում լուսակարիչներին, ովքեր ցանկանում են անմահացնել այն։ Այստեղի լուսավորվածությունն ավելի լավ է վաղ առավոտյան կամ ցերեկվա ուշ ժամերին։

Ջրհեղեղների վտանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծքաղների կիրճ այցելությունները հնարավոր են բացառապես տուրեր ուղեկցողների հետ, քանի որ անձրևային եղանակներին կիրճը կարող է արագ հեղեղվել։ Այցելության ժամանակ մոտակա ժամանակահատվածում անձրևի հավանականություն չպետք է լինի։ Ջուրը հոսանքով դեպի վեր մի քանի մղոն հեռավորությունից անգամ կարող է արագ և գրեթե աննկատ հասնել կիրճին։ Ամպրոպի ժամանակ կամ անգամ նրա քիչ հավանականության դեպքում կիրճ իջնելը խստիվ արգելվում է, քանի որ հանկարծակի հեղեղման վտանգը շատ մեծ է։ 1997 թվականի օգոստոսի 12-ին ստորին կիրճի հեղեղումը քշել է 12 զբոսաշրջիկի, որից 11-ը մահացել են[7][8]։

Այծքաղների կիրճը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան երգչուհի Բրիթնի Սփիրսն այստեղ է թողարկել իր՝ 2001թվականի հայտնի «I’m Not a Girl, Not Yet a Woman» երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակի գործողությունները տեղի են ունենում Այծքաղների վերին կիրճում։
  • Որոշ ֆիլմերի դրվագներում ևս ցուցադրվում է Այծքաղների կիրճը, հատկապես վերին կիրճը։ Այդպիսի ֆիլմերի շարքին է պատկանում 1996 թվականի «Կոտրված նետը» ֆիլմը՝ Քրիստիան Սլեյնտերի և Ջոն Տրավոլտայի դերակատարմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Каньон Антилопы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2003-ին.
  2. Келси, Майкл (2006). Путешествующий по Колорадскому плато (5-е издание). Юта, США: Публикация Келси. ISBN 0-944510-22-1. (անգլ.)
  3. Мартрес, Лорент (2006). Фотографии Юго-Запада - межевые веха Аризоны (2-е Издание). Альта Лома, США: Фото путешествие США. ISBN 0-916189-13-9. (անգլ.)
  4. ollley (2 января 2003). Каньон Антилопы. США, Россия: Фото путешествие США.
  5. 5,0 5,1 Kelsey, Michael R. (2011). Non-Technical Canyon Hiking Guide to the Colorado Plateau (6th ed.). Provo, Utah: Kelsey Publishing. p. 324. ISBN 978-0-944510-27-8.
  6. "Antelope Canyon: Overview" Արխիվացված 2015-02-09 Wayback Machine. Navajo Tours
  7. «Опасность наводнений в Каньоне Антилопы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 20-ին. (անգլ.)
  8. «Каньон Антилопы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 20-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծքաղների կիրճ» հոդվածին։