Ամանորյա խոստումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չնախանձելու, չչարանալու և սիրախաղ չանելու ամանորյա խոստում է։ Ստորագրություն ծաղրանկարի համար. «Մինչև կհալվի»։ Puck ամսագրի հունվարյան համար։ 1913

Ամանորյա խոստումներ (անգլ.՝ New Year’s Resolutions՝ «ամանորյա խոստում, երդում»)[1], ամանորյա ավանդույթ, որը հիմնականում տարածված է անգլալեզու համայնքում. նոր կյանք սկսելու, վնասակար սովորույթներից ձերբազատվելու իդեալիստական բնույթի խոստում, որը տրվում է հունվարի 1-ին։ Չնայած կատակային բնույթին` խոստումը հաճախ տրվում է օրագրում գրավոր ձևով կամ ընկերների ներկայությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորյա խոստումների ավանդույթը սկիզբ է առնում ամանորյա տոնակատարության անտիկ սովորույթներից։ Աստվածների դիրքը պահպանելու համար հին բաբելոնացիները տարեվերջին տերերին էին վերադարձնում գրավված իրերը, վճարում էին պարտքերը և հաշտվում հարևանների հետ։ Հունվարին հին հռոմեացիները իրար բարոյական օգուտի խոստում էին տալիս։ Ենթադրվում էր, որ նրանք կարող են սիրաշահել երկերեսանի Յանուսին (աստված, որի պատվին կոչվել է տարվա առաջին ամիսը)։ Աստվածը մի դեմքով նայում էր անցյալին, մյուսով՝ ապագային։ Անտիկ ժամանակներից հաջողակ էր համարվում Ամանորի առաջին օրերին ձեռնարկել գործնական բնույթի աշխատանքներ, քանի որ այն հաճելի էր Յանուսին[2]։ Միջնադարում գոյություն ուներ այսպես կոչված «երդում սիրամարգի վրա» (անգլ.՝ peacock vow), երբ Ամանորի նախօրեին ասպետ-վասալները կրկնում էին հավատարմության երդումը իրենց սյուզերեններին։

Ավանդույթին վերադարձը տեղի է ունեցել ռեֆորմացիայի ժամանակ և Սուրբ ծննդի և Ամանորի հակադրության միջոցով։ Միջնադարում սուրբծննդյան տոներն ուղեկցվել են խնջույքներով, դիմակահանդեսներով և հռոմեական սատուրնալիաներից բխող մարմնական հաճույքներով։ Եվրոպայում արագ տարածվող պուրիտանության գաղափարների համաձայն՝ նման ավելորդությունները չէին համապատասխանում կրոնական տոնակատարությունների ոգուն։ 16-17-րդ դարերում սկզբունքային տարաձայնությունները դարձել են Անգլիայի կաթոլիկների և բողոքականների բախման պատճառներից մեկը։ Փորձելով հաշտեցնել բանակներին՝ Եղիսաբեթ I թագուհին սահմանել է երկիրը խիստ կրոնական նորմերի վերադարձնող մի քանի օրենք։ Այսպիսով 1559 թվականի փաստաթուղթը պարտավորեցնում էր հավատացյալներին մասնակցել ժամերգություններին։ 1640-1650 թվականներին Անգլիայում բռնկվել է Անգլիական բուրժուական հեղափոխությունը։ Պուրիտանների hաղթանակի արդյունքում հաստատվել է կրոնական տոների ձևաչափը, որտեղ շեշտը զվարճանքի բաղադրիչից տեղափոխվել է մարդու բարոյական և հոգևոր կողմերի վրա[3]։ Հավատացյալների կողմից խրախուսվում էր պարկեշտ և անմեղ պահվածքի ուխտ անել։ Գրիգորյան օրացույցի մուտքի հետ միաժամանակ տեղի է ունեցել եվրոպական երկրների օրացույցի միասնականացումը, և հունվարի 1-ի տոնը համընդհանուր ճանաչում է ստացել։ Հնազանդության և պարկեշտ վարքի երդումները ընդունված է տալ Ամանորի նախօրեին[4]։

Ամանորյա խոստում տալու ավանդույթը ձևավորվել է 17-րդ դարի սկզբին։ Օրինակի համար «I’m resolved» («Ես վճռական եմ») կամ «Resolution» անգլերեն արտահայտությունը, որը վերաբերում է խոստմանը, ի սկզբանե կրել է կրոնական երանգ։ Այսպես, Սաղմոս 17:3 անգլալեզու խմբագրությունում հայտնում է. «I have resolved that my mouth will not sin» («Ես որոշել եմ մեղք չգործել իմ լեզվով»)։ Ճանաչում են ձեռք բերել շոտլանդացի բանաստեղծուհի Էնի Հալկեթի բարոյախոսական օրագրերը, որոնք հրատարակվել են 1671 թվականին և վերնագրվել «Resolutions»[5]։

Ժամանակակից ավանդույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին իսկ փաստաթղթային վկայությունները ցույց են տալիս, որ ամանորյա խոստումների պահպանման հետ առաջացել են դժվարություններ։ 1661 թվականի դեկտեմբերի 31-ին «Ստյուարտների վերականգնում» օրագրի հեղինակ Սեմյուել Փիփսը երդվել է ավելի քիչ գինի խմել։ 1662 թվականի հունվարի 20-ից պահպանվել է անդորրագիրը նրա տուն չորս գալոն մալագա (գինի) տանելու մասին։ 19-րդ դարից խրատական խոստումը գործնականորեն կորցրել է իր արդիականությունը։ Օսկար Ուայլդը գրել է. «Լավ խոստումները սովորական չեկեր են, որոնք մարդիկ դուրս են գրում՝ իմանալով, որ բանկում հաշիվը դատարկ է»։ Մարկ Տվենը սրան արձագանքել է. «Ամանոր՝ հիանալի ժամանակ խոստումների համար։ Կանցնի մի շաբաթ, և դուք դրանով ճանապարհ կհարթեք դեպի դժոխք»[6]։

Անգլալեզու աշխարհի թերթերն ու ամսագրերը հունվարյան համարներում հաճախ հրապարակել են նյութեր խոստումների և դրանց իրականացման մասին։ Հայտնի են New Year resolutions-ի տարածված օրինակով բացիկները և տարեգրերը[7]։

Վիճակագրություն և գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահաճախ օգտագործվող ամանորյա խոստումները ԱՄՆ-ում.

  1. Սկսել նիհարել, վարել առողջ ապրելակերպ
  2. Վճարել պարտքերը
  3. Սկսել փող կուտակել[3]

«Ֆորբս» ամսագրի գնահատականներով 2000-ական թվականների սկզբներին շուրջ 40 % ամերիկացիներ տվել են ամանորյա խոստումներ[8], իսկ Ավստրալիայում՝ բնակչության շուրջ 42 %[9]։ Սքրանթոնի համալսարանի ուսումնասիրողների գնահատականներով նրանց 8 %-ից ոչ ավելին է հասել իր նպատակին[8]։ Ավստրալիացիների 35 %-ը հայտնել են, որ դրել են բացարձակապես անիրագործելի նպատակներ, 23 %-ը հայտնել են, որ ուղղակի մոռացել են դրանց մասին[9]։

Վարքագծային հոգեբանության տեսանկյունից արդյունքը կարելի է համարել բավարար։ Ամանոր՝ ժամանակ, երբ մարդիկ հեշտությամբ են փոխում կյանքը և հաստատուն սովորույթները։ Սա մի տեսակ հնարավորության պատուհան է՝ որոշված նպատակին հասնելու համար[10]։ Հոգեբանները խորհուրդ են տալիս իրատեսական նպատակներ դնել, դրանց մասին հաղորդել մերձավորներին, վարել նվաճումների կամ հաջողությունների մանրամասն օրագիր և վերլուծել սեփական առաջընթացը[8]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընկերներ» («The One With All The Resolutions») հեռուստասերիալի 5-րդ սեզոնի 11-րդ էպիզոդում գլխավոր հերոսները միմյանց ամանորյա խոստումներ են տալիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Staff writer (31 декабря 2017). «Новогодние обещания: как их выполнять?» (անգլերեն). bbc. Վերցված է 30.10.2019-ին.
  2. Katz, 2013, էջ 116
  3. 3,0 3,1 Crump, 2014, էջ 207
  4. Crump, 2014, էջ 208
  5. Merriam Webster (30.10.2019). «New Year's Resolutions: A Pretty Old Practice» (անգլերեն). merriam-webster. Վերցված է 30.10.2019-ին.
  6. Struthers, 2012, էջ 113
  7. Kate Dwyer (31 Dec 2017). «The History of New Year's Resolutions» (անգլերեն). teenvogue. Վերցված է 30.10.2019-ին.
  8. 8,0 8,1 8,2 Dan Diamond (30.10.2019). «Just 8% of People Achieve Their New Year's Resolutions. Here's How They Do It» (անգլերեն). forbes. Վերցված է 30.10.2019-ին.
  9. 9,0 9,1 Bessie Hassan (29 Dec 2014). «Bunch of failures or just optimistic?» (անգլերեն). finder. Վերցված է 30.10.2019-ին.
  10. Verplanken, 2018, էջ 189

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]