Ամանոս (լեռնաշղթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամանոս
View of Nur Mountains.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Վարչատարածքային միավորՀաթայ
Մասն էGreat Rift Valley?
ԼեռնաշղթաԱնտիտավրոս
Բարձրություն (ԲԾՄ)2240 մետր
Երկարություն150 կիլոմետր

Ամանոս, Ագմադաղ, Ադմատադ, Արմադադ, Ախըռդաղ, Ախըր, Ախր, Ախրդաղ, Ախուր, Ակմադաղ, Ադջադադ, Աման, Ամանուա, Բարաքյաթդադ, Գարուտաղ, Գյավուրդաղ, Էյմադադ, Թուրտուշամա, Կարադաղ, Կյավուրդաղ, Հայ լեռ, Ղարադաղ, Ճեպելիպերեքեթ, Մանտոո, Մաուրոս օրոս, Մթին լեոներ, Մուսադաղ, Պերեքեթտաղը, Ջեբել էյ-Կարաման, Ջեբելի-բերեքեթ, Ջեբել-Մուաա, Ջեպել Մուսա, Սև լեռներ, Սյավ լյաոն, Սուրբ լերինք, Քեսաբդաղ (թուրք.՝ Nur Dağları, հին հուն․՝ Ἁμανός, լատ.՝ Amanus), լեռնաշղթա Կիլիկիայի հարավարևելյան կողմում, Կիլիկյան Տավրոս լեռնահամակարգում: Ձգվում է Հայոց ծոցից (Ալեքսանդրետ) հյուսիս-արևելք մինչև Մարաշ: Երկարությանը՝ 180 կիլոմետր է, բարձրությունը՝ մինչև 2262 մետր (Մհըր)։ Զզվում է Միջերկրական ծովի Անտաքյա ծոցից դեպի հյուսիս-արևելք, մինչև Մարաշի դաշտը։ Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է՝ կազմված պալեոզոյի ու մեզոզոյի նստվածքային ապարներից և հիմքային ներժայթուկներից։ Մեծ մասամբ անտառածածկ է։ Ամանոսը սովորաբար բաժանում են երեք հատվածի՝ հյուսիսարևելյան, կոչում են Գյավուրդաղ կամ Ակմադաղ (երբեմն այդպես են կոչում ողջ լեռնաշղթան), միջինը՝ Կզըլդաղ կամ Բեյլանդաղ, ստորինը կամ հարավայինը հայտնի է Քեսրիկդաղ կամ Ալմադաղ և Ջեբիլ-Մուսա կամ Մուսադաղ անուններով, որոնցով նույնպես հաճախ անվանում են Ամանոսը։ Հյուսիսային հատվածը ավելի բարձրադիր է։ Ամանոսը Կիլիկիան բաժանում է Ասորիքից: Ունի մի քանի հայտնի լեռնանցքեր՝ Ամանոս, Դուռն Ասորվոց կամ Պորտելա և այլն։ Ունի պղնձի պաշարներ: Ամանոսի տարածքում հնում եղել են հունական և հայկական բազմաթիվ բերդեր, վանքեր, մենաստաններ ու բնակավայրեր, որոնց ավերակները այժմ էլ նշմարվում են, դրա համար էլ այդ վայրերին տրվել է Պառլահու անունը, որ ասորերեն նշանակում է «դրախտ աստծու»: Ամանոսը հիշատակվում է դեռևս Ստրաբոնի կողմից։ Նրա մասին հիշատակում են նաև միջնադարյան հայ և օտար շատ հեղինակներ։ Ոմանք հնարավոր են համարում Ամանոսը նույնացնել ասորեստանյան թագավոր Ասուրնասիրպալ II (884-860) արձանագրության մեջ հիշատակվող Խամանի լեռների հետ[1][2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 207 — 992 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 208 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png