Jump to content

Ահմեդ-Ջևդեթ փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմեդ-Ջևդեթ փաշա
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1822(1822-03-22)[1]
ԾննդավայրԼովեչ, Rumelia Eyalet, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էմայիսի 25, 1895(1895-05-25)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] կամ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունպատմաբան, քաղաքական գործիչ, սոցիոլոգ և իրավաբան
ԵրեխաներՖաթմա Ալիյե Թոփուզ և Էմինե Սեմիե Օնասյա

Ահմեդ Ջևդեթ փաշա (թուրքերեն՝ Ahmed Cevdet Paşa, մարտի 22, 1822(1822-03-22)[1], Լովեչ, Rumelia Eyalet, Օսմանյան կայսրություն[1][2] - մայիսի 25, 1895(1895-05-25)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3]), Օսմանյան կայսրության թուրք տարեգիր։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդ Ջևդեթ փաշան (հայտնի է նաև Հաջի Իսմայիլ Զադե անունով) ծնվել է 1822 թ. մարտի 27-ին, Բուլղարիայի Լովեչ քաղաքում։ Նա սերում է Յուլարկիրանօղլու նշանավոր տոհմից, որի անդամները պետական ծառայողներ էին և վարում էին ռազմական, վարչական և կրոնական պաշտոններ։ Նրա պապը՝ Հաջի Ալի Էֆենդին ցանկանում էր, որ Ահմեդ Ջևդեթը դառնար կրոնական ծառայող։ Ահմեդ Ջևդեթը կրթություն սկսում է ստանալ շատ վաղ տարիքից։ Նա իր կրթությունը սկսում է արաբերենի քերականությունից՝ Հաֆըզ Օմեր Էֆենդիի մոտ, ով Լովեչ քաղաքի մուֆթին էր (բարձրաստիճան հոգևորական իրավագետ-կրոնագետ և Ղուրանի մեկնաբան, որը սովորաբար գլխավոր դատավորի դեր էր կատարում կրոնական-իրավական գործերի քննության ժամանակ)։ Շատ շուտով ցուցաբերելով բարձր առաջադիմություն, Ահմեդ Ջևդեթն անցնում է իսլամական գիտությունների ուսումնասիրմանը։

1836-ին նա սկսում է ընթերցանությամբ զբաղվել՝ Լովեչի դատավորի տեղակալ Հաջի Էսրեֆի Էֆենդիի մոտ, ով Ահմեդի տարիքին որդի ուներ։ Տղաները, որոնց երկուսի անունն էլ Ահմեդ էր, հետագայում հայտնի են դառնում Ահմեդ Ջևդեթ փաշա և Ահմեդ Միդաթ փաշա անուններով։ Ահմեդ Ջևդեթի տարրական կրթությանը հաջորդում է Օսմանյան կայսրությունում ընդունված ավանդական իսլամական կրթությունը։ 1839 թվականից նրա կրթությունն էլ ավելի կատարելագործվեց, երբ նա տեղափոխվեց Ստամբուլ և սովորեց ու ավարտեց տեղի կրթական հաստատությունը՝ մեդրեսեն՝ ստանալով դիպլոմ և իլմիի որակավորում։ Սակայն նա միայն այսքանով չբավարարվեց, այլ մեդրեսեի կրթությանը զուգահեռ, ուսումնասիրեց նաև մաթեմատիկական գիտություններ՝ Կայսերական Ռազմական Ինժեներիայի դպրոցում։ Բացի դրանից, Ահմեդ Ջևդեթը նաև մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում պատմագիտության նկատմամբ՝ որպես տարբեր աղբյուրների միջոցով մարդկության տարբեր բնագավառների փորձն ուսումնասիրելու միջոց։ Նա նույնիսկ մինչև 30 տարեկանը լրացրեց իր գիտելիքները՝ ուսումնասիրելով իսլամական, եվրոպական և միջազգային օրենքները։

Պետական պաշտոնական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական որակավորում ստանալուց հետո Ահմեդ Ջևդեթը կապ հաստատեց Մուսթաֆա Ռաշիդ փաշայի հետ, որը նոր էր ստանձնել մեծ վեզիրի պաշտոնը։ Այս ծանոթությունը խոր հետք թողեց Ահմեդի վրա։ Սակայն Մուսթաֆա Ռաշիդն այդ ընթացքում ձգտում էր դառնալ ուլամայի անդամ և շատ ժամանակ չէր կարող տրամադրել՝ Ահմեդին իսլամական կրոնական օրենքները սովորեցնելու համար, որով նա կարող էր խուսափել խնդիրներներից, երբ ներկայացվեր բարեփոխումների ծրագիրը։ Ահմեդը նաև զգում էր մի այնպիսի անձնավորության կարիքը, ով պարզ կերպով և կամավոր իր հետ կքննարկեր առկա խնդիրները։ Ահմեդը Մուսթաֆայի տանը նշանակվում է իբրև նրա երեխաների դաստիարակ և մնում այդ պաշտոնին մինչև 1858 թվականը, երբ մահացավ Մուսթաֆա Ռաշիդը։

Ստամբուլը 19-րդ դարում:

Ահմեդ Ջևդեթի նոր ծանոթությունն ու կապը բարեփոխումների կողմնակիցների միության հետ նոր գաղափարներ հաղորդեց նրան, որոնք գալիս էին բյուրոկրատիայի և քաղաքականության աշխարհից։ Անգամ չնայած Ահմեդը պահպանում էր կապը ուլեմայի հետ, որ հաստատել էր 1866 թվականից, սակայն նա այժմ հանդես էր գալիս որպես բյուրոկրատ՝ զբաղվելով կրթական և գավառների բարեփոխումների խնդիրներով (Թանզիմաթ)։ 1850-51 թվականներին Մուսթաֆա Ռաշիդը նրան նշանակել էր մի դպրոցի տնօրեն, որը պաշտոնապես հաստատված էր վերապատրաստելու ուսուցիչներին՝ նոր աշխարհիկ կրթական համակարգի համար։ Նա նաև Կրթության հանձնաժողովի գրագրության պետն էր, որը մշակում էր նոր օրենքներ ու կանոնակարգեր՝ աշխարհիկ դպրոցների համար։ Լինելով պետական բարձրաստիճան անձնավորություն, Ահմեդ Ջևդեթը մոտիկից և ակտիվորեն մասնակցում է XIX դարի պետական-վարչական, քաղաքական-դիվանագիտական, մշակութային և կրթական գործերին։ Միայն նրա ծառայությունների և վարած պաշտոնների թվարկումը ցույց է տալիս, թե որքան ընդարձակ և բազմակողմանի է եղել Ջևդեթ փաշայի գործունեության պետական ասպարեզը։ Մոտ 50 տարի նա ծառայել է պետական բարձր կառույցներում։ Վալիի պաշտոնով նա ծառայել է Ադանայում, Հալեպում, Մարաշում և Սիրիայում։ Վարել է մի շարք նախարարություններ՝ Հանրային կրթության (4 անգամ), Արդարադատության (դարձյալ 4 անգամ), Ներքին գործերի և Առևտրի։ Ջևդեթ փաշայի պետական ծառայությունների մեջ կարևոր տեղ էր բռնում նրա մասնակցությունը տարբեր վարչական-օրենսդրական հանձնաժողովների և խորհուրդների մեջ՝ երկրում ռեֆորմներ (բարեփոխումներ) մտցնելու առթիվ (Թանզիմաթի նախապատրաստությունները)։ Այդ բոլոր պատասխանատու աշխատանքները չեն խանգարել նրան զբաղվել նաև գրականությամբ։ Ունի բանաստեղծություններ, լեզվի և քերականության վերաբերող աշխատություններ և այլն։

Ահմեդ Ջևդեթի պատմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ահմեդ Ջևդեթ փաշայի լուսանկարը՝ արված Աբդուլլահ եղբայրների լուսանկարչական տանը

Իբրև պատմագիր Ջևդեթ փաշան կարևոր տեղ է զբաղեցնում Օսմանյան տարեգրության ասպարեզում։ Նրա պատմագրական գործունեությունը սկսվեց 1852 թվականին։ Ինչպես տեսանք, նա ընդգրկված էր պետության տարբեր կարևոր բնագավառների գործուենության մեջ, ուստի նրան հանձնարարվեց կազմել Օսմանյան պետության տարեգրությունը՝ սկսելով Քյուչյուկ Կայնարջայի պայմանագրից (կնքվել էր Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև 1774 թ. հուլիսին) մինչև Ենիչերիների կորպուսի վերացումը, այսինքն՝ 1774-1826 թթ. տարեգրությունը (53 տարվա պատմություն)։ Նա պաշտոնական տարեգիր (Վակա-նյուվիս) է եղել 1853-1856 թթ.։ Նրա պատմությունը, որ պատմագրության մեջ հայտնի է «Թարիխի Ջևդեթ» անունով, բաղկացած է 12 ստվար հատորից։ Ըստ կարգի, Ջևդեթ փաշան 27-րդ տարեգիրն է Օսմանյան կառավարության պաշտոնական տարեգիրների շարքում։ Ջևդեթ փաշայի «Պատմության» ընդգրկած ժամանակաշրջանը զուգադիպում է պատմական խոշոր, համաշխարհային նշանակություն ունեցող դեպքերի, ինչպիսիք են Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և դրա հետ կապված բազմաթիվ իրադարձությունները, որոնց քիչ թե շատ առնչվում էր թուրքական կառավարությունը, եվրոպական երկրների, ինչպես նաև Օսմանյան պետության և Ռուսաստանի միջև տեղի ունեցող պատերազմները և այլն։ Թուրքիան, իբրև Մերձավոր Արևելքի խոշոր իսլամական պետություն, այդ ժամանակամիջոցում ապրում էր իր քայքայման և կազմալուծման ամենածանր շրջանը։ Պետության եվրոպական մասում (կոչվում էր Ռումելի) նրա տարածքներն աստիճանաբար կրճատվում էին, քանզի բալկանյան ժողովուրդների մեջ զարգանում էին ազատագրական տրամադրություններն ու պայքարը։ Ենիչերիների անկարգությունները, բանակի լրիվ քայքայումն ու այլասերումը, վարչական շրջաներում (էյալեթներում)՝ հատկապես Արևելքում, վեզիրների, փաշաների, մյութասարիֆների և այլ պետական պաշտոնյաների հաճախակի ապստամբությունները և միմյանց դեմ մղած պատերազմները, ցեղերի անվերջ խլրտումներն ու կողոպուտները երկիրը հասցրել էին կործանման եզրին։ Պարզ է, որ երկրի ներքին այդ ծանր վիճակն առավել դժվար կացության առջև էին կանգնեցրել հպատակ քրիստոնյա ժողովուրդներին՝ հայերին, հույներին։ Ջևդեթ փաշան իր «Պատմության» մեջ այդ բոլոր իրադարձությունները տալիս է բավական հմտությամբ և պարզությամբ։ Իբրև ազատական գաղափարների կրող, նա, իհարկե, առանց դուրս գալու իսլամական կրոնի և սուլթանական միապետության շահերից սահմաններից, փորձում է տալ բոլոր դեպքերի քննությունն ու քննադատությունը։ Իբրև պատմագիր, նա բավականին տարբերվում է իր նախորդներից, ինչը պայմանավորված է իր ժամանակով, ստացած կրթությամբ և պետության մեջ գրաված բարձր դիրքով։ Ջևդեթ փաշան իր «Պատմության» հսկայածավալ հատորներում պատմական դեպքերը լուսաբանում և վերլուծում է պաշտոնական փաստաթղթերի, եվրոպական և իսլամական պատմական բազմաթիվ աղբյուրների հիման վրա։ Ջևդեթ փաշան քննադատում է անգամ սուլթաններին, չնայած որ սուլթանը, իբրև իսլամական խալիֆա (Մարգարեի փոխանորդը), սուրբ անձնավորություն էր համարվում և անքննադատելի էր։ «Թարիխի Ջևդեթը» տպագրվել է մի քանի անգամ։

Ջևդեթ փաշան՝ հայերի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջևդեթ փաշան, իր պատմության ընթացքում, տարբեր առիթներով բազմաթիվ անգամ անդրադառնում է հայ ժողովրդին՝ ռուս-թուրքական, թուրք-պարսկական պատերազմների կամ թուրք-վրացական հարաբերությունների մասին գրելիս։ 1778 թ. դեպքերից խոսելիս, Ջևդեթը գրում է.

Օսմանյան պետության քրիստոնյա հպատակներից հայ ազգը, հույն և կաթոլիկ դավանանքներից տարբեր, հատուկ ծիսակատարություն է ունեցել և մինչև 1040 թվականը (1630 թ.) նրանց միջև այլ դավանանք հայտնի չի եղել։ Սակայն ֆրանսիացի (ֆրանկ) վարդապետները շրջելով հայերի մեջ, կարողացան նրանց մի մասին ընդունել տալ Հռոմում՝ Պապի հոգևոր իշխանության տակ գտնվող կաթոլիկական դավանանքը։

...Օսմանյան պետության ռայաներից ամենաբազմամարդը հայ ժողովուրդն է։ Նրանց հայ անունը (Ermeni) նախապես իրենց ապրած Իրանյան երկրներից Ադրբեջանի Արմեն երկրամասից է առաջացել։ Իսկ Արմենիա անունը այդ երկրի իշխողի՝ Արմենյարի (?) մայրաքաղաքից է առաջացել (այս նախադասությունը հավանաբար աղճատված է)։ Մինչև 600-ական թվականները (XII դար) Արմենիան կազմված էր Փոքր Արմենիայից՝ Անթաքիայի, Վանի, Էրզրումի և Սվազի էյալեթները, և Մեծ Արմենիայից՝ Ադրբեջանի կողմերը, որոնք ունեին իրենց անկախ իշխողները. նրանց մայրաքաղաքը Կոնիան էր։ Սելջուկյան սուլթաններից Ղայաս Էդդինի ժամանակ սրանց երկիրն ու հայրենիքը նվաճվում է, նրանց իշխողները բնաջինջ են լինում և իրենք (ժողովուրդը) ռայա են դառնում։ Ավելի ուշ, Արմենիան Օսմանյան երկրի տիրապետության մեջ է մտնում, այդ ժամանակից մինչև վսեմաշուք սուլթան Մուրադ IV-ի իշխանության շրջանը, հայերի դավանանքը բոլոր քրիստոնյա ազգությունների դավանանքից տարբեր լինելով, միասնական մեկ դավանանքով և իրենց վիճակով հանգիստ ապրում են։ Սրանք պարզամիտ մի ժողովուրդ էին։ Էֆրենջ (ֆրանկ - կաթոլիկ) ցեղը Օսմանյան պետության նկատմամբ չարանպատակ խռովություններ իրականացնելու առիթներ ստեղծելու հետամուտ լինելով, ինչպես որ ռուսները պատերազմի ժամանակ հույներից օգտվեցին խռովարարական նպատակներով, նրանք էլ (ֆրանկները), ինչպես վերևում ասացինք, հայերի մեջ կաթոլիկական դավանանքը տարածելով, հետամուտ էին իրենց դավանակիցների թիվն ավելացնելուն։

Իսկ խոսելով 1786 թվականի դեպքերից, Ջևդեթ փաշան շատ տխուր գույներով է նկարագրում երկրի ներքին քաղաքական-վարչական վիճակը, հայտնում է, որ որոշ ժամանակից ի վեր բռնությունների ու անիրավությունների ամեն սահմանն անցել էր Օսմանյան կայսրությունում, ռայաները մեծ թշվառության էին ենթարկվել, իրենց երկիրն ու հայրենիքը թողնելով՝ ցիր ու ցան եղել։ Իսկ դրա պատճառն այն էր, ինչպես հաղորդում է պատմագիրը, որ երկրի մանր ու խոշոր բոլոր պաշտոնյաները իրենց անձնական շահի համար աղքատներից շատ ավելի փող էին գանձում իբրև հարկ, քան սահմանել էր պետությունը։ Այդ հարկերի գանձումը հաճախ ուղեկցվում էր բռնություններով ու դաժանությամբ։ Ջևդեթը շեշտում է, որ նվիրական շարիաթին հակառակ, ռայաներից մինչև անգամ օրորոցի երեխաներից ջիզիե (հարկատեսակ) էին առնում։

Կյանքի վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդ Ջևդեթ փաշան դուրս գալով պետական ծառայությունից, մեկ-երկու տարի զբաղվեց իր երկու դուստրերի՝ Ֆաթիմայի և Էմինի կրթությամբ և ավարտին հասցրեց Օսմանյան տարեգրության իր հատվածը, որը, ինչպես նշվեց, հայտնի է «Թարիխի Ջևդեթ» անունով։ Այդ ընթացքում նա նաև ամբողջացրեց ևս երկու պատմական աշխատություն՝ Թեզաքըր (Հուշեր) և Մարուզաթ։ 1886 թ. նա նշանակվեց Արդարադատության նախարար, բայց չորս տարի անց հրաժարական տվեց՝ մեծ վեզիր Յուսուֆ Քամիլ փաշայի հետ տարաձայնությունների պատճառով։ Դրանից հետո Ջևդեթ փաշան հանդես էր գալիս որպես ավագ սերնդի քաղաքական գործիչ մինչև իր մահը (Ստամբուլում, 1895 թ. մայիսի 25-ին)։ Նրան թաղեցին Ստամբուլի Ֆաթիհ Մեջիթ գերեզմանատանը։

Օգտագործված աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», հտ. Ա, Երևան, 1961 թ.:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]