Աբդուլլահ եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբդուլլահ եղբայրներ
Abdullah brothers - Marchio.jpg
Տեսակsibling group?
Հիմնադրված1858

Աբդուլլահ եղբայրներ (ֆր.՝ Abdullah Frères), լուսանկարչական ընկերություն Օսմանյան կայսրությունում: Հիմնել են ազգությամբ հայ Աբդուլլահ երեք եղբայրները 1858 թվականին Կոստանդնուպոլսում, որոնք փայլուն կրթություն են ստացել Եվրոպայում: Ընկերությունն իր ժամանակին համարվել է լավագույնը՝ ամբողջ Օսմանյան Թուրքիայում:

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրներից ավագը Վիգեն Աբդուլլահյանն էր (1820-1902թթ.), միջնեկի անունը Հովսեփ էր (1830–1908թթ.), կրտսերինը՝ Գևորգ (1839–1918թթ.): Եղբայների ծնողներն էին Աբրահամ Աբդուլլահը և Ռոզա Բենկլիյանը, իսկ Աբդուլլահ ազգանունը ստիպված էր եղել ընդունել դեռևս եղբայների պապը, Աստվածատուր Յուրմուզյանը, քանի որ աշխատելիս էր եղել սուլթանական արքունիքում: Վիգենը, որ ավելի ուշ իսլամ էր ընդունել և սկսել էր կոչվել Աբդուլլահ Շուքրու, իր լուսանկարչական գործունեությունը սկսել էր Ռաբաքի մոտ, որ լուսանկարչական ընկերություն էր բացել Բայազետում 1856 թվականին: 1858 թվականին, երբ կրտսեր եղբայր Գևորգը ավարտելով ուսումը Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում վերադարձավ հայրենիք, Վիգենն ու Հովսեփը որոշեցին հեռանալ Ռաբաքի լուսանկարչական ընկերությունից և հիմնել իրենց սեփականը: Եվ իրենց ընկերությունն անվանում են ֆրանսերենով՝ Աբդուլլահ Ֆրեր (Abdullah Frères), որ նշանակում է Աբդուլլահ եղբայրներ:

Սուլթան Աբդուլ Ազիզի լուսանկարը՝ արված Աբդուլլահ եղբայրների ընկերությունում:

Շուտով նրանք ձեռք են բերում մեծ համբավ և ճանաչվում լավագույնը՝ ամբողջ Օսմանյան կայսրությունում: 1863 թվականին սուլթան Աբդուլ Ազիզի հրամանագրով եղբայրները հռչակվում են պալատական լուսանկարիչներ և Պոլսո Նշանավոր Արվեստագետներ (այդ տիտղոսը նրանք կրեցին մինչև 1899 թվականը, երբ փակվեց ընկերությունը): 1867 թվականին վաճառում են Բայազետի իրենց խանութը և տեղափոխվում ավելի նպաստավոր վայր՝ Կոստանդնուպոլսի եվրոպական հատվածում գտնվող Բերա շրջանը: Այդ նույն թվականին էլ նրանք ձեռք բերեցին միջազգային ճանաչում, երբ Փարիզում կայացած 2-րդ համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Օսմանյան կայսրության տաղավարում նրանք ներկայացրեցին իրենց կողմից արված բարձրակարգ լուսանկարչական բնապատկերները: 1886 թվականին Եգիպտոսի խեդիվ Թաուֆիկ-փաշայի հրավերով Աբդուլլահ եղբայրները մասնաճյուղ են բացում Կահիրեում, որը նույնպես մեծ հռչակ է վայելում: «Աբդուլլահ Ֆրեր» ընկերությունը հաջողության հասավ նաև Օսմանյան կայսրության մեծ քաղաքների առօրյա կյանքի լուսանկարչությունում, և մեծ վարպետությամբ արված դիմանկարային ժանրի պատկերներում: Եղբայրները լուսանկարում էին նաև բազմաթիվ հանրահայտ մարդկանց. նրանց ֆոտոխցիկի առջև են կանգնել ամերիկացի գրող Մարկ Տվենը, Ֆրանսիայի կայսրուհի Էժենին, Ուելսի արքայազն Էդվարդը, սուլթան Աբդուլ Ազիզը, Օսմանյան կայսրության մարշալ և ռազմական գործերի նախարար Օսման Նուրի Փաշան և այլք:

Ֆոտոդարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hannavy, John (2008). Encyclopedia of nineteenth-century photography. New York: Routledge. ISBN 978-0-415-97235-2. Retrieved 6 December 2012.
  • Shaw, Wendy M.K. (2003). Possessors and possessed : museums, archaeology, and the visualization of history in the late Ottoman Empire. Berkeley, Calif.: University of California Press. p. 141. ISBN 978-0-520-23335-5. Retrieved 6 December 2012.