Jump to content

Ականց անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ակների վանքից)
Ականց անապատ
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԱկներ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
ՀիմնադիրԼևոն Բ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված12-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
«Ավարայրի ճակատամարտ», 1482 թվական, Ականց անապատ, գործ Կարապետ Բերկրեցու

Ականց անապատ, Ականց վանք, Ակներավանք, Ակների վանք, Ակներո վանք, Ակներս, Առաքելոց վանք[1], Կիլիկյան Հայաստանի գլխավոր վանքերից, գրչության, մանրանկարչության և գիտության խոշոր կենտրոն։ Գտնվել է Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին, Բարձրբերդ բերդի մերձակայքում, Ակներ գյուղի շրջակայքում, աղբյուրաշատ վայրում։ Անվանումը ծագել է «ակն», «ակներ», «ակունք» բառերից։ Վանքը կառուցել է Լևոն Բ թագավորը 1198-1203 թվականին, օծել է Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը։ Գործելով Կիլիկիայի Հայկական թագավորության քաղաքական և ռազմական հզորության ժամանակաշրջանում՝ վանքը եղել է նաև պետության դիվանագիտական ու հոգևոր գործերի խորհրդարան։

Գրչության կենտրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականց անապատի մասին վկայություններ են թողել Սամուել Անեցին (12-րդ դար), Կիրակոս Գանձակեցին (13-րդ դար), Վահրամ Րաբունին (13-րդ դար), Հեթում պատմիչը (14-րդ դար), Դավիթ Բաղիշեցին (17-րդ դար)։ Համակառույցի կազմում հիշատակվում են երեք եկեղեցիներ՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Հակոբ (կամ Սուրբ Նշան) և Սուրբ Առաքելոց։ Ականց անապատն իր գոյության համեմատաբար կարճ ժամանակամիջոցում համահայկական հռչակ է վայելել գրչության արվեստով։ Վկայություններ կան նաև Արևելյան Հայաստանի հետ կապերի մասին։ Գրչության դպրոցից մեզ հասած ամենահին ձեռագիրը 1215 թվականից է, ամենաուշը՝ 1342 թվականից։ Վանքում ընդօրինակվել են բազմաթիվ հոգևոր ճառերի ժողովածուներ, Ժամանակագրություններ, Ավետարաններ, Մաշտոց, Նարեկ, Շարակնոց, Ագաթանգեղոսի Պատմությունը, մեկնություններ ևն (մեզ է հասել շուրջ 30 ձեռագիր), որոնց հիշատակարաններում տեղեկություններ կան ժամանակի դեպքերի, պատմական անձերի մասին։ Գրչության բարձր արվեստով նշանավոր են Պետրոսի, Դավթի, Բարսեղի, Ղազարի, Վարդանի, Ներսեսի, նրա որդի Սերովբեի և այլոց ձեռագրերը։ Ականց անապատի միաբաններից էր պատմիչ Գրիգոր Ակներցին։ Նա 1273-ին կատարելությամբ ընդօրինակելով Միքայել Ասորու «Ժամանակագրութիւն»-ը, գրել է նաև «Պատմութիւն վասն ազգին նետողաց» աշխատությունը։

Ականց անապատը եղել է 13-րդ դարի կիլիկյան մանրանկարչության վերելքի շրջանի ինքնատիպ կենտրոններից մեկը, Գռների և Բարձրբերդի գրչատների հետ կազմել Հովհաննես Արքաեղբայր րաբունապետի մանրանկարչական «դպրոցը», որտեղ մշակվել է գրքի գեղարվեստական ձևավորման մի ոճ, որի առանձնահատուկ կողմերն են՝ մարդկային մարմնի համաչափությունների և զարդապատկերների առանձին դրվագների ճիշտ վերարտադրությունը, պատկերագրական որոշ կանոնների ինքնատիպ լուծման ձգտումը, կատարման յուրահատուկ գրաֆիկական տեխնիկայի կիրառումը։ Ականց անապատում ընդօրինակված և պատկերազարդված ձեռագրերից նշանավոր են 1287 թվականի Ավետարանը, «Վասակ իշխանի Ավետարանը», որոնց նախատիպն է եղել «Կեռան թագուհու ավետարանը» (1272)` նվիրված «Ի վանս որ կոչի Ակներ»։ Ականց անապատում են գործել Պողոս, Գրիգոր, Կարապետ, Հովհաննես ծաղկողները, Ռուբեն, Բարսեղ քահանա կազմողները և ուրիշներ։ Գրչության դպրոցից մեզ հասած ամենահին ձեռագիրը 1215 թվականից է, ամենաուշը՝ 1342 թվականից. ընդօրինակվել են հոգևոր ճառերի ժողովածուներ, ժամանակագրություններ, Ավետարաններ, Մաշտոց, Նարեկ, Շարակնոց, Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոցը», Մեկնություններ (մեզ է հասել շուրջ 30 ձեռագիր)։

Կրոնամշակութային կենտրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականց անապատի միաբանությունը եռանդուն մասնակցություն է ունեցել Կիլիկյան Հայաստանի կրոնաեկեղեցական գործերին։ Հայոց Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսը 1306 թվականին Հեթում Բ-ին ուղղած մի թղթում հիշում է Ականց անապատի միաբանությունը՝ որպես պարկեշտ, կատարյալ և խելոք մարդկանցից կազմված հաստատություն։ 1307 թվականի Սսի եկեղեցական ժողովին մասնակցել են նաև Ակների պատգամավորները՝ հանձին Վարդան վարդապետի և Սարգիս վանահոր։ Գահից հրաժարվելուց հետո Ականց անապատում է առանձնացել Հեթում Ա թագավորը (1226-70)։ Այնտեղ է թաղված Լևոն Բ թագավորի սիրտը, ինչպես և Պաղտին մարաջախտը, իշխաններ, հոգևորականներ։

14-րդ դարից հետո Ականց անապատի անունն այլևս չի հիշատակվում (հավանաբար ավերել են եգիպտական զորքերը՝ 1375 թվականին Սիսը պաշարելու ժամանակ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 222
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: