Ալքիբիադես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալքիբիադես
Bust Alcibiades Musei Capitolini MC1160.jpg
Ծնվել է մ. թ. ա. 450
Ծննդավայր Հին Աթենք
Մահացել է մ. թ. ա. 404
Մահվան վայր Փռյուգիա, Թուրքիա
Քաղաքացիություն Հին Աթենք
Ազգություն հույն
Մասնագիտություն քաղաքական գործիչ և զինծառայող
Ամուսին Hipparete[1]
Ծնողներ հայր՝ Cleinias[1], մայր՝ Deinomache[1]
Զբաղեցրած պաշտոններ ստրատեգոս, ստրատեգոս, ստրատեգոս և ստրատեգոս
Պարգևներ և
մրցանակներ
Q23906229?[2]
Երեխաներ Alcibiades the Younger
Alcibiades Վիքիպահեստում

Ալքիբիադես (հին հուն․՝ Ἀλκιβιάδης, մ. թ. ա. մոտ 450-404), աթենացի զորավար, պետական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Աթենքում, արիստոկրատի ընտանիքում։ Հոր՝ Կլինիայի մահից (մ. թ. ա. 447) հետո Ալքիբիադեսը դաստիարակվել է քեռու՝ Պերիկլեսի տանը։ Աշակերտել է փիլիսոփա Սոկրատեսին։

Պատանեկան հասակից համաճանաչ դարձավ Աթենքում իր բազմակողմանի ընդունակությունների, կրթության, պերճախոսության, գեղեցկության և այլ բարեմասնությունների շնորհիվ։ Փայլուն հեծելամարտիկ էր, օլիմպիական խաղերի բազմակի հաղթող։ Մ. թ. ա. 420 թվականից բազմիցս ընտրվել է ստրատեգոս։

Քաղաքական գործունեություն սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտելով Պելոպոնեսյան պատերազմների կողմնակից կուսակցության շահերը՝ Ալքիբիադեսը ձգտում էր Աթենքի գերիշխանությունը պարտադրել հունական պոլիսներին։ Փառատենչ Ալքիբիադեսի ջանքերով վերսկսվեց Նիկեայի հաշտությամբ (մ. թ. ա. 421) ընդհատված պատերազմը, որը մ. թ. ա. 418 թվականին ավարտվեց Սպարտայի հաղթությամբ։ Մ. թ. ա. 416-415 թվականին Ալքիբիադեսը երկրորդ անգամ ընտրվելով ստրատեգոս, արշավանք ձեռնարկեց Սիրակուզայի դեմ։

Սակայն օպոզիցիոն խավերը Ալքիբիադեսին ամբաստանեցին աստվածներին վիրավորելու և Աթենքի սրբությունները պղծելու մեջ։ Աթենքի ժողովրդական դատարանը որոշեց Ալքիբիադեսին ետ կանչել բանակից, բռնագրավել ունեցվածքը և մահվան դատապարտել։ Տեղեկանալով այդ մասին՝ մ. թ. ա. 415 թվականի վերջին Ալքիբիադեսը փախավ Սպարտա՝ իր ծառայությունն առաջարկելով նրան։

Ռազմական և դիվանագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալքիբիադեսի ռազմական և դիվանագիտական տաղանդի շնորհիվ սպարտացիները պարտության մատնեցին աթենացիներին, մեկուսացրին դաշնակիցներից։ Ալքիբիադեսի նկատմամբ Սպարտայի վերնախավի տածած անվստահությունն ու նախանձը, Ագիս 2-րդ թագավորի դավադիր մտադրությունը (Ալքիբիադեսը սիրային կապերի մեջ էր թագուհու հետ) Ալքիբիադեսին հարկադրեցին հեռանալ Սպարտայից (մ. թ. ա. 412) և ապաստանել Աքեմենյան սատրապ Տիսափարնասի մոտ։ Մ. թ. ա. 411 թ., երբ Աթենքում հաստատվեց օլիգարխիայի կամ, այսպես կոչված, «400»–ի իշխանությունը, Ալքիբիադեսին հայրենադարձման իրավունք շնորհվեց։

Մ. թ. ա. 411-408 թվականներին Ալքիբիադեսի առաջնորդությամբ աթենական բանակը մի շարք կարևոր հաղթանակներ տարավ սպարտացիների և պարսիկների դեմ, վերականգնվեց Աթենքի ծովային գերիշխանությունը։ Մ. թ. ա. 408 թվականի հունիսին դափնիներով պսակված Ալքիբիադեսը վերադարձավ Աթենք։

Ալքիբիադեսի փառքն ու հաղթանակը մեծ հանդիսավորությամբ նշվեց, և նա ճանաչվեց բանակի ու նավատորմի անսահմանափակ հրամանատար։ Մ. թ. ա. 407 թ. Անտիոքոս զորավարի մեղքով աթենական բանակը ճակատամարտերից մեկը տամուն տվեց Սպարտային, որից օգտվեցին Ալքիբիադեսի հակառակորդները և նրան արտաքսեցին հայրենիքից։ Եգոս–Պոտամոսի ճակատագրական ճակատամարտից (մ. թ. ա. 405) առաջ Ալքիբիադեսն ապարդյուն փորձում էր Աթենքի զորավարներին օգնել իր ռազմական խորհուրդներով։

Աթենքի անկումից հետո, Սպարտայի պահանջով, Ալքիբիադեսը սպանվեց իր ապաստանատուի՝ Փռուգիայի պարսկացի սատրապ Փառնավազի հրամանով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 (not translated to la) Prosopographia Attica Berolinum: 1901.
  2. http://www.sportolimpico.it/dmdocuments/GO-ANTICHI-2.pdf