Ալվան ծաղիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալվան ծաղիկը
ռուս.՝ Аленький цветочек
The Scarlet Flower-2 (Bogatov).jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՍերգեյ Ակսակով
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1857
Հրատարակություն1858
The Scarlet Flower
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալվան ծաղիկը (այլ կիրառումներ)

«Ալվան ծաղիկը» (ռուս.՝ «А́ленький цвето́чек»), ռուս գրող Սերգեյ Ակսակովի հեքիաթը, որը նա գրի է առել «մառանապետուհի Պելագեայի պատմածից»[1]։ «Գեղեցկուհին և հրեշը» սյուժեի բազմաթիվ տարբերակներից մեկն է[2]։

Ակսակովը հեքիաթն առաջին անգամ տպագրել է 1858 թվականին որպես «Բագրով-թոռնիկի մանկության տարիները» ինքնակենսագրության հավելված, որպեսզի, ըստ հեղինակի խոսքերի, չընդհատվի մանկության մասին պատմությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուստ վաճառականն առևտրի է գնում օտար երկրներ։ Մեկնելուց առաջ աղջիկներին հարցնում է, թե նրանց համար ինչ նվերներ բերի։ Մեծ աղջիկը գունագեղ քարերով զարդարված ոսկյա թագ է խնդրում, որից գիշերը ցերեկվա նման պայծառ կլինի։ Միջնեկ աղջիկը հայելի է ուզում, որի մեջ նայելով՝ աղջիկը չի ծերանում, այլ ավելի ու ավելի գեղեցիկ է դառնում։ Փոքր աղջիկն ալվան ծաղիկ է խնդրում, որից գեղեցիկ աշխարհում չկա։ Վաճառականը երկու մեծ աղջիկներին խոստանում է բերել նրանց նվերները, իսկ փոքր աղջկան ասում է, որ կփորձի գտնել այդպիսի ծաղիկ, նրա ուզած կարմիր ծաղիկը գտնելը հեշտ բան չի. ինքը որտեղից իմանա՝ նրանից գեղեցիկն աշխարհում կա արդյոք, թե՝ ոչ։

Մեծ շահույթ ստանալով, բայց աղջկա խնդրած ծաղիկը չգտնելով՝ վաճառականն իր ծառաների հետ վերադառնում է տուն։ Ճանապարհին նրանց վրա ավազակներ են հարձակվում։ Թողնելով քարավանն ու ծառաներին՝ վաճառականը փախչում է թավ անտառ։

Անտառում նա գտնում է մի հոյակապ պալատ։ Մտնելով պալատ՝ նստում է մի սեղանի մոտ, որի վրա հայտնվում էին հրաշալի ուտեստներ և գինի։ Ընթրելով, գիշերելով և նախաճաշելով՝ վաճառականը որոշում է զբոսնել պալատի շուրջը գտնվող այգում և տեսնում է չտեսնված գեղեցկությամբ մի ալվան ծաղիկ։ Հասկանալով, որ իր առջև հենց այն նույն ծաղիկն է, որը խնդրել է աղջիկը, վաճառականը պոկում է այն։ Այդ պահին հայտնվում է զայրացած հրեշը՝ պալատի տերը։ Այն պատճառով, որ վաճառականը, որին ընդունել էին որպես թանկագին հյուր, քաղել էր հրեշի սիրելի ծաղիկը՝ նրա ողջ կյանքի ուրախությունը, հրեշը նրան մահվան է դատապարտում։ Վաճառականը պատմում է աղջկա խնդրանքի մասին, և այդ ժամանակ հրեշը համաձայնվում է վաճառականին անվնաս թողնել, նրան տալ ծաղիկը, հարուստ նվերներ, բայց միայն մի պայմանով, որ նրա աղջիկներից մեկը պետք է ինքնակամ գնա պալատ, որտեղ կապրի պատվով ու ազատ։ Եթե երեք օրվա ընթացքում աղջիկներից մեկը չցանկանա գնալ պալատ, ապա վաճառականն ինքը պետք է վերադառնա, և այդ ժամանակ նա դաժանությամբ մահապատժի կենթարկվի։ Համաձայնվելով և խոստանալով՝ վաճառականը ոսկե մատանի է ստանում. ով մատանին դնի աջ ճկույթին, ակնթարթորեն կհայտնվի այնտեղ, որտեղ ցանկանում է։

Վաճառականը դնում է մատանին և հայտնվում տանը։ Նրա քարավանները ծառաների հետ մտնում էին դարպասներով, և նրանք առաջվանից երեք անգամ շատ ապրանք ու գանձեր էին տանում։ Վաճառականն աղջիկներին է տալիս խոստացած նվերները։ Ավագ աղջիկներն ուրախանում են, իսկ փոքրը լաց է լինում։ Երեկոյան հյուրեր են գալիս, և սկսվում է խնջույքը։ Խնջույքի ժամանակ ինքնիրեն հայտնվում է արծաթե և ոսկե սպասք այնպիսի ուտելիքներով, ինչպիսին տանը չէին էլ տեսել։ Հաջորդ օրը վաճառականն աղջիկներին պատմում է պատահածի մասին և նրանցից յուրաքանչյուրին առաջարկում գնալ հրեշի մոտ։ Ավագ աղջիկները կտրականապես հրաժարվում են մեկնել՝ ասելով, որ այն աղջիկն օգնի հորը, որի համար նա ալվան ծաղիկը բերել է։ Փոքր աղջիկը համաձայնվում է։ Հրաժեշտ տալով հորը՝ դնում է մատանին ու հայտնվում պալատում։

Վաճառականի աղջիկը պալատում ապրում է շքեղության մեջ, և նրա բոլոր ցանկությունները անմիջապես կատարվում են։ Պալատի անտեսանելի տերը հավաստիացնում է, որ նրան իր տիրուհին է համարում, իսկ աղջիկը նրան ի պատասխան քնքուշ խոսքեր է ասում։ Սկզբում նա աղջկա հետ շփվում է կրակե տառերով, որ հայտնվում էին պատի վրա, այնուհետև տաղավարում լսվող ձայնի օգնությամբ։ Աստիճանաբար աղջիկը սովորում է նրա սարսափելի, վայրի ձայնին։ Զիջելով աղջկա համառ խնդրանքներին՝ հրեշը երևում է աղջկան (տալիս է մատանին և թույլ տալիս վերադառնալ, եթե աղջիկը ցանկանում է)։ Շուտով աղջիկը սովորում է և նրա այլանդակ տեսքին։ Վաճառականի աղջիկն ու հրեշն զբոսնում են՝ սիրալիր զրուցելով։ Մի անգամ աղջիկը երազ է տեսնում, որ իր հայրը հիվանդ է։ Պալատի տերն իր սիրելիին առաջարկում է վերադառնալ տուն, բայց զգուշացնում է, որ առանց նրա չի կարող ապրել, այդ պատճռով, եթե նա երեք օրից չվերադառնա, ինքը կմահանա։

Տուն վերադառնալով՝ աղջիկը հորն ու քույրերին պատմում է պալատում անցկացրած իր հիանալի կյանքի մասին։ Հայրն ուրախ է աղջկա համար, իսկ քույրերը նախանձում են նրան ու համոզում չվերադառնալ, բայց աղջիկը չի զիջում նրանց հորդորներին։ Այդ ժամանակ քույրերը ժամը փոխում են, արդյունքում նրանց փոքր քույրն ուշանում է ու հրեշին մահացած գտնում։ Աղջիկը գրկում է հրեշի գլուխն ու գոռում, որ սիրում է նրան որպես ցանկալի փեսացու։ Հենց նա այդ խոսքերն արտասանում է, սկսում է կայծակ խփել, ամպը գոռալ, և երկիրը ցնցվում է։ Վաճառականի աղջիկն ուշաթափվում է, իսկ արթնանալուց հետո տեսնում է, որ գահին նստած է մի գեղեցիկ արքայազնի հետ։ Արքայազնը պատմում է, որ իրեն այլանդակ հրեշ է դարձրել չար կախարդը։ Ինքը հրեշ պետք է մնար այնքան ժամանակ, մինչև կգտնվեր այն գեղեցկուհին (անկախ նրանից, թե ինչ ծագում ու աստիճան ուներ), որը կսիրեր իրեն այլանդակ կերպարանքով և կցանկանար լիներ իր օրինական կինը։ Ինքը հրեշի կերպարանքով ապրել է երեսուն տարի, իր պալատ հրավիրել տասնմեկ գեղեցիկ աղջիկների, բայց նրանցից ոչ մեկն իրեն չի սիրել իր փաղաքշանքների, բարի հոգու համար։ Միայն նա է՝ տասներկուերորդը, սիրել արքայազնին, և որպես պարգև թագուհի է դառնալու։ Վաճառականն օրհնում է նրանց, և նրա աղջիկն ամուսնանում է արքայազնի հետ։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը հեղինակի կողմից գրվել է ժողովրդական լեզվով՝ քնարական, քաղցրահնչյուն զրույցի ոճով[3]։ Օրինակ՝ այն պահը, երբ վաճառականի կրտսեր աղջիկը հարազատների մոտից վերադառնալուց հետո «անտառային գազանին, ծովահրեշին» գտնում է մահացած, նկարագրվում է հետևյալ կերպ.

Նրա պայծառ աչքերը մթնում են, արագաշարժ ոտքերը ծալվում են, նա ծնկի է իջնում, ձեռքերով գրկում իր բարի տիրոջ սպիտակ գլուխը, այլանդակ ու գարշելի գուխը և ճչում աղեկտուր ձայնով. «Վե՛ր կաց, զարթնի՛ր, իմ սրտակից ընկեր, ես սիրում եմ քեզ որպես ցանկալի փեսացու...»

Յուրի Կորինեցը գրում է, որ «յուրօրինակ և ծաղիկների աշխարհում իր սեփական անունը չունեցող ալվան ծաղիկը հեքիաթում, հավանաբար, միակ սիրո հրաշքի խորհրդանիշն է, որ մտնում է մարդկանց կյանք միմյանց համար նախատեսված երկու մարդկանց հանդիպման ժամանակ»[3]։

Սյուժեի աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ակսակովի խոսքերի՝ «Ալվան ծաղիկը» հեքիաթի սյուժեն առաջին անգամ լսել է մառանապետուհի Պելագեայի, երբ մանուկ ժամանակ ուժեղ հիվանդացել էր[4].

Այս հեքիաթը, որը մի քանի տարի շարունակ լսել եմ ավելի քան տասն անգամ, քանի որ այն ինձ շատ էր դուր եկել, այնուհետև ես անգիր սովորեցի և ինքս նրան պատմեցի՝ Պելագեայի բոլոր զվարճասույթների, ծամածռությունների, ախուվախերի և հառաչանքների հետ միասին։ Ես այնքան լավ նրան նմանակեցի, որ, լսելով ինձ, տանը բոլորը ծիծաղում էին։ Իհարկե, ես հետո մոռացա իմ պատմությունը, բայց հիմա՝ իմ հիշողության մեջ վերականգնելով վաղուց անցածը, ես հանկարծակի դեմ առա այս հեքիաթի բեկորներին, շատ բառեր ու արտահայտություններ վերակենդանացան ինձ համար, և ես փորձեցի այն հիշել։ Արևելյան գեղարվեստի, արևելյան կառուցվածքի և շատ, ակնհայտ փոխանցված, հնարներով, պատկերներով արտահայտությունների և մեր ժողովրդական խոսքի տարօրինակ համադրություն, տարբեր հեքիաթասացների հպման հետքեր,— ինձ թվացին ուշադրության արժանի:
Ն. Ա. Բոգատովի նկարազարդում

Հետագայում գրողը զարմացել է «Մանկական ուսումնարան, կամ Բարոյական զրույցներ խելացի ուսուցիչների և տարբեր տարիների անվանի աշակերտուհիների միջև՝ ֆրանսերենով գրված տիկին Լեպրենս դե Բոմոնի կողմից» թարգմանական ժողովածուում տեղ գտած և մանկության տարիներին իրեն անծանոթ մնացած «Գեղեցկուհին և հրեշը» (ֆր.՝ La Belle et la Bete) վերնագրով հեքիաթի սյուժեի հետ ունեցած սերտ նմանության վրա։ Ավելի ուշ Ակսակովը ներկա է գտնվել Կազանի թատրոնի ներկայացանը, որտեղ բեմադրվում էր Ա. Է. Մ. Գրետրիի «Զեմիրա և Ազոր» օպերան, որի լիբրետոն գրվել էր Բոմոնի այդ նույն ստեղծագործության հիման վրա։ Բոմոնն էլ իր հերթին «Գեղեցկուհին և հրեշը» իր հեքիաթի հիմքը փոխ էր առել Գաբրիել Վիլլնյովից՝ ավելացնելով խրատներ և որոշ մանրամասներ։

Լեպրենս դե Բոմոնի հեքիաթը վերարտադրում է հնագույն բանահյուսական մոտիվներ, որոնք արտացոլված են հին հռոմեացի գրող Ապուլեոսի՝ Ամուրի և Պսիքեի մասին հեքիաթում, որը ներառված է «Ոսկե ավանակ» վեպում[5]։ Ռուսական գրականության մեջ Ակսակովից շատ առաջ այն մշակվել է Ի. Բոգդանովիչի կողմից «Հոգյակս» պոեմի մեջ (1778), ինչպես նաև ոճավորված է ռուսական ժողովրդական հեքիաթներում։ Հեքիաթի սյուժեն, որ կախարդված պատանու և անձնազոհ սիրո ուժով նրան փրկած աղջկա մասին է, բանահյուսական ամենատարածված սյուժեներից մեկն է։ Այն հանդիպում է, օրինակ, «Зачарованный царевич», «Заклятой царевич» և «Пёрышко Финиста ясна сокола» ռուսական հեքիաթներում, ինչպես նաև «Уж-царевич и верна жона» ուկրաինական հեքիաթում։ Ներկայումս հայտնի են նմանատիպ սյուժեով 10 ռուսական, 3 ուկրաինական, 2 բելառուսական ժողովրդական հեքիաթներ[6]։

1755 թվականին «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթը ռուսերեն է թարգմանել Խպոնյա Գրիգորևնա Դեմիդովան՝ ուրալյան գործարանների սեփականտեր Գրիգորի Դեմիդովի աղջիկը։ Դեմիդովայի ձեռագրերը կրկնօրինակվել են և ձեռագիր տետրերի տեսքով տարածվել ժողովրդի մեջ։ 1758 թվականին հեքիաթը տպագրվել է Պյոտր Սվիստունովի թարգմանությամբ։ Ֆրանսիական հեքիաթը հայտնի է դարձել Աստրախանում ապրող ռուս հասարակ գեղջկուհի Պելագեյայի շնորհիվ։ Այնտեղ նա ապրել է երկար ժամանակ և ծառայել առևտրական տներում, ինչպես նաև պարսիկ առևտրականների մոտ։ Այնպիսի բառակապակցություններ, ինչպիսիք են «արաբական ոսկի», «արևելյան բյուրեղապակի», «կարմազինե մահուդ», Անտառային գազանի պալատի, ծովային հրաշքի ու նրա այգու, պարսից թագավորի դստեր արդուզարդի նկարագրության, այլահավատ, թուրքական ու հնդկական, ոչ քրիստոնյա» ավազակների հիշատակման մեջ և այլ, հատնվել են ինչպես Պելագեայի, այնպես էլ Ակսակովի շնորհիվ, որը նույնպես ծանոթ էր արաբական ու պարսկական հեքիաթներին։ Հենց Աստրախանում 1770-1790-ական թվականներին Պելագեյան կազմել է իր հեքիաթների ցանկը, որի կազմում, ըստ Ակսակովի, ներառվել են «Աղջիկ թագավորը», «Խենթուկ Իվանը», «Հազարան բլբուլը», «Օձ Գորինիչը» ռուսական հեքիաթները, ինչպես նաև «Հազար ու մի գիշեր» ժողովածուի արևելյան որոշ հեքիաթներ և, վերջապես, «Ալվան ծաղիկը»։ Պելագեյան միանգամայն կարող էր լինել հեքիաթի հենց այս տարբերակի համահեղինակը. նա հիմնական սյուժեն զարդարել է մաքուր ռուսական հեքիաթային մոտիվներով, ժողովրդական խոսքի դարձվածքներով, կատակներով, զվարճասույթներով, առածերով և ասացվծքներով[6]։ Ալվան ծաղիկի ու նրա արևմտաեվրոպական նախատիպի արտաքին ամբողջ նմանության հետ միաժամանակ նրանք ներքին էությամբ տարբեր են։ Ըստ էության՝ գրվել է բոլորովին նոր ստեղծագործություն։

Հրատարակում և ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը տարածված է և հաճախ է ռուսերեն հրատարակվում երեխաների ընթերցանության համար։ Առաջին նկարազարդողը Նիկոլայ Ալեքսեևիչ Բոգատովն է (1854-1935), որը մի քանի սև-սպիտակ նկարներ է ստեղծել «Կախարդական լամպ» ալմանախի համար։ Հայտնի են նաև «Ալվան ծաղիկը» Ֆեդոսկինոյի լաքապատ մանրանկարը՝ Վ. Դ. Լիպիցկու հեղինակությամբ (ծնված 1921 թվականին)։ Այն հանդիպում է արկղիկների նկարազարդման մեջ, ինչպես նաև 1977 թվականին օգտագործվել է ԽՍՀՄ 16 կոպեկանոց նամականիշի ձևավորման մեջ[7]։

1976 թվականին հեքիաթը թարգմանվել է անգլերեն[8]։ Ջեյմս Ռիորդանի թարգմանությունն առանձնանում է բարձր վարպետությամբ և գեղարվեստականությամբ։

Թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ալվան ծաղիկը» – ներկայացում Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում՝ բեմադրված համանուն հեքիաթի հիման վրա (պրեմիերան՝ 1949 թվականի),
  • «Ալվան ծաղիկը» – բալետ Ֆոմա Հարտմանի երաժշտությունով, բեմադրվել է 1907 թվականին Մարիինյան թատրոնում,
  • «Ալվան ծաղիկը» – բալետ Կորչմարյովի երաժշտության համար, առաջին անգամ բեմադրվել է 1949 թվականին Նովոսիբիրսկի թատրոնում։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ալվան ծաղիկը» – ռեժիսոր Լև Ատամանովի մուլտֆիլմը, «Սոյուզմուլտֆիլմ» (1952 թվական),
  • «Ալվան ծաղիկը» – ռեժիսոր Իրինա Պովոլոցկայայի գեղարվեստական ֆիլմ-հեքիաթը, Մ. Գորկու անվան կինոստուդիա (1977 թվական),
  • «Հեքիաթ վաճառականի աղջկա և խորհրդավոր ծաղկի մասին» – ռեժիսոր՝ Վլադիմիր Գրամմատիկով, 1992 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Тимофеевич Аксаков. «Детские годы Багрова-внука». 1858 (сказка «Аленький цветочек» (сказка ключницы Пелагеи))
  2. Н. В. Будур «Сказочная энциклопедия», — М: Олма-Пресс, 2005, С. 12-13. ISBN 5-224-04818-4
  3. 3,0 3,1 Поринец Ю. Ю. Книги, которые читают наши дети, и книги, которые им читать не следует. — СПб: Сатисъ, 2004 — С. 100—102 — ISBN 5-7868-0009-1
  4. Аксаков С. Т. Детские годы Багрова-внука — 1858
  5. Андерсон В. Роман Апулея и народная сказка. Т. 1, — Казань, 1914
  6. 6,0 6,1 Бегунов Ю. Источники сказки С. Т. Аксакова «Аленький цветочек» // Русская литература. 1983. № 1. С. 179—187
  7. Филателия. Каталог почтовых марок СССР 1918—1991 г. / В. Д. Липицкий. «Аленький цветочек». 1969
  8. Progress Publishers A 70802-1209/014(01)-76 107-76

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]