Jump to content

Ալեքսանդր Ստոլետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ստոլետով
Александр Столетов
Ծնվել էհուլիսի 29 (օգոստոսի 10), 1839[1] կամ օգոստոսի 10, 1839(1839-08-10)[1]
Վլադիմիր, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմայիսի 16 (28), 1896 (56 տարեկան), մայիսի 15 (27), 1896[1] (56 տարեկան) կամ մայիսի 27, 1896(1896-05-27)[1] (56 տարեկան)
Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանԿնիազ Վլադիմիրսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունֆիզիկոս, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա[3], էլեկտրամագնիսականություն[3], Ֆեռոմագնիսականություն[3] և Մոլեկուլային ֆիզիկա[3]
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1860) և Ա․ Գ․ Ստոլետովայի անվան Վլադիմիրյան լեզվաբանական գիմնազիա (1856)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Եղել է գիտական ղեկավարԴմիտրի Գոլդգամեր
Հայտնի աշակերտներԱլեքսեյ Սոկոլով, Նիկոլայ Զվորիկին, Վլադիմիր Միխելսոն և Դմիտրի Գոլդգամեր
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան
և Պատվավոր Լեգեոնի շքանշան
 Aleksandr Stoletov Վիքիպահեստում

Ալեքսանդր Գրիգորևիչ Ստոլետով (ռուս.՝ Александр Григорьевич Столетов, հուլիսի 29 (օգոստոսի 10), 1839[1] կամ օգոստոսի 10, 1839(1839-08-10)[1], Վլադիմիր, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 16 (28), 1896, մայիսի 15 (27), 1896[1] կամ մայիսի 27, 1896(1896-05-27)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ռուս ականավոր ֆիզիկոս։

Ֆոտոէֆեկտի հետազոտությունը, որում ձևակերպվեցին ֆոտոէֆեկտի Ստոլետովի օրենքները, նրան համաշխարհային ճանաչում բերեցին։ Ստոլետովը ցույց տվեց ֆոտոէֆեկտը գործնականում կիրառելու հնարավորությունը։

Իր «Փափուկ երկաթը մագնիսացնելու ֆունկցիայի հետազոտությունը» դոկտորական թեզում նա մշակեց ֆերոմագնետիկների հետազոտման եղանակը և որոշեց մագնիսական կորի տեսքը՝ հիստերեզիսը։ Այդ աշխատանքը լայնորեն օգտագործվում էր էլեկտրական մեքենաներ նախագծելիս։

Ստոլետովը մեծ ջանքեր է գործադրել Ռուսաստանում ֆիզիկան զարգացնելու համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ստոլետովը ծնվել է աղքատ վաճառականի, մթերային կրպակի և կաշվի վերամշակման արհեստանոցի սեփականատեր Գրիգորի Միխայլովիչ Ստոլետովի ընտանիքում։ Նրա մայրը՝ Ալեքսանդրա Վասիլիևնան, Տամբովի նահանգի Կասիմով քաղաքի վաճառական Պոլեժաևների ընտանիքից էր։ Լինելով կրթված կին՝ նա ինքն էր նախապատրաստում իր երեխաներին (նրանք վեցն էին) գիմնազիա ընդունվելու համար՝ սովորեցնելով նրանց թվաբանություն և ռուսաց լեզու։ Նրա եղբայրը` Նիկոլայ Գրիգորևիչը, դարձավ ականավոր զորավար։ Ալեքսանդրը կարդալ սովորել է 4 տարեկանում, իսկ ավելի ուշ հետաքրքրություն է ցուցաբերել գրականության նկատմամբ՝ գիմնազիայում սովորելու ընթացքում նա ձեռագիր ամսագիր է հրատարակել[4]։

Ստոլետով եղբայրների տուն-թանգարանը Վլադիմիրով

Սովորել է Վլադիմիրի գիմնազիայում (1849-1856)։ Ոսկե մեդալով գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Կայսերական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը որպես «գանձարանի հաշվին ապրող» ուսանող, որտեղ սովորել է պրոֆեսոր Միխայիլ Սպասկու մոտ[5]]: 1860 թվականին գերազանց գնահատականներով ավարտել է դասընթացը և մնացել համալսարանում՝ պրոֆեսորի կոչման պատրաստվելու համար։

1862 թվականի ամռանից մինչև 1866 թվականի սկիզբը պրոֆեսորներ Սերգեյի և Կոնստանտին Ռաչինսկու կողմից համալսարանին նվիրաբերած հատուկ կրթաթոշակով Ստոլետովը ստաժավորում է անցել արտասահմանում՝ ֆիզիկա պարապելով նախ Հայդելբերգում, ապա Գյոտինգենում (Վիլհելմ Էդուարդ Վեբերի ֆիզիկայի լաբորատորիայում), Բեռլինում (Հայնրիխ Գուստավ Մագնուսի լաբորատորիայում, ունկնդրում էր Գեորգ Հերման Կվինկեի, Դևի, Պալցովի դասախոսությունները), Փարիզի (Սորբոնի համալսարան) և վերջապես, կրկին Հայդելբերգում՝ Գուստավ Կիրխհոֆի լաբորատորիայում։ Իր առաջին գիտական աշխատանքում նա հաստատել է, որ միջավայրի դիէլեկտրական հատկությունները չեն ազդում էլեկտրական հոսանքի հաղորդիչների էլեկտրամագնիսական փոխազդեցության վրա. Կիրխհոֆը նրան անվանեց իր ամենատաղանդավոր աշակերտը[6]։

1866 թվականի փետրվարին Ստոլետովը դասախոսություններ է կարդացել Մոսկվայի կայսերական համալսարանում մաթեմատիկական ֆիզիկայի և ֆիզիկական աշխարհագրության վերաբերյալ։

1869 թվականի փետրվարի 15-ին Մոսկվայի մաթեմատիկական ընկերությունում Ստոլետովը կարդացել է իր մագիստրոսական թեզը. «Էլեկտրաստատիկայի ընդհանուր խնդիրը և դրա փոխարկումը ամենապարզ ձևին» (լիցքերի ուղղորդումը սկզբնական չլիցքավորված փոխարկիչների վրա լիցքավորված փոխարկիչների առկայության պայմաններում և լիցքերի վերաբաշխումը մինչև էլեկտրական հավասարակշռության հասնելը) և 1869 թվականի մայիսին նա փայլուն պաշտպանել է այն, ցույց է տվել խնդրի լուծումը կամայական քանակի փոխարկիչների փոխազդեցության ընդհանուր դեպքի համար։

1869 թվականի հունիսից եղել է ֆիզիկայի ամբիոնի դոցենտ։ 1870 թվականից Ստոլետովի բնակարանում ամեն շաբաթ հավաքվում էին ֆիզիկայի խմբակի անդամները։ 1871 թվականին Ստոլետովը կրկին մեկնել է արտերկիր, որտեղ մնացել է մոտ վեց ամիս՝ աշխատելով Կիրխհոֆի լաբորատորիայում իր դոկտորական ատենախոսության վրա՝ «Երկաթի մագնիսացման ֆունկցիայի հետազոտություն» թեմայով, որը նա պաշտպանել է 1872 թվականի ապրիլին։ Նույն թվականի հունիսին Ստոլետովը հաստատվել է որպես արտակարգ պրոֆեսոր, իսկ 1873 թվականին՝ շարքային պրոֆեսոր։ 1872 թվականին նրա նախաձեռնությամբ և նրա անմիջական մասնակցությամբ կազմակերպվել է Ռուսաստանում ուսումնա-հետազոտական ֆիզիկայի առաջին լաբորատորիան։

Ալեքսանդր Ստոլետով

Ստոլետովը նախաձեռնել է Մոսկվայի Կայսերական համալսարանին կից ֆիզիկայի ինստիտուտի ստեղծումը։ Շարունակաբար ուսումնասիրելով իր սիրած առարկան՝ ֆիզիկան, Ստոլետովը կարողացավ հետաքրքրություն առաջացնել այս գիտության նկատմամբ իր շատ ուսանողների մոտ։ Համալսարանի ֆիզիկայի դասախոսների մեծ մասը նրա ուսանողներն էին։ Նա ուսանողների շրջանում խիստ դասախոսի համարում ուներ, Ֆեոդոր Շլիպպեն հիշում է.

Ստոլետովը հայտնի էր ամեն տեսակի խորամանկ հարցեր տալով, այնուհետև անտարբեր քարե դեմքով նայում էր քննություն հանձնողներին, որոնք հաճախ անխնա ձախողվում էին մեկը մյուսի ետևից։ Հետագայում նշանակվեց երկրորդ քննող դասախոսը, որը դնում էր իր գնահատականը և երկու գնահատականների հարաբերական միջինը համարվում էր վավեր[7]։

1874 թվականին նա հրավիրվում է Քեմբրիջի համալսարանի ֆիզիկայի լաբորատորիայի բացման տոնակատարություններին։ 1876 թվականին նա անցկացրել էր մի շարք փորձեր՝ էլեկտրամագնիսական և էլեկտրաստատիկ միավորների հարաբերակցության արժեքը չափելու նպատակով և ստացել լույսի արագությանը մոտ արժեք։ Համալսարանում նա կազմակերպել էր ֆիզիկոսների ստուգազրույց-խմբակ։

1881 թվականից եղել է իսկական պետական խորհրդական։ 1882 թվականին նշանակվել է Մոսկվայի Կայսերական համալսարանի փորձարարական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1889 թվականին նա հրատարակում է «Ակտինո-էլեկտրական հետազոտություն» հիմնարար աշխատությունը, որտեղ նկարագրել է ֆոտոէլեկտրական էֆեկտի օրինաչափությունները (Ստոլետովի օրենք)՝ դեռևս չիմանալով էլեկտրոնների գոյության մասին[8]։ 1891 թվականին ստանում է Մոսկվայի կայսերական համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում։ Ստոլետովի ինչպես զուտ գիտական, այնպես էլ գրական բոլոր աշխատանքներն առանձնանում են մտքի և կատարման ուշագրավ նրբագեղությամբ։ Համալսարանում պարապմունքներից բացի, Ստոլետովը որոշակի ժամանակ էր տրամադրում նաև Բնագիտության սիրահարների ընկերությունում և Կիրառական գիտությունների թանգարանում աշխատանքներին։ Մի քանի տարի նա եղել է Բնագիտության սիրահարների ընկերության ֆիզիկայի բաժնի նախագահը և Պոլիտեխնիկական թանգարանի ֆիզիկայի բաժնի տնօրենը։ Գրեթե ամեն ամառ անցկացնելով արտերկրում ՝ Ստոլետովը հնարավորություն ունեցավ ծանոթանալու արևմտաեվրոպական բոլոր նշանավոր ֆիզիկոսներին, որոնց հետ նա մշտական կապեր էր պահպանում։ Նա նաև մասնակցել է միջազգային համագումարների, 1889 թվականին ընտրվել է Փարիզի Էլեկտրիկների 2-րդ միջազգային համագումարի փոխնախագահ։

Ստոլետովը բազմաթիվ ռուսական և օտարերկրյա գիտական ընկերությունների անդամ էր` Բնագիտության սիրահարների ընկերության, Կիևի ֆիզիկամաթեմատիկական ընկերության, Կիևի բնագետների ընկերության, Մոսկվայի մաթեմատիկական ընկերության, Ռուսաստանի ֆիզիկաքիմիական ընկերության, Փարիզյան Société française de physique-ի պատվավոր անդամ, Paris Société internationale des électriciens-ի հիմնադիր անդամ և թղթակից, Լոնդոնյան Institution of Electrical Engineers օտարերկրյա անդամ։ Ստոլետովը նաև Սուրբ Վլադիմիրի Կիևի համալսարանի պատվավոր անդամ էր։ Բացի գիտությունից, Ստոլետովը հետաքրքրվում էր գրականությամբ և արվեստով։ 1893 թվականին երեք ակադեմիկոսներ՝ Չեբիշևը, Բրեդիխինը և Բեկետովը, երաշխավորեցին Ստոլետովին առաջադրվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ։ Սակայն, ակադեմիայի նախագահ, Մեծ իշխան Կոնստանտինը մերժեց առաջադրումը։ Հաջորդ տարի նա մասնակցում է Բնախույզների և բժիշկների IX համագումարի ֆիզիկայի բաժամունքի կազմակերպմանը՝ գերազանց կազմակերպելով այդ բաժամունքի ցուցադրական նիստերը։

Ստոլետովը մահացել է թոքաբորբից 1896 թվականին մայիսի 16-ին Մոսկվայում[9]։ Թաղված է Վլադիմիրում, իշխան Վլադիմիրի (հին) գերեզմանատանը[10]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատանքները էլեկտրամագնիսականության, օպտիկայի, մոլեկուլյար ֆիզիկայի բնագավառներում։

  • Նա առաջինն էր, ով ցույց տվեց, որ մագնիսացնող դաշտի ավելացմամբ երկաթի մագնիսական զգայունությունը նախ մեծանում է, իսկ հետո առավելագույնին հասնելուց հետո նվազում է (1872)։
  • Նա պատկերել է ֆերոմագնիսի մագնիսական թափանցելիության կորը (Ստոլետովի կոր)։
  • Նա նյութերի մագնիսական չափումների երկու մեթոդների հեղինակ էր (փակ մագնիսական շղթայով տորոիդի մեթոդ և մագնիսականացման բալիստիկ չափում)։
  • Նա մի շարք փորձեր է կատարել էլեկտրամագնիսական և էլեկտրաստատիկ միավորների հարաբերակցության արժեքի չափման նպատակով և ստացել է լույսի արագությանը մոտ արժեք (1876)։
  • Հայտնագործել է ֆոտոէլեկտրական էֆեկտի երեք օրենք[11]։
  • Իրականացրել է մի շարք աշխատանքներ արտաքին ֆոտոէլեկտրական էֆեկտի ուսումնասիրության վերաբերյալ, որը հայտնաբերվել էր 1887 թվականին Գ. Հերցի (1888-1890) կողմից։
  • Նա ստեղծել է առաջին ֆոտոմարտկոցը, որը հիմնված է արտաքին ֆոտոէլեկտրական ազդեցության վրա։ Դիտարկել է ֆոտոհոսանքի իներցիան և դրա հետաձգումը գնահատել 0.001 վայրկյան։
  • Հայտնաբերել է ֆոտոհոսանքի ուժի անմիջական համամասնական կախվածությունը ֆոտոկաթոդի վրա լույսի անմիջական ազդեցությունից (արտաքին ֆոտոէֆեկտի առաջին օրենք, Ստոլետովի օրենք)։
  • 1889 թվականին Վ. Գալվակսի հետ համատեղ բացահայտել է ժամանակի ընթացքում ֆոտոմարտկոցի զգայունության նվազման երևույթը (ֆոտոէլեկտրական հզորության նվազման երևույթ)։
  • Հանդիսանում է Ֆոտոէլեկտրական էֆեկտի ուսումնասիրության քանակական մեթոդների հիմնադիրը։
  • Լույսի ինտենսիվության ֆոտոէլեկտրական կառավարման մեթոդի հեղինակ։
  • Հետազոտել է գազի ոչ ինքնուրույն արտանետումը։
  • Բացահայտել է էլեկտրական դաշտի լարվածության և գազի ճնշման հարաբերակցության կայունությունը (Ստոլետովի հաստատուն)։
  • Իրականացրել է մի շարք աշխատանքներ նյութի կրիտիկական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ (1892-1894)։

1877 թվականին պարգևատրվել է Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով, 1885 թվականին՝ Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով, 1889 թվականին՝ Սուրբ Ստանիսլաուսի 1-ին աստիճանի շքանշանով[12]։ 1882 թվականին նրան շնորհվել է Ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշան։ 1884 թվականին պարգևատրվել է մեդալով Բնական գիտությունների, մարդաբանության և բնագիտության սիրահարների ընկերության կողմից, Մոսկվայի պոլիտեխնիկական թանգարանի գործունեությանը քժանդակելու համար։

  • Ստոլետովի անունով են կոչվում նախկին ԽՍՀՄ մի շարք քաղաքների փողոցներ։
  • Վոլգոգրադի Կրասնոարմեյսկի շրջանում կա պողոտա և հրապարակ Ստոլետովի անունով։
  • Ստորետովի հուշարձանը (1953, քանդակագործ՝ Ս. Ի. Սելիխանով) կանգնեցվել է Վորոբյովի Գորիում Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի շենքի դիմաց։
  • Ստոլետով անունն է կրում Լուսնի հակառակ կողմումգտնվող խառնարաններից մեկը։
  • 2009 թվականից Վլադիմիրի պետական համալսարանը կոչվում է Ստոլետովի անունով։
  • Ռուսաստանի գիտությունների ակադեմիան շնորհում է Ստոլետովի անվան մրցանակ ֆիզիկայի բնագավառում կատարած նշանակալի աշխատանքների համար[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Столетов Александр Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Н.С.Рукк. «Великие физики. Александр Столетов». alhimik.ru. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «Кононков А. Ф. Михаил Фёдорович Спасский — видный русский физик и метеоролог XIX века. (К 150-летию со дня рождения и 100-летию со дня смерти) // Успехи физических наук. —1959 г. — т. LXVIII. — вып.4. — С. 731—734» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. Кропоткин, Андрей Михайлович Легенды янтарного края. — Калининград: Живём, 2018. — С. 202. — 463 с. — ISBN 978-5-903400-61-4
  7. Автобиографические записки
  8. Датой открытия электрона считается 1897 год, а объяснение фотоэффекта было дано Эйнштейном с позиций квантовой теории в 1905 году, уже после смерти Столетова.
  9. А. Г. Столетов (некролог), 1896, էջ 141
  10. Юрий Борисов. «Столетов Александр Григорьевич (1839—1896)». Могилы знаменитостей и людей, оставивших след в истории.
  11. [ns.tpu.ru/POSOBIE_FIS_KUSN/Квантовая оптика. Атомная и ядерная физика. Физика элементарных частиц/02-2.htm «Законы внешнего фотоэффекта»]. ens.tpu.ru. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  12. Столетов Александр Григорьевич // Список гражданским чинам четвертого класса. Исправлен по 1-е февраля 1890 года. — СПб.: Типография Правительствующего сената, 1890. — С. 450.
  13. Премия имени А. Г. Столетова
  • Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Лазарев П. П. А. Г. Столетов, Н. А. Умов, П. Н. Лебедев, Б. Б. Голицын. — Ленинград: Хим.-техн. изд., 1927.
  • «Ալեքսանդր Ստոլետով». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Грязнов А. Ю., Сысоева Е. К. СТОЛЕТОВ Александр Григорьевич // А. Ю. Андреев, Д. А. Цыганков Императорский Московский университет: 1755—1917 : энциклопедический словарь. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2010. — С. 690—692. — ISBN 978-5-8243-1429-8.
  • А. Г. Столетов (некролог) // «Вестник опытной физики и элементарной математики». — 1896. — В. 234, XX семестр. — № 6. — С. 141—142.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ստոլետով» հոդվածին։