Ալեքսանդր Սպենդիարյանի տուն (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Հիմնադրված է1881
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն (ռուս.՝ Дом Александра Спендиарова), տուն Ղրիմի Յալթա քաղաքի Եկատերինայի փողոց, 3 հասցեով։ Կառուցվել է 1881 թվականին։ Հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սպենդիարյանի Յալթայի տունը Պոմպեյի տներից մեկի պատճենն է։ Դա քարե ուղղանկյունաձև շենք է, որը ձգվում է փողոցի երկայնքով, ներքին բակով։ Հարավային կողմից մեկհարկանի է, հյուսիսայինից՝ երկհարկանի։ Ամբողջ տունը պարփակվում է կարիատիդներով լոջիան՝ Աթենքի Ակրոպոլիսի Էրեքթեոնի տաճարի նախամուտքի պատճենը։ Տունը կառուցվել է 1881 թվականին՝ Գուստավ Շրայբերի նախագծով կալվածատեր Վալերիան Պուկալովի համար։

1971 թվականի դեկտեմբերի 28-ին, կոմպոզիտորի հարյուրամյակի օրը, Յալթայի նրա տան ճակատին փակցվել է ռուսերեն և հայերեն մակագրությամբ հուշատախտակ։

Ներկայում շենքում տեղակայված է Յալթայի ճամփորդական և էքսկուրսիոն բյուրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ արխիվային փաստաթղթերի՝ Եկատերինայի փողոց, 3 հասցեի տունը 1885-1886 թվականներին պատկանել է Վալերիան Պլատոնովիչ Պուկալովին։

1899 թվականին տունը գնում է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հայրը՝ Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց)։ Նրա պատվերով ճարտարապետ Նիկոլայ Կրասնովը վերակառուցում է այն. տան հիմնական մասին կցակառուցվում է նեոհունական ոճով առանձնատուն, որի ճակատը հիշեցնում է Աթենքի Ակրոպոլիսի Էրեքթեոնի տաճարը։

Շուտով Ստեփանոս Սպենդիարյանցը տունը նվիրում է որդուն՝ հայ դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանին։

Տան բակային տարածքը զբաղեցնում էր 472 քառակուսի սաժեն մակերես և 1913-1914 թվականներին երեք կառույցների հետ գնահատվում էր 113 հազար ռուբլի ոսկով։

1916 թվականին Սպենդիարյանը հողը և շինությունները վաճառում է Լ. Ս. Բորյուին, որոնք ազգայնացվում են 1920-ական թվականների սկզբին։

Դրանից հետո տանը տեղակայված էր Մայիսի 1-ի անվան ակումբը, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ առողջապահության աշխատողների ակումբը։

1927 թվականի Ղրիմի երկրաշարժի հետևանքով շենքը լուրջ վնասվել է. պատերին հայտնվել են բազմաթիվ ճաքեր, ջարդվել են գրիֆոնների և հին հունական փիլիսոփաների քանդակները, կարիատիդները։ Պատերազմի ժամանակ շենքը ենթարկվել է լրացուցիչ ավերածությունների։ 1971 թվականին հրդեհի հետևանքով տուժել է սենյակների և կողաշենքի ձևավորումը։

1980 թվականին առանձնատունը ճանաչվել է հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան։ 1980-ական թվականներին տան մի մասը (հրդեհից կիսաքանդված երեքհարկանի կողաշենքը) հանձնվել է Յալթայի ճամփորդական և էքսկուրսիոն բյուրոյին՝ հիմնանորոգման և ամբողջական վերականգնման համար։

Ներկայում ամբողջությամբ վերականգնվել են շենքի վերին հարկը՝ կարիատիդների քանդակներով, և տան այդ հատվածի ներսույթը։ Նախագծի հեղինակներն են Գ. Ն. Շկատուլան, Օ. Ա. Գրաուժիսը, Ս. Ս. Շտուկովը։

Տան այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սպենդիարյանի Յալթայի տունը երաժշտական մշակույթի կենտրոն էր։ Այստեղ գալիս էին ժողովրդական երգիչներ և երաժիշտներ՝ կոմպոզիտորներ Ն. Ն. Ամանին, Ա. Ս. Արենսկին, Ֆ. Մ. Բլումենֆելդը, Վ. Ի. Ռեբիկովը, Ց. Ա. Կյուին, Ն. Ն. Չերեպնինը, Ա. Տ. Գրեչանինովը, դերասաններ Ֆ. Ի. Շալյապինը, Ե. Կ. Մռավինան, Ե. Ի. Զբրուևան, նկարիչներ Գ. Գ. Մյասոեդովը, Ս. Դ. Մերկուրովը, Վ. Հ. Սուրենյանցը։ Երկար ժամանակ Սպենդիարյանին հյուրընկալվել է Ա. Կ. Գլազունովը։

Ալեքսանդր Սպենդիարյանին այցելել են նաև Մ. Գորկին, Ս. Ա. Նայդյոնովը, Ա. Հ. Ծատուրյանը, Ս. Վ. Ռախմանինովը։

1916 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանը տեղափոխվում է Սուդակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]