Էրեքթեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրեքթեոն
Ἐρέχθειον
Erechtheum Acropolis Athens.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակհին հունական տաճար և հնագիտական հուշարձան
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունԱթենյան Ակրոպոլիս[1]
Մասն էԱթենյան Ակրոպոլիս
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն և գրանցված հնագիտական տարածք Հունաստանում
ՆվիրվածԱթենաս, Պոսեյդոն և Զևս
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետՄնեսիկլես և Ֆիդիաս
Ճարտարապետական ոճՀին Հունաստանի ճարտարապետություն և Հոնիական օրդեր
Շինանյութpentelic marble?
Կոորդինատներ: 37°58′19.500000098812″ հս․ լ. 23°43′35.500000100797″ ավ. ե. / 37.97208333336077857° հս․. լ. 23.72652777780577793° ավ. ե. / 37.97208333336077857; 23.72652777780577793

Էրեքթեոն (հին հուն․՝ Ἐρέχθειον), Հին Հունաստանի նշանավոր կոթողներից, Աթենքի գլխավոր տաճարներից մեկը։ Գտնվում է Աթենքի Ակրոպոլիսում, Պարթենոնից հյուսիս։ Կառուցվել է մ. թ. ա. 421 - 406 թվականներին, նվիրված է եղել Աթենաս-Պալլասին, Պոսեյդոնին և Աթենքի լեգենդար արքա Էրեքթեոնին։

Այն ունի առանձնահատուկ ասիմետրիկ կառուցվածք։ Համարվում է սրբազան վայր, որտեղ տեղի են ունեցել կրոնական մի շարք արարողություններ՝ նվիրված աստվածուհի Աթենաս-Պալլասին։ Տաճարի արևմտյան հատվածը նվիրված է եղել Աթենաս-Պալլասին, որտեղ էլ պահվել է աստվածուհու հնագույն արձանը։ Աթենքի հնագույն տաճարներից շատերի նման, սա նույնպես բազմիցս ավերվել է ու վերակառուցվել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակրոպոլիսի գագաթին տաճարի կառուցումն սկսվում է Պերիկլեսի մահից հետո մ. թ. ա. 421 թվականին և ընդհատումներով շարունակվում է մինչև մ. թ. ա. 406 թվականը։ Գլխավոր ճարտարապետ է ընտրվում Մնեսիկլեսը, որի գլխավորությամբ էլ կատարվում են տաճարի շինարարական աշխատանքները։

Ակրոպոլիսն այն երեք բլուրներից մեկն է, որի վրա կառուցվել է Աթենք հնագույն քաղաքը։ Բլրի գագաթին գտնվում էր քարե մի ժայռ, որը բավականաչափ հարմար էր որևէ ամրություն կառուցելու համար։ Հենց այստեղ էլ աթենացիների կողմից կառուցվում է ամրոց դեռ մեկենական դարաշրջանում։ Հզոր պատերի ներսում գտնվում էին աթենացի առաջին արքաների կացարանները։ Հենց նույն տեղում Ակրոպոլիսի հյուսիսային մասում աթենացիները կառուցում են օթևանին կից տաճար նվիրված Աթենաս աստվածուհուն՝ քաղաքի հովանավորուհուն, որտեղ պահպանվում էին աստվածների սուրբ նվերները՝ Պոսեյդոնի աղբյուրն ու Աթենասի ձիթենու ծառը։

Տաճարի կառուցման վայրը պատահական չի ընտրվում։ Դեռ վաղուց քաղաքի բնակիչների համար այդ վայրը համարվում էր ամենասուրբ վայրը։ Այդտեղ էր գտնվում քաղաքի հիմնադիր արքայի՝ Կեկրոպի գերեզմանը, այդտեղ էր տեղի ունեցել Աթենասի ու Պոսեդյդոնի վիճաբանությունը՝ քաղաքի հովանավորությունն ստանձնելու համար, այդտեղ էր բնակվել աթենացի լեգենդար արքա Էրեքթևսը, որը Ակրոպոլիսում կառուցել էր Աթենասին նվիրված առաջին տաճարը։ Նա եղել է Հեֆեստ աստծո ու Գեա աստվածուհու որդին, որի ծնունդը նկարագրել է Հոմերոսը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեքթեոնն արտասովոր ճարտարապետական լուծումներ ունի, որը բնորոշ չէ անտիկ դասական դարաշրջանի տաճարներին։ Հիմնական կառույցը բաժանված է տարբեր հարթությունների վրա գտնվող երկու ասիմետրիկ հատվածների[2]։ Դրա արևելյան մասը, որն առանձին մուտք ունի, նվիրված է քաղաքի հովանավոր աստվածուհի Աթենասին[3][4][4]։ Ներսում՝ խորանի մոտ, գտնվել է աստվածուհու փայտե արձանը, որը, համաձայն առասպելի, ընկել էերկնքից։

Տաճարի արևմտյան մասում, որն ունի երեք մուտք և գտնվում է արևելյան հատվածից երեք մետր ավելի ցածր հարթության վրա, գտնվել են Հեֆեստ և Պոսեյդոն աստվածների, ինչպես նաև Էրեքթևս արքայի եղբոր՝ Բուտասի, որը եղել է Աթենասի առաջին քուրմը, խորանները։ Այս հատվածի գլխավոր մուտքը եղել է հյուսիսային կողմից և կառուցված է եղել վեց սյունից բաղկացած սյունասրահի տեսքով։ Դրա ներսում գտնվել է Պոսեյդոնի սուրբ աղբյուրը՝ աղի ջրով։ Ավելի ներքևում՝ փոքրիկ բակում, գտնվում է Զևսի խորանը։ Նույն տեղում՝ ժայռի վրա եղել են ծովերի աստված Պոսեյդոնի եռաժանու հետքերը, որով էլ նա ստեղծել է այդ սուրբ աղբյուրը։ Դրա կողքին էլ եղել են Զևսի շանթերի հետքերն ու Էրեքթեոնի գերեզմանը։

Տաճարի հարավային կողմից հնարավոր էր դուրս գալ պատշգամբ, որի տանիքը պահում էին վեց կարիատիդների (սյունարձան՝ կանգնած կնոջ կերպարանքով) քանդակներ[5]։ Տաճարի կենտրոնական մուտքը տանում էր տաճարին կից բակ, որտեղ գտնվում էր Աթենասի նիզակից աճած լեգենդար ձթենին[6]։ Նույն այդ բակից կարելի էր դուրս գալ Կեկրոպ արքայի գերեզման, որը գտնվել է տաճարի արևմտյան հատվածի սալիկների տակ։

Կարիատիդների սյունասրահը տաճարի ամենանշանավոր հատվածներից է։ Կարիատիդները եղել են Արտեմիս աստվածուհու քրմուհիները։ Արտեմիսիսն նվիրված տոնախմբություններին նրանք պարում էին ավանդական պարեր՝ գլուխների վրա պահելով լիքը լցված զամբյուղներ։ Կարիատիդների հինգ արձանները պահվում են Ակրոպոլիսի թանգարանում, վեցերորդը՝ Բրիտանական թանգարանում[7][8][9]։ Էրեքթեոն տաճարը, որի կառուցողական աշխատանքերն ավարտվում են մ․թ․ա․ 406 թվականին, հետագայում պարբերաբար վերակառուցվել է։ Վաղ քրիստոնեական ժամանակաշրջանում այնտեղ եղել է Սուրբ Աստվածամոր եկեղեցի[10], ֆրանկների ներխուժման ժամանակաշրջանում՝ դուքսի պալատ, թուրքական տիրապետության ժամանակաշրջանում՝ հարեմ։ XVII դարում այն վնասվում է Պարթենոնի պայթյունի հետևանքով։ Տաճարը մեծ վնասներ է կրում նաև լորդ Էլջինի կողմից իրականացված բարբարոսական թալանի հետևանքով, որն իր հետ Լոնդոն է տանում Ակրոպոլիսի արվեստի լավագույն նմուշները, և մինչև այսօր հունական կառավարությունը չի կարողանում վերադարձնել արվեստի գանձերը։

Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույն-պարսկական պատերազմների ընթացքում ակրոպոլիսական բոլոր տաճարներն ավերվում և հրի են մատնվում[11]։ Պարսիկներին Հունաստանից վտարելուց հետո աթենացի կառավարիչ Պերիկլեսն ու նրա ընկերը՝ քանդակագործ Ֆիդիասը մշակում են հնագույն սրբապատկերները վերականգնելու ծրագիր։ Նրանք որոշում են ոչ թե վերականգնել ավերված տաճարները, այլ դրանց փոխարեն կառուցել նորերը։ Կառուցողական աշխատանքների գլխավոր պայմանը բոլոր սրբատեղերի ու մասունքների խնամքով պահպանումն էր։

Կառուցողական աշխատանքներն ընթանում են փուլերով, քանի որ դրան ուղղված միջոցները տրվում էին քաղաքային գանձարանից, ինչը խիստ սահմանափակ էր, իսկ վերականգնման ենթակա էին ավերված բազմաթիվ օբյեկտներ։

Առաջինը կառուցվում է համալիրի կենտրոնական տաճարը՝ Աթենասի տաճար Պանթեոնը, որը դառնում է դասական ճարտարապետության նմուշ։

Իր կառավարման տարիներին Էրեքթևսը դառնում է աթենացիների սիրելի արքան։ Էլևսին քաղաքի հետ կրոնական պատերազմի ընթացքում, որի բնակիչները երկրպագում էին Դեմետրա աստվածուհուն, նա սպանում է քաղաքի կառավարիչ Էվմոլպոսին՝ Պոսեյդոնի որդուն։ Զայրացած Պոսեյդոնի հորդորով Զևսը շանթահարում է Էրեքթևսին։ Լեգենդի համաձայն՝ Ակրոպոլիսում մնացել է կայծակի հարվածի հետքը, որը կոտրել է մարմարե մի քանի սալիկներ։ Սգացող աթենացիները արքային թաղում են այդ վայրում և համաստեղություններից մեկն անվանում են ի պատիվ վերջինիս։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пучков, Андрей Александрович․ Эрехтейон и его кариатиды: Идио-номографический этюд / ИПСИ АИУ. — Киев: Изд. дом А+С, 2008. — 108 с. — ISBN 966-8613-38-4.
  • Charles Weller (1913) Athens and Its Monuments, Macmillan Publishers․
  • G. P. Stevens and J. M. Paton (1927) The Erechtheum.
  • I. T. Hill (1953) The Ancient City of Athens.
  • Pausanias (geographer)․
  • J. J. Pollitt, Art and Experience in Classical Greece, Cambridge University Press. ISBN 0-521-09662-6

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.
  2. Бартенев И. А., Батажкова В. Н. Очерки истории архитектурных стилей. — М.: Изобразительное искусство, 1983. — С. 32. — 264 с.
  3. Jeffrey M. Hurwit (1999)։ The Athenian Acropolis: History, Mythology, and Archaeology from the Neolithic Era to the Present։ CUP Archive։ էջեր 200–։ ISBN 978-0-521-41786-0։ Վերցված է 24 July 2012 
  4. 4,0 4,1 Hellenic Ministry of Culture and Tourism
  5. Lesk (2004) A Diachronic Examination of the Erechtheion and Its Reception - erechtheion.org
  6. Emily Mieras and Alexandra M. Tyler (1990)։ Let's Go: The Budget Guide to Greece։ New York : St. Martin's Press։ էջ 50։ Վերցված է 6 October 2015 
  7. Robert Emmet Meagher, Elizabeth Parker Neave (22 October 2007)։ Ancient Greece: An Explorer's Guide։ Interlink Books։ էջեր 242–։ ISBN 978-1-56656-682-7։ Վերցված է 24 July 2012 
  8. «Safely transferred... - News - ekathimerini.com»։ ekathimerini.com 
  9. Pegasus Interactive։ «Δίπλα στην... κλεμμένη αδελφή της»։ ethnos.gr 
  10. Hellenic Ministry of Culture and Tourism "In the Early Christian period it was converted into a church dedicated to the Theotokos (Mother of God)"
  11. Robert Garland (1992)։ Introducing New Gods: The Politics of Athenian Religion։ Cornell University Press։ էջեր 175–։ ISBN 978-0-8014-2766-4։ Վերցված է 24 July 2012