Ալետտա Յակոբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալետտա Յակոբս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1854(1854-02-09)[1][2]
ԾննդավայրSappemeer[3]
Մահացել էօգոստոսի 10, 1929(1929-08-10)[1][2] (75 տարեկան)
Մահվան վայրԲարն, Ուտրեխտ, Նիդերլանդներ[3]
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն[3]
Ազգությունհրեա
Մայրենի լեզուհոլանդերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունԳրոնինգենի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, ֆեմինիստ, սուֆրաժիստ, հակապատերազմային ակտիվիստ և խմբագիր
ԱմուսինCarel Victor Gerritsen?
ԱնդամությունԽաղաղության և ազատության կանանց միջազգային միություն և Հարատև խաղաղության կանանց միջազգային կոմիտե
Aletta Jacobs Վիքիպահեստում

Ալետտա Յակոբս (հոլ.՝ Aletta Henriëtta Jacobs, փետրվարի 9, 1854(1854-02-09)[1][2], Sappemeer[3] - օգոստոսի 10, 1929(1929-08-10)[1][2], Բարն, Ուտրեխտ, Նիդերլանդներ[3]), հոլանդացի բժիշկ, թարգմանիչ և սուֆրաժիստ: Հոլանդական համալսարանն ավարտած առաջին կինը և առաջին կին բժիշկը Նիդեռլանդներում: 1882 թվականին հիմնադրել է աշխարհի առաջին ծննդաբերության հսկողության կլինիկան: Յակոբսը եղել է ինչպես հոլանդական, այնպես էլ կանանց միջազգային շարժումների առաջատար ակտիվիստ: Քարոզչություն է իրականացրել` ուղղված մարմնավաճառության կանոնակարգերի հեռացմանը, կանանց աշխատանքային պայմանների բարելավմանը, խաղաղության խթանմանը և կանանց ընտրական իրավունքի ճանաչմանը: Կարևոր դեր է խաղացել Խաղաղության և ազատության կանանց միջազգային միության ստեղծման գործում, եղել է խաղաղության շարժման ակտիվ մասնակից: Նա միջազգային ճանաչում է ստացել կանանց իրավունքների և կարգավիճակի գործում ունեցած ներդրման համար:

Կանայք Հաագայում միջազգային կոնգրես, 1915: Ձախից աջ՝ 1. Լյուսի Թումայան՝ Հայաստան, 2. Լեոպոլդինա Կուլկա 3. Լաուրա Հյուզ՝ Կանադա, 4. Ռոսիկա Շվիմեր՝ Հունգարիա, 5. Անիկա Ասպուրգ՝ Գերմանիա, 6. Ջեյն Ադամս՝ ԱՄՆ, 7. Էուժեն Համեր 8. Ալետտա Յակոբս՝ Նիդեռլանդներ, 9. Կրիստալ Մակմիլան՝ ՄԹ, 10. Ռոսա Ջենոնի՝ Իտալիա, 11. Աննա Կլեման՝ Շվեդիա, 12. Թորա Դոգաարդ՝ Դաբիա, 13. Լուիզա Կելաու՝ Նորվեգիա

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալետտան ծնվել է 1854 թվականին, հոլանդական փոքրիկ գյուղում: Նա տասներկու երեխաներից ութերորդն էր: Հայրը հարգված բժիշկ էր, Ալետտան նրանից էր ընդօրինակել բժշկության հանդեպ սերը: Հայրը հաճախ էր նրան տանում իր հետ աշխատելու, և Ալետտան հետևում էր, թե ինչպես է նա օգնում հիվանդներին: Դա էլ նրան ոգեշնչեց գնալ հոր հետքերով: Բացի այդ, հայրը նրան սովորեցրել է լատիներեն, հունարեն, մաթեմատիկա և քիմիա, գիտություններ, որոնցով այդ ժամանակ Նիդեռլանդներում զբաղվում էին բացառապես տղամարդիկ: 1867 թվականին Ալետտան հաջողությամբ ավարտել է տարրական դպրոցը, բայց այդ ժամանակ աղջիկներին Սապեմերում (նրա հայրենի քաղաքը) ավագ դպրոց չէին ընդունում: Դա չկանգնեցրեց Ալետտային, նա շարունակեց ինքնուրույն սովորել և 1870 թվականին հանձնեց քննություն, որը նրան իրավունք տվեց աշխատել որպես քիմիական լաբորատորիայի ասիստենտ: Դրանից հետո նա նամակ է գրել Նիդեռլանդների նախարար, լիբերալ Յոհան Ռուդոլֆ Տորբեկեին՝ խնդրելով թույլ տալ ընդունվել համալսարան: Տորբեկեն պատասխան նամակ է գրել Ալետտայի հորը՝ Աբրահամ Յակոբսին, որում նա պաշտոնական թույլտվություն է տալիս հաճախել Գրոնինգենի համալսարան:

Ալետտան պատասխանատվությամբ և լավատեսությամբ էր վերաբերվում կրթությանը: 1879 թվականի մարտի 8-ին նա դարձավ առաջին հոլանդացի կինը, ով ստացավ բարձրագույն բժշկական կրթություն և մեկ տարի անց ստացավ բժշկի կոչում:

Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկի կոչում ստանալուց հետո Ալետտան ոգևորությամբ սկսեց զբաղվել բժշկական գործունեությամբ: Հիվանդների հետ շփվելիս նա տեղեկացավ խտրականության մասին, որի հետ առնչվում էր ամեն օր: Շուտով նա իմացավ կանանց անարգել առևտրի և կավատության մասին: Իր հիվանդներին պաշտպանելու նպատակով, նրանց տալիս էր հակաբեղմնավորիչ միջոցներ, որպեսզի նրանք խուսափեն հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից: 14 տարի շարունակ, շաբաթը մի քանի անգամ, Ալետտան անվճար խորհրդատվություն էր տրամադրում մարմնավաճառ կանանց, աղքատներին և երեխաներին: Նա մարդկանց սովորեցնում էր հիգիենայի և երեխաների խնամքի հիմունքները: Նա նաև աշխատում էր դիաֆրագմայի (կանանց հակաբեղմնավորիչ միջոց) բարելավման ուղղությամբ: Այս գաղափարը ցնցեց հանրությանը և նրան մեղադրեցին, որ դեմ է գնում մարդկային կյանքին: Ալետտան գրել է, որ «քննադատության ամենադժվար մասը կապված էր, հատկապես նրա հետ, ինչը լսեցի իմ եղբայր Սեմի բերանից»: Խոսելով կանանց վերարտադրողական և սեռական իրավունքների մասին, Յակոբսն ուշադրություն չդարձնելով քննադատությանը` անվճար կլինիկա բացեց խոցելի վիճակում գտնվող կանանց համար: Նա ստեղծեց ընտանեկան պլանավորման առաջին կենտրոնը Նիդեռլանդներում: Ի թիվս այլ բաների, Ալետտան պայքարում էր կանանց աշխատանքի պայմանների բարելավման համար: Այդ ժամանակ Նիդեռլանդներում խանութի աշխատակցուհիները ստիպված էին 10 ժամ ոտքի վրա կանգնել, ինչը հանգեցնում էր առողջական խնդիրների, այդ թվում գինեկոլոգիական: Ալետտան պնդում էր, որ կանանց տրամադրեն նստարաններ, որոնց վրա նրանք պետք է հանգստանան ընդմիջումների ժամանակ: Տասնամյակներ անց, հարցը կարգավորվում էր օրենքով:

Յակոբսի գործունեությունը թույլ տվեց ընկերներ ձեռք բերռլ համաժողովրդական արհմիության անդամների մեջ, որոնց առաջնորդն առաջարկեց հատկացնել տարածքներ, որտեղ հնարավոր կլինի հանրային դասախոսություններ անցկացնել հիգիենայի, երեխաների խնամքի և մայրության վերաբերյալ: Աշխատելով հիվանդների հետ՝ Ալետտան ականատես եղավ հսկայական անարդարության, ինչը նրան դրդեց սոցիալական ակտիվության և սուֆրաժիզմի:

Սուֆրաժիստական շարժում և ակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտորական աստիճան ստանալուց հետո Յակոբսը տեղափոխվում է Լոնդոն և սկսում է հաճախել ֆեմինիստների և վերարտադրողական իրավունքների ու համընդհանուր ընտրական իրավունքի համար պայքարող ակտիվիստների հանդիպումներին:

1887 թվականին նա ակտիվորեն ընդգրկվում է սուֆրաժիստական շարժման մեջ, միանալով Կանանց միջազգային դաշինքին, որտեղ հետագայում ծանոթանում է Քերի Չափման Քաթին: Քաթի հետ միասին Ալետտան շրջագայում է տարբեր երկրներում՝ կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության պայքարում նրանց աջակցելու համար: Ալետտան դաշինք է կազմում այլ երկրների սուֆրաժիստների հետ և տարածում է հավասարության գաղափարը համաշխարհային մակարդակով: Նրա ջանքերը փոխհատուցվեցին, երբ 1919 թվականին հոլանդացի կանայք վերջապես ստացան քվեարկելու իրավունք: Քեթթին ուղղված նամակներից մեկում նա գրել է. «Հարգելի Քերի, ես վստահ եմ, որ իմ կյանքն ապարդյուն չեմ ապրել: Մենք կատարել ենք մեր առաջադրանքը և այժմ կարող ենք թողնել այս աշխարհն այն վստահությամբ, որ մենք թողնում ենք այն ավելի լավ վիճակում, քան մինչ այդ էր»: Լոնդոնում անցկացվող Կանանց միջազգային խորհրդի նիստին (1899) մասնակցելուց հետո Յակոբսը որոշեց հեռանալ բժշկությունից և ամբողջովին կենտրոնանալ ընտրական իրավունքի վրա:

Ալետտա Յակոբսի հուշարձանը Սապեմերում

Բացի կանանց իրավունքների համար պայքարելուց՝ Ալետտան նաև խաղաղության կողմնակից էր և խաղաղասեր էր: Ալետտայի ամուսինը պացիֆիստական շարժման անդամ էր: Առաջին աշխարհամարտի սկզբում Յակոբսը փորձեց օգտագործել ամբողջ աշխարհով մեկ իր ծանոթությունների ցանցը պատերազմը դադարեցնելու համար: 1915 թվականին Հաագայում նա կազմակերպեց Կանանց միջազգային խորհրդի նիստ: Այս ֆորումին մասնակցում էին տարբեր երկրների 1136 կանայք[4] և քննարկում էին պատերազմը դադարեցնելու ուղիները: Ընդունվեցին մի շարք բանաձևեր և ստեղծվեց կանանց խաղաղության և ազատության միջազգային լիգան: Հաագայի հանդիպումից հետո Ալետտան կանանց նախաձեռնող խմբի հետ միասին սկսեց շրջագայել Եվրոպայում՝ հանդիպել պատերազմող երկրների առաջնորդների հետ և փորձել նպաստել հաշտեցմանը: 1915 թվականին նա մեկնում է Միացյալ Նահանգներ՝ անհաջող փորձ կատարելով համոզելու նախագահ Վիլսոնին՝ օգնելու լուծել միջազգային հակամարտությունը: Ալետտան շարունակեց պայքարել հանուն հավասարության և խաղաղության մինչև իր կյանքի վերջը` 1929 թվականի օգոստոսը:

Ընտրյալ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Aletta Henriëtte Jacobs — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 https://www.wechanged.ugent.be/wechanged-database/
  4. «Hirschmann, Susanna Theodora Cornelia (1871-1957)»։ 2017-08-30։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին։ Վերցված է 2018-03-27