Ազատ Ղրիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ Ղրիմ
Տեսակթերթ
ԼեզուՂրիմի թաթարերեն
Հիմնադրվել էհունվարի 11, 1942
ՀրատարակիչՍիմֆերոպոլի մուսուլմանական կոմիտե
Երկիր Նացիստական Գերմանիա
ԳրասենյակՍիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Լուծարվել էմարտի 28, 1944

«Ազատ Ղրիմ» (Ղրիմի թաթարերեն՝ Азат Кърым), ղրիմաթաթարերեն կոլաբորացիոնիստական թերթ, որը 1942-1944 թվականներին լույս է տեսել Ղրիմում՝ Երրորդ Ռայխի կողմից թերակղզու բռնազավթման ժամանակ։ Հրապարակել է գերմանամետ, հակախորհրդային ու հակասեմական նյութեր։

Կազմակերպում, տպաքանակ և թողարկման ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմի բռնազավթումից անմիջապես հետո նացիստական վարչակազմը ձեռնամուխ եղավ տեղական թերթերի տպագրությանը։ Ռուսերենով լույս էր տեսնում «Ղրիմի ձայնը» թերթը, իսկ ղրիմաթաթարերենով՝ «Ազատ Ղրիմը»։ 1943 թվականի ամռանը թերթի տպաքանակը հասել էր 15 000 օրինակի։ Այն լույս էր տեսնում շաբաթական երկու անգամ[1]։

Առաջին համարը լույս է տեսել 1942 թվականի հունվարի 11-ին։ Ղրիմի պետական արխիվում պահպանվել է թերթի վերջին՝ N 220-րդ համարի կապոցներից մեկը, որը թվագրված է 1944 թվականի մարտի 28-ին։ Ի սկզբանե թերթը հրատարկվում էր որպես Սիմֆերոպոլի քաղաքային վարչակազմի մարմին, իսկ 1942 թվականի հունվարի 30-ից սկսեց լույս տեսնել որպես Սիմֆերոպոլի մուսուլմանական կոմիտեի տպագիր մարմին։ Թերթի առաջին համարներում գլխավոր խմբագրի պաշտոնակատարը եղել է Իզեթ Նաֆե Նուրիևը,1942 թվականի հունվարի 30-ից գլխավոր խմբագիր դարձավ Մուստաֆա Կուրտիևը (1917-1918 թվականների ազգային շարժման խոշոր դերակատար), 1943 թվականի մայիսի 25-ից՝ Աբդուլա Կուրկչին (գրական կեղծանունը՝ Ա. Զենի), իսկ 1943 թվականի դեկտեմբերի 7-ից՝ Մեմեթ Մուեդինովը (Սևդիյար) (գրական կեղծանունը՝ Ռեշաթ Մեմեթ)։ Նրանցից ոմանք մինչև պատերազմն աշխատել էին «Նոր աշխարհ» (Ղրիմի թաթարերեն՝ Янъы дюнья) թերթում։

Սիմֆերոպոլի մուսուլմանական կոմիտեին ենթակա լինելուց զատ՝ թերթը ենթարկվում էր նաև Ղրիմի ու Տավրիայի անվտանգության ծառայությանն ու անվտանգության ոստիկանության շտաբին (ղեկավար՝ օբերշտուրմբանֆյուրեր Պաուլ Ցապ), ինչպես նաև Սիմֆերոպոլում տեղակայված U2-ի քարոզչական շտաբին (մամուլի համար պատասխանատու՝ զոնդերֆյուրեր Բրունո Մաուրախ)[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթը հրապարակել է Ադոլֆ Հիտլերի ու Յոզեֆ Գեբելսի ճառերն ու նկարները, տեղեկություններ նացիստական ղեկավարության, Գերմանիայում կյանքի մասին։ Սովորաբար թերթի յուրաքանչյուր համար սկսվում ու ավարտվում էր գերմանական հրամանատարության ամփոփագրով։ Հրապարակվում էին Իոսիֆ Ստալինի, Վյաչեսլավ Մոլոտովի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի, Ուինսթոն Չերչիլի ծաղրանկարները։ Թերթի էջերին հաճախ հրապարակվում էր հակասեմական քարոզչություն։ Բացի այդ, մեծ ուշադրություն էր հատկացվում նաև Ղրիմի թաթարների պատմությանն ու մշակույթին։

Գոյության ողջ ընթացքում թերթի գաղափարախոսության անբաժան մասերից մեկը եղել է հակասեմականությունը։ Հակասեմական հռետորաբանությունը հանիպում էր գրեթե յուրաքանչյուր համարում[1]։ Հիմնական թեզերն էին հրեականության և բոլշևիզմի անբաժանելիությունը, ղրիմաթաթարական ժողովրդին փոքրաքանակ մակաբույծ «հուդաբոլշևիկյան» էլիտայի հակադրումը. «…ինչպե՞ս կարող էր լինել, որ ողջ կառավարումը լիներ հուդայականների ձեռքում, բոլոր բարիքները վայելեին նրանք, բարձր պարգևները, պաշտոնները և շահութաբար տեղերը, ընդարձակ տները, ամենաարգասաբեր հողերն ու մնացած ամեն ինչ լիներ հուդայականների ձեռքում», «այս երկիրը չի եղել բանվորների ու գյուղացիների երկիր, այլ պետություն մեկ խմբի ձեռքում՝ հուդայականների պետություն»[1]։

Ի հակադրումն այս թերթի ԽՍՀՄ-ն իր տարածքում թողարկում էր «Կարմիր Ղրիմ» («Къызыл Кърым») և «Ստալինյան շքանշան» («Сталин байрагъы») պարբերականները։ Վերջինս Չորրորդ ուկրաինական ճակատի թերթն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Тяглый М. Антисемитская доктрина на страницах крымскотатарской газеты «Азат Крым», 1942—1944 Արխիվացված 2016-09-22 Wayback Machine // Наукові записки Інституту політичних та етнонаціональних досліджень НАН України. — Т. 31. — Інститут політичних та етнонаціональних досліджень НАН України Київ, 2006. — С. 132—151.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]