Ագրարային հարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրարային հարց, գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման օրենքների ու դրանցից բխող դասակարգային հարաբերությունների և պայքարի հարցն է, ինչպես նաև նախակապիտալիստական արտադրական հարաբերությունների վերացման ուղիների և մեթոդների հարցը։ Այդ իմաստով ագրարային հարցի լուծումը դառնում է բուրժուադեմոկրատական հեղափոխությունների հիմնական խնդիրներից մեկը և կապված է ողջ կալվածատիրական հողային սեփականության բռնագրավման հետ։

Ագրարային հարցի առանցքը հողի խնդիրն է, որ ծագել է աշխատանքի հասարակական բաժանման, ապրանքաշրջանառության և համակարգերի առաջացման հետ։ Ստրկատիրական հասարակարգում լավագույն հողերը կենտրոնացված էին ստրկատերերի ձեռքին։ Ֆեոդալիզմի ժամանակ հողը դարձել է կալվածատերերի սեփականությունը։ Ռուսաստանում և այլուր գյուղացին ամրացված էր հողին որպես ճորտ։

Հայտնի է գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման երկու ուղի` պրուսական և ամերիկյան։ Պրուսական ուղու դեպքում կալվածատիրական ճորտական տնտեսությունը դանդաղորեն վերաճում է բուրժուականի, յունկերականի, գյուղացիներին դատապարտելով տասնյակ տարիների ամենատանջալից էքսպրոպրիացիայի և ստրկացման, իր միջից ստեղծելով «գրոսբաուերների» սակավաթիվ մի փոքրամասնություն։ Ամերիկյան ուղու դեպքում կալվածատիրական տնտեսությունը բացառվում է կամ խորտակվում հեղափոխության ընթացքում, իսկ ֆեոդալական կալվածները բռնագրավվում և մասնատվում են։ «Այս դեպքում գերիշխում է գյուղացին, դառնալով հողատիրության բացառիկ գործակալ և էվոլյուցիա է կատարում` դառնալով կապիտալիստական ֆերմեր։

Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում 17-19-րդ դարերի բուրժուական հեղափոխությունների ժամանակ բուրժուազիան ձեռնամուխ է եղել ագրարային հարցի լուծմանը։ Այդ հեղափոխությունները մի քանի երկրներում, ինչպիսիք են Անգլիան, Ֆրանսիան, լուրջ հարված հասցրին ֆեոդալական հարաբերություններին և ճանապարհ հարթեցին գյուղատնտեսության կապիտալիստական հասարակարգի զարգացման ընթացքում։ Օրինակ՝ Ճապոնիայում և Իտալիայում ագրարային հարցի լուծման ուղղությամբ կարևորագույն միջոցառումները ձեռնարկվել են միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում իշխող դասակարգերը փորձել են ագրարային հարցը լուծել «վերևից»` պահպանելով հողատեր ազնվականության տնտեսական և քաղաքական արտոնությունները։ Բուրժուազիան իր դասակարգային սահմանափակության պատճառով չէր կարող հետևողական դեմոկրատական մոտեցում ունենալ ագրարային հարցի վերաբերյալ և լուծել այն։ Դա ապացուցվել է պատմական փորձով։ Անգլիայում 15-17-րդ դարերի բուրժուականացող ազնվականությունը ճորտային կախվածությունից ազատագրված գյուղացիությանը բռնի ուժով քշել է հողերից, ցանկապատել դրանք և սկսել ոչխարներ պահել բրդի արտադրության համար։ Սեփականազրկված գյուղացիության զգալի մասը դարձավ պրոլետար։ Աստիճանաբար ձևավորվեցին կապիտալիստական ֆերմերային տնտեսությունները։ Ֆեոդալական ագրարային հարաբերությունները վերափոխվեցին բուրժուական ագրարային հարաբերությունների։ Բայց դրա հետ մեկտեղ պահպանվեցին նաև հողատիրության կիսաֆեոդալական ձևերը։

Ագրարային հարցը կապիտալիստական երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտալիստական երկրներում ագրարային հարցի բովանդակությունը փոխվել է կապիտալիզմի զարգացման համեմատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գյուղատնտեսության մեջ մասնավորապես ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Կանադայում կատարվել է տեխնիկական հեղաշրջում։ Գյուղատնտեսական մեքենաների լայն ներդրման, արտադրական պրոցեսների մեքենայացման, արհեստական պարարտացման և վնասատուների դեմ քիմիական միջոցների օգտագործման շնորհիվ զգալիորեն բարձրացել էր աշխատանքի արտադրողականությունը։ Ավելացել էր տնտաեսությունը եկամտաբեր դարձնելու համար անհրաժեշտ կապիտալի չափը։ Մանր տնտեսատերերը, չկարողանալով նորագույն մեքենաներ ձեռք բերել հարկադրված են եղել իրենց տնտեսությունը վերացնել և գնալ քաղաք։ Ամենուր կրճատվել է գյուղաբնակչության թիվը։ Զարգացած կապիտալիստական երկրներում գյուղական ինքնագործ բնակչությունը 1930-ական թվականների վերջերից մինչև 1960-ական թվականները կրճատվել է ավելի քան 40%-ով։

Իմպերիալիզմի դարաշրջանում գյուղատնտեսությունն անցել է պետական մոնոպոլիստական կապիտալիզմի ձեռքը, և դա զուգակցվել է ֆերմերական տնտեսությունների կրճատմամբ, մանր հողատերերի զանգվածային հողազրկմամբ։ Զարգացած կապիտալիստական երկրներում աշխատավոր գյուղացիությունը ֆերմերների պրոլետարիայի հետ դաշնակցելու է մղել աստիճանաբար ուժեղացող այն գիտակցությունը, որ ագրարային հարցի լիակատար լուծումը հնարավոր է սոսկ սոցիալիստական հեղափոխության շնորհիվ։ Ագրարային հարցը առաջնահերթ տնտեսական և քաղաքական խնդիր է եղել զարգացող երկրների համար։

Ագրարային հարցը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախահեղափոխական Ռուսաստանում ագրարային հարցը հասարակական-տնտեսական կյանքի հիմնական հարցերից է եղել։ Նրա առանձնահատկությունն այն էր, որ գյուղում կապիտալիստական հարաբերությունները միահյուսվում էին ճորտատիրական հարաբերությունների հետ։ 1861 թվականի գյուղացիական ռեֆորմը վերևից իրագործված միջոցառում էր, որի նպատակն էր վերացնել ճորտատիրությունը` ապահովելով գյուղատեր-կալվածատերի արտոնությունները։ Այն որոշ չափով արագացրեց կապիտալիզմի զարգացումը, սակայն ռեֆորմից հետո էլ հողի մեծ մասը մնաց կալվածատերի և կալվածատիրական պետության ձեռքին։ 1905 թվականի հողատիրության վիճակագրության համաձայն, Ռուսաստանի եվրոպական մասում հաշվառված հողերը կազմում էին 395,2 միլիոն դեսիատին (1 դեսիատինը 1,09 հա է), որից մասնատիրական հողերը` 101,7 մլն, բաժնետիրականը` 138,8 մլն, պետական, եկեղեցապատկան և հիմնարկների հողերը` 154,7 մլն դեսիատին։ Մասնատիրական հողատիրության մեջ տիրապետում էին խոշոր սեփականատերերը։ 500 և ավելի դեսիատին հող ունեցող 28 հազար առավել խոշոր սեփականատերեր տիրում էին ամբողջ հողերի 61%-ին։ Միայն եվրոպական Ռուսաստանում 7,8 միլիոն դեսիատին հող պատկանում էր ցարական ընտանիքին։

Այս իրողությունն արտակարգ սրել էր ագրարային հարցը ցարական Ռուսաստանում և այն դարձրել բուրժուական հեղափոխության հիմք ու նրա ազգային առանձնահատկությունը։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացումը պահանջում էր անցնել վարձու աշխաանքին։ Ռուսաստանում տիրող դասակարգերը ձգտում էին կամ նոր նվաճումներով ընդարձակել արտաքին շուկան, կամ ռեֆորմներով ընդլայնել ներքին շուկան։ Բայց քանի որ ռեֆորմի համար անհրաժեշտ էր վերացնել գյուղում տիրող հնամենի հարաբերությունները, ուստի իշխող դասակարգերը գերադասում էին առաջին ուղին, իսկ արտաքին նվաճումների անհաջողությունը և աշխատավորական զանգվածների հեղափոխական ելույթները հարկադրական անհրաժեշտությամբ մղում էին դեպի ռեֆորմ։

Ագրարային հարցը ռուսական ուղով լուծելու ակներև փորձ էր ստոլիպինյան ագրարային քաղաքականությունը։

Ագրարային հարցն առանձնահատուկ տեղ էր գրավում Ռուսաստանի քաղաքական բոլոր կուսակցությունների ծրագրերում։ Բուրժուական աջ կուսակցությունները` օկտյաբրիստները և կադետները, առաջարկում էին գյուղացիներին փրկագնով լրացուցիչ հող տրամադրել` ապահովելով կալվածատիրական հողատիրությունը։ Մանր բուրժուակաան կուսակցությունների` էսեռների, տրուդովիկների և մյուսների ագրարային ծրագրերն այս կամ այն չափով արտացոլում էին կալվածատիրական հողատիրության դեմ գյուղացիության պայքարը։ Մենշևիկները պաշտպանում էին հողի «մունիցիպալիզացիայի»` կալվածատիրական հողի անցումը ինքնավարության տեղական մարմիններին։ Միայն բոլշևիկների ագրարային ծրագիրն էր նախատեսում ագրարային հարցի հետևողական հեղափոխական լուծում։ Սովետների Համառուսաստանյան երկրորդ համագումարում` 1917 թվականի հոկտեմբերի 26-ին, հողի մասին դեկրետով և 1918 թվականի փետրվարի 9-ի Հողի սոցիալիզացիայի մասին օրենքով բոլոր հողերն անցան պետությանը և դարձան համաժողովրդական պետական սեփականություն։ Գյուղացիությունը ստացավ ավելի քան 150 միլիոն դեսիատին հող, լիովին ազատվեց վարձավճարից, նոր հողեր գնելու ծախսերից, գնված հողերի համար վճարվող պարտքերից։ Հոկտեմբերյան հեղափոխությունը բուրժուադեմոկրատական հեղափոխության խնդիրներն ավարտելու հետ մեկտեղ սկզբնավորեց սոցիալիստական վերափոխումները գյուղատնտեսության մեջ։ 1917-1978 թվականներին սկսվեց կոլեկտիվ տնտեսությունների հիմնադրումը, բայց սովետական իշխանության առաջին տասնամյակում դրանք ընդգրկում էին գյուղացիության չնչին մասը։ Երկրի սոցիալական ինդուստրացումը, Լենինի կոոպերատիվ պլանի իրագործումը պայմաններ ստեղծեցին համատարած կոլեկտիվացման համար։ Կոլտնտեսային կարգի հաղթնականով ՍՍՀՄ-ում վերջնականապես լուծվեց ագրարային հարցը։

Ագրարային հարցը Հայաստանում և Անդրկովկասում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական տիրապետությունից առաջ` 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Անդրկովկասի առանձին մասերում ստեղծվել էին հողօգտագործման զանազան ձևեր։ Արևելյան Հայաստանում հողային օգտագործման հիմնական ձևերն էին` պետական, պետական-մյուլքադարական, մյուլքադարական, թիուլային, եկեղեցիներին ու մզկիթներին պատկանող կամ վակուֆային հողերը։ Հողատիրության այս ձևերը որոշ փոփոխություններով պահպանվեցին մինչև 20-րդ դարի սկիզբը։ Պետական, մյուլքադարական, թիուլային և վանքապատկան հողերն օտգտագործում էին գյուղական և քոչվորական համայնքները, իսկ պետական հողերը` գյուղացիները, որի համար պետական գանձարանին վճարում էին բերքի մի մասը և կատարում զանազան պարտույթներ։ Անդրկովկասը Ռուսաստանին միացնելուց հետո պահպանվեցին մյուլքադարների և թիուլային հողատերերի սեփականատիրական իրավունքները, իսկ այն հողերը, որոնք մինչ այդ պատկանում էին պարսկական պետությանը, անցան ռուսական պետությանը։ 1846 թվականի դեկտեմբերի 6-ի հրովարտակով հաստատվեց բեկերի, խաների և հայ մելիքների ժառանգական իրավունքը այն բոլոր հողերի ննկատմամբ, որոնց տիրել են նրանց նախնիները։ Աղալարներին նվիրվեցին նախկինում նրանց օգտագործման ներքո եղած, բայց 1841 թվականին պետականացված հողերը։ Դեռևս 1836 թվականին Նիկոլայ Առաջինը հաստատել էր «Հայ լուսավորչական եկեղեցիների կառավարման կանոնադրությունը», որով հայ եկեղեցու հողի սեփականատիրության իրավունքը ճանաչվել էր օրենսդրական կարգով։

Հայաստանում և Ադրբեջանում ճորտատիրություն չկար, և մասնատիրական հողերի տեսակարար կշիռը մեծ չէր։ Արևելյան Հայաստանին հատուկ էր մանր կալվածքային հողատիրությունը։ Այստեղ գյուղացիական բնակչությունը բաժանվում էր երկու հիմնական խմբի` պետական հողերում բնակվող և տիրունի կամ մասնատիրական հողերում բնակվող գյուղացիներ ու շինականներ։ Գյուղացիական ռեֆորմի նախօրյակին Երևանի նահանգի բնակչության 70%-ը պետական գյուղացիներ էին, իսկ 30%-ը` շինականներ։ 1894 թվականին պետական գյուղացիությունը կազմում էր Բաքվի նահանգում 74,6%, Երևանի նահանգում` 63,8%։

Այլ պատկեր էր Վրաստանում, որտեղ իշխում էին ճորտատիրական կարգերը։ Ցարական կառավարությունը հենց սկզբից ճանաչեց վրաց ազնվականության իրավունքները և հավասարեցրեց ռուս ազնվականների իրավունքներին։ Ի տարբեություն Հայաստանի և Ադրբեջանի` Վրաստանում անհամեմատ փոքր թիվ էին կազմում պետական գյուղացիները։ Անդրկովկասի կալվածատերերի իրավունքները` ի հաշիվ գյուղացիության հատկապես ընդլայնվեցին Վորոնցովի փոխարքայության օրոք։ Պետական գյուղացիները, ձևականորեն ազատ լինելով, այնուամենայնիվ հարկադրված էին կրել պետաական պարհակների հարկերի ու տուրքերի ծանր բեռը։ Նրանք տառապում էին հողի և ջրի սակավությունից։ Նրանց վիճակն ավելի վատթարացավ 1840-ական թվականներից սկսած, երբ ցարական կառավարությունը զանգվածաբար խլում էր նրանց հողերը և տալիս Ռուսաստանից Անդրկովկաս աքսորված ռուս աղանդավորներին։

1861 թվականի ագրարային ռեֆորմն իր արտահայտությունը գտավ նաև Անդրկովկասում։ 1864 թվականնին ճորտությունիրց ազատագրվեցին Թիֆլիսի, 1865-ին` Քութայիսի նահանգների գյուղացիները։ 1870, 1877 և 1883 թվականների օրենքներով Արևելյան և Հարավային Անդրկովկասի գյուղացիության ճորտային հարաբերությունները փոխարինվեցին այսպես կոչված ժամանակավոր կախյալ հարաբերություններով, որոնք սակայն պահպանվեցին մինչև 1912 թվականի դեկտեմբերի 20-ը, երբ գյուղացիներին պարտադրվեց փրկագնման օրենքը, իսկ ժամանակավոր կախյալ հարաբերությունները փոխարինվեցին ժամանակվոր պարտավորյալ հարաբերություններով։

1912 թվականի դեկտեմբերի 20-ի օրենքով Անդրկովկասի տիրունի հողերում բնակվող գյուղացիության ու շինականների հաշվին կառավարության օժանդակությամբ պետք է բաժնեհողերի պարտադիր փրկագնում կատարվեր։ Այդ նույն օրենքով 1913 թվականի հունվարի 1-ից վերացբվում են թիուլային պարտույթների վճարումները։ Այդ օրենքը 1906 թվականի նոյեմբերի 9-ի Ստոլիպինյան ռեֆորրմի վատթարագույն տարբերակն էր, որի նպատակն էր ցարիզմի և բուրժուականացված ազնվականության համար ստեղծել վստահելի նեցուկ գյուղում` հանձին ունևոր գյուղացիության։ Առաջին Համաշխարհային իմպերիալիստական պատերազմը խանգարեց Հայաստանում այդ օրենքի իրականացմանը։ Մինչև 1917 թվականի փետրվարը Երևանի նահանգում փրկագնվել էր մասնատիրական հողերի միայն 4/5-րդը։

Փետրվարյան հեղափոխության հետևանքով Անդրկովկասում ուժեղացան գյուղացիական շարժումները։ 1971 թվականի մարտի 28-ի Անդրկովկասյան հատուկ կոմիտեն ստեղծեց Հողային գործերի երկրային ժամանակավոր հանձնաժողով` նրա վրա դնելով «ճորտատիրական իրավունքը վերացնելու» նախապատրաստման միջոցառումների մշակումը։ Ապրիլի 23-ի օրենքով Անդրկովկասյան հատուկ կոմիտեն արգելեց ագրարային ելույթները և կալվածատիրական հողերի բռնագրավումները։ Հողային հարցի լուծումը հետաձգվեց «մինչև սահմանադիր ժողովի գումարումը»։ Նույն դիրքը գրավեց նաև Անդրկովկասի գյուղացիական համագումարը, որ բացվել էր Թիֆլիսում 1917 թվականի հունիսի 19-ին։ Համագումարում մեծամասնության` մենշևիկների ու մուսավաթականների ձայներով ընդունվեց «հողի մունիցիպալիզացիայի» մենշևիկյան ծրագիրը։ Ագրարային հարցի լուծումը ձգձգելու քաղաքականությունն ուժեղացրեց գյուղացիության դժգոհությունները։ Ծավալվեցին գյուղացիական ելույթներ, որոնք ընդգրկեցին նաև Հայաստանի գավառները։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Անդրկովկասյան կոմիսարիատը և Անդրկովկասյան սեյմը շարունակեցին ագրարային հարցում խուսանավելու քաղաքականությունը։ 1917 թվականի դեկտեբերրի 16-ին ընդունվել են արքունական, ուդելային, եկեղեցապատկան, վանքապատկան, իրավական անձերի և խոշոր մասնատիրական հողերը հողային կոմիտեներին հանձնելու մասին կանոնադրությունը։ Ստեփան Շահումյանը գրել է «Այդ օրենքով կալվածատիրական հողատիրությունն այս կամ այն պատրվակով, այնուամենայնիվ, պահպանվում է, իսկ մնացյալ հողերը հանձնվում են ոչ թե գյուղացիական կոմիտեներին, այլ ինչ-որ վերևից նշանակված հողային կոմիտեների տնօրինությանը։ Դուրս է գալիս, որ հողային, այսինքն գյուղացիական հարցի լուծումը կատարում են ... ճորտատերերն ու ստրկատերերը»։ 1918 թվականի մարտի 7-ին, ի լրումն «Կանոնադրության», Անդրկովկասյան սեյմն ընդունեց «հողատերերին մնացյալ հողի չափը որոշելու և հողային ռեֆորմ իրականցնելու միջոցառումների մասին» օրենքը, որով հողի մասնավոր սեփականությունն այնուամենայնիվ չէր վերանում։ Անդրկովկասյան կոմիսարիատի և Անդրկովկասյան սեյմի բոլոր նման որոշումները մնացին թղթի վրա։

Սեյմի անկումից հետո Հայաստանի Հանրապետության Դաշնակցական կառավարությունը ժառանգեց Ժամանակավոր կառավարության ագրարային քաղաքականությունը։ Դեռևս երկրորդ պետական դումայում 1907 թվականի փետրվար-հունիսին, դաշնակցական պատգամավորները ագրարային հարցում հարում էին էսեռներին։ Սաղաթելյանը դումայի էսեռկան ֆրակցիայի հողային հանձնաժողովում մասնակցեց հողի հիմնական օրենքի նախագծի մշակմանը, որը էսեռների և դաշնակցականների միացյալ խմբի կողմից ներկայացվեց դումային։ Նախագիծն առաջարկում էր ռուսական պետության սահմաններում ընդմիշտ վերացնել հողի ամեն տեսակ սեփականություն և ամբողջ հողը հայտարարել համայնական սեփականություն։ Էսեռների հետ միասին նրանք հանդես էին գալիս հանուն հողի «սոցիալիզացիայի»։ Սակայն իշխանության գլուխ անցնելով դաշնակցությունը պահպանեց մասնավոր հողատիրությունը։ Պաշտոնական տվյալներով Հայաստանի 600 հազար հա վարելահողերի կեսը պատկանում էր կալվածատերերին, կուլակներին, եկեղեցուն, նույնքան էլ բաժին էր ընկնում գյուղացիական բոլոր տնտեսությունների 95%-ը կազմող չքավոր և միջակ տնտեսություններին։ 140 հազար հա խոտհարքից 100 հազար հա-ն պատկանում էր կալվածատերերին և պետությանը։ Ագրարային հարցը Անդրկովկասում իր լուծումը գտավ միայն սովետական կարգերի շնորհիվ։

Արևմտյան Հայաստանում հողային հարաբերությունները կարգավորվում էին Թուրքիայում գործող պետական օրենքներով։ Իսլամադավան արևելքում, ինչպես նշել է Մարքսը, «պետությունը գերագույն հողատերն էր», «ոչ մի մասնավոր սեփականություն չկա, թեև կա հողի ինչպես մասնավոր, այնպես էլ համայնական տիրում և օգտագործում»։ Արևմտյան Հայաստանում ֆեոդալների դասակարգը հիմնականում կազմված էր մուսուլմաններից։ Հայ ֆեոդալները գերակշիռ մաս էին կազմում Սասունում, Մուշում, Հաճընի շրջանում, Զեյթունում։ Արևմտահայության հիմնական զանգվածը իրավականորեն ազատ գյուղացիությունն էր, որի փոքր մասն ուներ սեփական հողակտորներ, մյուս մասը մշակում էր պետական և վակուֆային հողերը։

Թուրքահպատակ երկրամասերում, այդ թվում և Արևմտյան Հայաստանում, ճորտությունն իրավաբանորեն ձևակերպված չէր, սակայն հարավային քրդաբնակ գավառներում` Վանի, Դիարբեքիրի էլայեթներում և մասամբ թուրքապատկան շրջաններում հայ գյուղացիությունը գտնվում էր կիսաճորտական կախյալ վիճակում։

Թանզիմաթի շրջանում սուլթան Աբդուլ Մեջիդի` 1858 թվականի օրենքով Թուրքիայում սահմանվեցին հողային սեփականության հետևյալ հիմնական ձևերը`

  1. Պետական միրիյե
  2. Մասնատիրական (մյուլք)
  3. Հոգևոր (վակուգ)
  4. Մետրուքե (համայնական)
  5. չօգտագործվող (մևադ)

հողատարածություններ։ Արևմտյան Հայաստանում տիրապետող էին պետական և վակուֆային հողերը։ 1867 թվականի օրենքով հողատերերին թույլատրվեց հինգ տարվա ընթացքում պետությունից գնել օգտագործվող հողերը` ստանալով կալվածագիր։

1858 թվականի օրենքը ուժի մեջ մտնելոց հետո էլ հողատերերի հիմնական դասը, ինչպես նախաթանզիմաթյան շրջանում, մուսուլմանական վերնախավն էր, մզկիթերը` հոգևորականությունը։ Ավելացավ նաև հայ խոշոր հողատերերի թիվը, հատկապես Մշո դաշտում, Կարինի, Խարբերդի, Բաղեշի, Սեբաստիայի շրջաններում։ 19-րդ դարի երկրորդ կեսին կալվածքներ ուներին 200-ից ավելի արևմտահայ վանքերը, որոնցից 9-ը համարվում էին խոշոր հողատերեր։

Արևմտահայ գյուղացիների զգալի մասը հողը վարձակալում էր քաղաքներում ապրող մուսուլման ու հայ հողատերերից, մյուս մասն այն օգտագործում էր կիսրարության սկզբունքով։ Կիսրարությունն աստիճանաբար ընդարձակվելով վերածվեց մարաբայության։ Թուրքիայում ազգային ճնշումն իր արտահայտությունն էր գտնում նաև ագրարային հարաբերություներում։ Արտակարգ ծանր էր հարկային լուծը։ Գլխավոր եկամտային հարկը աշարն էր, որն իրականում կազմում էր բերքի մինչև 1/3-րդ մասը, թեև օրենքով չպետք է անցներ 1/10-րդից։ Աշարից բացի գյուղացիները վճարում էին ֆեոդալական ռենտա` խարաջ, գլխահարկ կամ ջիզիե, կալվածատիրական, արոտների, ճանապարհների, զինվորական հարկեր։ Կային նաև ամուսնության, կրթական, բանջարանոցների խոտհարքի, յայլաղների և այլ հարկեր։

Այդ ամենով հանդերձ ոչ միայն հայ աշխատավոր գյուղացիության, այլև հողատերերի ունեցվածքն ու իրավունքների ապահովությունը ոչնչով երաշխավորված չէր։ Հալածանքները, պարբերաբար կազմակերպված կոտորածները, կողոպուտը քայքայում էի արևմտահայությանը, ուժեղացնում արտագաղթը և պանդխտությունը։ Մեծ Եղեռնի ժամանակ արևմտահայությունը, ենթարկվելով զանգվածային կոտորածի ու տեղահանության, վերջնականապես զրկվեց ունեցվածքից ու հողային սեփականությունից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 54