Սուլիկո (երգ)
«Սուլիկո» სულიკო | |
---|---|
Սուլխան Ցինցաձեի երգը | |
Թողարկված | 1898 թվական, Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Ժանր | քնարերգական ստեղծագործություն |
Լեզու | վրացերեն |
Տևողություն | 2 րոպե, 50 վայրկյան |
Հեղինակ | Ակակի Ծերեթելի |
«Սուլիկո» (վրաց.՝ სულიკო), վրացական քնարերգական ստեղծագործություն, որի խոսքերի հեղինակն է Վարինկո Ծերեթելին: Երգի բառերը վերցված են վրացի նշանավոր գրող Ակակի Ծերեթելիի ստեղծագործությունից[1]:
Հաճախ սխալմամբ նշվում է, որ «Սուլիկո»-ն ժողովրդական երգ է: Սուլիկոն վրացական անձնանուն է, որը կիրառվում է, որպես և՛ արական, և՛ իգական անձնանուն:
Երգը թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն, անգլերեն, գերմաներեն և չինարեն լեզուներով:
Պատմություն
«Սուլիկո» ստեղծագործությունը ոճավորվել է, որպես ժողովրդական երգ, որը գրվել է վրացի հայտնի բանաստեղծ, մանկավարժ և հասարակական գործիչ Ակակի Չխենկելիի կողմից՝ 1895 թվականին: Նույն տարում այն հրապարակվում է Թիֆլիսում գործող վրացական սոցիալ-դեմոկրատական «Կվալի» (Ակոս) ամսագրում:
Որոշ ժամանակ անց բանատեղծը Զեստափոն քաղաքում ապրող իր բարեկամուհուն՝ Բարբարա (Վարինկու) Ծերեթելիին խնդրում է երգի բառերին համապատասխան պատրաստել նաև երաժշտություն՝ կիթառի նվագակցությամբ: Վարինկուի հեղինակած երաժշտական ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է 1898 թվականին՝ Թիֆլիսում, հայտնի գրող, լրագրող և թարգմանիչ Իվանե Մաչաբելիի տանը: 1905 թվականին «Սուլիկո»-ն առաջին անգամ հնչեցվել է Քութայիսի ժողովրդական թատրոնում:
Խորհրդային Միությունում երգը սկսեց հայտնիություն ձեռք բերել 1937 թվականի հունվարից: Այն սկսվեց տարածվել Մոսկվայի վրացական մշակութային տներում: Հենց այս տարիներին էլ այն կատարվեց նշանավոր երգիչ Ավքսենթիա Մեգրելիձեի կողմից: ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեի ազգությամբ վրացի քարտուղար Իոսիֆ Ստալինը ևս իր հերթին հավանություն է տվել երգին և թույլատրել երգի ձայնագրումը:
Հաճախ երգը կոչվում է ժողովրդական ստեղծագործություն, սակայն այն իր բնույթով հեղինակային բանաստեղծություն է: 2006 թվականին ռեժիսոր Լիանա Ջակղելին նկարահանել է կես ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմ, որը ներկայացնում է «Որտե՞ղ ես, իմ Սուլիկո» երգի և հեղինակի պատմությունը:
Հետաքրքիր փաստեր
- «Որտե՞ղ ես, իմ Սուլիկո» երգը երգվել է նաև հայ-ռուս-վրացական հայտնի գեղարվեստական «Միմինո» ֆիլմում: Այնտեղ ռեստորանի անսամբլը կատարում է Ե. Եվտուշենկոյի բառերով «Мой пёс» («Իմ շունը»), վրացական ճանաչված «Սուլիկո» և հայկական ժողովրդական «Ով սիրուն, սիրուն․․․» երգերը, ինչպես նաև «Լեզգինկա», որի նվագակցությամբ պարում են Վալիկոն և Ռուբիկը։