Քրիստոնեությունն Իսպանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսելոնայում գտնվող Սուրբ ընտանիքի տաճարը, որը համարվում է աշխարհի ամենահայտնի տաճարներից մեկը

Քրիստոնեությունն Իսպանիայում հանդիսանում է ամենատարածված կրոնը։ Այն հիմնականում ներկայացված է կաթոլիկ եկեղեցու միջոցով։

Համաձայն հետազոտական կենտրոնի (Pew Research Center) տվյալների՝ 2010 թվականին Իսպանիայում բնակվում էր 36,24 միլիոն քրիստոնյա, ինչը կազմում էր երկրի ընդհանուր բնակչության 78,6 %-ը[1][2]։ Ջ. Գ. Մելտոնի հեղինակած «Աշխարհի կրոններ» հանրագիտարանը Իսպանիայում բնակվող քրիստոնյաների թվաքանակը 2010 թվականի դրությամբ գնահատել է ընդհանուր բնակչության 90,6 % (շուրջ 40,8 միլիոն հավատացյալ)[3]։

Իսպանիայում քրիստոնեական խոշորագույն ուղղությունը հանդիսանում է կաթոլիկությունը։ 2000 թվականին Իսպանիայում գործում էր 25 հազար քրիստոնեական եկեղեցիներ և Աստծուն երկրպագելու վայրեր, որոնք պատկանում էին 192 տարբեր քրիստոնեական դավանաբանությունների[4]։

Իսպանիայում իսպանացիներից բացի քրիստոնեություն են դավանում նաև մեծաթիվ այլ ժողովուրդներ՝ կատալոնացիները, բասկերը, գալիսիացիները, արագոնցիները, աստուրիացիները։ Քրիստոնյաներ են հանդիսանում նաև երկրում բնակվող անգլիացիների, գնչուների, գերմանացիների, իտալացիների, ռումինացիների, պորտուգալացիների, հայերի ֆրանսիացիների, բուլղարների, ուկրաինացիների, լեհերի և այլ ազգությունների ներկայացուցիչների մեծ մասը։

Սկսած 1950-ական թվականներից՝ Իսպանիայում գործում է քրիստոնեական էկումենիկ կազմակերպություն, որն իրենից ներկայացնում է եկեղեցիների միջև համագործակցության իսպանական խորհուրդ (պաշտոնապես խորհուրդը ճանաչվել է 1994 թվականին)։ 2015 թվականի դրությամբ իսպանական երկու եկեղեցիներ (ավետարանական ու ռեֆորմիստական) հանդիսանում են Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ։

Քրիստոնեության վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորդովյան նահատակներից մեկը հանդիսացող Լեոկրիտիա Կորդովացու նահատակությունը

Քրիստոնեությունն ներկա է Իսպանիայում իր գոյության առաջին դարերից։ հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը գրում է «ես ուղևորվում եմ ձեր վայրերով դեպի Իսպանիա»[5]։ Առաքելական նամակներից պարզ չէ, թե արդյո՞ք Պողոս առաքյալը կարողացավ իրագործել իր պլանը, սակայն 3-րդ դարի ապոկրիֆները և վաղքրիստոնեական պատմիչները գրում են Պողոս առաքյալի՝ Իսպանիա այցելության մասին։ Նաև հին ծագում ունեն այն տեղեկությունների աղբյուրները, որոնք վկայում են Հակոբոս առաքյալ՝ Իսպանիա այցելության մասին։ Հիրենեոս Լիոնացու և Տերտուղիանոսի հաղորդագրությունների համաձայն 2-րդ դարում Իսպանիայում գործում էին քրիստոնեական ձևավորված համայնքներ։

Ժողովուրդների մեծ տեղաշարժի ժամանակաշրջանում Պիրենեյան թերակղզին գրավվեց վեստգոթերի կողմից, ովքեր արդեն այդ ժամանակ ընդունել էին քրիստոնեության արիոսական ուղղությունը։ Իբերոհռոմեացիների ժառանգներին արիոսականություն պարտադրելու վեստգոթերի բոլոր փորձերը ձախողվեցին։ Տեղացիները դավանում էին ուղղափառության նիկյան ձևը։

8-րդ դարում Պիրենեյան թերակղզին նվաճվում է արաբների կողմից, որոնց իսպանացիները անվանում էին մավրեր։ Իսպանիայի տարածքի մեծ մասը մի քանի դարով հայտնվեց արաբական իշխանության կառավարման ներքո։ Իսպանիայի քրիստոնեաների մի մասն ընդունեց իսլամ, իսկ մյուս մասը (մոսարաբներ), ընդունելով արաբական մշակույթն ու կյանքի կենցաղը, ընդհանուր առմամբ պահպանեց քրիստոնեական հավատքը։ քրիստոնյա բնակչության հանդեպ մուսուլման կառավարիշների վերաբերմունքը փոփոխվում էր հարաբերական հանդուրժողականությունից մինչև լիակատար մերժում։ Բազմաթիվ քրիստոնեաներ տանջանքների էին ենթարկվում մուսուլմանների կողմից։ Այդպիսի քրիստոնեաները պատմությանը հայտնի են որպես Կորդովյան նահատակներ։ Մուսուլմանական ժամանակաշրջանին հաջորդած Ռեկոնկիստան Պիրենեյան թերակղզում ուժեղացրեց կաթոլիկ եկեղեցու գերիշխանությունը։

Կաթոլիկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտյագո դե Կոմպոստելայում գտնվող Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը

Համաձայն հետազոտական կենտրոնի (Pew Research Center) տվյալների՝ 2010 թվականուն կաթոլիկները կազմում էին Իսպանիայի բնակչության 75,2 %-ը[2]։ Նրանցից շատերը պահպանում են լատինական ծես։ Իսպանիայի եկեղեցու ամենաբարձր հոգևոր իրավասությունն ունի Իսպանիայի պրիմասը, որին ծառայում է Տոլեդոյի արքեպիսկոպոսությունը։ Իսպանիայի տարածքը բաժանված է 55 կաթոլիկ թեմերի։ Վերջիններն իրենց հերթին միավորվում են 11 մետրոպոլիաներում։ Ամբողջ երկրում գործում են 23 հազար կաթոլիկ ծխեր[6]։

Կապված այն հանգամանքի հետ, որ Իսպանիայում աշխատում են մեծ թվով ուկրաինացիներ, երկրում սկսեց գործել Ուկրաինական հունակաթոլիկ եկեղեցին։ Ներկա դրությամբ այս եկեղեցին երկրում ունի շուրջ 40 ծուխ։

Իսպանիայում գործում են նաև ոչ հռոմեական կաթոլիկների բավականին փոքր համայնքներ։ Այդպիսի համայնքներից է Սուրբ Պիոս X-ի քահանայապետական եղբայրությունը (ավանդապահ կաթոլիկներ), Գալիսիական առաքելական եկեղեցին (որի մեկ թեմը գտնվում է Կանարյան կղզիներում, հին կաթոլիկներ) և այլն։ Իսպանիան հանդիսանում է Պալմարյան կաթոլիկ եկեղեցու հայրենիքը։ Այն ստեղծվել է Կլիմենտ Գոմեսի կողմից, ով իրեն հռչակել էր Գրիքոր XVII պապ։

Բողոքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական ավետարանականների տաճարը Մադրիդում

Ռեֆորմիստական գաղափարները Իսպանիա ներթափանցեցին դեռևս Մ. Լյութերի կենդանության օրոք։ Վալյադոլիդում և Սևիլյայում ձևավորվեցին բողոքական համայնքներ։ Այդպիսի խմբերի հայտնաբերումից հետո դրանց հետևորդների մի մասը կենդանի այրվեց, իսկ մյուս մասը լքեց երկիրը։

19-րդ դարի կեսերին Իսպանիայում սկսում են գործել պլիմուտյան եղբայրները, ռեֆորմատորները, մեթոդիստները և բաբտիստները։ 1920-ական թվականներին նրանց են միանում շվեդական հիսունական քարոզիչները:1967 թվականին իսպանական գնչուների խումբը, որը անդամները Ֆրանսիայում հավատափոխ էին եղել և դարձել հիսունականներ, Լե Կոսեկին ծառայություն մատուցելուց ոգևորված վերադարձան Իսպանիա և տեղական գնչուական համայնքներում հիմնեցին իրենց կրոնական առաքելությունը։ Հետագայում այն վերաձևափոխվեց որպես «Ֆիլադելֆիա» անունը կրող ավետարանական եկեղեցի, որը դարձավ երկրի խոշորագույն բողոքական եկեղեցին։ 20-րդ դարի վերջին երկու տասնամյակում հիսունականները հետևորդների թվաքանակի տեսակետից ունեցան տպավորիչ աճ և արդեն 21-րդ դարի սկզբին ներկայացնում էին իսպանական բողոքականների կեսին[7]։

Ներկա դրությամբ իսպանական բողոքականների թվաքանակը գնահատվում է 460-ից 567 հազար հավատացյալ[1][6]։ Հիսունականները (շուրջ 312 հազար) առաջին հերթին ներկայացված են «Ֆիլադելֆիա» ավետարանական եկեղեցով (շուրջ 204 հազար) և իսպանական Աստծո ժողովով (շուրջ 25 հազար)[6]։ Ուկրաինական սփյուռքում գործում է Ուկրաինայի ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցու յոթ ծուխ[8]։ Իսպանիայում անգլիկանները հաշվվում են շուրջ 76 հազար։ Ավելի քան 10 հազար հավատացյալներ ունեն պլիմուտյան եղբայրները, բաբտիստները, ադվենտիստները և միջազգային իսպանական ավետարանական եկեղեցին[6]։

Ուղղափառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդում գտնվող և Ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Մարիա Մագդաղենացու եկեղեցին

1761 թվականին Իսպանիայում ռուսական դեսպան Պյոտր Ռեպնինի մասնակցությամբ Մադրիդում կառուցվում է առաջին եկեղեցին, որը նվիրվում է Մարիա Մագդաղենացուն։ Պետական ծախսերի կրճատման հետ կապված 1882 թվականին եկեղեցին փակվում է։

19-րդ դարի վերջից առափնյա քաղաքներում հանգրվանում են հույն առևտրականները։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արևելքից միգրացիայի հետևանքով Իսպանիայում հույների թվաքանակը նկատելիորեն աճում է։ 1949 թվականին Մադրիդում տեղակայված Հունաստանի դեսօանատան ֆինանսական աջակցությամբ կառուցվում է Անդրեևյան տաճարը։ Եկեղեցական ծուխը պաշտոնապես գրանցվում է միայն 1968 թվականին, երբ որոշակիորեն ազատականացվեց իսպանական օրենսդրությունը։ Այդ և նմանատիպ եկեղեցական ծխերը հանդիսանում էին Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության մաս և ներկա դրությամբ ներառված են Իսպանական ու Պորտուգալական մետրոպոլիայի մեջ։ Այն Իսպանիայում ունի շուրջ 26 եկեղեցական ծուխ։

Երկրում ուղղափառների թվաքանակը սկսեց աճել 1990-ական թվականներից, երբ Արևելյան Եվրոպայից դեպի Իսպանիա աշխատանքային միգրանտների հոսք սկսվեց։ Այս հանգամանքի հետ կապված երկրում սկսեց գործել Ռումինական ուղղափառ եկեղեցին (49 եկեղեցական ծուխ), Ռուս Ուղղափառ եկեղեցին (9 եկեղեցական ծուխ և համայնք) և Սերբական ուղղափառ եկեղեցին (14 եկեղեցական ծուխ)։

Ըստ «Pew Research Center»-ի գնահատականներով՝ 2010 թվականին Իսպանիայում բնակվել են 900 հազար ուղղափառներ[1]։

Ոչ ավանդական քրիսստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորմոնների եկեղեցին Մադրիդում

Ջոն Մելտոնի կողմից հիմնադրված «Աշխարհի կրոնները» հանրագիտարանի տվյալներով 2010 թվականին Իսպանիայում բնակվել են մարգինալ քրիստոնեության 210 հազար հետևորդ[3]։

Իսպանիայում մարգինալ քրիստոնեության խոշորագույն կառույցը հանդիսանում է Եհովայի վկաներ կազմակերպությունը, որը երկրում գործունեություն է սկսել իրականացնել 1919 թվականից։ Համաձայն Եհովայի վկաներ կազմակերպության տվյալների 2012 թվականին Իսպանիայի տարածքում կազմակերպվել է 1521 հավաք, որոնց մասնակցել է 110 հազար մկրտված կազմակերպիչ-քարոզիչ[9]։

Իսպանիայում Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու միաբանությունը (մորմոններ) առաջին անգամ ձևավորվել է 1968 թվականին ամերիկյան քաղաքցիների կողմից։ 1974 թվականին երկրում արդեն ապրում էր 620 մորմոն։ Ներկա դրությամբ կազմակերպության սեփական տվյալներով Իսպանիայի տարածքում գործում են մորմոնների 141 միաբանություններ, որոնց հետևորդների թվաքանակը 53 հազար է[10]։

Կեղծ քրիստոնեական կրոնական կազմակերպություններից է Աստծո երեխաները և «Քրիստոնեական գիտություն» կազմակերպության ենթաճյուղ համարվող այսպես կոչված «Քրիստոսի եկեղեցին»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Global Christianity» (անգլերեն). The Pew Forum on Religion & Public Life. 2011 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  2. 2,0 2,1 «Christian Population as Percentages of Total Population by Country» (անգլերեն). The Pew Research Center's Religion and Public Life Project. 12-19-2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 Javier Martínez-Torron Spain // Religions of the World: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices / J. Gordon Melton, Martin Baumann. — Oxford, England: ABC CLIO, 2010. — С. 2686. — 3200 с. — ISBN 1-57607-223-1
  4. Patrick Johnstone, Jason Mandryk Spain // Operation World 2001. — London: Paternoster Publishing, 2001. — 798 p. — (Operation World Series). — ISBN 1-8507-8357-8
  5. Աստվածաշունչ, Պողոս առաքյալի նամակը Հռոմեացիներին 15/28:
  6. 6,0 6,1 6,2 6,3 Jason Mandryk Spain // Operation World: The Definitive Prayer Guide to Every Nation. — InterVarsity Press, 2010. — P. 764-769. — 978 p. — (Operation World Set). — ISBN 0-8308-5724-9
  7. J. Gordon Melton Spain // Encyclopedia of Protestantism. — New York, NY: Facts On File, Inc., 2005. — P. 513-514. — 657 p. — ISBN 0816069832
  8. «У Барселоні відкрито нову місіонерську церкву ХВЄ» (ուկրաիներեն). Церква християн віри євангельської України. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  9. 2013 Yearbook of Jehovah’s Witnesses. — Columbia Heights, Brooklyn, NY: Watch Tower Bible and Tract Society of Pennsykvania, 2013. — P. 180-187. — 192 p.
  10. «Facts and Statistics» (անգլերեն). An Official website of The Church of Jesus Christ of Latter-Day Saints. Վերցված է 2016 թ․ մարտի 3-ին.