Տափերական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տափերական (բնակավայր)ից)

Տափերական (նախկինում Կիրովի անվան սովխոզ, N2 սովխոզ), գյուղ Արարատի մարզում, Արտաշատ քաղաքից 5-6 կմ հարավ-արևելք։ Ներկա անունը ստացել է 1991 թ-ին։ Այն առաջացել է պատմական մայրաքաղաք Արտաշատի Արաքս գետի վրայի Տափերական կամրջի անունից։ Հիմնադրվել է 1930-ական թ. որպես սովխոզ։ Մինչև 1939 թվականը կոչվել է N2 սովխոզ, այնուհետև՝ Կիրովի անվամբ։ 1946թ. գյուղում հաստատվեցին Պարսկաստանից հայրենադարձվածները։ 1970 թ-ին գյուղն ունեցել է 600 տնտեսություն, 2,887 բնակիչ։ Այժմ գյուղն ունի 860 տնտեսություն, 3,914 բնակիչ։ Գործում է դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքում կան 3 խաղողի վերամշակման ձեռնարկություններ, ալրաղաց, հացի թխման 3 ձեռնարկություն։

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, մանկապարտեզի վերանորոգումը։

Արտաքին հղումներ[խմբագրել]