Տաղաչափություն (տեսություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիշե Չարենց (տաղաչափության վարպետ)

Տաղաչափություն, բանաստեղծության ձևական կառուցվածքի բաղադրամասերի ամբողջություն, որով ստեղծվում է ներդաշնակության օրենքներով համադրված լեզվի մի առանձնահատուկ տեսակ՝ չափածո գեղարվեստական խոսքը։

Տաղաչափական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաղաչափական տարրերն են՝ չափը, հանգը, բանաստեղծական հնչյունաբանությունը, տունը, ոտքը, անդամը, տողը, կիսատողը, դադարը, հատածը, տողանցումը, որոնք ամբողջության մեջ ստեղծում են խոսքի կշռույթը (ռիթմ)։

Տաղաչափական համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տողերի արտասանական ժամանակի տևողության և լեզվի շեշտադրության բնույթի՝ առանձնանում են տաղաչափական տարբեր համակարգեր՝ չափական, վանկային, վանկաշեշտային, շեշտային։

Չափական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափական համակարգը, որը բնորոշ է եղել անտիկ շրջանի հունահռոմեական, ինչպես նաև միջնադարյան լատինական պոեզիային, ձևավորվում է երկար և կարճ ոտքերի տարբեր միացություններով․ նպատակը արտասանական հավասար տևողություն ունեցող տողաչափերի ստեղծումն է։ Տարբեր տողաչափեր ունեն իրենց չափական կառուցվածքին համապատասխան անուն, ինչպես՝ վեցաչափ (հեկզամետր), հնգաչափ (պենտամետր)։

Վանկաշեշտային և շեշտային տաղաչափական համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանկաշեշտային և շեշտային տաղաչափական համակարգերի ձևավորման հիմքը բանաստեղծական ոտքն է, որը կազմվում է մեկ շեշտված և մեկ կամ մի քանի անշեշտ վանկերից, օրինակ, մեծավերջը (յամբ), մեծասարը (քորեյ), վերջատանջը (անապեստ), քողաղոտը (ամֆիբրաքոս), ստեղնը (դաքտիլ) և այլն։ Հայերենի տաղաչափությունը պատկանում է վանկային համակարգին, հանդիպում են նաև վանկաշեշտային ոտանավորի օրինակներ։ Բացի նշված տաղաչափական համակարգերից, կան նաև համաշեշտ և ազատ ոտանավորի տեսակներ։

Համաշեշտ և ազատ ոտանավորի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշեշտ ոտանավորը կառուցվում է տողի մեջ շեշտի հավասարության միջոցով, ազատ ոտանավորն ունի իր կշռույթի առանձնահատուկ օրենքները, այստեղ կարևոր դեր ունեն տողի հնչերանգային, իմաստային, շարահյուսական ավարտվածությունը, խոսքի արտասանական շեշտը, արտահայտությունների, բառակապակցությունների, ոճական ձևերի նմանությունը և այլն։

Տաղաչափագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաղաչափության ըմբռնումը տարածվում է նաև գրականագիտության այն բնագավառի վրա, որն ուսումնասիրում է չափածո խոսքի՝ որպես լեզվի առանձնահատուկ համակարգի, ձևական կառուցվածքի տարրերը։ Այս դեպքում ճիշտ կլինի օգտագործել տաղաչափագիտություն տերմինը։

Տաղաչափագիտության բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաղաչափությունն (տաղաչափագիտություն) ունի չորս հիմնական բաժին՝ չափագիտություն, հանգիտություն, բանաստեղծական տների կառուցման տեսություն և տեսություն բանաստեղծական կայուն ձևերի (հայրեն, սոնետ, տրիոլետ, ռոնդո, գազել և այլն) մասին։

Տաղաչափությունը հայ բանասիրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաղաչափությունը (տաղաչափագիտություն) հայ բանասիրության մեջ նախկինում եղել է լեզվաբանության մի առանձին բնագավառ և ուսուցանվել է միջնադարյան դպրոցներում ու համալսարաններում, ապա աստիճանաբար անցել է գրականագիտությանը՝ միաժամանակ պահպանելով իր սահմանային դերը բանարվեստի ու լեզվի օրինաչափությունների ուսումնասիրման բնագավառների միջև։ Հայ բանասիրության մեջ տաղաչափագիտության հարցերով լրջորեն զբաղվել են Մխիթարյան միաբանության անդամները (Արսեն Բագրատունի, Հովնանյան, Այտընյան, Հյուրմյուզյան, Սուքրյան և ուրիշներ)։ Այն մի նոր աստիճանի են բարձրացրել Բահաթրյանը և Մանուկ Աբեղյանը։ Տաղաչափության հարցերին անդրադարձել են նաև բանաստեղծները (Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս, Հովհաննես Հովհաննիսյան, Դանիել Վարուժան, Եղիշե Չարենց, Պարույր Սևակ և ուրիշներ)։ Տաղաչափությունը կարևոր տեղ ունի նաև բանարվեստի ուսումնասիրության ժամանակակից մեթոդներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 552