Վերածննդի ճարտարապետությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերածննդի ճարտարապետությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում զարգացել է Ֆլորենցիայում, այնուհետև Հռոմում և Իտալիայի այլ վայրերում Վերածննդի հումանիզմի և դասական ճարտարապետության նկատմամբ հետաքրքրության արդյունքում։ Այն ընդհանուր շարժման մի մասն էր, հայտնի որպես իտալական վերածնունդ, որը տարածում գտավ նաև Իտալիայից դուրս՝ իր ազդեցությունն ունենալով գիտության և արվեստի բազմաթիվ ասպեկտների վրա։ Երբ Վերածննդի ոգին թափանցեց Արևելյան Եվրոպա, ստիպված էր փոխզիջման գնալ տեղի ավանդույթների և կլիմայի հետ։ Տարածաշրջանի տարբեր վայրերում Վերածննդի դարաշրջանի ոճը տարբերվում է տեղային բազմաթիվ առանձնահատկություններով։

Վերածննդի ճարտարապետությունը Լեհաստանի Թագավորությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վերածնունդը Լեհաստանում

Կրակովի Վավել ամրոցի բակը

Լեհական Վերածննդի ճարտարապետությունը բաժանվում է երեք շրջանի։ Առաջին շրջանն (1500–1550 թվականներ) անվանում են «իտալական»։ Վերածննդի դարաշրջանի շինությունների մեծ մասը կառուցել են այս ժամանակաշրջանի իտալացի ճարտարապետները, որոնք հիմնականում Ֆլորենցիայից էին։ Նրանց թվում էին Ֆրանչեսկո Ֆիորենտինոն և Բարթոլոմեո Բերեցչին։

Երկրորդ շրջանում (1550–1600 թվականներ) Վերածննդի ճարտարապետությունը ավելի մեծ տարածում գտավ մասնավորապես Պոմերանիայում մաներիզմի սկզբնավորման և Նիդերլանդների ազդեցության տակ գտնվելու ժամանակ։ Շինություններից հայտնի են կրակովյան «New Cloth Hall»-ը և Տարնուվի, Սանդոմիրի, Հելմի (ավերված) քաղաքապետարանները, ամենից վատ վիճակում Պոզնանինն է։ Զամոշչը Կենտրոնական Եվրոպայի Վերածննդի քաղաքի եզակի օրինակ է[1]։

Երրորդ շրջանում (1600–1650 թվականներ) ճիզվիտների հզորացումն ու հակառեֆորմացիան խթան հանդիսացան մաներիստական ճարտարապետության և բարոկկոյի զարգացմանը[2]։

Վերածննդի ճարտարապետությունը Հունգարիայի Թագավորությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդայի ամրոցը 15-րդ դարի վերջին (Բուդապեշտ)

Իտալիայից հետո Հունգարիան առաջին եվրոպական երկիրն էր, որ մուտք գործեց Վերածննդի դարաշրջան[3]։ Վերածննդի ոճը Քվատրոչենտոյի ժամանակաշրջանում Իտալիայից եկավ Հունգարիա՝ նախ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջան, ոչ միայն հունգարա-իտալական տոհմական կապերի, այլև մշակութային, հումանիստական և առևտրային վաղ հարաբերությունների շնորհիվ, որոնք ուժեղացել էին 14-րդ դարից։ Երկրորդ պատճառը հունգարական և իտալական գոթական ոճերի փոխհարաբերություններն էին, որոնք խուսափում էին պատերի չափազանց շատ ճեղքվածքներից՝ նախընտրելով պարզ և հասարակ շինություններ։ Լայնածավալ շինարարական սխեմաները մեծ և երկարաժամկետ աշխատանք էին ապահովել արվեստագետների համար, ինչպես օրինակ՝ Բուդայի Ֆրիս (Նոր) ամրոցը, Վիշեգրադի, Թաթայի և Վարպալոտայի ամրոցները։ Սիգիզմունդի արքունիքում կային հովանավորներ, որոնցից մեկը Պիպո Սպանոն էր՝ Ֆլորենցիայի Սկոլարի ընտանիքի ժառանգը, որ Հունգարիա էր հրավիրել Մանետտո Ամանատինիին և Մասոլինո դա Պանիկալեին[4]։

Իտալական նոր միտումը համակցվեց ազգային ավանդույթների հետ՝ հիմք դնելով Վերածննդի յուրօրինակ արվեստին։ Վերածննդի արվեստի ընդունմանը նպաստեց հումանիստական մտքի՝ դեպի երկիր շարունակական հոսքը։ Շատ երիտասարդ հունգարացիներ, որոնք սովորում էին իտալական համալսարաններում, ավելի մոտեցան Ֆլորենցիայի հումանիստական կենտրոնին՝ անմիջականորեն կապվելով հենց Ֆլորենցիային։ Հունգարիա և հատկապես Բուդա տեղափոխվող իտալացի վաճառականների աճող թիվը նպաստեց այս գործընթացին։ Ոճն ի հայտ եկավ 1476 թվականին՝ Մաթիաս Կորվինուս թագավորի և Նեապոլի Բեատրիսեի ամուսնությունից հետո։ Մաթիասը 15 տարեկան էր, երբ ընտրվեց Հունգարիայի թագավոր։ Նա կրթությունն ստացավ իտալերենով, և իտալական վերածննդի նվաճումներով նրա հմայվածությունը հանգեցրեց Հունգարիայում միջերկրածովյան մշակութային ազդեցությունների խթանմանը։ Նոր թագուհու հետ Բուդա ժամանեցին բազմաթիվ իտալացի նկարիչներ, արհեստավորներ և մասոններ։ Նրանցից մեկը՝ Արիստոտել Ֆիորավանտին, Հունգարիայից մեկնելով Մոսկվա, կառուցեց Վերափոխման մայր տաճարը։ Հունգարական Վերածննդի եկեղեցական ճարտարապետության ամենակարևոր գործը Էստերգոմի Բաքոշ մատուռն է[5]։ Այն Իտալիայից դուրս առաջին կենտրոնական մատուռն էր։ 1823 թվականին վերակառուցեցին միջնադարյան եկեղեցին, իսկ մատուռը քար առ քար տեղափոխեցին այլ տեղ՝ միավորելու համար Էստերգոմի նեոդասական տաճարի հետ։

Բուդայի ամրոցը ընդլայնվեց և արդիականացվեց Վերածննդի ոճով։ Մաթիաս թագավորը կառուցեց նաև շքեղ ամառային պալատ Վիշեգրադում և իտալականացված որսորդական օթյակ Բուդանեկում։ Այս հուշարձանները հիմնականում ավերվեցին օսմանյան պատերազմների ժամանակ, սակայն Վիշեգրադի պալատի՝ շուրջ 2000 և 69 տարվա մնացորդները մասամբ վերականգնեցին։

1526 թվականին Հունգարիայի՝ Օսմանյան կայսրության կողմից նվաճումը կտրուկ վերջ դրեց Հունգարիայի կարճատև Վերածննդին։ Թագավորական արքունիքը դադարեց գոյություն ունենալ, սակայն 16–17-րդ դարերում Հունգարիայի կալվածատեր ընտանիքները թագավորական Հունգարիայում կառուցեցին Վերածննդի դարաշրջանի բազմաթիվ գավառական ամրոցներ։ Դրանցից ամենանշանավորը Սարոսպատակի Ռակոչզի ամրոցն էր։

Վերածննդի դարաշրջանի բազմաթիվ ամրոցներ կառուցվեցին նաև Տրանսիլվանիայում, որն այն ժամանակ անկախ իշխանություն էր։ Գյուլաֆեհերվարում (այժմ՝ Ալբա Յուլիա, Ռումինիա) Գաբրիել Բեթլենի պալատը նախագծեցին իտալացի ճարտարապետները։ Տրանսիլվանյան Վերածնունդը այսպես կոչված «գեղագիտական պահպանողականության» պատճառով տևեց մինչև 18-րդ դարի առաջին կեսը։ Տրանսիլվանիայի ժողովրդական ճարտարապետության շնորհիվ Վերածննդի դարաշրջանի մասունքները պահպանվեցին բավականին երկար ժամանակ։

Վերածննդի ճարտարապետությունը Բոհեմիայի թագավորությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Červená Lhota» ամրոցը հարավային Բոհեմիայում

1490-ական թվականներին Վերածննդի ոճն առաջին անգամ հայտնվեց Բոհեմիայի թագավորության երկրներում։ Բոհեմիան իրեն կից տարածաշրջանների, հատկապես Մորավիայի հետ միասին դասվել է Սրբազան Հռոմեական կայսրության տարածքների շարքին, ուր ներկայացված են Վերածննդի ճարտարապետության ամենավաղ օրինակները[6]։ Ինչպես Կենտրոնական Եվրոպայի մյուս երկրներում, այնպես էլ այստեղ գոթական ոճը պահպանել է իր յուրօրինակությունը հատկապես եկեղեցական ճարտարապետության մեջ։ Ավանդական գոթական ճարտարապետությունը համարվում էր հավիտենական և, հետևաբար, կարող էր սրբություն խորհրդանշել։ Մինչև 16-րդ դարի վերջը Վերածննդի ճարտարապետությունը Բոհեմիայում և Մորավիայում գոյակցում էր գոթական ոճի հետ։

Սրբազան Հռոմի կայսր և Բոհեմիայի թագավոր Ռուդոլֆ II-ի օրոք Պրահա քաղաքը դարձավ ուշ Վերածննդի (այսպես կոչված մաներիզմի) արվեստի եվրոպական կարևորագույն կենտրոններից մեկը։ Սակայն այդ ժամանաշրջանից ճարտարապետական նշանակության շատ քիչ շինություններ են պահպանվել։

Վերածննդի ճարտարապետությունը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկովյան Կրեմլի Մայր տաճարի հրապարակի Դեմքի պալատը

Իվան III իշխանը Վերածննդի ճարտարապետությունը ներմուծեց Ռուսաստան՝ հրավիրելով մի շարք իտալացի ճարտարապետների, որոնք իրենց հետ բերեցին նոր շինարարական տեխնիկա և Վերածննդի ոճի որոշ տարրեր՝ ընդհանուր առմամբ հետևելով նաև ռուսական ճարտարապետության ավանդական նմուշներին։ 1475 թվականին բոլոնյան ճարտարապետ Արիստոտել Ֆիորավանտին եկավ վերակառուցելու Մոսկվայի Կրեմլի Վերափոխման տաճարը, որը վնասվել էր երկրաշարժից։ Ֆիորավանտին 12-րդ դարի Սուրբ Վլադիմիրի տաճարի օրնակով ստեղծեց մի դիզայն, որը զուգակցում էր ավանդական ռուսական ոճը Վերածննդի դարաշրջանի ընդարձակության, համամասնության և համաչափության հետ։

Համբարձման եկեղեցին Կոլոմենսկոյեում

1485 թվականին Իվան III-ը հանձնարարեց Կրեմլում կառուցել Թերեմ թագավորական պալատը, որի առաջին երեք հարկերի ճարտարապետը Ալոիզիո դա Միլանոն էր։ Ինչպես Ալոիզիո դա Միլանոն, այնպես էլ իտալացի մյուս ճարտարապետները մեծ ներդրում ունեցան Մոսկվայի Կրեմլի պատերի և աշտարակների կառուցման գործում։ Ռուսական ցարերի խնջույքների փոքրիկ սրահը իտալացի Մարկո Ռուֆոյի և Պիետրո Սոլարիոյի աշխատանքն է, որն ավելի շատ իտալական ոճ է հիշեցնում։

1505 թվականին Մոսկվա ժամանեց մի իտալացի, որ Ռուսաստանում հայտնի էր Ալևիզ Նովի կամ Ալևիզ Ֆրյազին անունով։ Վերջինս կարող էր լինել վենետիկյան քանդակագործ Ալևիսիո Լամբերտի դա Մոնտանյեն։ Իվան III-ի համար նա կառուցեց տասներկու եկեղեցի, այդ թվում՝ Հրեշտակապետաց տաճարը, որն աչքի է ընկնում ռուսական ավանդույթների, ուղղափառ պահանջների և Վերածննդի ոճի հաջող համադրությամբ։ Ենթադրվում է, որ Վիսոկոպետրովսկի վանքի Մետրոպոլիտ Պետրոսի տաճարը Ալևիզ Նովիի աշխատանքներից է, որ հետագայում ոգեշնչման աղբյուր դարձավ 17-րդ դարի վերջին մոսկովյան բարոկկոյի՝ այսպես կոչված «ութանկյունը քառանկյան վրա» (ռուս.՝ восьмерик на четверике) ճարտարապետական ոճի համար։

Այնուամենայնիվ, 16-րդ դարի սկզբից մինչև 17-րդ դարի վերջը Ռուսաստանում ձևավորվեց քարե վրանանման տանիքի ճարտարապետության յուրօրինակ ավանդույթ։ Այն բավականին ինքնատիպ էր և տարբերվում էր Եվրոպայի այլ վայրերի ժամանակակից Վերածննդի ճարտարապետությունից, թեև որոշ հետազոտությունների արդյունքում այդ ոճն անվանում են «ռուսական գոթիկա»՝ համեմատելով ավելի վաղ շրջանի եվրոպական գոթական ճարտարապետության հետ։ Իտալացիներն իրենց առաջադեմ տեխնոլոգիայով կարող էին նպաստել Ռուսաստանում քարե վրանանման տանիքների ի հայտ գալուն (Ռուսաստանում և Եվրոպայում փայտե վրանները հայտնի էին դեռ շատ վաղուց)։ Վարկածներից մեկի համաձայն՝ չի բացառվում, որ Պետրոկ Մալի անունով իտալացի ճարտարապետն է եղել ամենավաղ և ամենահայտնի վրանանման տանիքով եկեղեցիներից մեկի՝ Կոլոմենսկոյեի Համբարձման եկեղեցու հեղինակը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://whc.unesco.org/en/list/564. UNESCO World Heritage Centre. 23 September 2009. Retrieved 17 May 2016
  2. Harald Busch, Bernd Lohse, Hans Weigert, Baukunst der Renaissance in Europa. Von Spätgotik bis zum Manierismus, Frankfurt af Main, 1960 Wilfried Koch, Style w architekturze, Warsaw 1996 Tadeusz Broniewski, Historia architektury dla wszystkich Wydawnictwo Ossolineum, 1990 Mieczysław Gębarowicz, Studia nad dziejami kultury artystycznej późnego renesansu w Polsce, Toruń 1962
  3. Louis A. Waldman; Péter Farbaky; Louis Alexander Waldman (2011). Italy & Hungary: Humanism and Art in the Early Renaissance. Villa I Tatti. ISBN 978-0-674-06346-4
  4. Title: Hungary (4th edition)Authors: Zoltán Halász / András Balla (photo) / Zsuzsa Béres (translation) Published by Corvina, in 1998 ISBN 963-13-4129-1, 963-13-4727-3
  5. https://www.hung-art.hu/kep/zmisc/faragvan/162_sz/bakocz01.jpg
  6. Hamlin, Alfred D. (2010). https://books.google.am/books?id=g89phgpRZOEC&pg=PA338&redir_esc=y#v=onepage&q&f=false. Bremen: Salzwasser-Verlag. p. 338. ISBN 9783861952503

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Miskimin, Harry A. (1977). The Economy of Later Renaissance Europe 1460–1600. Cambridge: Cambridge University Press.
  • Johnson, Lonnie, (1996). Central Europe : Enemies, Neighbors, Friends: Enemies, Neighbors, Friends. New York: Oxford University Press
  • Labno, Jeannie (2011). Commemorating the Polish Renaissance Child: Funeral Monuments and Their European Context. Farnham: MPG Books Group.
  • Kaufmann, T. D. (1995). Court, cloister, and city the art and culture of Central Europe, 1450–1800. Chicago (Ill.): University of Chicago Press.
  • Anderson, J. (2009). Crossing cultures: conflict, migration and convergence : the proceedings of the 32nd International Congress of the History of Art. Carlton, Vic: Miegunyah Press.
  • Jokilehto, Jukka (2011). World heritage: observations on decisions related to cultural heritage. Journal of Cultural Heritage Management and Sustainable Development. 1, 61–74.
  • Freedman, J. S. (1999). Philosophy and the arts in Central Europe, 1500–1700: teaching and texts at schools and universities. Aldershot: Ashgate.
  • Bowe, P., & Sapieha, N. (1991). Gardens in Central Europe. [UK], Antique Collectors' Club.
  • Kaufmann, T. D. (1988). Art and architecture in Central Europe, 1550–1620: an annotated bibliography. Boston, Mass: G.K. Hall.
  • Lee, A., Péporté, P., & Schnitker, H. (2010). Renaissance? perceptions of continuity and discontinuity in Europe, c.1300-c.1550. Leiden: Brill.
  • (2008). Bohemia & Central Europe 1200–1550: the permanent exhibition of the collection of Old Masters of the National Gallery in Prague at the Convent of St Agnes of Bohemia. Prague: National Gallery.
  • PAVEL KALINA – European Diplomacy, Family Strategies, and the Origins of Renaissance Architecture in Central and Eastern Europe