Սսի Բ ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սսի Բ եկեղեցական ժողով, 1243 թ. Կիլիկիայի Հայկական թագավորության Սիս մայրաքաղաքում հրավիրված եկեղեցական ժողով։ Գումարվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրաբերդցու (1221-1267) նախաձեռնությամբ և Կիլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Ա-ի (1226–1269) օժանդակությամբ։ Ժողովի վերաբերյալ տեղեկությունները քաղում ենք Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» աշխատությունից, որտեղ պահպանվել են կաթողիկոսի շրջաբերական թուղթն ու կանոնական սահմանադրությունները։

Ժողովի հրավիրման դրդապատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրակոս Գանձակեցու հաղորդած տեղեկությունների համաձայն, երբ Կոստանդին Բարձրաբերդցին տեսնում է հայոց աշխարհի ավերն ու տառապանքը, ենթադրում է, որ այդ ամենի պատճառը մեղքերն են, որովհետև «ամեն մարդ ի հաճույս իր ջանասիրաբար մտածում էր չարիքներ գործել»[1]։ Ըստ պատմիչի` մարդկանց մեջ ծայր էին առել մի շարք արատավոր երևույթներ, օրինակ` ոմանք հեթանոսաբար ամուսնանում էին իրենց մոտ ազգականների հետ, եպիսկոպոսները գումարի դիմաց անարժաններին էին ձեռնադրում, իսկ քահանաները հաճախ չէին տիրապետում պատշաճ գիտելիքների[1]։

Այս պատճառով Կոստանդին կաթողիկոսը որոշում է ժողով գումարել` արմատախիլ անելու հոգևորականների ու աշխարհականների շրջանում տարածված արատավոր երևույթները։ Սակայն, պետք է ենթադրել, որ ժողովի գումարման միակ նպատակը սա չէր։ Հավանաբար, անբարո երևույթները վերացնելուց բացի կաթողիկոսը և թագավորը այլ հեռանկարներ ևս ունեին։ Մասանավորապես այսպես մտածելու տեղիք են տալիս ժողովի ընթացքում ընդունված կանոնական վերջին երկու գլուխները, որոնք Մաղաքիա Օրմանյանը նույնիսկ անվանել է «զիջողական գլուխներ»[2]։ Ծիսական հարցերում որոշ զիջումների գնալով կաթոլիկ եկեղեցուն` Կոստանդին կաթողիկոսն ու Հեթում Ա-ն ցանկանում էին շահել Հռոմի պապի վստահությունը և անհրաժեշտության դեպքում Արևմուտքից ստանալ զինվորական օգնություն, և, ինչպես նշում է Մ. Օրմանյանը, թեև աննշան հարցերում նորամուծություն կատարվեց, սակայն այս փոփոխությունը «դուռ բացաւ, որ հետզհետէ զիջողական փոփոխութիւններ կարեւորագոյն կէտերու վրայ ալ տարածուին»[2]։

Այսպիսով, ըստ երևույթին, Կոստանդին Բարձրաբերդցու համար առաջնային խնդիր է եղել վերացնել արատավոր երևույթները և կարգավորել հոգևոր ու աշխարհիկ կյանքը, իսկ կանոնական որոշումների վերջին երկու կետերը, չի բացառվում, որ կաթողիկոսի և թագավորի կողմից հեռանկարային քայլ լինեին։

Ժողովի գումարումը և մասնակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

1243 թ-ին[3][4][5] գումարվեց Սսի Բ եկեղեցական ժողովը` Ամենայն հայոց կաթողիկոսի հրամանով և Հեթում Ա թագավորի օժանդակությամբ։ Կիրակոս Գանձակեցին անվանապես չի հիշատակում մասնակիցներին, սակայն նշում է, որ ժողովին ներկա էին Կիլիկիայի եպիսկոպոսները, վարդապետները, վանքերի առաջնորդները, իշխաններն ու իշխանավորները[6]։

Կիրակոս Գանձակեցու փոխանցած տեղեկությունների վերաբերյալ հետաքրքիր են Ներսես արքեպ. Մելիք-Թանգյանի հետևությունները. 1. ժողովների կանոնները հայտարարվում էին կաթողիկոսական կանոնական կոնդակով, 2. 1243-ին Կիլիկիայի կաթողիկոսն արդեն կրում էր «կաթողիկոս Ամենայն Հայոց» տիտղոսը, 3. ժողովը հրավիրվել է կաթողիկոսի հարամանով և թագավորի օժանդակությամբ, և ո՛չ թագավորի հրամանով, 4. թագավորը ներկա էր ժողովին, և երևում է,  որ նախագահը կաթուղիկոսն էր[7]։

Սակայն, Սսի Բ ժողովին չմասնակցեցին Արևելյան Հայաստանի վարդապետները, որի պատճառով Մ. Օրմանյանը կարծում է, որ Սսի գումարումը չպետք է ազգային եկեղեցական ժողով համարել[8]։ Արևելյան հայ վարդապետների` ժողովին չմասնակցելու պատճառներից մեկը նաև պետք է համարել մոնղոլ-թաթարական արշավանքների պատճառով ստեղծված քաղաքական բարդ դրությունը։

Ժողովի հաստատած կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սսի 1243 թ. ժողովը հաստատեց 25 կանոններ։ Տարբեր ձեռագրերում կանոնների բովանդակությունը նույնն է, սակայն կանոններից մի քանիսը միացված են իրար, որի պատճառով էլ դրանց քանակը տարբերվում է` 23, 24, 25[9]։ Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» աշխատության 1961 թ. տպագրված քննական բնագրում կանոնները բաժանված են 25 գլուխների[10]։ Կանոնների մեծամասնությունը նախկինում ընդունված է եղել հայոց եկեղեցու կողմից և նորից վերահաստատվել է Սսի Բ ժողովում։ Սա խոսում է այն մասին, որ այդ կանոնները տարբեր պատճառներով խախտվել են, որի արդյունքում կարիք են զգացել վերահաստատման։

Այսպիսով, Սսի 1243 թ. ժողովի ընթացքում ընդունվեցին հետևյալ կանոնները.

«Ա) Եկեղեցում ամեն ձեռնադրություն, որ Սուրբ Հոգու պարգևն է, և որ տալիս է արժանավորներին, առանց փողի լինի ըստ կանոնների, որովհետև այն [փողը] Հուդայի ու կախարդ Սիմոնի ախտն է, որ խրվեցին, իսկ նվերը նրանց չի վերաբերում, որ տեղ-տեղ աղքատության ու տգիտության հետևանքով վերացած է»[6]։

Սսի Բ եկեղեցական ժողովից առաջ էլ կաշառքի դիմաց ձեռնադրելու դեմ կանոններ են սահմանվել, օրինակ` 12-րդ դ. երկրորդ կեսից հետո Հառիճավանքի առաջնորդ Գրիգորը համալիրի Սբ Գրիգոր եկեղեցում մի արձանագրություն է թողել, որով նզովվում էին բոլոր նրանք, ովքեր կաշառքով քահանա էին դառնում[11]։ Նմանատիպ բովանդակությամբ արձանագրություն կա նաև Հոռոմոսի վանքում` արված 1228 թ., Գրիգոր հեջուբ Խաչենցու հրամանով և Խոցադեղ գրչի ձեռքով[12]։

«Բ) Այսուհետև միայն արժանավորներն ու գիտունները առնեն եպիսկոպոսության աստիճան, մանրամասն քննությամբ ու երաշխավորությամբ և թեմի համաձայնությամբ, առանց կաշառքի. հասակով երեսուն տարեկանից ոչ պակաս։

Գ) Իսկ եպիսկոպոսի առաջին գործն այն է, որ եկեղեցու ուսուցիչներն ու ուսանողները մեծ հոգատարությամբ ինքը նշանակի անսայթաք կերպով. և երեխաները պետք է ունենան գիտուն և ուսումնական ուսուցիչներ։

Դ) Ապա երբ հասնում են հասակով, ուսումով և մաքրությամբ, աստիճան է տալիս [եկեղեցին] իրենց ու դաստիարակների վկայությամբ` առանց վճարի. Քսանհինգ տարեկանից ոչ պակաս` քահանա, և քսանից ոչ պակաս` սարկավագը»[13]։

Դեռևս 1204 թ. Սսի Ա ժողովում սահմանվել էր, որ քահանա պետք է ձեռնադրել միայն չափահաս տարիքում` առանց կոնկրետ տարիքը նշելու։ Միայն Սսի Բ ժողովում հաստատվեցին ձեռնադրությունների նվազագույն տարիքային շեմերը[14]։

«Ե) Իսկ քահանաները պսակն ու կնունքը եկեղեցիներում քաղցած վիճակում պետք է անեն և հաղորդ տան. իսկ եթե երեխայի մահվան երկյուղ կա, ինչ ժամանակ լինի, [կնունքը] պետք է անի առանց դրամի»[13]։

Առհասարակ, պահանջվում էր, որ քահանան պսակի և մկրտության ժամանակ անօթի լինի, որովհետև «առաջին` որ ս. խորհուրդը կատարուի երկիւղածութեամբ և ծոմով, և երկրորդ` որ քահանան պիտի նոյն օրը հաղորդուի, այդ պատճառով կանոնս պահանջում է քահանայից ամենայն զգաստութեամբ և սրբութեամբ կատարել իւր պաշտօնը»[15]։

«Զ) Ամեն քահանայագործություն [քահանայական արարողություն]` կնունք, պսակ և թաղում երկյուղածությամբ պետք է լինի` առանց զրույցի ու ծիծաղի, մերձակաների հույսով ու աղոթքով։ Է) Ավազանը հաստատուն ու անշարժ պետք է լինի և վարագույրթվ ծածկված, որովհետև նրա խորհուրդը մեծ է»[13]։

Այս կանոնը նախկինում ևս սահմանված է եղել, օրինակ` Հովհաննես Օձնեցին 719 թվականին Դվինի ժողովի 13-րդ կետում սեհմանել էր հետևյալ կանոնը` «Ոչ է պարտ զաւազանն լայլ իմեքէ նիւթոյ պատրաստել, եւ կամ ուրանաւր եւ կամեսցի, այլ աւազան քարեղեն հաստատել ի նմին իսկ յեկեղեցւոջն, եւ կամ անդէն մերձ յեկեղեցին ի մկրատունն»[16]։

«Ը) Պսակը ընտրությամբ պետք է անեն, արյան ազգակցությունից վեց պորտով հեռացած պետք է լինի. Փեսացուն տասնչորս տարեկանից ոչ պակաս, իսկ հարսը` տասներկուսից։

Թ) Օտար երկրից եպիսկոպոս, վարդապետ, քահանա կամ գերու տեր [օտար երկրում գերի ընկածի տեր] առանց թեմի եպիսկոպոսի [գիտության] թող չշրջեն կամ չկառուցեն [եկեղեցի, վանք], այլ [միայն] նրա հրամանով ըստ պատշաճի, բայց օրինականներին չպետք է հակառակվեն և ընդդիմանան. իսկ եթե որևէ մեկը հանդգնի, նզովյալ լինի։

Ժ) Գրքերի դասասացները բազմության ներկայությամբ են ընտրվում, որ գիտուն, բոլոր գրքերին վարժ ու տեղյակ և ամեն բանով բանիբուն լինեն. նույնպես և գրերին աշակերտողները նույնի ընտրությամբ և ավելի իմացությամբ ու կատարյալների վկայությամբ։

ԺԱ) Եպիսկոպոսը պետք է հրամայի, որ եկեղեցու սուրբ գրքերը գրեն հմուտները [գրելու մեջ], ուղղափառներն ու գիտունները։

ԺԲ) Եպիսկոպոսը տարեկան երկու անգամ պետք է շրջի իր թեմում, ժողով անի իր հոտին. և սուրբ ու գիտուն քորեպիսկոպոս [առաջնորդի փոխանորդ եպիսկոպոս, քահանա] պետք է նշանակի, որ եկեղեցու դատաստանը ըստ կանոնների անել կարողանա. լինի երկյուղած, ոչ ագահ։

ԺԳ) Ծեր ու գիտուն խոստովանահայրեր պետք է կարգեն, որ ամեն կիրակի առանց փողի խոստովանության կանչի շաբաթվա հանցանքների համար, և քահանաները խոստովանահայրերի հրամանով իրենց ժողովրդի արժանավորներին պետք է հաղորդեն առանց դրամի, նույնպես և հիվանդներին առանց դրամի [պետք է հաղորդեն]։

ԺԴ) Հաղորդը առանց բուրվառի ու մոմեղենի չխետք է տանեն հիվանդների մոտ, այլ մեծ երկյուղածությամբ. իսկ ժողովուրդը իր իրավունքին չէ, ում որ կամենա, նրա ծուխը լինի, այլ պետք է լինի, ինչպես եպիսկոպոսն է հրամայում։

ԺԵ) Եպիսկոպոսներն ու քորեպիսկոպոսները առավել ջանք պետք է թափեն պոռնիկներին, շնաչողներն, կախարդներին և ամեն կարգի հանցավորներին գեհենի երկյուղով դարձի բերել։ Իսկ դարձի չեկողներին մարմնական ու հոգևոր պատիժներով պետք է խրատել ու տուգանել, մանավանդ այնպիսիներին, որոնք ամուսինների միջև են մտնում, կամ բոզ կին են պահում, կամ օրինակ կինը թողնում և բոզերի մոտ են գնում, կամ ատելության հետևանքով թողնում են կանանց առանց պոռնկության պատճառի։ Այսպիսիներին առանց խղճալու անողորմ պատժողվ պետք է խրատել։ Իսկ եթե պատվավոր մարդ է և եկեղեցու օրենքներին լրբաբար ընդդեմ է խոսում, թագավորը պետք է հիշատակի նրա հայտնի հանցանքը. իսկ իշխանները հանդիմանեն. եթե» չխրատվի, պետք է նզովվի։ Եթե կինը լրբանա, ամուսնացած կամ ազապ տղամարդու խաբի, պետք է քահանան խրատի։

ԺԶ) Ամեն պաս ըստ կանոնների առանց ձկան, ձեթի և գինու պետք է պահվի, բացի հիվանդության հարկադրանքից, առավել աղուհացքի մեծ պասը, ուրբաթի, չորեքշաբթվա, որոնք Քրիստոսի չարչարանքի օրերն են. ով սրանք լուծի, պետք է նրան տուգանեն ու տուգանքը տան աղքատներին, իսկ Աստծուն` պաս պահելով պետք է հատուցեն։

ԺԷ) Սրանից առաջ և ամենից առաջ այս ենք հոգացել Հեթում արքայի, իր հայր Կոստանդինի և բոլոր իշխանների առաջ. ու բանադրելով բանադրանք ենք դրել ամենքի վրա, որ օժանդակեն եկեղեցուն և ամեն տեղ, թե մեծ, թե փոքր, հիշոցապետ նշանակեն դարբասների մոտ, քաղաքներում, գյուղերում, բերդերում, ագարակներում և անօրեն հայհոյաբերաններին` Աստծու բարկությունը շարժողներին` աններելի անօրեններին, որոնք անարգում են հավատը, ստեղծողին, կնունքը, հրեշտակին, քահանային, բերան, երես, գերեզման և այլ այսպիսի նոր բուսած չարիքներ, այնպիսիների լեզուն կտրեն, կամ ծակեն, լար ներս անցկացնեն և նախատինքով մի օր շրջեցնեն ու ըստ ունեցվածքի տուգանք առնեն, աղքատներին տան։

ԺԸ) Եթե քահանան գտնվի վերոգրյալ մեղքերի մեջ, կրկնակի պատիժ պետք է ընդունի և կարգով հանդերձ [կարգաթող չարվի] պատժվի։

ԺԹ) Այն քահանան, որ եկեղեցական գործից զատ այլ գործով է զբաղվում` գրագրություն [քարտուղարություն] կամ որսորդություն, ժողովրդին [ծուխերը] խլում են նրանից. նմանապես պետք է վրավել անուսում քահանաների հետ, մինչև որ լավ սովորեն. անարժաններից նույնպես պետք է առնեն [ժողովրդին]։

Ի) Քահանան տարին մեկ անգամ եկեղեցում պետք է հավաքի տղամարդկանց առանձին ու կանանց առանձին, և կույս աղջիկներին զատ, տղաներին ու փոքրերին զատ ու ըստ պատշաճի խրատի աղաչանքով ու սաստով. և իմանա յուրաքանչյուրի վարքի մասին ու մշտապես դիպի։ Եթե ինքը չի կարող, այլ կատարողի ձեռքով պետք է անի, ինչպես որ սուրբ Աթանասը իր կանոնների մեջ ասում է։

ԻԱ) Ժողովուրդը կամավորությամբ ու խնդրանքով պետք է տա քահանաների հասը. ամեն ծառից ու բույսից պտուղներ, մատաղի նշանակված մասը, պսակի համար` նվերներով, թաղմանը` հագուստ, ժամի դրամ [ժամուց]. պատարագին վարձ չպետք է տան, այլ քահանային` հագուստ ու կերակուր, որ եկեղեցում աղոթքներով ու պատարագով զբաղվի։

ԻԲ) Քահանաները ժողովրդի համապատասխան [ըստ ծուխերի քանակի] պետք է տուրք տան եպիսկոպոսին սահմանված հասով և ըստ պատշաճի ընծաներով։

ԻԳ) Եպիսկոպոսները պետք է հարկ տան հայրապետական աթոռին նշանակված հասով ու արժանավայել ընծաներվ ըստ կանոնների, որովյետև սուրբ լուսավորիչը գրել է, որ քահանաները պետք է ժողովրդին տասնորդով հարկադրեն, եպիսկոպոսները` քահանաներին, իսկ հայրապետը` եպիսկոպոսներին։ Արդ` եթե այդ չեք անում, չափավորը արեք, և պակասը [տասնորդի], որ գրեցինք, ուրախությամբ տվեք իբրև օրհնություն և ոչ թե ագահության համար, որպեսզի աթոռները հաստատ ու անկարիք, իսկ եկեղեցիները պայծառ մնան, և Աստծու օրհնությունը խառնվի ձեր արդար արդյունքին, քանի որ այն Աստծուն եք տալիս և ոչ թե մարդուն, և մարդու երես մի տաք։

ԻԴ) Այն երկու աղոթքը, որից հետո «Սուրբ Աստված» ենք ասում` մի ավարտեք, Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որպեսզի «խաչը» երրորդության վրա չհամարվի. վերջը «լսիր ձայներին», պետք է ասել «որը միշտ առաքում ենք ամենազոր տերությանդ բարձունքը` Քրիստոս Աստված, այժմ և միշտ»։ «Գոհանամքի» վերջում «լինե տաճար ու բնակարան աստվածային շնորհներիդ ու գոհությամբ փառավորենք քեզ, Քրիստոս, այժմ և միշտ և հավիտյան, ամեն»»։

ԻԵ. «Ֆռանկներից մեզ գրել են, թե` «Տիրոջ եղբոր պատվիրանը ինչո՞ւ չեք կատարում. [այն է] հիվանդին մահվան ժամին օրհնել, ձեթով օծել, որ եթե մեռնի, օծումը լինի թաղման օծում, իսկ եթե ապրի, լինի քավության և պատճառ առողջության։ Եվ գիտեք, որ Հովհան Օձնեցին, որը մեզ զատեց այդ ազգերից, գրել է, որ անեք, և պետք է անել, և արեք ճշտիվ. միայն թող քահանան զգուշանա և ձեթը քիչ օրհնի, որ ավելի չստացվի և Աստծուց ու մեզնից նզովք առնի ու դառնա գայթակղության պատճառ։ Ողջ եղեք տիրոջով»»[17]։

Քսանհիգերորդ կանոնը վերաբերում է վերջին օծման խնդրին։ Պատվիրվում է մահամերձ հիվանդին օրհնել և ձեթով օծել, որ եթե մեռնի, օծումը լինի թաղման համար, իսկ եթե ապրի` քավության։ Այս կանոնը հիմնավորելու համար բերվում է Հովհաննես Օձնեցու սահմանած կանոնը. «Արժան է զհիւանդացն ձէթ քահանային աւրհնել ըստ իւրում ազաւթիցն, եւ ըստ բաւականութեան պահանջելոյ ժամուն պիտոյից»[18]։

Վերջին երկու կանոնները համարվում են զիջումներ լատինական եկեղեցուն։

Արձագանքն Արևելյան Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնական որոշումներն Արևելյան Հայաստանում տարածելու և ամրապնդելու նպատակով Կոստանդին Բարձրաբերդցին որոշում է ուղարկել իր շրջաբերական թուղթն ու կանոնական որոշումները Վարդան Արևելցու միջոցով։ Վերջինս 1239 թ. Երուսաղեմ ուխտագնացությունից հետո այցելում է Կիլիկիա, որտեղ էլ մտերմանում է Կոստանդին Բարձրաբերդցի կաթողիկոսի հետ[19]։ Ըստ Կիրակոս Գանձակեցու` կաթողիկոսն անձամբ էր ցանկանում մեկնել Արևելյան Հայաստան և հաստատել կանոնները, սակայն ծերության պատճառով չի կարողանում. այդ պատճառով գործը վստահվում է Վարդան Արևելցուն[20]։

1245 թ.[19] Վարդան Արևելցին, ինչպես նաև նրա հետ կաթողիկոսի կողմից ուղարկվածները շրջում են Հայաստանի գավառներում, եպիսկոպոսներին, վանականներին, իշխաններին ցույց տալիս կանոնական հրամանները և բոլորից պահանջում գրավոր ձևով համաձայնություն տալ ժողովի որոշումներին[21]։ Սակայն, կանոններն այդքան էլ լավ ընդունելության չարժանացան արևելյան վարդապետների կողմից։ Շատերին, ըստ Գանձակեցու, արծաթասիրության և ագահության պատճառով ծանր թվացին կանոնական կետերը, բայց նրանցից շատերը` կաթողիկոսին չարհամարելու համար, ստորագրեցին համաձայնության թուղթը[21]։ Մաղաքիա Օրմանյանն այս կապակցությամբ գրում է, որ հնարավոր է` վարդապետները չընդունեցին կանոնները ժողովի ընդունած լատինամետ կետերի պատճառով, բացի այդ այս ժամանակահատվածում Հայաստանում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը թույլ չէր տալիս արևելյան հայ վարդապետներին միասնականորեն քննարկել Սսի Բ ժողովի որոշումները[22]։

Վարդան Արևելցին հավանության թուղթն ուղարկում է Կոստանդին Բարձրաբերդցուն, սակայն անձամբ չի վերադառնում Կիլիկիա։ Նա հաստատվում է Կայանի ձորի Սուրբ Անդրեի մենարանում, որտեղ սկսում է ուսուցանել աշակերտներին[21]։

1270 թ. Վարդան Արևելցու և Գրիգոր Բջնեցու գլխավորությամբ հարվիրվում է Ձագավանի ժողովը, որը այլ հարցերի հետ մեկտեղ նորից անդրադառնում է հոգևորականների ձեռնադրության նվազագույն տարիքային շեմին[23]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանոնագիրք Հայոց», հատոր Ա, աշխատասիրությամբ` Վ. Հակոբյանի, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան 1964։

Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, աշխարհաբ. թարգմ., առաջաբ. և ծանոթագր.՝ Վ. Առաքելյան, Սովետական գրող հրատ., Երևան 1982։

Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիր.` Կ. Մելիք-Օհանջանյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան 1961։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուչարյան Ա., Եկեղեցու ներսում արատավոր երևույթների դեմ պայքարի արտացոլումը Շիրակի վիմագրերում, Գիտական աշխատություններ, XIX, Գյումրի 2016։

Մելիք-Թանգյան Ն., Հայոց եկեղեցական իրավունքը, առաջաբ. և ծանոթագր.` Ա. Բոզոյան, Մայր Աթոռ Ս. Էջմիածին հրատ., Էջմիածին 2011։

Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատոր Գ, Վենետիկ1786:(չաշխատող հղում)

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Օրմանյան Մ., Ազգապատում, հատոր Բ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին հրատ., Էջմիածին 2001: