Քրիստոսի չարչարանքները
| Քրիստոսի չարչարանքները The Passion of the Christ |
|
Մեկը, ով ընդմիշտ փոխեց աշխարհը |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2004 |
| Լեզու | Արամեերեն Լատիներեն Եբրայերեն |
| Ռեժիսոր | Մել Գիբսոն |
| Պրոդյուսեր | Մել Գիբսոն Բրյուս Դեվեյ Սթիվեն ՄակԷվետի Էնցո Սիստի |
| Սցենարիստ(ներ) | Մել Գիբսոն Բենեդիկտ Ֆիջերալդ |
| Դերակատարներ | Ջեյմս Կեվիզել Մոնիկա Բելուչի |
| Օպերատոր | Քալեբ Դեշանել |
| Երաժշտություն | Ջոն Դեբնի Գինգեր Շանկար |
| Ընկերություն | Icon Production Newmarket Films |
| Տևողություն | 125 րոպե |
| Բյուջե | $30 000 000 |
| Շահույթ | $611 000 000 |
| MPAA վարկանիշ | |
| IMDb | ID 0335345 |
«Քրիստոսի չարչարանքները» (անգլ.՝ The Passion of the Christ) 2004 թվականին նկարահանված ֆիլմ է, որի ռեժիսորը Մել Գիբսոնն է, իսկ գլխավոր դերակատարը՝ Ջեյմս Կեվիզելը։
Ֆիլմը նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած Ձիթենյաց այգում նրա աղոթքից, մինչև խաչելությունը։ Ֆիլմի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով։
Ֆիլմը առաջացրել է բազմաթիվ տարակարծություններ, հիմնականում տարբեր երկրների հրեական համայնքների շրջանում, որոնք անվանել էին այն հակասեմիտական (չնայած այն հիմնված է Ավետարանների բովանդակության վրա)։ Այն քննադատվել է նաև ծայրահեղ դաժանություն պարունակող տեսարանների համար։
«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմն՝ իր թատերական ցուցադրման ընթացքում, հավաքել է ավել քան 600 միլիոն ԱՄՆ դոլար և դարձել է բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ոչ անգլերեն ֆիլմը։ Այն առաջադրվել է երեք «Օսկարի»՝ լավագույն երաժշտության, դիմահարդարման և օպերատորական աշխատանքի համար։[1]
Բովանդակություն |
Սյուժե [խմբագրել]
Ֆիլմը սկսվում է Գեթսեմանյան այգում, երբ Քրիստոսը աղոթում է, մինչ առաքյալները քնած են։ Մինչ այդ աշակերտներից մեկը` Հուդա Իսկարիովտացին, մատնում է իր ուսուցչին երեսուն արծաթի դիմաց։ Հրեա զինվորները գտնում են Հիսուսին այգում և ձերբակալում` բերելով քահայանապետ Կայիափայի մոտ։ Հիսուսի մայր Մարիամը, Մարիամ Մագդաղենացին և Հովհաննես առաքյալը հետևում են նրանց։ Կայիափան անց է կացնում Հիսուսի դատը՝ չնայած որոշ հոգևորականների հակադրությանը, որոնց հեռացնում են դատից։ Երբ Կայիափան հարցնում է Հիսուսին, թե արդյո՞ք նա Աստծո որդին է, Հիսուսը պատասխանում է «Ես Եմ»։ Հրեաները դատապարտում են Հիսուսին մահվան: Քահանայապետի պալատի մոտ հավաքված ժողովրդի մեջ Պետրոս առաքյալը երեք անգամ հրաժարվում է, որ ճանաչել է Հիսուսին, այնուհետև արտասվելով դուրս վազում: Միևնույն ժամանակ Հուդան` զղջալով իր արարքի համար, փորձում է հետ վերադարձնել արծաթ դրամները, որպեսզի Հիսուսին ազատեն, սակայն Կայիափան մերժում է նրան: Դևերից տանջված Հուդան փախչում է քաղաքից դուրս և կախում իրեն սատկած ավանակից հանած պարանով։
Հիսուսին բերում են Պիղատոսի մոտ, սակայն վերջինս որոշում է ուղարկել նրան Հերովդես արքայի մոտ: Հերովդեսի հարցերին Հիսուսը ընդհանրապես չի պատասխանում և նրան հետ են բերում Պիղատոսի մոտ: Նա որոշում է դատել Հիսուսին` Կաjիափայի պահանջով, ազատելով հանցագործ Բարաբբային: Պիղատոսը հրամայում է գանահարել նրան, իսկ հետո ազատել: Հռոմեացի զինվորները դաժանաբար ձաղկում են Հիսուսին, մինչ Աբեմադերը չի կանգնեցնում նրանց: Պիղատոսը տեսնելով դաժանաբար ծեծված Հիսուսին, նորից առաջարկում է ազատել նրան, սակայն հրեաները պահանջում են նրան խաչել: Պիղատոսը «լվանում է ձեռքերը» և դատապարտում Հիսուսին մահվան: Հիսուսը անցնում է «Սգո ճանապարհով» (լատ.՝ Via Dolorosa), որի ընթացքում խաչի ծանրության տակ նա երեք անգամ ընկնում է: Հրեա մի աղջիկ` Վերոնիկան, մաքրում է Հիսուսի երեսը: Երբ Հիսուսը այլևս չի կարողանում տանել խաչը, հռոմեացիները ամբոխից վերցնում են մի գյուղացու, որը օգնում է նրան: Նրանք հասնում են Գողգոթա, որտեղ Հիսուսին խաչում են: Խաչված Քրիստոսը ներում է նրանց, ովքեր անում են դա: Երբ Քրիստոսը մահանում է, երկնքից կաթիլ է ընկնում երկրի վրա և սկսվում է երկրաշարժ, որն ավերում է տաճարը: Դա տեսնում է Կայիափան, սատանան բղավում է դժոխքում: Քրիստոսին իջեցնում են խաչից և տալիս Մարիամի գիրկը: Ֆիլմը վերջանում է Քրիստոսի հարությամբ գերեզմանից` ստիգմատներով (մեխերի վերքերից մնացած հետքեր) ձեռքերի վրա:
Դերակատարներ [խմբագրել]
| Դերասան | Դեր |
| Ջեյմս Կեվիզել | Հիսուս |
| Մոնիկա Բելուչի | Մարիա Մագդաղենացի |
| Մայա Մորգենշտերն | Մարիամ |
| Հրիստո Շոպով | Պիղատոս |
| Հրիստո Ժիվկով | Հովհաննես առաքյալ |
| Ֆրանչեսկո ԴեՎիտո | Պետրոս առաքյալ |
| Կլաուդիա Գերինի | Կլավդիա |
| Ռոսալինդա Չելենտանո | Սատանա |
| Ֆաբիո Սարտոր | Աբենադեր |
| Լուկա Դե Դոմինիկիս | Հերովդես |
| Մատտիա Սբրագիա | Կաիափա |
| Տոնի Բերտորելի | Աննա |
| Ջարրեթ Մերց | Սիմոն Կիրենայից |
| Սերժիո Ռուբինի | Դիսմաս |
| Ֆրանչեսկո Կաբրաս | Գեսմես |
| Ջովաննի Կապաբլո | Կասսիուս |
| Ռոբերտո Բեստազոնի | Մալքոս |
| Լուկա Լիոնելո | Հուդա Իսկարիովտացի |
| Չոկրի բեն Զագդեն | Հակոբոս առաքյալ |
| Պիետրո Սարուբի | Բարաբա |
| Մատտ Պատրեսի | Յանուս |
Աղբյուրները [խմբագրել]
Նոր Կտակարան [խմբագրել]
Համաձայն ռեժիսոր Մել Գիբսոնի, ֆիլմի սկզբնաղբյուր են հանդիսացել չորս Ավետարանները: Ֆիլմը ներառում է նաև այլ մանրամասներ Նոր Կտակարանից: «Տես մայրիկ, ես նորն եմ արարում» տողը, օրինակ, վերցված է Հայտնության գրքից:[2]
Հին Կտակարան (հրեական Աստվածաշունչ) [խմբագրել]
«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում կան նաև Հին Կտակարանից մեջբերումներ: Ֆիլմը սկսվում է Եսայի մարգարեի գրքից մեջբերմամբ: Գեթսեմանյան այգում Հիսուսը սպանում է օձի, որի մասին ակնարկ կա Ծննդոց 3:15-ում: Ողջ ֆիլմի ընթացքում Հիսուսը մեջբերումներ է անում Սաղմոսներից, որոնք ներառված են Նոր Կտակարանում:[3][4]
Ավանդական պատմություններ [խմբագրել]
«Քրիստոսի չարչարանքների» նկարագրումը հիմնված է չարչարանքների շուրջ հյուսված ավանդական պատմությունների (ավանդապատումներ) վրա: Այսպես, տասնչորս կանգառներից, որոնք առանձնացվում են «Սգո ճանապարհը» անցնելիս, նկարագրված են բոլորը բացի ութերորդից և տասնչորսերորդից: Ֆիլմում ներառված է նաև հրեական ավանդական զատկական արարողությունից (զատկական սեդեր) վերցված հետևյալ երկխոսությունը, երբ Մարիամը հարցնում է «Ինչով է այս գիշերը տարբերվում մյուս գիշերներից», Մագդաղենացին պատասխանում է. «Քանի որ այն ժամանակ մենք ստրուկ էինք, իսկ հիմա այլևս ոչ»: Մի շարք կերպարների անուները ավանդական են և չկան Աստվածաշնչում, որոնցից են Քրիստոսի հետ խաչված Դիսմասը և Գեսմասը:[5][6]
Կաթոլիկ գրվածքներ [խմբագրել]
Սցենարիստներ Մել Գիբսոնը և Բենեդիկտ Ֆիջերալդը նշել են, որ նրանք ընթերցել են Քրիստոսի չարչարանքների մասին պատմող բազմաթիվ պատմություններ, այդ թվում նաև կաթոլիկ միստիկական գրություններ: Հիմնական աղբյուր է հանդիսացել գերմանացի միանձնուհի Աննա Կատերինա Էմերիխի (1774-1824) գրությունը (անգլ.՝ «The Dolorous Passion of Our Lord Jesus Christ»): Այդ գրությունից վերցված տեսարաններից են օրինակ, երբ հրեա զինվորները ձերբակալությունից հետո կախում են Հիսուսին կամրջից, երբ Հուդային մատնությունից հետո սկսում են տանջել դևերը, Հիսուսի գանահարումից հետո նրա արյան մաքրումը և երբ խաչելության ժամանակ հռոմեացի զինվորը կոտրում է Հիսուսի ձեռքը, որպեսզի նրա ափը հասնի մեխի համար նախատեսված անցքին: Երկրորդ աղբյուրը գրված է 17-րդ դարի իսպանացի միանձնուհի Մարա դե Ագրեդայի կողմից (անգլ.՝ «The Mystical City of God»):[7]
Տարբերություններ Նոր Կտակարանի տեքստերից [խմբագրել]
- Գեթսեմանյան այգում, ֆիլմի սկզբում, հայտնվում է սատանան և փորձում շեղել Հիսուսին, երբ նա աղոթում է, իսկ Հիսուսը սպանում է իր վրա եկող օձին: Այս մասին չկա նշված ոչ մի Ավետարանում:
- Մեկ այլ տեսարանում Հուդա Իսկարիովտացուն տանջում են դևեր, որոնք հայտնվում են երեխաների տեսքով:
- Ֆիլմում Սիմոնը Կիրենայից հստակ ցուցադրվում է որպես հրեա, իսկ հռոմեացի լեգեոները նրան ծաղրելով կոչում է հրեա, չնայած Աստվածաշնչում դրա մասին հստակ չի նշվում:
- Մեկ այլ դրվագում. Հիսուսի գանահարման ժամանակ սատանան հայտնվում է երեխա-դևի հետ, ինչի մասին Աստվածաշնչում նույնպես հիշատակություն չկա:
Նկարահանումներ [խմբագրել]
Սցենարը և լեզուն [խմբագրել]
Մել Գիբսոնը սկզբում հայտարարեց, որ օգտագործելու է երկու հնագույն լեզուներ, առանց ենթագրերի` համարելով, որ չարչարանքների պատմությունը լավ հայտնի է: Նա ցանկացավ դրանով անակնկալի բերել հանդիսատեսին: Սցենարը գրվել է Գիբսոնի և Բենեդիկտ Ֆիջերալդի կողմից անգլերենով և թարգմանվել է պրոֆեսոր Ուիլլիամ Ֆուլկոի կողմից լատիներեն, արամեերեն և եբրայերեն լեզուների: Գիբսոնը որոշեց օգտագործել լատիներենը հունարենի փոխարեն, որպեսզի հանդիսատեսը կարողանա հեշտ տարբերել լատիներենի իտալական և արամեերենի սեմիտական հնչողությունը: Ֆիլմում լատիներենը ավելի շատ մոտ է եկեղեցական լատիներենի, քան ավելի հստակ դասական լատիներենի:[8][9][10]
Նկարահանման վայրեր [խմբագրել]
Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայում, առաջին հերթին «Չինեչիտա» ստուդիայում, Հռոմում և Մատերա հին քաղաքում: Ֆիլմի բյուջեն` $30 միլիոնը և մարկետինգի համար ծախսված $15 միլիոնը ամբողջությամբ ֆինանսավորվել է Գիբսոնի և նրա` «Icon Productions» կինոստուդիայի կողմից: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2004թ. Փետրվարի 25-ին:
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- Գանահարման տեսարանի նկարահանման ժամանակ Ջեյմս Կեվիզելը երկու անգամ իր վրա զգացել է, թե ինչ է մտրակի հարվածը մերկ մարմնին:
- Մայա Մորգենշտերնը, ով ֆիլմում խաղում էր Մարիամի դերը, հղի էր նկարահանումների ժամանակ: Նա թաքցրել էր այդ փաստը ողջ նկարահանող խմբից: Այն պահին, երբ ամեն ինչ պարզ դարձավ, դերասանուհուն այլևս անհնար էր փոխարինել:
- Սկզբնապես, Պիղատոսի և Կայիափայի երկխոսության ժամանակ, վերջինս ասում է «Նրա արյունը մեր և մեր երեխաների վրա»: Չնայած այս հատվածը Ավետարանից է, Մել Գիբսոնը հանեց այդ ենթագրերը ֆիլմից, որպեսզի հետագայում խուսափի հակասեմիտիզմի մեղադրանքներից, սակայն թողեց այդ հատվածը արամեերեն լեզվով:
- Համաձայն Մել Գիբսոնի, տեսարանը որտեղ Մարիամը երկար իր գրկում է պահում խաչից իջեցված Հիսուսին, ներշնչված է Միքելանջելոյի «La Pietà» քանդակից` արվեստի գործ որը ներշնչել է այս տեսարանի բազմաթիվ այլ նկարագրումներ:
- Ֆիլմը սկզբնապես նախատեսվում էր անվանել «Չարչարանքներ» (անգլ.՝ The Passion), սակայն 2003-ի Օգոստոսին հայտնի դարձավ, որ «Miramax» ստուդիան արդեն արտադրել էր ֆիլմ այդպիսի անվանումով և այդ պատճառով Մել Գիբսոնը ֆիլմը վերանվանեց «Քրիստոսի չարչարանքները» (անգլ.՝ The Passion of the Christ):
- 2010 թվականի դրությամբ ֆիլմը դեռ չի ցուցադրվել Իսրայելում «հետաքրքրության բացակայության» պատճառով:
Ցուցադրություն [խմբագրել]
Պրեմիերան Ամերիկայում [խմբագրել]
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2004 թ. Փետրվարի 25-ին` Մեծ Պահքի առաջին օրը: Առաջին ուիք-էնդի ընթացքում ֆիլմը հավաքեց $83 միլիոն: «Քրիստոսի չարչարանքները» ԱՄՆ-ում հավաքելով մոտ $370 միլիոն, դարձավ ամենաշահութաբեր «R» ռեյտինգի և ոչ անգլալեզու ֆիմը:[11]
Ամերիկյան Box-Office-ի առաջին տեղում [խմբագրել]
| Ամսաթիվ | Եկամուտ |
| Փետրվարի 29 | $83,848,082 |
| Մարտի 7 | $53,246,801 |
| Մարտի 14 | $32,130,978 |
| Ապրիլի 11 | $15,216,723 |
Միջազգային ցուցադրություն [խմբագրել]
Չնայած բազմաթիվ հակասությունների` ֆիլմը հաջողությամբ ցուցադրվեց բազմաթիվ երկրներում, այդ թվում մի շարք մուսուլմանական երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը և Թուրքիան` ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում հավաքելով $611,899,420:[12][13]
Կառավարական արգելքներ [խմբագրել]
«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի ցուցադրությունը արգելվեց Մալազիայի կառավարության կողմից, սակայն քրիստոնյաների բողոքներից հետո, ցուցադրությունը թույլատրվեց հատուկ թատրոններում, միայն քրիստոնյաների համար:[14] Իսրայելում ֆիլմը չարգելվեց, սակայն չցուցադրվեց կինոթատրոններում:[15]
Քննադատություն [խմբագրել]
Ֆիլմը արժանացավ խառը կարծիքների քննադատների կողմից: Քննադատները բարձր գնահատեցին Ջեյմս Կեվիզելի դերակատարությունը ֆիլմում: Հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը տվել է ֆիլմին չորս աստղ, չորս հնարավորից:[16] «New York Press»-ի քննադատ Արմոնդ Ուայտը բարձր է գնահատել Գիբսոնի աշխատանքը, նրան համեմատելով Թեոդոր Դրայզերի հետ, որը կարողանում է ոգի տալ արվեստին:[17] Սակայն, Ջամի Բերնարդը «New York Daily News»-ից, անվանեց այն ամենավտանգավոր հակասեմիտական ֆիլմը, որը նկարահանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական քարոզչական ֆիլմերից հետո:[18] 2006-ի հունիսին, «Entertainment Weekly»-ին անվանեց «Քրիստոսի չարչարանքները» բոլոր ժամանակների ամենահակասական ֆիլմը:
Հակասություններ ֆիլմի շուրջ [խմբագրել]
Հակասություններ պապական հաստատման շուրջ [խմբագրել]
«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրոդյուսեր Սթիվեն ՄակԷվետին, դեկտեմբերին ներկայացրել է ֆիլմը արքեպիսկոպոս Ստանիսլավ Դզիվիշին` Հռոմի պապի քարտուղարին: Արքեպիսկոպոս Դզիվիշը վերադարձրել է ֆիլմը Մակէվետիին և ասել է, որ դիտել է ֆիլմը Հովհաննես Պողոս II-ի հետ: Դեկտեմբերի 16-ին «Daily Variety»–ն հայտարարեց, որ պապը դիտել է ֆիլմը, իսկ «Wall Street Journal»-ի վերլուծաբան Պեգգի Նունանը հայտնեց, որ Հովհաննես Պողոս II-ը ասել է «այդպես էլ եղել է»` մեջբերելով ՄակԷվետիին, ով ասել էր, որ լսել է դա Դզիվիշից:[19] «National Catholic Reporter»-ը, «Reuters»-ը և «Associated Press»-ը նույնպես հրատարակեցին նույնատիպ հայտարարություններ:[20][21] Հունվարի 18-ին Ֆրենկ Ռիչը հարցազրույց վերցրեց իտալացի թարգմանչից, ով մեջբերելով Դզիվիշին, նշեց, որ պապը անվանել է ֆիլմը «հիանալի» և ասել «այդպես էլ եղել է»: Հաջորդ օրը արքեպիսկոպոս Դզիվիշը հայտնեց, որ Հռոմի պապը ոչ մեկին չի ասել իր կարծիքը ֆիլմի մասին: Այդ հերքումը առաջացրեց բազում մեկնաբանություններ, որոնք մեղադրեցին պրոդյուսերներին պապական մեջբերում պատրաստելու մեջ` ֆիլմի մարկետինգի համար:[22]
Այնուամենայնիվ «Icon Productions»-ի ներկայացուցիչը ասաց, որ ՄակԷվետին խնդրել և ստացել է Վատիկանից թույլատվություն, որպեսզի օգտագործի «այդպես էլ եղել է» արտահայտությունը, իսկ լրագրող Ռոդ Դրեհերը հայտնեց, որ ՄակԷվետին էլեկտրոնային նամակ է ստացել պապական ներկայացուցիչ Խոակին Նավարրո-Վալսից:[23]
Հունվարի 22-ին Նավարրո-Վալսը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ.
«Ֆիլմը Հիսուս Քրիստոսի չարչարանքների կինեմատոգրաֆիական բեմադրումն է` հիմնված Ավետարանների վրա: Դա սովորական պրակտիկա է Սրբազան Հոր համար, չարտահայտել հասարակական կարծիք գեղարվեստական ստեղծագործությունների վերաբերյալ, կարծիքներ, որոնք միշտ բաց են տարբեր էսթետիկական բնույթի գնահատականների համար»:[24]
Անտիսեմիտիզմի մեղադրանքներ [խմբագրել]
Նախքան ֆիլմի թողարկումն նրա հասցեին արդեն հնչեցվեցին հակասեմիտիզմի մեղադրանքներ: Ազգությամբ հրեա քաղաքական գործիչ Դով Հայկինդը մի խումբ մարդկանց հետ բողոքում էին ֆիլմի դեմ: Նրա գլխավորությամբ մոտ 50 հրեա առաջնորդներ և համակիրներ «Ֆոքս Նյուզի» շենքի մոտ կազմակերպել էին բողոքի ակցիա ընդդեմ ֆիլմի` «Չարչարանքները հրեաների ոչնչացման զենքն է» կարգախոսով: Ինչպես նշել էր Հայկինդը «այն (ֆիլմի ցուցադրությունը) կհանգեցնի հակասեմիտիզմի և ֆանատիզմի: Այն, իսկապես, մեզ վերադարձնում է միջնադարը, ինկվիզիցիան, խաչակրաց արշավանքները, այսպես կոչված Հիսուսի խաչման մեղքը»:
Մինչ ցուցադրությունը, ֆիլմի սցենարն ուղարկվել էր Ամերիկայի միջկրոնական գործերի հանձնաժողովին և հակադիֆամացիոն լիգայի միջկրոնական դեպարտամենտը: Վերջիններս հայտարարեցին, որ
| Այն պոտենցիալ հրեատյացություն պարունակող ամենախնդրահարույց տեքստերից էր, որ մենք տեսել ենք վերջին քսանհինգ տարում: Հարկ է շեշտել, որ ֆիլմի գլխավոր թեման Հիսուսի պատկերն է՝ դաժանորեն հետապնդվող չար հրեաների կողմից Կայիափա քահանայապետի ղեկավարությամբ, որը վերջիվերջո ստիպում է թուլակամ Պիղատոսին մահապատժի ենթարկել նրան: Դա հենց այն պատկերացումն է, որը դարեր շարունակ սնել է հակասեմիտիզմը քրիստոնյաների մեջ:
Այսպիսի մեկնաբանությունը մերժվել է Վատիկանի կողմից` «Nostra Aetate» փաստաթղթով և համարյա բոլոր բողոքական եկեղեցների կողմից ... Չնայած դրան, նախնական պատմությունը փոփոխման է ենթարկվել պարոն Գիբսոնի` հավատացյալ կաթոլիկի կողմից, ով կառուցում է իր սեփական եկեղեցին Լոս Անջելեսի մոտ և ով, ըստ երևույթին, չի ընդունում ո՛չ Վատիկանի ուսմունքները, և ո՛չ էլ ժամանակակից ավետարանական ուսմունքը: «Քրիստոսի չարչարանքները» պարունակում է իրական պոտենցիալ՝ ձախողելու դասական քրիստոնեության մեջ առկա անտիսեմիտիզմից ձերբազատվելու ժամանակակից եկեղեցիների վերջին քառասուն տարիների ջանքերը։ |
Հակադիֆամացիոն լիգան նույնպես հայտարարություն հրապարակեց դեռ չցուցադրված ֆիլմի մասին, նշելով, թե «...պատմագիտական և աստվածաբանական հասկացողության բացակայությունը կարող է կեղծել պատմությունը և թշնամանքով լցնել նրանց, ովքեր ատում են հրեաներին»:
«The Nation» թերթում, մեկնաբան Կատա Պոլիտը ասել է. «Գիբսոնը խախտել է կաթոլիկ կոնֆերանսի (1988 Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանս) բոլոր հիմնադրույթները, կապված հրեաներին` չարչարանքների նկարագրման մեջ ներկայացման հետ (չներկայացնել նրանց արյունարբու, որպես ամբոխ, չօգտագործել գրություն, որը կուժեղացնի հրեաների նկատմամբ նեգատիվ վերաբերմունքը և այլն)... հոգևորականները ունեն չար դեմքեր, Հերովդես արքան և նրա շրջապատը ներկայացված են որպես համասեռամոլներ: Լավ հրեաների դերերում են իտալացի կինոաստղերը (իտալացի սեքս-խորհրդանիշ Մոնիկա Բելուչին` Մագդաղենացու դերում)»:[26]
Հոգևորական Ուիլլամ Ֆուլկոն, Լոյոլա Մերիմաունտ համալսարանի պրոֆեսորը, որը ֆիլմի թարգմանիչն էր, համաձայն չէր նման գնահատականի հետ և չի գտնում, որ ֆիլմը հրեաներին մեղադրում է աստվածասպանության մեջ:[27]
Ֆիլմի այն հատվածներից մեկը, որը ընկալվում է, որպես հակասեմիտականության դրսևորման օրինակ, Կայիափայի երկխոսությունն է, երբ վերջինս պնդում է. Նրա արյունը թող լինի մեր և մեր երեխաների վրա: Մեջբերում, որը ոմանց կողմից պատմականորեն ներկայացվում է որպես անեծք հրեա ժողովրդի վրա: Որոշ հրեական կազմակերպություններ խնդրել էին հեռացնել այդ հատվածը ֆիլմից: Այնուամենայնիվ, միայն հեռացվել էին ենթագրերը, իսկ օրիգինալ երկխոսությունը արամեերեն լեզվով մնացել էր:[28]
Երբ Գիբսոնին հարցրել են այդ հատվածի մասին, նա ասել է, «Դա փոքր հատված է, և ես հավատում եմ դրան, բայց ես երբեք չեմ համարել, որ դա վերաբերվում է հրեաներին, և ենթադրում է որևէ անեծք նրանց վրա: Դա ուղղված է մեր բոլորի վրա, բոլոր նրանց վրա ովքեր եղել են այնտեղ և ովքեր եկել են դրանից հետո: Նրա արյունը մեր բոլորի վրա է: Եվ պատճառներից մեկը, որ ես ընդգրկել եմ այդ հատվածը, բացի այն որ դա ճշմարտություն է, այն է, որ ես չեմ ուզում, որ ինչ որ մեկը թելադրի, թե ինչ պետք է ասել և ինչը` ոչ»:[29]
«New Republic»-ում, Լեոն Վիեսելտիերը ասել է, «Հրեական կերպարների ներկայացման տեսանկյունից «Քրիստոսի չարչարանքները» անկասկած հակասեմիտական ֆիլմ է, և եթե որևէ մեկը այլ կերպ է մտածում, ապա նա չգիտի կամ չի ցանկանում իմանալ արվեստում և ֆիլմերում հակասեմիտականության դրսևորումների պատմության մասին»:[30]
Պահպանողական տեսաբան Կել Թոմասը փորձեց փարատել մեղադրանքները ֆիլմի հակասեմիտականության վերաբերյալ, ասելով, որ «նրանք, ովքեր հրեական համայնքներից վախենում են, թե ֆիլմը, որը պլանավորվում է ցուցադրության Պահքի օրերին, կարող է պարունակել անտիսեմիտական տարրեր կամ մարդկանց տրամադրել հրեաների դեմ, չպետք վախենան: Ֆիլմը չի մեղադրում հրեաներին Հիսուսի սպանության մեջ»:[31]
Երկու օրթոդոքս հրեաներ, ռաբբի Դենիել Լապինը և թոք-շոուի վարող և հեղինակ Մայքլ Մեդվեդը նույնպես չցանկացան պնդել, որ ֆիլմը հակասեմիտական է: Նրանք նշեցին մի քանի դրական հրեա կերպարներին, ինչպիսիք են Սիմոնը Կիրենայից, Մարիամ Մագդաղենացին, կույս Մարիամը, Պետրոս և Հովհաննես առաքյալները, Վերոնիկան և մի քանի հրեա հոգևորականները, ովքեր դեմ էին Հիսուսի ձեռբակալումից հետո Կայիափայի կազմակերպած դատին:
Բացի այդ Վատիկանի կարդինալ Դարիո Կաստրիլիոն Հոյոսը, ով դիտել էր ֆիլմը, դիտարկեց հարցը հետևյալ կերպ.
«Անտիսեմիտիզմը, ինչպես ռասիզմի մյուս դրսևորումները, կեղծում են իրականությունը, որպեսզի ներկայացնեն ամբողջ ազգին բացասական տեսանկյունից: Այս ֆիլմը նմանատիպ ոչինչ չի անում: Այն դուրս է բերում ավետարանական ճշմարտությունը, ներման և բարեհոգության զգացմունքները: Այն ընգրկում է մեղքի նրբությունները և սարսափը, ինչպես նաև սիրո և ներման ուժը, չդնելով որևէ մեղադրանք առանձին խմբի վրա: Այս ֆիլմը ցույց է տալիս, որ չպետք է լինի որևէ դաժանություն այլ մարդու նկատմամբ»:[32]
Ծայրահեղ դաժանության քննադատություն [խմբագրել]
Մի շարք քննադատներ անհանգստություն էին հայտնել ֆիլմում դաժան տեսարանների առկայության վերաբերյալ և խորհուրդ տվել ծնողներին երեխաներին չտանել կինոթատրոն: Չնայած երեք Ավետարաններում Հիսուսի գանահարման մասին նշվում է միայն մեկ նախադասությամբ, իսկ չորրորդում այն նույնիսկ չի հիշատակվում, «Քրիստոսի չարչարանքները» ամբողջ տասը րոպե է տրամադրել այդ տեսարանի ցուցադրման համար:
Կինոքննադատ Ռոջեր Էբերտը, որը գնահատել է ֆիլմը «չորս աստղ չորս հնարավորից», ասել է . «Այս ֆիլմը 126 րոպե է, և ես ենթադրում եմ, որ ամենաքիչը 100-ը այդ րոպեներից կամ ավելին կենտրոնացած է Հիսուսի տանջանքների ցուցադրման վրա: Դա ամենադաժան ֆիլմն է, որը ես երբևէ դիտել եմ»:[33] Էբերտը նաև նշել էր, որ ոչ մի ծնող չպետք է թույատրի իր երեխային դիտել այդ ֆիլմը:
Ա. Օ. Սքոթը «Նյու Յորք Թայմսից» ասել է, որ «Քրիստոսի չարչարանքները» կենտրոնացված են Հիսուսի կյանքի վերջին ժամերի դաժանության վրա, կարծես այդ ֆիլմը ծագել է ոչ թե սիրուց, այլ վրեժից և ավելի շատ ճնշում է ոգին, քան այն բարձրացնում»:[34]
Կինոքննադատ Դեվիդ Էդելշտեյնը անվանել է այն «երկու ժամ և վեց րոպեանոց ճնշող ֆիլմ» և հետագայում էլ քննադատել է Գիբսոնին, ֆիլմը` Հիսուսի տանջանքների վրա կենտրոնացնելու համար, այլ ոչ թե նրա հոգևոր ուսմունքի:[35]
Դայան Սոյերին հետ հարցազրույցի ժամանակ Գիբսոնը նշել է.
Ֆիլմի դիտումից մահացած կին [խմբագրել]
2004 թվականի Փետրվարի 25-ին Պեգգի Լոու անունով 56-ամյա մի կին մահացավ ֆիլմի դիտման ժամանակ Վիչիտա քաղաքի «Ուորրեն» կինոթատրոնում: Նա ընկավ սրտի կաթվածից խաչելության տեսարանի ցուցադրության ժամանակ: Ֆիլմը կանգնեցվեց և կինոթատրոնի հերթապահ բուժքույրները հայտնաբերեցին, որ նրա զարկերակը չի աշխատում: Կնոջը արագ տեղափոխեցին մոտակա հիվանդանոց, որտեղ և նա մահացավ: Հիվանդանոցի ներկայացուցիչը միայն ասաց, որ նա մահացել է ֆիլմի դիտումից: Կնոջ գործնկերները ավելի ուշ հայտնեցին, որ նա որևէ առողջական խնդիրներ չի ունեցել:[36][37] Քննադատները օգտագործեցին նրա մահը որպես փաստարկ ընդդեմ ֆիլմի:[38]
Մրցանակներ [խմբագրել]
«Օսկարի» ներկայացված անվանակարգեր (2004)
- Լավագույն օպերատորական աշխատանք — Քալեբ Դեշանել
- Լավագույն դիմահարդարում — Քեյթ Վանդերլաան, Քրիստիեն Տինսլի
- Լավագույն երաժշտություն — Ջոն Դեբնի
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «All Time Worldwide Box Office Grosses»։ Box Office Mojo։ http://www.boxofficemojo.com/alltime/world/։ Վերցված է 2011-02-02։
- ↑ The Holy Bible, Book of Revelation 21:5։
- ↑ The Holy Bible, Book of Isaiah 53:5։
- ↑ The Holy Bible, Book of Genesis 3:15։
- ↑ Cooney Carrillo, Jenny (2004-02-26)։ «The Passion of Mel»։ Urbancinefile։ http://www.urbancinefile.com.au/home/view.asp?a=8559&s=Interviews։
- ↑ Abramowitz, Rachel (2004-03-07). «Along came Mary; Mel Gibson was sold on Maia Morgenstern for 'Passion' at first sight». Los Angeles Times. http://articles.latimes.com/2004/mar/07/entertainment/ca-encounter7.
- ↑ Clement Brentano։ The Dolorous Passion of Our Lord Jesus Christ։
- ↑ «Mel Gibson’s Great Passion». Zenit. 2003-03-06. http://www.zenit.org/article-6723?l=english.
- ↑ Mark Goodacre (November 26, 2004)։ «SBL Passion of the Christ interview — Fulco and Fitzgerald.»։ NT Gateway Weblog։ http://www.ntgateway.com/weblog/2004/11/sbl-passion-of-christ-interview-fulco.html։
- ↑ «TRANSLATING THE PASION.»։ Language Hat։ March 8, 2004։ http://www.languagehat.com/archives/001196.php։
- ↑ «The Passion of the Christ (2004)»։ Box Office Mojo։ http://www.boxofficemojo.com/movies/?id=passionofthechrist.htm։ Վերցված է 2009-02-05։
- ↑ Blanford, Nicholas (2004-04-09)։ «Gibson's movie unlikely box-office hit in Arab world»։ The Christian Science Monitor։ http://www.csmonitor.com/2004/0409/p01s02-wome.html։
- ↑ «2004 Box Office Totals for Egypt»։ BoxOfficeMojo.com։ http://www.boxofficemojo.com/intl/egypt/yearly/?yr=2004&p=.htm։
- ↑ «Censors in Malaysia give OK to ‘Passion’». Los Angeles Times. 2004-07-10. http://articles.latimes.com/2004/jul/10/entertainment/et-quick10։ Վերցված է 2008-10-20.
- ↑ Laura King (2004-03-15). «‘Passion’ goes unseen in Israel». Los Angeles Times. http://articles.latimes.com/2004/mar/15/entertainment/et-king15։ Վերցված է 2008-10-20.
- ↑ Ebert, Roger (2004-02-24). «Movie Reviews: The Passion of the Christ». Chicago Sun–Times. http://rogerebert.suntimes.com/apps/pbcs.dll/article?AID=/20040224/REVIEWS/402240301/1023։ Վերցված է 2006-08-02.
- ↑ White, Armond (2008-03-18). "Steve McQueen's Hunger", New York Press. Retrieved on 2009-04-16.
- ↑ Bernard, Jami (2004-02-24). «The Passion of the Christ». The New York Daily News.
- ↑ Peggy Noonan (2003-12-17). «'It Is as It Was' Mel Gibson's "The Passion" gets a thumbs-up from the pope.». Wall Street Journal. http://www.opinionjournal.com/columnists/pnoonan/?id=110004442։ Վերցված է 2008-10-20.
- ↑ Peggy Noonan (2004-01-22). «The story of the Vatican and Mel Gibson's film gets curiouser». Wall Street Journal. http://www.opinionjournal.com/columnists/pnoonan/?id=110004587։ Վերցված է 2008-10-20.
- ↑ John L. Allen, Jr. (2004-01-23). «The Word From Rome». National Catholic Reporter. http://nationalcatholicreporter.org/word/word012304.htm։ Վերցված է 2008-10-20.
- ↑ Wooden, Cindy (2004-01-19). «Pope never commented on Gibson's 'Passion' film, says papal secretary». Catholic News Service. http://www.catholicnews.com/data/stories/cns/20040119.htm։ Վերցված է 2008-08-20.
- ↑ Gabriel Snyder (2004-01-19). «Did Pope really plug 'Passion'?». Daily Variety. http://www.variety.com/article/VR1117898727.html?categoryid=13&cs=1։ Վերցված է 2008-10-20.
- ↑ John L. Allen, Jr. (2004-01-23). «The Word From Rome..». National Catholic Reporter. http://nationalcatholicreporter.org/word/word012304.htm։ Վերցված է 2008-10-20.
- ↑ Pawlikowski, John T. (February 2004). «Christian Anti-Semitism: Past History, Present Challenges Reflections in Light of Mel Gibson's The Passion of the Christ». Journal of Religion and Film. http://www.unomaha.edu/jrf/2004Symposium/Pawlikowski.htm.
- ↑ Pollitt, Katha (2004-03-11). «The Protocols of Mel Gibson». The Nation. http://www.thenation.com/doc/20040329/pollitt։ Վերցված է 2008-08-20.
- ↑ Wooden, Cindy (2003-05-02). «As filming ends, `Passion' strikes some nerves». National Catholic Reporter. http://findarticles.com/p/articles/mi_m1141/is_26_39/ai_101680926։ Վերցված է 2008-08-20.
- ↑ Vermes, Geza (2003-02-27). «Celluloid brutality». London: The Guardian. http://film.guardian.co.uk/features/featurepages/0,4120,1157381,00.html։ Վերցված է 2008-08-20.
- ↑ Terry Lawson (2004-02-17). «Mel Gibson and Other "Passion" Filmakers say the Movie was Guided by Faith». Detroit Free Press.
- ↑ Leon Wieseltier (2004-03-08)։ «The Passion of the Christ»։ The New Republic։ https://ssl.tnr.com/p/docsub.mhtml?i=20040308&s=wieseltier030804։
- ↑ «The Greatest Story Ever Filmed»։ TownHall.com։ 2003-08-05։ http://townhall.com/columnists/CalThomas/2003/08/05/the_greatest_story_ever_filmed։
- ↑ Gaspari, Antonio (2003-09-18). «The Cardinal & the Passion». National Review Online. http://www.nationalreview.com/comment/comment-gaspari091803.asp։ Վերցված է 2008-08-20.
- ↑ Roger Ebert,The Passion of the Christ (review), February 24, 2004
- ↑ A. O. Scott (2004-02-25). «Good and Evil Locked In Violent Showdown». The New York Times. http://movies.nytimes.com/movie/review?res=9A07EFD6143CF936A15751C0A9629C8B63.
- ↑ David Edelstein։ «Jesus H. Christ»։ Slate Magazine։ http://www.slate.com/id/2096025/։
- ↑ «Woman Dies During Screening Of 'Passion Of The Christ'»։ Kansas City News։ KMBC-TV։ 25 February 2004։ http://www.kmbc.com/news/2875196/detail.html։ Վերցված է 9 May 2011։
- ↑ «Report: Woman dies watching 'Passion'»։ CNN.com։ February 26, 2004։ http://edition.cnn.com/2004/US/Central/02/26/passion.death.reut/։ Վերցված է 10 May 2011։
- ↑ Walker, Simon (27 February 2004). «Woman dies watching 'The Passion of the Christ'». The Catholic Herald.
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական կայք
- «Քրիստոսի չարչարանքները»(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:

- «Քրիստոսի չարչարանքները» AllMovie կայքում
- «Քրիստոսի չարչարանքները» Metacritic կայքում
- «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը Kinopoisk կայքում
- «Քրիստոսի չարչարանքներ» ֆիլմը հայերեն թարգմանությամբ
|
|||||
| Այս հոդվածը ներառված է Հայերեն Վիքիպեդիայի ընտրյալ հոդվածների ցանկում |