Ռենե Լաեննեկ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ռենե Լաեննեկ | |
| Ծնվել է | փետրվարի 17, 1781 Կեմպեր, Ֆրանսիա |
|---|---|
| Մահացել է | օգոստոսի 13, 1826 (45 տարեկան) Կեռլուանեկ, Ֆրանսիա |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | ֆրանսիացի |
| Գիտական ոլորտ | Բժշկություն, Անատոմիա |
| Ալմա մատեր | Նանտի համալսարան |
| Գիտական աստիճան | պրոֆեսոր |
| Հայտնի է շնորհիվ | Ստետոսկոպի ստեղծող |
Ռենե Թեոֆիլ Հիացինտ Լաեննեկ (ֆր.՝ René-Théophile-Hyacinthe Laënnec, փետրվարի 17, 1781, Կեմպեր, Ֆինիստեր դեպարտամենտ, Ֆրանսիա – օգոստոսի 13, 1826, Կեռլուանեկ, Ֆինիստեր դեպարտամենտ, Ֆրանսիա), ֆրանսիացի բժիշկ և անատոմ, ախտորոշման կլինիկո-անատոմիական մեթոդի հիմնադիր, ստետոսկոպի ստեղծողը:
Կենսագրությունը[խմբագրել]
Ծնվել է 1781 թ. փետրվարի 17-ին, ֆրանսիական Կեմպեր քաղաքում: 1786 թ.-ին, մոր մահից հետո Ռենեին դաստիարակել է սկզբում վանական հորեղբայրը, իսկ վեց տարի հետո` մյուս հորեղբայրը` Նանտի համալսարանի ռեկտոր, հայտնի բժիշկ Գիյոմ Լաեննեկը: 14 տարեկանում ավարտել է դասական դպրոցը` լավ տիրապետելով գերմաներեն, անգլերեն, հունարեն և լատիներեն լեզուներին: Արդեն 14 տարեկանից բժշկագիտություն էր սովորում Նանտի հոսպիտալներում, հաճախում էր սեկցիանների: Լաեննեկի սիրելի բժիշկն էր համարվում Ֆրանսիայի ինստիտուտի և Փարիզյան գիտությունների ակադեմիայի անդամ, փարիզյան բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, ֆրանսիացի հայտնի վիրաբույժ Գիյոմ Դյուպյուիտրենը: 1799-ին ծառայության է անցել հանրապետական բանակ, որպես վիրաբույժի ասիստենտ: 1801թ.-ին աշխատել է Փարիզի կլինիկաներից մեկում` Մ. Բիշի և Ժ. Կորվիզարի(վերջինս եղել է Նապոլեոն Բոնապարտի անձնական բժիշկը) ղեկավարությամբ: 1802-ին լույս է տեսել Լաեննեկի առաջին գիտական աշխատանքը` նվիրված պերիտոնիտի սիմպտոմների նկարագրությանը: Շուտով դրան հետևում են նոր հոդվածներ լյարդի ցիռոզի և գլխուղեղի թաղանթների անատոմիայի վերաբերյալ: 1804-ին Լաեննեկը պաշտպանել է «Հիպոկրատի ուսմունքը և պրակտիկ բժշկությունը» դիսերտացիան: Այնուհետև զբաղվել է մասնավոր բժշկական գործունեությամբ, հրատարակել բազմաթիվ հոդվածներ` նվիրված հիվանդների զննման արդյունքներին: 1814թ.-ին դարձել է «Բժշկական հանդես»-ի («Journal de Médecine») գլխավոր խմբագիր: Առաջին համաշխարհայինի ժամանակ աշխատել է Սալպետրիեր հոսպիտալում: 1816-ից աշխատել է Նեկկերի փարիզյան հիվանդանոցում` որպես բժիշկ:
Փարիզի դիահերձման դահլիճներից մեկում, տուբերկուլյոզով հիվանդ մարդկանց դիակների վրա աշխատելու (տուբերկուլյոզային ողի սղոցման) ժամանակ, Լաեննեկը վնասել է իր ցուցամատը. որոշ ժամանակ անց վերքի տեղում առաջացել է տուբերկուլյոզային թմբիկ, որն էլ 21 տարի անց պատճառ է դարձել նրա մահվան` միլիար տուբերկուլյոզից:
Լաեննեկը ընտրվել է Կոլլեժ դը Ֆրանսի պրոֆեսոր և Բժշկական ակադեմիայի անդամ, ամբիոն է ստացել Շարիտե կլինիկական հիվանդանոցում:
Մահացել է Կեռլուանեկում, 1826թ.-ի օգոստոսի 13-ին:
Նշանակությունը[խմբագրել]
1816 թ.-ին ստեղծել է ստետոսկոպը և մշակել հիվանդների լսման նոր եղանակ: Իր այդ գործիքի օգնությամբ Լաեննեկը բացահայտել է կրծքավանդակի օրգանների հիվանդությունների սիմպտոմները, տվել է այդ հիվանդությունների ստույգ նկարագությունը, համադրել կլինիկական տվյալները պաթոանատոմիական պատկերի հետ: Հետազոտության արդյունքները 1818-ի փետրվարին ներկայացրել է Բժշկական հանրության նիստին, իսկ 1819-ի ապրիլին հրատարակել է «Տրակտատ անուղղակի աուսկուլտացիայի և թոքերի ու սրտի հիվանդությունների մասին» (Traité de l'auscultation médiate, et des maladies des poumons et du coeur) աշխատությունը` յուրաքանչյուր օրինակին կցելով մեկական ստետոսկոպ: Այդ տրակտատում Լաեննեկը առաջին անգամ տվել է թոքերի տուբերկուլյոզի պարզ նկարագիրը` կլինիկական և անատոմիական ասպեկտներում, նշել հնարավոր բուժման եղանակները, բերել կավեռնաների սպիացման անատոմիական և կլինիկական օրինակներ: