Ստետոսկոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին ստետոսկոպերը, 1890

Ստետոսկոպ (հին հուն.՝ στηθοσκόπιο, στῆθος «կուրծք» + σκοπή «դիտել»), բժշկական լսողական սարք` նախատեսված ներքին օրգանների (թոքեր, բրոնխներ, սիրտ, անոթներ և այլն) աղմուկները լսելու (աուսկուլտացիա) համար: Առավել հաճախ օգտագործվում է թոքերը և սրտի տոները լսելու նպատակով: Կիռարվում է նաև աղիների և զարկերակներում ու երակներում արյան հոսքի լսման նպատակով: Ճնշաչափի (սֆիգմոմանոմետր, տոնոմետր) հետ համակցված օգտագործվում է հաճախ նաև արյան ճնշման չափման ժամանակ: Հազվադեպ օգտագործվում է նաև մեքենագործության մեջ (այսպես կոչված` «մեխանիկական ստետոսկոպ»):
Ստետոսկոպը, որի լսողական հատկությունները ուժեղացված են, կոչվում է ֆոնենդոսկոպ:

Բովանդակություն

Պատմություն[խմբագրել]

1816 թվականին ստեղծել է Ռենե Թեոֆիլ Հիացինտ Լաեննեկը Փարիզի Նեկեր հոսպիտալում: Այն իրենից ներկայացնում էր բարակ սնամեջ գլանաձև փայտե խողովակ` ականջին դնելու համար նախատեսված ներհրումով, կազմությամբ նման էր լսողական ապարատին, մոնոֆոնիկ էր: Առաջին ճկուն ստետոսկոպի մասին ոչ այնքան պարզ նկարագիր նշվում է 1829-ին: 1840-ին Golding Bird-ը նկարագրել է իր ճկուն խողովակով ստետոսկոպը, որը սակայն ունեցել է մեկ ականջակալ: 1851-ին իռլանդացի բժիշկ Arthur Leared-ը ստեղծեց ստետոսկոպ, որն ուներ երկու ականջակալներ, իսկ 1852-ին George Cammann-ը այն կատարելագործեց` կոմերցիոն արտադրության համար, ինչը դարձավ չափանիշ նույնիսկ այսօր ստետոսկոպերի արտադրության մեջ:

Առաջին ճկուն ստետոսկոպերը: Golding Bird-ի գործիքը` ձախից

1940-ին Rappaport-ը և Sprague-ն նախագծեցին նոր ստետոսկոպ, որն ուներ երկու կողմ. մեկը` շնչառական համակարգի լսման համար, մյուսը ` սիրտ-անոթային համակարգի համար: 1960-ականների սկզբին Հարվարդի Բժշկական Դպրոցի պրոֆեսոր, բժիշկ Դ. Լիտմանը ստեղծեց մի նոր ստետոսկոպ, որն ավելի թեթև էր, քան նախորդները, և ուներ ակուստիկ կատարելագործված հատկանիշներ:

Ստետոսկոպի տեսակները[խմբագրել]

Ակուստիկ[խմբագրել]

Ակուստիկ (լսողական) ստետոսկոպին ծանոթ են մարդկանց մեծամասնությունը: Նրա աշխատանքի մեխանիզմը կայանում է կրծքային մակերեսից օդակիր սնամեջ խողովակներով լսողի ականջներին ձայնի փոխանցման մեջ: Ստետոսկոպի կրծքային հատվածը ունի երկու կողմ. «դիաֆրագմա» և «զանգ» : Ակուստիկ ստետոսկոպերը օգտագործվում են բոլորից հաճախ:

Էլեկտրոնային[խմբագրել]

Էլեկտրոնային ստետոսկոպը (կամ ստետոֆոն) էլեկտրոնային եղանակով ուժեղացնում է մարմնի աղմուկները` դարձնելով ավելի լսելի, քան ակուստիկ ստետոսկոպով լսելու ժամանակ:

Ֆետալ ստետոսկոպ[խմբագրել]

Ֆետալ ստետոսկոպը կամ ֆետոսկոպը նախատեսված է պտղի սրտի զարկերի լսման համար: Այն հայտնի նաև որպես Պինարդի ստետոսկոպ կամ ուղղակի պինարդ` ի պատիվ ֆրանսիացի մանկաբարձ Ադոլֆ Պինարդի (1844-1934)