Պատերազմի արհավիրքները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատերազմի արհավիրքները
Los Desastres de la Guerra
Goya-Guerra (02).jpg
Ֆրանցիսկո Գոյա, 1810-1820
օֆորտ
15 × 19.3 սմ

Պատերազմի արհավիրքները (իսպ.՝ Los Desastres de la Guerra), Ֆրանցիսկո Գոյայի 82 փորագրությունից կազմված շարքը, որոնք ստեղծել է 1810-1820 թվականների ընթացքում։ Արվեստի պատմության մեջ այս շարքը դիտարկվում է որպես բողոք հակաֆրանսիական մայիսի 5-ի ապստամբության և նրան հաջորդած պատերազմի դաժանություններին և վերականգնված Բուրբոնների ռեակցիոն քաղաքականությանը։

Նկարագրություն[խմբագրել]

Առաջին հրատարակության տիտղոսաթերթը (1863)

Նապոլեոնական Ֆրանսիայի և Իսպանիայի միջև պատերազմի ժամանակ Ֆրանցիսկո Գոյան պալատական առաջին նկարիչն էր, նկարում էր իսպանական և ֆրանսիական ազնվականների դիմանկարներ։ Պատերազմը մեծ ազդեցություն էր թողել նրա վրա, բայց նկարիչը զգացմունքներն իր մեջ էր պահում։ Նկարների շարքի վրա նա սկսեց աշխատել, երբ լուրջ հիվանդ էր և համարյա խլացել էր։ Նկարները մեջտեղ ելան Գոյայի մահից համարյա 35 տարի անց։ Միայն այդ ժամանակ հնարավոր եղավ հրատարակել գործեր, որտեղ քննադատվում էին իսպանական և ֆրանսիական միապետերը։

«Պատերազմի արհավիրքները» անվանումը, որով այժմ հայտնի է շարքը Գոյայի առաջարկածը չէ։ Ընկերոջը տված ալբոմի վրա Գոյայի ձեռքով գրված է «Իսպանիայի և Բոնապարտի միջև արյունալի պատերազմի ճակատագրական հետևանքները և այլ խոսուն կապրիչոսներ» (իսպ.՝ Fatales consequencias de la sangrienta guerra en España con Buonaparte, Y otros caprichos enfáticos)։ Չհաշված փորագրանկարների տակ դրված բացատրությունները, սրանք շարքին վերաբերվող միակ բառերն են։ «Պատերազմի արհավիրքները» շարքը ավանդույթից շեղում էր։ Եթե առաջ արվեստում արտացոլվում էր պատերազմի հերոսական կողմը, ռոմանտիզմը և զինվորական փառքը, ապա Գոյան ցույց տվեց պատերազմի աղետալի հետևանքներն առանձին վերցրած մարդու համար[1]։

Շարքը սովորաբար բաժանում են երեք մասի, ըստ ստեղծման ժամանակի։ Պատկերներից 47-ը պատերազմի դրվագներ են և ցույց են տալիս նրա հետևանքները։ 48-ից 64 համարակալված նկարները ցույց են տալիս մասսայական սովի հետևանքները, որ տիրում էր 1811-1812 թվականներին Մադրիդում, իսկ վերջին 17 նկարները արտահայտում են բնակչության տրամադրությունն ու հիասթափությունը Բուրբոնների քաղաքականության նկատմամբ՝ կապված 1812 թվականի սահմանադրությունը չեղյալ հայտարարելու հետ։

Պատմական նախապայմաններ[խմբագրել]

1808թ․ մայիսի 3-ը Մադրիդում, նվիրված է 1808թ․ ֆրանսիական օկուպացիայի դեմ պայքարին։

Նապոլեոն Բոնապարտը 1799 թվականի փետրվարի 18-ին իրեն հայտարարեց ֆրանսիական հանրապետության առաջին կոնսուլ, իսկ 1804 թվականին դարձավ կայսր։ Իսպանիան Ֆրանսիայի համար հետաքրքրություն էր ներկայացնում, քանի որ Միջերկրական ծով տանող ճանապարհ էր հանդիսանում։ Այդ ժամանակ Իսպանիայում գահակալում էր Կարլ IV-ը․ նրա իշխանությանը վտանգ էր ներկայացնում իր ժառանգ անգլոմետ կրոնդուքս Ֆերդինանդը։ Նապոլեոնը Կարլին առաջարկեց ռազմարշավ սկսել Պորտուգալիայի դեմ և կիսել ռազմավարը Ֆրանսիայի, Իսպանիայի և Իսպանիայի առաջին նախարար Մանուել դե Գոդոյի միջև։ Վերջինս նաև պետք է ստանար Ալգարաե դքսի տիտղոսը։ Գոդոյին համաձայնվեց, չհասկանալով Նապոլեոնի և Ֆերդինանդի իրական մտադրությունները։

1807 թվականի նոյեմբերին ֆրանսիական 23 հազարանոց բանակը մտավ Իսպանիա։ Անգամ փետրվարին, երբ արդեն պարզ էր ֆրանսիական կողմի մտադրությունը, լուրջ դիմադրություն չկազմակերպվեց։ 1808 թվականին Ֆերդինանդի կազմակերպած ժողովրդական ապստամբությունը Կարլին այլ ընտրություն չթողեց, բացառությամբ գահից հրաժարվելը, որը և կատարվեց 1808 թվականի մարտի 19-ին։ Արդյունքում գահ բարձրացավ նրա որդին՝ Ֆերդինանդ Յոթերորդ անունով։ Ֆերդինանդը հույսը դրել էր Նապոլեոնի օժանդակության վրա, բայց Նապոլեոնն ու իր վստահելի զորապետ Յոախիմ Մյուրատը նպատակահարմար գտան, որ Իսպանիան ունենա առավել առաջադեմ տիրակալ քան Բուրբոններն էին։ Նապոլեոնը Կարլին և Ֆերդինանդին հրավիրեց Ֆրանսիա, որտեղ և նրանց համոզեց հրաժարվել իսպանական գահի իրավունքից, ի օգուտ իր եղբոր Ժոզեֆ Բոնապարտի։

Ֆրանսիական ներխուժումից հետո Գոյան, շատ ազատամիտների նման, հայտնվեց ծանր կացության մեջ։ Նա սատարում էր ֆրանսիական հեղափոխության նպատակներին և հույս ուներ, որ նրա գաղափարները կօգնեն Իսպանիային թոթափել ավատատիրությունը և կնպաստեն ժողովրդական ղեկավարությամբ աշխարհիկ պետություն դառնալուն։ Այդ ժամանակ երկու առճակատում կար՝ ֆրանսիական ներխուժման դեմ և երկրի ազատամտության համար։ Ֆրանսիացիների՝ Իսպանիան լքելուց հետո, առաջին պլան քաշվեց քաղաքական պայքարը։

Շարքի երեք թեմաները[խմբագրել]

Պատերազմ[խմբագրել]

Թերթ 1: Մռայլ կանխազգացումը նրա, ինչը որ պետք է կատարվի (Tristes presentimientos de lo que ha de acontecer)

Առաջին 47 թերթերում Գոյան պատկերել է պատերազմի արհավիրքների ռեալիստական տեսարանները։ Պատկերված գործողությունները մեծ մասամբ ճակատամարտից հետո են՝ այլանդակված դիակներ և ծառերից կախված կտրված վերջույթներ։ Եվ ֆրանսիացի, և իսպանացի զինվորները ծաղրուծանակի էին ենթարկում գերիներին, շատ նկարներ պատկերում են նրանց ոչ մարդկային վերաբերմունքը։ Հաճախ խաղաղ բնակիչները հետևում էին բանակներին։ Երբ իրենց հայրենակիցներն էին հաղթում՝ կանայք և երեխաները մահացածների մեջ փնտրում էին մահացած կամ վիրավոր ամուսիններին, հայրերին և որդիներին։ Եթե իրենց կողմը պարտվում էր, ապա խաղաղ բնակիչները փախչում էին, որ չսպանվեն կամ չբռնաբարվեն։

Շարքը սկսում է «Մռայլ կանխազգացումը նրա, ինչը որ պետք է կատարվի» (Tristes premoniciones de lo que ha de acontecer) նկարով, որտեղ պատկերված է ծնկաչոք և ձեռքերը տարածած տղամարդ։ Հաջորդ նկարներում պատկերված են ֆրանսիացիների հետ ճակատամարտի հատվածներ, որտեղ պատկերված ֆրանսիացիները, ըստ քննադատ Վիվիռն Ռեյնորի, կոզակների տեսք ունեն։ 31-ից 39 համարակալված նկարները պատկերում են գազանություններ և սովին նվիրված պատկերների հետ մեկ շարքում են։ Մյուսներում Գոյան զարգացնում է տանջանքների ենթարկված մարմինների թեման։

Ի տարբերություն շատ իսպանացի նկարիչների Գոյան հրաժարվում է զինվորական փառքի և հերոսական էության պատկերումից, նա չի պատկերում կոնկրետ մարդկանց, թեև անանուն զոհերի և զինվորների շարքում հանդիպում են նաև հայտնի հերոսներ։ Համար 7 թերթի պատկերը վերնագրված է «Ինչպիսի քաջություն»։ Այնտեղ պատկերված է Սարագոսայի հերոսուհի Ավգուստինա Արագոնացին, որը 54000 զոհ տարած Սարագոսայի պաշարման ժամանակ ուտելիք էր բերում հրետանավորներին, և երբ բոլոր հրետանավորները զոհվեցին, Ավգուստինան սկսեց լիցքավորել և կրակել հրանոթներով։

Թերթ 9: Նրանք չեն ուզում (No quieren)։ Զինվորը փորձում է բռնաբարել դիմադրող երիտասարդ կնոջը և չի նկատում ետևից գաղտագողի մոտեցող դանակով պառավին։  
Թերթ 10:Սրանք նույնպես դեմ են (Tampoco)։ Իսպանացի կանայք հաճախ զինվորների բռնության զոհերն էին։  
Թերթ 15: Ոչինչ չես կարող անել (Y no hay remedio)։ Գերիների գնդակահարումը՝ հիշեցնում է1808թ․ մայիսի երեքը Մադրիդում կտավը։  
Թերթ 18: Թաղել և լռել (Enterrar y callar)։ Գազանությունները, համատարած սովը և մարդկայինի անկումը, որպես «զայրույթի հետաքրքիր գույնը»։  

Սով[խմբագրել]

Թերթ 50: Անբախտ մայր (Madre infeliz!)

Հաջորդ շարքը, 48-ից 64 թերթերը նվիրված են սովին, որը 1811թ․ օգոստոսից մինչև Վելինգտոնի զորքերի Մադրիդի ազատագրումը տարածվել էր քաղաքում։ Այդ տարի սովը 20000 մարդու կյանք խլեց։ Այս նկարներում Գոյան հեռանում է Իսպանիայի տարբեր տարածքների ընդանրացված կոտորածների պատկերումից և նկարում է կոնկրետ սարսափելի իրողության՝ Մադրիդի սովը։ Սովը հետևանք էր նրա, որ ֆրանսիական զորքերը, պարտիզանները և ավազակները փակել էին Մադրիդ մտնող ճանապարհները, և մթերքը քաղաք չէր մտնում։

Գոյան հարց չի բարձրացնում սովի պատճառների մասին, չի մեղադրում կողմերից և ոչ մեկին։ Նրան միայն հետաքրքրում է սովի հետևանքները հասարակ բնակչության վրա։ Չնայած այս շարքի պատկերները հիմնված են Մադրիդից վերցրած տպավորությունների վրա, բայց և ոչ մի նկարում կոնկրետ իրադարձություն չի պատկերված։ Ոչ մի կոնկրետ տեղանք, կամ շինություն չկա, որով հնարավոր է եզրակացնել գործողության վայրի մասին։ Գոյան ուշադրությունը կենտրոնացնում է մահացած և կիսակյանք մարդկանց խմբերի վրա, տղամարդկանց, որոնք կանանց դիակներ են կրում, անօթևան երեխաներ, որոնք ողբում են իրենց ծնողների մահը։ Ռոբերտ Հյուզը շարքի ամենաազդեցիկ գործն է համարում 50-րդ թերթի «Անբախտ մայր» (Madre infeliz!) նկարը։ Նրա կարծիքով փոքր աղջկա և նրա մոր միջև ընկած տարածքը «կորստի և որբության էությունը ներկայացնող մթի» պատկերն է։ Այս թերթերի շարքի վրա Գոյան աշխատանքը ենթադրաբար ավարտել է 1814 թվականի սկզբին։

Թերթ 52: Նրանք չհասցրին (No llegan a tiempo)։ Երկու կին, մեկը երեխայի հետ, փորձում են խցկվել շենքի փլատակների տակ, որպեսզի տեղ տան երրորդին։  
Թերթ 59: Ի՞նչ օգուտ մեկ բաժակից (De qué sirve una taza?)։ Երկու հյուծված կին պառկած են գետնին, մեկը մահամերձ է, իսկ երրորդը նրան մեկ բաժակ ջուր է պարզում։  
Թերթ 60: Ոչինչ չի օգնի (No hay quien los socorra)։ Բլրին երեք մահացած կանայք են, միայնակ կերպարը սգում է նրանց մահը։  
Թերթ 62: Մահվան անկողին (Las camas de la muerte)։ Կինը քայլում է բազմաթիվ դիակների կողքով, որոնք պատրաստ են թաղվելու։  

Բուրբոններն ու հոգևորականները[խմբագրել]

65-ից 82 թերթերը կրում են խոսուն կապրիչոսներ («caprichos enfáticos») վերնագիրը։ Դրանք ստեղծվել են 1813-1820 թվականների արանքում և ընդգրկում են Ֆերդինանդ Յոթերորդի անկումն ու վերադարձի ժամանակաշրջանը։ Դրանցում պատկերված են այլաբանական հետպատերազմական Իսպանիայի քաղաքականությունը խարազանող տեսարաններ, որոնք ներառում են նաև ինկվիզիցիան ու տանջանքները, որոնք այդ ժամանակի դատարանում սովորական երևույթ էին։ Բնական է, որ խաղաղությունը հարկավոր էր, բայց դա ստեղծեց ավելի ճնշող մթնոլորտի քաղաքականությունում, քան առաջ էր։ Նոր ռեժիմը խորտակեց ազատամտության երազանքները, որոնց հետևորդն էր Գոյան։ Հյուզը թերթերի այս շարքը անվանել է «Խաղաղության արհավիրքները»։

Ֆերդինանդի վերադարձից վեց տարի անց Ռաֆայել դել Դիեգոն հեղաջրջում կազմակերպեց, որի նպատակը 1812 թվականի Սահմանադրության վերականգնումն էր։ Թագավորը ստիպված էր համաձայնել հեղափոխականների պահանջներին, բայց 1823 սեպտեմբերին, ֆրանսիական ինտերվենտների օգնությամբ սահմանադրական կառավարությունը խորտակվեց։ Վերջին թերթերը հավանաբար տպված են սահմանադրության վերականգնումից հետո, բայց որոշակիորեն մինչև 1824 թվականը, երբ Գոյան լքեց Իսպանիան։

Թերթ70: Ճանապարհը չիմանալով (No saben el camino)։ Պարաններով կապված գերիների երկար շարանը դեգերում է լեռներով։  
Թերթ71: Հասարակական բարօրության դեմ (Contra el bien general)։ Թևավոր չարքը նստած ժայռին գիրք է գրում։  
Թերթ74: Սա ամենից վատն է (Esto es lo peor!)։ Գայլը հրամաններ է գրում՝ շրջապատված ծնկադիր մարդկանցով։ Նրան օգնում են հոգևորականները։  
Թերթ76: Անգղը (El buitre carnívoro)։ Բազմությունը հետապնդում է գիշատիչ թռչնին։  

Կատարումը[խմբագրել]

Գոյան «Պատերազմի արհավիրքները» օֆորտների շարքում հրաժարվեց գույնից, ի օգուտ լույսի ու ստվերի։ Փորագրանկարները կատարված են խորը տպագրության մեթոդով։ Ինչպես Գոյայի այլ փորագրանկարներ, այս շարքի գործերն էլ անվանում են կամ օֆորտներ կամ էլ ակվատինտա։

Ոճը[խմբագրել]

Բողոքն ընդեմ կյանքի այլանդակությունների, դրանց մանրամասնումը իսպանական արվեստի ողջ ընթացքում եղել է հաճախ անդրադարձվող թեմաներից մեկը՝ Դիեգո Վելասկեսի թզուկներից սկսած մինչև Պաբլո Պիկասոյի Գեռնիկայով։ «Պատերազմի արհավիրքների» մասին խոսելով՝ Գոյայի կենսագիր Մարգարիտա Աբրուզեսեն (Margherita Abbruzzese) նշում է, որ Գոյան ճշմարտություն էր փնտրում և ուզում էր «տեսնել և ցույց տալ ուրիշներին, այդ թվում նրանց, ով չի ուզում տեսնել․․․ երբ հոգով կույրերը տեսնում են իրերի միայն արտաքին կողմը, ապա այդ արտաքին կողմը պետք է ոլորվի և դեֆորմացվի այնքան, որ գոռա այն մասին, ինչ որ ուզում էր ասել։[2]»

Մինչև Գոյան արտատպությունների միջոցով հայտնի էին պատերազմի թեման շոշափող ստեղծագործություններ, որոնք քննադատում էին ռազմական հակամարտության ազդեցությունը խաղաղ կյանքի վրա։ Սա առավելագույնս արտացոլված է հոլանդա-իսպանական ութսունամյա պատերազմին անդրադարձած հոլանդական արվեստում և 16-րդ դարի գերմանացի նկարիչների գործերում, որոնցից էր Հանս Բալդունգը։ Համարվում է, որ Գոյան ունեցել է Ժակ Կալոյի 18 օֆորտներից կազմված ալբոմը, որտեղ պատկերված էին Լյուդովիկոս XIII-ի զորքերի ավերիչ գործողությունները երեսնամյա պատերազմի ժամանակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Шикель Ричард, Мир Гойи. 1746—1828, Москва, 1998, ISBN 5-300-01871-6 (ռուսերեն)
  2. Francisco Goya: A Life by Evan S. Connell, 2004, ISBN 1-58243-307-0, 175 (անգլերեն)
  3. Becker DP; in Spangeberg, Kristin (ed). Six Centuries of Master Prints. Cincinnati: Cincinnati Art Museum, 1993. 154. ISBN 0-931537-15-0

Արտաքին հղումներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Wilson-Bareau, Juliet. Goya's Prints, The Tomás Harris Collection in the British Museum. London։ British Museum Publications, 1981. ISBN 0-7141-0789-1
  • Clark, Kenneth. Looking at Pictures. Boston։ Beacon Press, 1968.
  • Connell, Evan S. Francisco Goya։ A Life. New York։ Counterpoint, 2004. ISBN 1-58243-307-0
  • Gudiol, José. Goya. New York։ Hyperion Press, 1941.
  • Gudiol, José. Goya 1746–1828, Volume 1. Barcelona։ Ediciones Poligrafa, 1971.
  • Heras, Margarita Moreno de las, et al. Goya and the Spirit of Enlightenment. Museum of Fine Arts, Boston, 1989. ISBN 0-87846-300-3
  • Hofer, Philip. The Disasters of War. New York։ Dover Publications, 2006. ISBN 0-486-44758-8
  • Hollander, Anne. Moving Pictures. New York։ Alfred a Knopf, 1989. ISBN 0-394-57400-1
  • Hughes, Robert. Goya. New York։ Alfred A. Knopf, 2004. ISBN 0-394-58028-1
  • Hughes, Robert. Nothing If Not Critical. London։ The Harvill Press, 1990. ISBN 0-00-272075-2
  • Huxley, Aldous. The Complete Etchings of Goya. New York։ Crown Publishers, Inc., 1947.
  • Licht, Fred. Goya։ The Origins of the Modern Temper in Art. Universe Books, 1979. ISBN 0-87663-294-0
  • Licht, Fred, et al. Goya in Perspective. Englewood Cliffs, New Jersey։ Prentice Hall, Inc., 1973. ISBN 0-13-361964-8
  • Sayre, Eleanor A. The Changing Image։ Prints by Francisco Goya. Boston։ Museum of Fine Arts, 1974. ISBN 0-87846-085-3
  • Shaw, Philip. "Abjection Sustained: Goya, the Chapman Brothers and the 'Disasters of War'". Art History, Volume 26, No. 4, September 2003. ISSN 0141-6790
  • Stoichita, Victor and Coderch, Anna Maria. Goya։ the Last Carnival. London։ Reakton books, 1999. ISBN 1-86189-045-1
  • Swartz, Mark. The Disasters of War. Museum of Modern Art, Volume 4, No. 1, January 2001. 10–13
  • Tomlinson, Janis A. Goya in the Twilight of Enlightenment. New Haven։ Yale University Press, 1992. ISBN 0-300-05462-9