Շամբալա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այծառվույտ
Այծառվույտ
Այծառվույտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Հացհամեմ (Trigonella)
Տեսակ Այծառվույտ (T. foenum-graecum)
Միջազգային անվանում
Trigonella foenum-graecum

Այծառվույտ, շամբալա, հացհամեմ, հունական խոտ, հոռոմ-չաման[1], բլթենի[2] (լատին․՝ Trigonella foenum graecum), բակլազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս։

Ցողունը կանգուն է, ճյուղավորված, 50-70 սմ բարձրությամբ։ Տերևները եռմասնյա բարդ կոթունավոր են։ Վերգետնյա օրգանները թավոտ են։ Ծաղիկները՝ դեղնասպիտակավուն, ինքնափոշոտվող, մեկական նստած տերևածոցերում։ Պտուղը՝ ունդ, պարունակում է 10-16 սերմ։ Շամբալան ջերմասեր բույս է։ Հնագույն մշակովի բույսերից է։ Մշակվում է Իսպանիայում, Հարավային Ամերիկայում, Եթովպիայում, Հնդկաստանում են, Անդրկովկասում, Միջին Ասիայում։ Սպիտակուցներով հարուստ արժեքավոր կերային բույս է․ 100 կգ կանաչ զանգվածը պարունակում է 52 կերային միավոր։ Օգտագործվում է նաև կանաչ պարարտացման համար։ Շամբալան հողը հարստացնում է ազոտով։ Մշակվում է ցածրադիր գոտում (Էջմիածին), սերմերն օգտագործվում են որպես չաման։ Երբեմն ցանքերում հանդիպում է որպես մոլախոտ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ ցողունով, եռամասնյա տերևներով, ուժեղ յուրահատուկ հոտով (կումարինի հոտ), միամյա 10-70 սմ բարձրությամբ խոտաբույս է։ Երկարավուն հակաձվաձև տերևիկների վերին մակերեսը մերկ է, ստորինը՝ մազապատ։ Սպիտակավուն, երբեմն մանուշակագուն երանգով նստադիր ծաղիկները աճում են տերևանութներում։ 10 առէջներից 9-ը միաձուլված են առէջաթելերով։ Ամուր, դեղին, 10-20 սերմերով երկար, բազմասերմ, գլանաձև պտուղը թեքված ունդ է[3]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի պայմաններում աճում է միջին և ստորին լեռնային գոտիների չոր քարքարոտ լանջերին, ավազոտ կամ կավային հողերում, հաճախ նաև ցանքսերում որպես մոլախոտ։ Երբեմն աճեցվում է Երևանի շրջակայքում։ Հանդիպում է Արմավիրի, Արարատի մարզերում։ Աճեցվում է Չինաստանում, Հնդկաստանում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և այլ երկրներում[3]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով օգտագործում են հացհամեմի սերմերը, որոնք պարունակում են լորձային նյութեր (մոտ 30%), ճարպային յուղեր, սպիտակուցներ, դաբաղանյութեր, ալկալոիդ տրիգոնելին, նիկոտինաթթու, խոլին, եթերային յուղ և այլն[3]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 440

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան - 715». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  2. «Հանրագիտարան». translator.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամբալա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամբալա» հոդվածին։