Միխայիլ Կուտուզով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուտուզով Միխայիլ Իլլարիոնովիչ (1745-1813), ռուս զորավար, գեներալ-ֆելդմարշալ (1812 թ.)։

Մասնակցել է 1768-1774 թվականների և 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմներին։ 1792-1794 թվականներին ղեկավարել է Կոստանդնուպոլսի ռուսական արտակարգ դեսպանությունը։ 1805 թվականի ռուս-ավստրո-ֆրանսիական պատերազմում եղել է ռուսական զորքերի հրամանատար։ Աուստերլիցի ճակատամարտից հետո Կուտուզովին հաջողվել է ռուսական բանակը զերծ պահել թշնամու գերազանցող ուժերի ջախջախիչ հարվածից։ 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմում նշանակվել է (1811 թվականին) մոլդավական բանակի գլխավոր հրամանատար։ 1811 թվականին խոշոր հաղթանակ է տարել Ռուշչուկի մոտ, իսկ Սլոբոձիայի մոտ գերել ամբողջ թուրքական բանակը, պայմանագիր կնքել։ 1812 թվականի [[Հայրենական պատերազմ (1812)|Հայրենական պատերազմում]]ում ռուսական զորքերի կողմից Սմոլենսկը թողնելուց հետո Կուտուզովը օգոստոսի 8-ին նշանակվել է գլխավոր հրամանատար։ Օգոստոսի 26-ին մղել է Բորոդինոյի ճակատամարտը, ռազմաստրատեգիական նկատառումներով Նապոլեոնին հանձնել Մոսկվան, ապա Տարուտինոյի մոտ ջախջախիչ հարված հասցրել Յոախիմ Մյուրատի կորպուսին, իսկ Բերեզինայի ափին՝ ֆրանսիական հիմնական ուժերին։ 1813 թվականին շարունակել է ֆրանսիական բանակի մնացորդների ջախջախումը Լեհաստանի և Պրուսիայի տարածքներում։ Կուտուզովը պարգևատրվել է Գեորգիևյան I աստիճանի մարտական բարձրագույն շքանշանով (1812 թվականին)։ Ստացել է կոմսի (1811 թվականին), պայծառափայլ իշխանի և Սմոլենսկի իշխանի (1812 թվականին) տիտղոսներ։ Ժամանակակիցներն ընդգծել են Կուտուզովի բացառիկ խելքը, զորավարի և դիվանագետի փայլուն տաղանդը, հայրենիքին անսահման նվիրվածությունը։

1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում սահմանվել են Կուտուզովի I, II (1942 թվականին) և III (1943 թվականին) աստիճանի շքանշաններ։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png