Միլանի մոնումենտալ գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլանի մոնումենտալ գերեզմանատուն
իտալ.՝ Cimitero Monumentale di Milano
250000 մ2px
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՄիլան[1][2]
ԵրկիրԻտալիա
Հիմնման տարիհունվարի 1, 1867
ՃարտարապետԿառլո Մաչակինի
Ճարտարապետական ոճէկլեկտիկ ճարտարապետություն
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
monumentale.comune.milano.it(իտալ.)

Միլանի մոնումենտալ գերեզմանատուն ([tʃimiˈtɛːro monumenˈtaːle], իտալ.՝ Cimitero Monumentale di Milano), Իտալիայի Միլան քաղաքի երկու ամենամեծ գերեզմանատներից մեկը։ Աչքի է ընկնում գեղարվեստական դամբարանների և հուշարձանների առատությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը նախագծել է ճարտարապետ Կառլո Մաչակինին (1818-1899)։ Նախատեսվել է քաղաքով մեկ ցրված մի շարք փոքր գերեզմանոցներ համախմբել մեկ վայրում։

Գերեզմանատունը պաշտոնապես բացվել է 1866 թվականին և այն ժամանակից ի վեր համալրվել է մի շարք ժամանակակից և դասական իտալական քանդակներով, ինչպես նաև հունական տաճարներով, մշակած կոթողներով և այլ բնօրինակ ստեղծագործություններով, ինչպիսին է Տրայանոսի սյունի փոքր տարբերակը։ Դամբարանների մեծ մասը պատկանում են հայտնի արդյունաբերող դինաստիաների, որոնք նախագծել են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ջո Պոնտին, Արթուրո Մարտինին, Լուսիո Ֆոնտանան, Մեդարդո Ռոսոն, Ջակոմո Մանցուն, Ֆլորիանո Բոդինին և Ջո Պոմոդորոն։

Գերեզմանատան գլխավոր մուտքն անցնում է Ֆամեդիոյի (Famedio) միջով՝ նեո-միջնադարյան ոճի մարմարե մեծ փառքի սրահ, որտեղ ամփոփված են քաղաքի և երկրի պատվավոր և հայտնի քաղաքացիների, այդ թվում վիպասան Ալեսանդրո Մանձոնիի շիրիմները։

Մարիո Պալանտիի նախագծած Civico Mausoleo Palanti գերեզմանը կառուցվել է ի հիշատակ Միլանի այն քաղաքացիների, ովքեր զոհվել են նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ Շուրջ 800 միլանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը գտնվում է գերեզմանատան կենտրոնում, որի հեղինակն է BBPR ճարտարապետական խումբը։

Գերեզմանատունն ունի հատուկ հատված նրանց համար, ովքեր չեն պատկանում կաթոլիկ կրոնին և ունի հրեական հատված։

Մուտքի մոտ կա տպագրության, լուսանկարների մշտական ցուցադրություն, գերեզմանատան պատմական զարգացման քարտեզը։ Ունի 1920 թվականին կառուցված երկու մարտկոցով շահագործվող էլեկտրական դիակառք։

Հրեական հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական հատված

Կառլո Մաչակինիի նախագծած հրեական հատվածը բացվել է 1872 թվականին, որպեսզի փոխարինի Porta Tenaglia, Porta Magenta և Porta Vercellina հրեական գերեզմանոցներին։ Այն գտնվում է կաթոլիկ գերեզմանատան արևելյան կողմում, ունի առանձին մուտք։

Դամբարանների համարակալումը կրկնվում է, քանի որ գերեզմանոցը բաժանվում է 6 մասերի և ունի մեկ հավելյալ հատված արևելյան կողմում։ Կա նաև երեք ընդհանուր հատված, որոնցից մեկը 1873-1894 թվականներին հուղարկավորված երեխաների համար է՝ գետնի վրա փոքր տապանաքարերով՝ գրված անունը, ազգանունը և մահվան ամսաթիվը։

1866 թվականից մինչև մեր օրեր ստեղծված հուշարձանները տեղակայված են քայլուղիների երկայնքով։ Կան նաև ընտանեկան աճյունասափորներ, կոլումբարիումներ, ոսկրատներ։

Կան գեղարվեստական արժեք ունեցող բազմաթիվ հուշարձաններ, որոնք ներկայացված են Ջիովաննա Գինեքսի և Օռնելա Սելվաֆլոտայի ստեղծած ուղեցույցում[3]։

Արվեստագետ Դիեգո Պենաչիո Արդեմանին 2015 թվականի մայիսին այս հատվածի գլխավոր կառույցին ավելացրել է գեղարվեստական պատուհաններ, որոնք ներկայացնում են հրեական 12 ցեղերը[4]։

Հայտնի անձնաց գերեզմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ գերեզմանատանը տեղադրված ազդանշաններն այցելուներին հուշում են առավել ուշագրավ դամբարանների և հուշարձանների տեղերը։ Գերեզմանատանը թաղված են՝

  • Ալբերտո Ասկարի (1918-1955), Ֆորմուլա 1-ի չեմպիոն վարորդ
  • Անտոնիո Ասկարի (1888-1925), Grand Prix չեմպիոն վարորդ
  • Էրնեստո Բացցարո (1859-1937), քանդակագործ
  • Լուկա Բելտրամի (1854-1933), ճարտարապետ
  • Անտոնիո Բերնոչի (1859-1939), արդյունաբերող
  • Առիգո Բոիտո (1842-1918), կոմպոզիտոր, լիբրետոների հեղինակ
  • Ջինո Բրամիերի (1928-1996), կոմիկ դերասան
  • Կանդիդո Կանավո (1930-2009), իտալացի լրագրող
  • Կառլո Կատանեո (1801-1869), փիլիսոփա, հայրենասեր
  • Ալֆրեդո Կատալանի (1854-1893), կոմպոզիտոր
  • Վալտեր Չիարի (1924-1991), դերասան
  • Ֆրանկո Կորելլի (1921-2003), օպերային տենոր
  • Էրման Այնշտայն (1847-1902), Ալբերտ Այնշտայնի այրը
  • Ֆիլիպպո Ֆիլիպպի (1830-1887), լրագրող, երաժշտական քննադատ
  • Ջորջո Գաբեր (1939-2003), երգիչ-երգահան, կատակերգու
  • Giuseppe Gervasini (1867-1941), կրոնական գործիչ
  • Լուիջի Ջուսսանի (1922-2005), քահանա, «Communion and Liberation» հիմնադիր
  • Ֆրանչեսկո Հայեց (1791-1882), իտալացի նկարիչ
  • Վլադիմիր Հերովից (1903-1989), դաշնակահար
  • Հերբերտ Կիլպին (1870-1916), անգլիացի ֆուտբոլային գործիչ Միլան ֆուտբոլային ակումբի հիմնադիր
  • Աննա Կուլիշևովա (1857, 1925), քաղաքական գործիչ
  • Դոմենիկո Ինդունո (1815-1878), իտալացի նկարիչ
  • Էմիլիո Լոնգոնի (1859-1932), նկարիչ
  • Ալեսանդրո Մանձոնի (1785-1873) բանաստեղծ, արձակագիր, գերեզմանը գտնվում է «Ֆամեդիոյի» կենտրոնում
  • Ֆիլիպո Մարինետտի (1876-1944), գրող, Ֆուտուրիզմի հիմնադիր
  • Բրունո Մունարի (1907-1998), արվեստագետ
  • Մարիո Պալանտի (1885-1978), ճարտարապետ
  • Ջիովաննի Պեսչե (1918-2007), կոմունիստ պարտիզան
  • Ջուզեպպե Պեցցի (1810-1878), գրող
  • Ֆրանչեսկո Մարիա Պիավե (1810-1876), լիբրետոների հեղինակ, բանաստեղծ
  • Ամիլկարե Պոնկիելլի (1834-1886), կոմպոզիտոր
  • Սալվատորե Կվազիմոդո (1901-1968), 1959 թվականին գրականության Նոբելյան դափնեկիր
  • Մեդարդո Ռոսսո (1858-1928), քանդակագործ
  • Պիերո Սաչերդոտի (1905-1966), ապահովագրող
  • Տեմիստոկլե Սոլերա (1815-1878), բանաստեղծ, կոմպոզիտոր, լիբրետոների հեղինակ
  • Մարիո Տիբերինի (1826-1880) և կինը Անջիոլինա Օրտոլատի-Տիբերինի (1834-1913), օպերային երգիչներ
  • Արտուրո Տոսկանինի (1867-1957), դիրիժոր, թավջութակահար
  • Ֆիլիպպո Տուրատի (1857-1932), քաղաքական գործիչ
  • Լեո Վալիանի (1909-1999), գրող, քաղաքական գործիչ
  • Ջուզեպպե Վերդի (1813-1901), կոմպոզիտոր, թաղված է եղել այստեղ նախքան Casa di Riposo per Musicisti տեղափոխելը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 SIRBeC (իտալ.)
  3. Giovanna Ginex, Ornella Selvafolta, The monumental cemetery of Milan’’, Silvana Editore, 1999
  4. Inaugurato il nuovo tempietto al Monumentale

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլանի մոնումենտալ գերեզմանատուն» հոդվածին։