Մասնակից:Son Melkumyan/Վանի թագավորության ճարտարապետություն
Վանի թագավորության ճարտարապետություն, Վանի թագավորության ժամանակաշրջանի (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) քաղաքաշինական, ամրաշինական, բնակելի և պալատական կառույցների ամբողջություն:
Ուրարտական ճարտարապետության ուսումնասիրությունը պարզել և դեռ կարող է պարզել հայկական ճարտարապետության կազմավորման, ձևաստեղծման և ծագումնաբանական շատ հարցեր: Վանի թագավորության ճարտարապետության հնագույն նկարագրությունը պատկանում է Մովսես Խորենացուն, այնուհետև սկսում են հնագիտական աշխատանքները[1]: Առանձին ուսումնասիրության առարկա են դարձել ուրարտական քաղաքների ջրամատակարարման և ոռոգման հարցերը, ամրաշինական կառույցները և պալատական ճարտարապետությունը[1]:
Քաղաքաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանի թագավորության ժամանակաշրջանի քաղաքներում հատակագծային կառուցվածքը երկմաս է՝ բաղկացած միջնաբերդից (ամրոցից կամ բերդից) ու բնակատեղիից: Միջնաբերդը կամ բերդը կառուցված էր դժվարամատչելի քարաժայռերի կամ բլուրների վրա և ապահովվում էր պաշտպանական կառուցվածքների ինքնուրույն համակարգերով: Քաղաքը կամ բնակավայրը սովորաբար տեղավորվում էր միջնաբերդի ստորոտին, թեք կամ հարթ տարածքի վրա ու նույնպես շրջապատվում պաշտպանական ինքնուրույն համակարգով[2]:
Տուշպա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուշպան (Վան)՝ թագավորության մայրաքաղաքը ակնառու կերպով ներկայացնում է հայերի նախնիների քաղաքաշինական արվեստի նկարագիրը: Կառուցվել է Վանա լճի հարավարևելյան ափին՝ մ.թ.ա. 9-րդ դարում: Չնայած պատմահայր Մովսես Խորենացին անարդարացիորեն Տուշպայի հիմնադրումը վերագրում է Ասորեստանի թագուհի Շամիրամին, տալիս է հետաքրքիր տեղեկություններ քաղաքի կառուցվածքների մասին: Ըստ Խորենացու Շամիրամը քաղաքի մեջ շինում է բազմաթիվ ընտիր ապարանքներ, կրկնահարկ և եռահարկ, զարդարված տեսակ-տեսակ գույնզգույն քարերով և ամեն մեկում պատուհաններ ըստ հարմարության, շինում է նաև չքնաղ և զարմանալու արժանի բաղնիքներ՝ համապատասխան քաղաքի դիրքին և պիտույքներին[3]: Շամիրամ թագուհուն վերագրած աշխատանքներն իրականում կատարվել են Վանի թագավորների կողմից, ինչի մասին բազմաթիվ սեպագիր հիշատակություններ են պահպանվել[2]:
Քաղաքի առաջացման համար որպես կորիզ ծառայել է Վանի նշանավոր ու խիստ անառիկ քարաժայռը, որի բոլոր լանջերը (բացի հյուսիսայինից) զառիթափ իջնում են մինչև հարթավայր, մյուս կողմերից անհնար դարձնելով միջնաբերդ ներթափանցելը: Միջնաբերդի պաշտպանական պարսպապատերի ուղղությունն ու ողջ համակարգը համապատասխանում է քարաժայռի ձևին ու տեղադրությանը: Քարաժայռի գագաթին, հյուսիսային կողմից արևելքից արևմուտք է ձգվում հզոր, բեկբեկուն ու աշտարակավոր պարսպապատերի գիծը: Մյուս կողմից, թեև այդպիսի պարսպապատերի կարիք չկար, սակայն առանձին հատվածներով դրանք եղել են, քարաժայռի հարավային կողմում երբեմնի պարսպապատից պահպանվել է աշտարակ՝ տեղադրված հատուկ հարթեցված աստիճանի վրա: Մեծ թեքություն ունեցող լանջերին կամ ուղղաձիգ ժայռի գագաթին ժայռաստիճանների ստեղծումը թելադրվել է պարսպապատի տակ հուսալի, սողքը կանխելու հիմնատակ, ինչպես նաև այդ ժայռաստիճանների վրա անձրևի ու ձնհալի ջրերի հոսման համար տաշտաձև առվակներ ունենալու անհրաժեշտությունից: Վանի քարաժայռի գագաթին այդ պարսպապատերը շարված են խոշորաչափ կանոնավոր ձևի քարերից, առանց շաղախի օգտագործման, այսինքն չոր շարվածքի տեխնիկայով: 3մ և ավելի հաստություն ունեցող պատերի արտաքին երկու կողմերի կանոնավոր շարվածքի միջև լիցք է կատարվել մանր քարերով[2]:
Միջնաբերդի առավել եզակի կառուցվածքներն ահռելի ժայռազանգվածի մեջ գտնվող ժայռափորերն են: Անկախ այն փաստից, որ լիովին հայտնի չէ, թե ինչ նպատակի են դրանք ծառայել, այդ ժայռափորերը ճարտարապետական ներքին տարածությունների կազմակերպման վերին աստիճանի ուշագրավ օրինակներ են[2]: Դրանց թվին են պատկանում «Խորխորի մեծ» և «Խորխորի փոքր», «Նեֆտ-կույու», «Իչկալա», հարավարևելյան կողմի «Մեծ» և հյուսիսային լանջի միադահլիճ ժայռափորերը: Խորխորի մեծ ժայռափորը (ոչվում է նաև րգիշտիի սենյակ)ներկայացնում է մեծ դահլիճ, որին 3 կողմից շրջապատում են առավել փոքր սենյակներ: 4 սենյակներից յուրաքանչյուրը մուտքերով կապպվում է դահլիճին, իսկ վերջինիս արտաքին մուտքը բացվում է մի ժայռահարթակի վրա, որից իջնում են ժայռափոր աստիճաններ: Հատակագծային նույն հորինցվածքն ունի նաև Խորխորի փոքր ժայռափորը. միայն այս դեպքում սենյակները տեղավորված են դահլիճի միայն մի՝ հետևի կողմում: Նեֆտ-կույու (Նավթահոր) ժայռափոր համալիրում փոքր սենյակները տեղավորված են դահլիճի արևմտյան և հյուսիսային կողմերում: Հատակագծային հորինվածքի տեսակետից որոշ տարբերություն ունի Իչկալա կոչված ժայռափորը: Նրանում սենյակների դասավորությունը դեպի ժայռի խորքը եռաստիճան է, նախադահլիճին հաջորդում է փոքրը, իսկ սրան՝ ավելի փոքրը: Առաջին և երկրորդ դահլիճների աջ և ձախ կողմերում տեղավորված են մեկական փոքր սենյակներ՝ բոլորն էլ մուտքերով հաղորդակցվող մեծ դահլիճների հետ[2]: Ժայռափոր խմբերից մի քանիսի փոքր սենյակներում ժայռակերտ պատվանդանների գոյությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ժայռափորերը օգտագործվել են որպես դամբարաններ[4]:
Էրեբունի[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգիշտի 1-ին թագավորի կողմից մ.թ.ա. 782 թվականին հիմնադրված Էրեբունին եղել է վարչական, տնտեսական և ռազմական կարևոր հենակետ Արարատյան դաշտում: Քաղաքաշինական առումով եղել է երկմաս, բաղկացած բլրի գագաթին տեղադրված միջնաբերդից և նրա փեշերին սփռված քաղաքից: 1950 թվականին այստեղ սկսված պեղումներով լրիվ ուսումնասիրված է միջնաբերդը, մասնակիորեն՝ քաղաքի տարածքը:
Շուրջ 2 հա զբաղեցնող միջնաբերդը կառուցվել է բլրի եռանկյունաձև գագաթին ու պարագծով շրջափակվել պաշտպանական պարսպապատերով՝ ստորին մասում շարված է ճեղքված տուֆով ու բազալտով, իսկ վերնամասում՝ հում աղյուսով: Ելուստավոր պարսպապատերը պահպանվել են 3-4 մետր բարձրությամբ[2]:
Միջնաբերդն ունեցել է 3 հիմնական մասեր՝ պալատական, պաշտամունքային և տնտեսական: Պալատական համալիրը բաղկացած է մեծ թվով (մինչև 80) բազմաբնույթ սենյակներից, որոնք խմբավորված են երկու բակերի, սյունազարդ բակի, մեծ և փոքր սյունազարդ դահլիճների շուրջը: Մեծ բակի հյուսիսարևելյան կողմին կից է ընդարձակ սյունազարդ դահլիճը, որն ըստ երևույթին ծառայել է հանդիսավոր ընդունելությունների և արարողությունների կատարմանը: Նրանում երկայնական ուղղությամբ կանգնեցված էին փայտյա սյուներ, որոնց վրա հենվում էր դահլիճի փայտածածկը: Դահլիճի պատերը զարդարվել են աշխարհիկ և պաշտամունքային թեմաներ պատկերող որմնանկարներով, որոնք առավել բազմազան են պալատական համալիրի մյուս դահլիճների կավածեփ ներքին և Խալդ աստծո տաճարի արտաքին սյունասրահի պատերին պահպանված որմնանկարների պատառիկներում[5]:
Պալատական համալիրի մեծ բակը ապադանի (սյունազարդ դահլիճ) է վերածվել մ.թ.ա. 6-րդ դարից հետո, երբ Վանի թագավորության անկումից հետո Հայաստանն ընկել է Մարաստանի, այնուհետև Աքեմենյան Իրանի տիրապետության տակ: Ըստ վերակազմության նախագծի՝ ուղղանկյուն բակում կանգնեցված են եղել 30 (6×5) փայտե սյուներ, որոնց վրա հենվում էր ապադանի փայտածածկը: Նույն ժամանակաշրջանին են վերագրվում պալատական համալիրում կրակապաշտական երկու տաճարների ավերակները[2]:
Արգիշտիխինիլի[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրել է Արգիշտի 1-ինը մ.թ.ա. 776 թվականին: Քաղաքատեղին սփռված է Արաքս գետից 5 կմ հեռավորությամբ, այժմյան Հայկավան և Նոր Արմավիր գյուղերի միջև ձգված ս.Դավիթ կոչվող ժայռաբլուրների վրա[2]:
Արգիշտիխինիլին ունեցել է երկու միջնաբերդ (արևմտյան և արևելյան կողմերում), վերջիններս միմյանց կապվել են մոտ 10 մետր լայնություն ունեցող գլխավոր փողոցով: Երկու կողմից գլխավոր փողոցին ուղղահայաց միանում էին բնակելի շենքերի առանձին խմբերից բաղկացած թաղամասեր կազմող ոչ մեծ փողոցներ: Քաղաքաշինական այսպիսի մոտեցումը հատուկ էր միայն ուրարտական ճարտարապետությանը[6]: Միջնաբերդերն իրենց կառուցապատման բովանդակությամբ տարբեր էին: Արևմտյանի վրա տեղավորված էր Արգիշտի 1-ինի և Սարդուրի 2-րդի պալատական համալիրը, իսկ արևելյանի կազմում կար նաև Խալդի աստծու տաճարը, ինչն ընդգծում է նրա պաշտամունքային բնույթը[2]:
Արևմտյան միջնաբերդի ներքին կառույցների մեջ իր դիրքով, չափերով և հանդիսավորությամբ ամենանշանավորը պալատական շենքն է, որ գրավում է շուրջ 4150 մ2: Պալատի հատակագծի միջուկն է կազմում սյունազարդ դահլիճը, որը նախասրահների միջոցով արևմուտքից հաղորդվում է միջնաբերդի կենտրոնական բակի, իսկ արևելքից՝ արտաքին թաղամասերի հետ: Դահլիճը ծածկվել է բազալտե սյունախարիսխների վրա հենված փայտե սյուների միջոցով, որոնք երկշարք դասավորված լինելով դահլիճի երկարությամբ, նրա լայնությունը բաժանել են 3, մոտավորապես հավասար մասերի[1]:
Արգիշտիխինիլիում պեղումներով բացահայտվել են ուրարտական բնակելի տան երկու սկզբունքային և ժամանակագրական տեսակետից միմյանցից շատ տարբեր տիպեր, որոնք արդյունք են սոցիալ-տնտեսական և քաղաքական տարբեր պայմանների: Առաջինը քաղաքի կենտրոնական թաղամասերում պեղված մեծ առանձնատներն են, որ ունեն 400-600 մ2 ընդհանուր մակերես և մեծ մասամբ բաղկացած են կենտրոնական դահլիճի շուրջը համախմբված մի քանի, երբեմն մինչև 10 սենյակներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր որոշակի ֆունկցիոնալ դերը: Այս շենքերը, ժամանակի ընթացքում կրելով տարբեր վերակառուցումներ, հարատևել են մինչև քաղաքի կործանումը: Երկրորդը արևմտյան միջնաբերդի հյուսիսային և արևելյան պարիսպների տակ պահպանված աղքատիկ ու փոքր խրճիթներն են, որոնք կառուցվել են քաղաքի պատմության վերջին՝ անկման շրջանում, երբ նա լրիվ կորցրել էր պաշտպանական և վարչատնտեսական երբեմնի խոշոր նշանակությունը, և, հավանաբար, լքվել ուրարտական վարչության կողմից[1]:
Թեյշեբաինի[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատյան դաշտում համեմատաբար ուշ կառուցված քաղաքներից է, հիմնադրվել է Ռուսա 2-րդի օրոք (մ․թ․ա․ 685-645 թվականներին) և գոյատևել է մինչև մ․թ․ա․ 6-րդ դարի սկիզբը, հրդեհվել ու ավերվել է սկյութների կողմից։ Քաղաքատեղին գտնվում է Երևանի հարավային արվարձանում, Հրազդանի ձախափնյա տարածքում, «Կարմիր բլուր» կոչված բարձունքի վրա։ 1939 թվականին սկսված, 1945 թվականին վերսկսված և մինչև 1958 թվականը կանոնավորապես շարունակված պեղումներով այստեղ բացվել են Թեյշեբաինիի ավերակները[2]։
Միջնաբերդը գտնվել է բլրի գագաթին, քաղաքը սփռվել է բլրի արևելյան փեշերից սկսվող հարթավայրի վրա։ Համաձայն ուրարտական քաղաքաշինության ընդունված սկզբունքին, ապահովվել էր միջնաբերդի իշխող դիրքը քաղաքի նկատմամբ։ 4 հա տարածքով միջնաբերդը բնականորեն պաշտպանված էր Հրազդանի ձորով, ինչպես նաև պաշտպանական կառուցվածքների հզոր համակարգով։ Վերջինիս ուղղությունները համապատասխանում են բլրի ձևին ու չափին[6][2]։ Պարսպապատերն ունեն 3-3,5 մետր հաստություն, պահպանվել են մինչև 8 մ բարձրությամբ։ Միջնաբերդի տարածքի շուրջ 2/3-րդ մասը զբաղեցնող պալատական համալիրը բաղկացած է եղել տարբեր նպատակների ծառայող մոտ 150 միմյանցկից սենյակներից, որոնք կառուցվել են միմյանց զուգահեռ և ուղղահայաց դասավորությամբ։ Առանձին հետաքրքրություն է ներկայացնում խոշոր չափերի մի դահլիճ, որում 4 շարքով տեղավորել են 80-ից ավելի կիսաթաղ կարասներ։ Միջնաբերդի պեղումների ժամանակ սենյակներում և բակերում գտնվել է հնագիտական հարուստ նյութ՝ կավամաններ, բրոնզե թասեր, վահաններ, սաղավարտներ որմնանկարների պատառիկներ[2]։
Թեյշեբաինիի միջնաբերդը երկհարկ է, առաջին հարկը զբաղեցրել է տնտեսական մասը, իսկ երկրորդը, որ համարյա չի պահպանվել, հատկացված է եղել բնակելի, պաշտոնական և ենթադրվում է նաև, պաշտամունքային բաժիններին: Գտնվելով տարբեր մակարդակների վրա, նրանք միմյանց հետ հաղորդակցվել են աստիճանավանդակների միջոցով, պահեսատյին սենյակները ծածկվել են երկրորդ հարկի ծանրությունը կրելու ընդունակ հզոր մույթերի օգնությամբ և միմյանց հետ կապվել են նեղ միջանցքներով ու փոքր բաժանարար սենյակներով: Հավանական է, որ պալատի երկրորդ հարկը լուծված է եղել ճարտարապետական թեթև ձևերով, ունեցել է սյունազարդ դահլիճներ, ներքին բակեր, որոնք միմյանց են կապել բնակելի, պաշտոնական և հանդիսավոր սենյակները[1]:
Պաշտամունքային ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ են եղել Վանի տիրակալների ջանքերը համապետական կրոնի, մասնավորապես և Խալդիի պաշտամունքի տարածման գործում։ Միայն Իշպուինի և Մենուա արքաների թագավորության տարիներին կառուցվեցին ավելի շատ պաշտամունքային շինություններ, քան Վանի թագավորության գոյության հետագա ամբողջ ժամանակամիջոցում[7]։
Ուրարտական պաշտամունքային տաճարները կառուցվածքային առումով բաժանվում են երեք հիմնական ձևերի՝
- ուղղանկյուն ըստ լայնքի զարգացման
- ուղղանկյուն ըստ երկայնքի զարգացման
- քառակուսի
Առաջին ձևով են կառուցված Էրեբունիի և Մենուախինիլիի տաճարները, որոնք ունեցել են ներքին բակ, աշտարակ և սյունասրահ: Տաճարների առավել տարածված ձևն է եղել susi տաճարները։ «Սուսին» բնորոշվել է որպես պալատական գողտրիկ տաճար, ձոնվել է հիմնականում Խալդի աստծուն՝ բացառությամբ Էրեբունիի սուսի տաճարին, որ նվիրված է եղել Իվարշա աստվածությանը[7]։ Էրեբունու Սուսի տաճարը 13.5×10.0 չափերի ուղղանկյուն հատակագծով՝ երկայնական առանցքի վրա տեղադրված մուտքով է: Այս տիպին է վերագրվում նաև Մուսասիրի տաճարը[1]: Տաճարի ամբողջական հորինածքի մասին կարելի է գաղափար կազմել միայն ասորական Սարգոն 2-րդ թագավորի պալատին պատկանող քանդակներից մեկի պատկերաքանդակով։ Ըստ այդ պատկերի, տաճարը բարձրացված է հիմնապատվանդանի վրա, ճակատի կողմից ունի սյունասրահ՝ բաղկացած 6 սյուներից և վերևում պսակված է եռանկյունի ճակտոնով։ Իր ճարտարապետական հորինվածքով Մուսասիրի տաճարը ընդհանրություն ունի հին հունական տաճարների հետ, հանդիսանալով դրանց նախօրինակներից մեկը[8]։ Չնայած բարձրաքանդակում պատկերված է տաճարի մեկ ճակատը միայն, սակայն ենթադրվում է, որ այն ևս ունեցել է երկարավուն ուղղանկյուն հատակագիծ՝ նեղ կողմում բացված մուտքով:
Քառակուսի հատակագիծ ունի Թոփրակ-կալեի տաճարը: Վերջինս ունի անկյունային աշտարակներ և տեղադրված է աշխարհի կողմերին ճիշտ համապատասխան: 1879-1880թթ. պեղումներից անմիջապես հետո տաճարը հիմնովին ավերվեց: Թոփրակ-կալեի տիպի քառակուսի հատակագծով և անկյունային աշտարակներով տաճարներ հայտնաբերվել են Ալթին-թեփեում, Կայալիդերեում և Չաուշ-թեփեում[9]:
Պաշտամունքային կառույցների մեկ այլ տարածված ձև էին դարպասները։ Պիոտրովսկին գտնում է, որ դրանք ժայռափոր որմնախորշեր են, որոնք կարող են ունենալ և կից պաշտամունքային կառույցներ։ Այդպիսին էր Մհերի դուռը, դեպի ուր բարձրանում էին աստիճանները, իսկ ժայռի ստորոտին, որի վրա փորված է դուռը, կա ժայռափոր մի սենյակ, ինչպես նաև Աշոտակերտի որմնախորշը, դեպի ուր բարձրանում են յոթ աստիճաններ և որի վրա նույնպես փորագրված է պաշտամունքային բովանդակություն ունեցող արձանագրություն[7]։
Ջրաբաշխման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանի թագավորության սահմաններում իրականացվել է ջրաբաշխման հզոր համակարգերի շինարարություն։ Դրանց թվին է պատկանում «Շամիրամի ջրանցքը», որը համաձայն սեպագիր արձանագրության կառուցվել է Մենուայի կողմից։ 70 կմ-ից ավելի երկարություն և 4.5×1.5 մ կտրվածք ունեցող ջրանցքը տեղ-տեղ անցնում է չափազանց աշխատատար ինժեներական կառուցվածքների վրայով։ Ջրամատակարարման մեկ ուրիշ համակարգ էլ սկզբնավորվել է Ռուսայի լճից, որի ջրերով է մատակարարվել Ռուսա 1-ինի ժամանակ կառուցած Ռուսախինիլի քաղաքն ու ամրոցը։ Ջրամատակարարման նպատակին է ծառայել նաև Վարագա լեռան լանջի արհեստական ջրամբարը, որում կուտակված անձրևի ու ձնհալի ջրերով ոռոգում էին դաշտավայրի ցանքերն ու այգիները[8]։
Կառուցողական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանի թագավորության ժամանակաշրջանի կառուցողական արվեստում լայն կիրառում է ունեցել հում աղյուսով շարվածքը: Կանոնավոր ձևի քարերով շարվածքի դեպքում կվադրերը դրվում էին միմյանց կից: Պատերի առավել ընդունված հաստությունը 3-3,5 մետր էր, բարձրությունը՝ 12-15 մ: Առավել տարածում է ունեցել ճեղքված, անմշակ քարերով պատերի շարվածքը, որը լրացվել է հում աղյուսի շարվածքով: Ուրարտական մի շարք ամրոցներում (Արգիշտիխինիլի, Էրեբունի, Թոփրակ-կալե, Հայկաբերդ և այլն) ավանդական ձևերին զուգահեռ կիրառվել է նաև քարի մշակման նոր՝ «ռուստավոր» ձևը: Անկանոն ձևի քարերի շարվածք կատարելիս պատի արտաքին և ներսի շարքերի միջև հողախառն խիբարով լիցք էր կատարվում: Այդ եղանակով ստացվել է եռաշերտ «միդիս» կոչված շարվածքի նախօրինակը, որը բարձր կատարելության հասցվեց վաղ ֆեոդալիզմի շրջանում և կրաշաղախի կիրառության շնորհիվ պատի միջուկը դարձվեց դրսի և ներսի քարե շարվածքի հետ լավ կապակցված կրաբետոն զանգված: Հենարանների և ծածկերի համար լայնորեն օգտագործվել է փայտանյութը: Շենքերի կառուցման ժամանակ կիրառվել է մոդուլային համակարգը, որին ենթարկվել են ինչպես առանձին տարրերը, այնպես էլ ամբողջը: Շինարարական տեխնիկայի բարձր մակարդակն են վկայում նաև ինժեներական բարդ կառուցվածքների՝ ջրամբարների, ջրանցքների, թունելների իրականացումը[10]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարությունյան Վ. «Հայկական ճարտարապետության պատմություն», «Լույս» 1992, Երևան
- Ղաֆադարյան Կ. «Արգիշտիխինիլի քաղաքի ճարտարապետությունը», 1984, Երևան
- Асратян М. «Очерк армянской архитектуры», 1985, Москва
- Հմայակյան Ս.Գ., «Վանի թագավորության պետական կրոնը», 1990
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ղաֆադարյան, Կորյուն (1984). Արգիշտիխինիլի քաղաքի ճարտարապետությունը (1962-1976 թթ. պեղումների նյութերով). Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հարությունյան, Վարազդատ (1992). «Քաղաքաշինությունը Վանի թագավորության ժամանակաշրջանում». Հայկական ճարտարապետության պատմություն (PDF). Երևան: «Լույս». էջեր 23–36.
- ↑ Խորենացի, Մովսես (2017). Հայոց Պատմություն. Երևան: «Նահապետ». էջեր 41–42.
- ↑ «Помещения, высеченные в скалах / Урарту». www.mystic-chel.ru. Վերցված է 2022-06-06-ին.
- ↑ Оганесян, Константин (1973). Росписи Эребуни.
- ↑ 6,0 6,1 Асратян, Мурад (1985). Очерк армянской архитектуры. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 7,0 7,1 7,2 Հմայակյան, Ս.Գ. (1990). Վանի թագավորության պետական կրոնը (PDF). Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 8,0 8,1 Հարությունյան, Վարազդատ (1992). Հայկական ճարտարապետության պատմություն (PDF). Երևան: «Լույս». էջ 27.
- ↑ Ղաֆադարյան, Կ. Արգիշտիխինիլի քաղաքի ճարտարապետությունը. էջեր 11–12.
- ↑ Հարությունյան, Վարազդատ. Հայկական ճարտարապետության պատմություն. «Լույս». էջեր 39–40.