Մասնակից:AshYegh/Ավազարկղ-3
Սառը պատերազմի սկիզբը - սառը պատերազմի մասին ներկայումս հազվադեպ են հիշատակում: Շատերի համար այն կամ ինչ-որ տարօրինակ, անհասկանալի երևույթ կամ հասկացություն է կամ հնացած, անցյալի գիրկն անդառնալիորեն անցած հուշ: Այնինչ նրա շունչն անընդհատ զգացվում է արդի աշխարհի բարդ, հակասական իրողություններում
Սառը պատերազմի նախաձեռնումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համարվում է, որ սառը պատերազմը սկսվել է Չերչիլի ճառից: Երբեմն շատ պատասխանատու, հեռահար նպատակներ ունեցող հայտարարություններն արվում են թվացյալ թեթևությամբ և այսպես կոչված սեփական անձին ուղղված «սրախոսությամբ» կամ էլ՝ բիսմարկյան թակարդն ընկնելուն պատրաստ դատապարտվածին մեկ ակնարկով հունից հանելու տարբերակով: Իր հանրահայտ ճառը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը սկսել է իրեն հատուկ անգլիական հումորով՝ վայրկյաններ հետո հպանցիկ ձևով նշելով իր` ԱՄՆ–ում մասնավոր այցելու հանդիսանալը. «Թերևս գրեթե եզակի, նաև մեծ պատիվ է Միացյալ Նահանգների նախագահի կողմից ակադեմիական լսարանին որպես մասնավոր այցելու ներկայացվելը» [1]: Ինչո՞ւ էր հենց այսպես սկսվելու սառը պատերազմի քաղաքականության կոչը, և ինչո՞ւ է այն հենց Ու. Չերչիլի «բերանից լսվել»: Դեռևս երկրորդ աշխարհամարտի տարիներին հակահիտլերյան խմբավորման երկրների միջև դրսևորվում էին հակասություններ: Դա հատկապես ակնհայտ դարձավ նացիստական-ֆաշիստական խմբավորման՝ տարբեր ռազմաճակատներում կրած լուրջ պարտությունների կապակցությամբ հետագա անելիքները քննարկելիս: Խորհրդային միությունը վճռական հաղթանակներ էր տանում արևելաեվրոպական տարածքներում: Դա սպառնալիք էր Մեծ Բրիտանիայի դարավոր գերիշխանության պահպանման և Ամերիկայի Միացյալ Նահանգների համաշխարհային գերիշխանության հաստատման համար: Հիտլերյան խմբավորման դեմ պայքարում ձևավորված Միավորված ազգերի համակարգը հենց սկզբից էլ ճեղքեր էր տվել: Արտաքնապես միասնական հակահիտլերյան կոալիցիայի երկրները թաքուն վայելում էին դեռ չտեսած հաղթանակի պտուղները. որքան առատ են լինելու դրանք և ինչպես են թելադրելու իրենց կամքը մյուսներին:
Ինչ փոխեց աշխարհում Ֆ.Դ. Ռուզվելտի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենից հեռուն գնացող նպատակներ ունեին ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարները: Սակայն մի անսպասելի իրադարձություն տեղի ունեցավ: Մահացավ ԱՄՆ–ի պատմության ամենից հեղինակավոր նախագահներից մեկը՝ Ֆրանկլին Ռուզվելտը (1882–1945): Նախագահությունն անցավ 20–րդ դարում ԱՄՆ–ի ամենից անշուք ղեկավար համարված Հարրի Թրումենին (1884–1972): Նա ըստ էության համաշխարհային հանրության շրջանում ազդեցիկ դեմք չէր և չէր կարող պատերազմի ավարտից կարճ ժամանակ հետո համոզիչ ձևով ներկայանալ իբրև նացիզմին և ֆաշիզմին հաղթած ամերիկյան ժողովրդի արժանի ներկայացուցիչ հանգուցյալ Ֆ. Ռուզվելտի պայծառ կերպարի առկայության դեպքում: Անհրաժեշտ էր արևմտյան ժողովրդավարության իսկական պաշտպան և կարմիր վտանգի` ԽՍՀՄ–ի դեմ միավորման անառարկելի, արժանահավատ և վստահելի կոչ անող մեկը: Միակ հարմար թեկնածուն Ուինսթոն Չերչիլն էր: Պահպանողական կուսակցությունը պարտվել էր 1945 թվականի ընտրություններում, և Չերչիլն այլևս Մեծ Բրիտանիայի վարչապետ չէր: Սակայն նա համաշխարհային հեղինակություն էր և եզակի հարգանք վայելող քաղաքական գործիչ:
Կարմիր բանակի մղած հաջող բլիցկրիգը Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհում որևէ մեկը չէր կարող այդքան հմտորեն կազմակերպել հակակոմունիստական հզոր համակարգ և խանգարել խորհրդային ղեկավար Ի. Ստալինի՝ համաշխարհային գերիշխանության հասնելու ծրագրին: Բանն այն է, որ խորհրդային բանակի կողմից Եվրոպայի զգալի մասը ռազմակալվել էր՝ հակառակ խորհրդային կողմի՝ Երկրորդ աշխարհամարտի վերջին փուլում տված խոստումներին: Արևմուտքը լրջորեն քննարկում էր Կարմիր բանակի՝ Լամանշի ափերին հայտնվելու հնարավորությունը: ԽՍՀՄ հաղթանակներն առհասարակ գնահատվում էին որպես սպառնալիք կապիտալիստական հասարակարգի համար: ԱՄՆ–ը ազդեցիկ հաղթաթուղթ էր ստեղծել Խորհրդային Միության, ըստ էության` նաև հնարավոր այլ մրցակիցների դեմ՝ միջուկային զենքը: ԱՄՆ–ի ղեկավարությամբ նախատեսվում էր ստեղծել ռազմաքաղաքական և տնտեսական հզոր համակարգեր ԽՍՀՄ–ից բխող ցանկացած վտանգից պաշտպանվելու համար: Այս ամենը չէր կարող անպատասխան մնալ: Պատերազմի ավարտին Արևմուտքում շրջանառվում էին հակախորհրդային տրամադրություններ: Բրիտանական ազդեցիկ լրագրերից մեկը՝ «Դեյլի Միրորը», գրում էր, որ անհրաժեշտ է «Խորհրդային Միության դեմ նույնպիսի պայքար մղել, ինչպիսին մղվում էր հիտլերյան Գերմանիայի դեմ»[2]: «Եվրոպան դեռ ավերակների մեջ էր, զինվորները դեռ չէին հասցրել համազգեստները փոխել քաղաքացիական հագուստով, իսկ Վաշինգտոնում արդեն ակտիվրեն աշխատում էին իրենց երեկվա դաշնակցի դեմ միջուկային պատերազմի պլանների վրա…»[3],— գրում է խորհրդային հետազոտող Վ. Ն. Բելեցկին: Ամերիկացի հետազոտողներ Սթիվեն Հուկը Քենտի պետական համալսարանից և Ջոն Սպանիերը Ֆլորիդայի համալսարանից իրենց «Ամերիկյան արտաքին քաղաքականությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» աշխատության մեջ նշում են, որ «Ամերիկյան երազը հետպատերազմյան խաղաղության և Մեծ եռյակի համագործակցության մասին խորտակվեց, երբ Կարմիր բանակը կանգնեցրեց նացիստական բանակները և վճռականորեն ջախջախեց գերմանացիներին Ստալինգրադի մոտ 1942 թվականի վերջերին, դանդաղորեն սկսեց վռնդել թշնամուն Խորհրդային Միությունից և հետո հետապնդեց դեպի Բեռլին նահանջող գերմանացիներին»[4]: Այնուհետև նույն հեղինակները հիշեցնում են Մոլոտով–Ռիբենտրոպ պակտի մասին, այն, որ ԽՍՀՄ–ը 1940 թվականին ռազմակալել և խորհրդայնացրել էր Լատվիան, Լիտվան, Էստոնիան՝ այսպիսով ընդլայնվելով դեպի արևելյան և կենտրոնական Եվրոպա, այնուհետև պարտադրել է իր վերահսկողությունը Լեհաստանին, Հունգարիային, Բուլղարիային, Ռումինիային և Ալբանիային նույնիսկ մինչ պատերազմի ավարտը:
Չերչիլի ելույթն ու դրա արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուինսթոն Չերչիլի ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆուլտոն քաղաք կատարած այցելության շրջանակում իր արտասանած ճառում ընդգծել է. «Մայրցամաքում՝ Բալթիկայի Շտետտինից մինչև Ադրիատիկայի Տրիեստ, իջել է երկաթե վարագույր: Այդ գծի հետևում են ընկած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հնագույն պետությունների մայրաքաղաքները՝ Վարշավան, Բեռլինը, Պրահան, Վիեննան, Բուդապեշտը, Բելգրադը, Բուխարեստը, Սոֆիան: Այս բոլոր հռչակավոր քաղաքները և նրանց շրջակայքի բնակչությունը հայտնվել են այն սահմաններում, որ ես կանվանեմ խորհրդային ոլորտ, նրանք ոչ միայն այս կամ այն ձևով ենթարկվում են խորհրդային ազդեցությանը, այլ նաև Մոսկվայի զգալի և շարունակ աճող վերահսկողությանը»:[1] Այնուհետև Չերչիլը խոսել է շատ կարևոր փաստի մասին: 1945 թվականի հունիսին նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համապատասխան ամերիկյան և բրիտանական զինված ուժերը հետ՝ դեպի արևմուտք են տեղաշարժվել գրեթե 400 մղոն ճակատային մասով և որոշ տեղերում մինչև 150 մղոն խորությամբ, որպեսզի, իր խոսքերով ասած, «մեր ռուս դաշնակիցները զբաղեցնեն այն ընդարձակ տարածությունները, որ նվաճել էին արևմտյան ժողովրդավարությունները»:[1] Այնուհետև նա, շարունակելով միտքն, ընդգծել է, որ եթե խորհրդային կառավարությունը շարունակի իր անջատողական գործողություններով կոմունիստական հակվածության Գերմանիա ստեղծել, դա ամերիկյան և բրիտանական գոտիներում (ի նկատի ունի ռազմակալված տարածքները) կառաջացնի լուրջ դժվարություններ՝ հնարավորություն տալով պարտություն կրած գերմանացիներին առևտուր սկսելու Խորհուրդների և արևմտյան ժողովրդավարությունների միջև: Այս փաստերը, համոզմունք է արտահայտում նա, ցույց են տալիս, որ սա այն ազատագրված Եվրոպան չի լինի, ինչի համար իրենք մարտնչել են: Եվրոպան չի ունենա կայուն խաղաղության նախադրյալներ: Աշխարհի անվտանգությունը պահանջում է նոր միասնություն Եվրոպայի համար և ոչ մի կողմի չարժե առհավետ վանել, ինչպես եզրակացնում է այս քաղաքական գործիչը: Հսկայական պատասխանատվություն էր ընկած այդ ժամանակաշրջանի առաջատար երկրների ղեկավարության ուսերին: Նրանց ջանքերով էլ աշխարհը մտավ սառը պատերազմի անչափ վտանգավոր շրջապտույտի մեջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Winston Churchill, The Sinews of Peace. Quoted in Mark A. Kishlansky, ed.Sources of World History (New York, HarperCollins,1995) pp.298–302.
- ↑ Ֆ.Դ.Վոլկով, Երկրորդ համաշխարհային պատերազմի կուլիսների հետևում, Երևան, Հայաստան, 1988, էջ 324:
- ↑ Белецкий В.Н. Потсдам 1945. Историяисовременность, Москва, Международные отношения, 1987, стр. 222.
- ↑ StevenW.Hook,John Spanier, American Foreign Policy Since World War II, CQ Press, Washington DC, 2007, p. 31.