Մասնակից:Էլեն23/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախ, որպես նախաբան ուզում ենք նշել, որ 1968թ. հոկտեմբերին տեղի ունեցած այս իրադարձությունն իր արձագանքներն ունեցավ ողջ աշխարհում՝ ամենուր, ուր հայ կար՝ նշվելով Մոսկվայում, Լոնդոնում, Փարիզում, Միլանում, Մարսելում, Լիոնում, Մոնրեալում, Նյու-Յորքում, Կահիրեում, Բեյրութում, Հալեպում, Թեհրանում և այլն:

Դեռևս մեկ տարի առաջ՝ 1967թվականի նոյեմբերին, տոնակատարությունը կազմակերպելու նպատակով ստեղծվեց կառավարական հանձնաժողով՝ Բադալ Մուրադյանի գլխավորությամբ (Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահ): Վերջինիս կողմից հանձնարարականներ տրվեցին նախարարություններին, Երևանի քաղաքային խորհրդին, պետական կոմիտեներին, մամուլի օրգաններին և այլն: Քաղխորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ Կարմիր բլուրի շրջակայքը՝ շուրջ 45 հա տարածք, կանաչապատվեց, դեռևս ապրիլին սածիլվեց 3 միլիոն ծաղիկ, Նոր-Արեշում տնկվեց 2000 ծառ, կանաչապատվեցին Արինբերդը, Էրեբունի փողոցը, Եռաբլուրը: Երևանցիներից շատերն էին ժամանակին իրենց բնակարաններում նախընտրում ունենալ «Էրեբունի» անունով գորգը: Կարծում ենք հետաքրքիր կլինի իմանալ, որ այդ գորգը նույնպես ստեղծվեց տոնակատարության օրերին, Երևանի «Հայգորգ» ֆիրմայի աշխատակից Հասմիկ Շահնազարյանի նախագծով: «Էրեբունի» անունով ժամացույց արտադրվեց Երևանի ժամացույցի գործարանում: Տոնի առիթով մշակույթի նախարարությունը և կոմպոզիտորների միությունը կազմակերպեցին Երևանին նվիրված երգերի մրցույթ, որին մասնակցեցին պրոֆեսիոնալ և ինքնուս բազմաթիվ կոմպոզիտորներ՝ ներկայացնելով շուրջ 43 ստեղծագործություն: Առաջին մրցանակին արժանացավ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի» երգը (խոսք՝ Պ. Սևակի): Այսպես էլ ծնվեց քաղաքի հիմնը, որը սիրելի ու հոգեհարազատ է մեզ նաև այսօր: Հոբելյանի առիթով մեծ աշխատանք կատարեցին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները և շինարարական 10 կազմակերպություններ՝ վերականգնելով Արինբերդի և Կարմիր բլուրի շինությունները: Վերականգնվեցին Էրեբունի ամրոցի պարիսպները, մասամբ նաև տաճարի (Զիկուրատ) ճարտարապետական կառուցվածքը, նոր պեղումների ընթացքում հայտնաբերվեցին Արգիշտի 1-ի, Սարդուրի 2-ի և Ռուսա 3-ի արձանագրությունները, որոնք պատմում էին «Սուսի» տաճարի, ամբարների, շենքերի կառուցման մասին: Հուլիսին սկսվեց Կարմիր բլուրի 27-րդ գիտարշավը՝ ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկու ղեկավարությամբ: Բարեկարգվեց ամրոցի ողջ տարածքը, մասամբ վերականգվեց բազմահատվածանի շենքը՝ Մեգարոնը: Ափսոսանքով պետք է նշենք, որ այսօր այդ նվաճումները կորցրել ենք՝ տարածքը վերածելով աղբանոցի, և երիտասարդ սերունդը որպես հզոր ամրոց չի կարող ընկալել այն (Կարմիր բլուրի մասին մանրամասն կխոսենք իր տեղում): Քաղաքին իրենց ստեղծագործություններն էին նվիրում մեր հայտնի նկարիչները, քանդակագործները, գրողները, ճարտարապետները, դերասանները, երգիչները, և այլն: Իր նոր նատյուրմորտը քաղաքի հոբելյանին նվիրեց Մարտիրոս Սարյանը, որում պատկերված էին ուրարտական և ժամանակակից սափորներ՝ մի ժայռաբեկոր կազմած բազմերանգ ծաղիկների ու մրգերի հետ: «Հայաստան» հրատարակչությունը տպագրեց Հ. Խաչատրյանի «Էրեբունի» պատմավեպը՝ 20 000 տպաքանակով: [1]

Փաստավավերագրական ֆիլմերի ստուդիան էկրան բարձրացրեց «Երևան» կինոնկարը, որը պատմում էր մեր հին ու նոր քաղաքի առօրյայի մասին: Կինոթատրոններում ցուցադրվեց նաև «Երևանյան էտյուտներ» ֆիլմը: Նույն ստուդիան «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի պատվերով նկարահանեց ֆիլմ Հայաստանի մասին: Ճարտարապետ Կ. Հովհաննիսյանը հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակեց «Էրեբունի» աշխատությունը՝ նվիրված միջնաբերդի (Արինբերդ) ուսումնասիրություններին: Քաղաքի հոբելյանի առթիվ կարևոր նվեր ստացան զբոսաշրջիկները. հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, քաղաքի տեսարժան վայրերով և տուրիստական երթուղիներով, 40 000 օրինակ տպաքանակով հրատարակվեց ուղեցույց-քարտեզ: Երևանին իր նվերն էր ուղարկել հեռավոր Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի քաղաքապետը: Նա տեղեկացնում էր, որ իրենց քաղաքի հին թաղամասում գտնվող Սյուդադելայի դռով միշտ քաղաք են մտել հյուրերը: Քաղաքապետ Կառլոս Բարթոլոմե Էռերան Երևանին նվեր էր ուղարկել խորհրդանշական այս դռան բրոնզե մանրակերտը: Երևանի 2750-ամյակի առթիվ ԽՍՀՄ կապի նախարարությունը թողարկեց քաղաքի տեսարժան վայրերի պատկերներով դրոշմանիշներ և ծրարներ: Հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկան նաև Երևանի պետական համալսարանի ուսանողները. «Հայ մշակույթն ուսումնասիրողների ակումբի» նախաձեռնությամբ սկսվեցին շաբաթօրյակներ Արինբերդում: Տնկվեց շուրջ 600 եղևնի, սալահատակվեց 200 քմ տարածք: Հոկտեմբերի 7-ին բացվեց հոբելյանական ցուցահանդես, որտեղ իրենց 400 աշխատանքներն էին ներկայացրել 120 ինքնուս վարպետներ: [2]