Էդգար Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Հովհաննիսյան
Ծնվել էհունվարի 14, 1930(1930-01-14)[1]
Երևան, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 28, 1998(1998-12-28) (68 տարեկան)
Երևան, Հայաստան
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] և Հայաստանի կոմպոզիտորների միություն[1]
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1953)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1957)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ

Էդգար Սերգեյի Հովհաննիսյան (հունվարի 14, 1930(1930-01-14)[1], Երևան, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 1998(1998-12-28), Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962), ՀԽՍՀ (1972) և ԽՍՀՄ (1986) ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանում։ 1953 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (դասատու՝ Գրիգոր Եղիազարյան), 1957 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Ա. Խաչատրյան)։ 1962-1968 թվականներին եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, 1970-1974 թվականներին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1979-1984 թվականներին՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986-1991 թվականներին՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր։

Էդգար Հովհաննիսյանը եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1963-1971), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ երաժշտության զարգացմանը նպաստել է նոր, համարձակ ստեղծագործ. լուծումերով։ Նրա ստեղծագործության հիմնական մոտիվերն են ժողովուրդը, նրա պատմությունն ու արդի կյանքը, որը ներկայացրել է խստաշունչ վիպականությամբ, հերոսականությամբ, սուր դրամատիզմով, նուրբ քնարականությամբ, հոգեբան-փիլիսոփայական կերպարներով։ Հովհաննիսյանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ ունեն բալետները։ 1950-ական թվականների կեսերին, կամեր-գործիքային երկերին զուգահեռ, գրել է «Մարմար» բալետը (1957, լիբրետտոն՝ Հ. Ղուկասյանի, Ի. Արբատովի, Վ. Վարկովիցկու)՝ հիմք դնելով երաժշտական թատերարեստին։ Բալետում ժողովրդական երաժշտության ավանդույթների օգտագործումը վկայում է բալետային երաժշտության մեջ սեփական երաժշտալեզվի հաստատումը։

«Երկնագույն նոկտյուռն» (1964, լիբրետտոն՝ Վ. Շահնազարյանի) մեկ գործողությամբ բալետը դրամատուրգիական առումով ունի կուռ կառուցվածք։ «Հավերժական կուռքի» (1966, լիբրետտոն՝ Մ. Մնացականյանի) բովանդակության առանցքը չարի ու բարու պայքարն է, ազնվության ու հավատարմության մեծարումը, «մշտնջենական սիրո» գովերգումը, հեթանոսականի ու առասպելականի ինքնատիպ միաձուլումը։ Երաժշտության ռիթմական սուր ու ընդգծված գծանկարն առավել պատկերավոր է հարվածային և պղնձե փողային գործիքների միասնության շնորհիվ։

«Անտունի»-ում (1969, լիբրետտոն՝ Մ. Մարտիրոսյանի) օգտագործել է Կոմիտասի մշակած ժողովրդական մեղեդիները, զարգացրել չափի նուրբ զգացումով, գործիքավորել երաժշտաբեմական արվեստի ժամանակակից միտումերին համահունչ։

Էդգար Հովհաննիսյանը խորհրդային շրջանի հայ երաժշտության մեջ առաջիններից է անդրադարձել բալետ-օպերայի ժանրին. բազմաժանրհամադրական ստեղծագործության ցայտուն օրինակ է «Սասունցի Դավիթ» (1976) բալետ-օպերան, որի երաժշտաբեմական բարդ հյուսվածքը պայմանավորված է պարողների, մեներգիչների, ասմունքողի և երգչախմբի փոխգործակցությամբ։

«Դիմակահանդես» բալետ-կոմպոզիցիայում (1982, ըստ Մ. Յ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Ա. Խաչատրյանի գրած երաժշտության) հեռու մնալով ոճավորումից՝ Հովհաննիսյանը ձգտել է արտահայտչամիջոցների ողջ համակարգը ենթարկել Ա. Խաչատրյանի ինքնատիպ ոճին։ «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (ըստ Ա. Ս. Պուշկինի, 1987) օպերան մեծածավալ, գեղարվեստական բարձրարժեք գործ է։

Հովհաննիսյանի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։ Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային լեզվի նորացումը բնորոշ են դաշնամուրային կվինտետին (1955), սիմֆոնիաներին (1957, 1983, 1984), «Գողթան» (1993) սիմֆոնիկ պոեմին, «Գրիգոր Նարեկացի» (1995) օրատորիային, կվարտետներին (1950, 1958, 1964, 1981), թավջութակի սոնատ-էպիտաֆիային (1975), կամերային նվագախմբի կոնցերտ-բարոկկոյին (1984)։ Սիմֆոնիկ և կամերային երկերում ավանդական ցիկլային ձևերը զուգակցել է Արևելքի երաժշտությանը բնորոշ արձակ-պատմողականությանը (սիմֆոնիա, կվարտետ № 2, թավջութակի մենանվագ սոնատ)։

Հայ ժողովրդական երաժշտական մշակույթի տարբեր շերտերին անդրադառնալը Հովհաննիսյանի ստեղծագործության մեջ, որպես կանոն, իմաստավորված է երկի որոշակի բովանդակությամբ (Ա. Իսահակյանի խոսքերով ժողովրդական երգերի օգտագործումը բանաստեղծին նվիրված № 2 կվարտետում, «Կռունկ» երգը՝ «Անտունի» բալետում, «Սասունցի Դավիթ» էպոսի երգվող հատվածները՝ համանուն բալետ-օպերայում, միջնադարյան «Հավիկ» տաղի սիմֆոնիկացումը դարձրել է երաժշտաբեմական ընդարձակ պատումի՝ սիմֆոնիայի հիմք)։

Ազգային խմբերգային գրականության մեջ երաժշտատեխնիկական և հոգեբանական կերպարային կարևոր նյութ են Հովհաննիսյանի խմբերգերը (ժողովրդական երգերի հիման վրա՝ 40, Վ. Տերյանի խոսքերով՝ 20): Վոկալ-սիմֆոնիկ և խմբերգային երկերին բնորոշ է լայնաշունչ մեղեդիականությունը։ Գրել է նաև «Երկու ափ» պոեմը (1952, ցիկլ)՝ ա կապելլա երգչախմբի համար, «Էրեբունի-Երևան» (հետագայում՝ Երևան քաղաքի օրհներգ), «Սարդարապատ»[2] (երկուսի խոսքերն էլ՝ Պ. Սևակի), «Արփա-Սևան» (խոսք՝ Յ. Սահակյանի) երգերը, նուրբ քնարական ռոմանսներ (ըստ Վ. Արամունու «Գիշեր էր կես» և այլն), կինոերաժշտություն («Պատվի համար», 1956, «Հյուսիսային ծիածան», 1960, «Արտակարգ հանձնարարություն», 1965, «Կամոյի վերջին սխրանքը», 1973, «Հուսո աստղ» («Մխիթար սպարապետ», 1978) և այլն)։

Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Երևանի օպերայի և բալետի թատրոնում իրականացվել են մի շարք ներկայացումներ (Ի. Ֆ. Ստրավինսկու «Էդիպ», Լ. Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն», Ռ. Վագների «Տանհոյզեր» և այլն)։ Նպաստել է Հայաստանի ժողովրդական երգի-պարի անսամբլի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, երկացանկի հարստացմանը։ Հիմնադրել է Հայկական հեռուստառադիոյի կամերային երգչախումբը, կազմակերպել կամերային երաժշտության փառատոներ։

Հեղինակել է հրապարակախոսական և արդի հայ երաժշտության զարգացմանը վերաբերող հոդվածներ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • «Աշխատանքի գերազանցության համար» մեդալ, 1956 թ.[3]
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1967 թ.
  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1979 թ.
  • Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի դափնեկիր, (Մոսկվա, 1957 թ.)
  • Արամ Խաչատրյանի անվան մրցանակ, 1984 թ.
  • Տիտոգրադի պատվավոր քաղաքացի
  • Երևանի պատվավոր քաղաքացի, 1998 թ.

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կյանքս հուշերում, կազմ.՝ Ծ. Մովսիսյան, Ե., 1998:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «SARTARABAD - KOHAR | ՍԱՐԴԱՐԱՊԱՏ - ԳՈՀԱՐ | Live in Lebanon 2015 - YouTube». www.youtube.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «ЭДГАР ОГАНЕСЯН» (ռուսերեն). kino-teatr.ru — Биография. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. «ЭДГАР ОГАНЕСЯН» (ռուսերեն). kino-teatr.ru — Фильмография. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գասպարյան Ի., Էդգար Հովհաննիսյան, Երևան, 1969
  • Մովսիսյան Ծ., Էդգար Հովհաննիսյանի կամերային-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործությունները, Ե., 2012:
  • Генина Л., Эдгар Оганесян, М., 1959
  • Тигранов Г., Армянский музыкальный театр, кн. 3, Е., 1975.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդգար Հովհաննիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 569